Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Անդամ պետություններին ուղղված՝ Նախարարների կոմիտեի Առաջարկություն CM/Rec(2021)1 մարդու իրավունքների արդյունավետ, բազմակարծիք և անկախ ազգային հաստատությունների զարգացման և հզորացման վերաբերյալ

June 1, 2021

Գրադարան

(Ընդունվել է Նախարարների կոմիտեի կողմից 2021թ. մարտի 31-ին՝ Նախարարների տեղակալների 1400-րդ նիստի ընթացքում)

 

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն, Եվրոպայի խորհրդի կանոնադրության 15բ  Հոդվածի (ETS No. 1) համաձայն,

 

համարելով, որ մարդու իրավունքների արդյունավետ, բազմակարծիք և անկախ ազգային հաստատությունները մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ժողովրդավարության հանդեպ հարգանքի հենասյուներից են;

 

ընդունելով, որ մարդու իրավունքների ազգային հաստատությունը պետության կողմից մանդատ ստացած մարմին է, անկախ է կառավարությունից, ունի մարդու իրավունքները խթանելու և պաշտպանելու ընդարձակ սահմանադրական կամ օրենսդրական մանդատ և կանոնավոր կերպով հավատարմագրվում է իր՝ Փարիզյան սկզբունքներին համապատասխանության համաձայն;[1]

 

նկատի ունենալով, որ մարդու իրավունքների ազգային հաստատությունները մարդու իրավունքների պաշտպաններ են և նպաստում են իրավապաշտպանական գործունեության խթանմանն ու իրավապաշտպանների պաշտպանությանը, ինչպես նաև քաղհասարակության գործունեության համար ապահով և նպաստավոր տարածքին;

 

վերհիշելով նաև Նախարարների կոմիտեի «Եվրոպայում ժողովրդավարական անվտանգության համընդհանուր պատասխանատվություն. Եվրոպայում քաղհասարակության տարածքի պաշտպանության և խթանման հզորացման անհրաժեշտություն» որոշումը (Հելսինկի, 17 մայիսի, 2019թ.)՝ հզորացնելու իրավապաշտպանների պաշտպանության՝ Եվրոպայի խորհրդի մեխանիզմները, այդ թվում՝ Գլխավոր քարտուղարի աշխատակազմի՝ ԵԽ-ի հետ համագործակցող իրավապաշտպանների վերաբերյալ վերանայված ընթացակարգը;

 

ընդունելով, որ մարդու իրավունքների ազգային արդյունավետ հաստատությունները կարևոր կապ են կառավարության և քաղհասարակության միջև, քանի որ դրանք օգնում են լրացնել անհատների իրավունքների պաշտպանության և պետության պատասխանատվությունների միջև հնարավոր բացը;

 

ողջունելով մարդու իրավունքների ազգային անկախ հավատարմագրված[2]հաստատությունների[3] թվի զգալի աճը Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում՝ Նախարարների կոմիտեի՝ մարդու իրավունքների խթանման և պաշտպանության համար անկախ ազգային հաստատությունների ստեղծման վերաբերյալ ԱռաջարկությունRec(97)14-ի ընդունումից ի վեր;

 

ընդգծելով մարդու իրավունքների անկախ ազգային հաստատությունների մեծ հնարավորությունն ու ազդեցությունը Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության և խթանման, մասնավորապես՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի արդյունավետ կիրարկման (ETS No. 5, Կոնվենցիա), այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում երրորդ կողմի միջամտությունների (համաձայն Կոնվենցիայի Հոդված 36-ի 2-րդ մասի) և Կոնվենցիայի Հոդված 46-ի 2-րդ մասի համաձայն վճիռների կատարման վերահսկողությանն առնչվող կոմունիկացիայի առումով;

 

ընդունելով  Եվրոպայի խորհրդի և այլ միջազգային շահագրգիռ կողմերի՝ մարդու իրավունքների ազգային հաստատություններին շարունակական աջակցության տրամադրման կարևորությունը և ողջունելով հաստատված համագործակցությունը Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի ևմարդու իրավունքների ազգային հաստատությունների, ինչպես նաև Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) միջև, ինչպես նախատեսված է Հանձնակատարի մանդատով՝ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի վերաբերյալ Բանաձև Res(99)50-ի համաձայն;

 

ընդունելով մարդու իրավունքների ազգային հաստատությունների և Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի միջև համագործակցության, ինչպես նաև նրանց՝ Եվրոպայի խորհրդի[4] և այլ ազգային և միջազգային շահագրգիռ կողմերի հետ համագործակցության կարևորությունը;

 

հաշվի առնելով մարդու իրավունքների ազգային հաստատությունների զարգացման, հզորացման, պաշտպանության և ճանաչման համար ընդարձակ միջազգային աջակցությունը և համագործակցությունը ոչ միայն Եվրոպայի խորհրդի, այլև ՄԱԿ-ի, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) և ԵՄ-ի հետ;

 

ճանաչելով մարդու իրավունքների ազգային հաստատությունների բազմազանությունը, ինչն արտացոլում է այն երկրների և տարածաշրջանների բազմազանությունը, որոնց մարդու իրավունքների ազգային այդ հաստատությունները ծառայում են;

 

միևնույն ժամանակ ընգծելով, որ կենսականորեն կարևոր է, որ ցանկացած նման հաստատություն հիմնվի և գործի Փարիզյան սկզբունքների նվազագույն չափորոշիչների հետ լիովին համահունչ ձևով, մասնավորապես՝ հետևյալ առումներով.

 

  • բոլորի համար մարդու իրավունքները խթանելու և պաշտպանելու մանդատ և կարողություն;

  • անկախություն (ինքնավարություն) կառավարությունից;

  • անկախություն՝ երաշխավորված առաջնային օրենսդրությամբ կամ, նախընտրելի է՝ սահմանադրությամբ;

  • բազմակարծություն՝ այդ թվում որոշում կայացնող մարմնի նշանակմամբ և կազմով, անձնակազմի և հասարակության բազմազան խմբերի հետ արդյունավետ համագործակցությունը հնարավոր դարձնող ընթացակարգերի միջոցով;

  • ռեսուրսների բավարար մակարդակ;

  • բավարար հասանելիություն անհատներին, տարածքներին և տեղեկատվությանը; և

  • միջազգային հաշվետվողականություն և լեգիտիմություն՝ պարբերաբար միջազգային հավատարմագրման միջոցով;

 

արտահայտելով խիստ մտահոգություն աշխատանքային դժվար պայմանների, սպառնալիքների, ճնշումների և հարձակումների վերաբերյալ, որոնց մարդու իրավունքների ազգային հաստատությունները և դրանց անդամներն ու անձնակազմը երբեմն ենթարկվում են անդամ պետություններում;

 

ցանկանալով զարգացնել Առաջարկություն Rec(97)14-ը, որն այսուհետ փոխարինվում է սույն գործիքով,

 

առաջարկում է անդամ պետությունների կառավարություններին.

 

  1. ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ հիմնելու և հիմնելուց հետո պահպանելու և հզորացնելու մարդու իրավունքների ազգային հաստատությունը՝ համաձայն Փարիզյան սկզբունքների: Այս համատեքստում պետությունները կարող են օգտվել տեխնիկական օգնությունից, ինչպիսին է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի և տարածաշրջանային ու միջազգային մարմինների օգնությունը՝զարգանալու առկա լավագույն փորձի հիման վրա;

  2. ապահովել նպաստավոր իրավական շրջանակ և ինստիտուցիոնալ ու հասարակական միջավայր, որպեսզի մարդու իրավունքների ազգային հաստատությունները արդյունավետ գործունեություն ծավալեն մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության և խթանման համար, և համագործակցել նրանց հետ;

  3. ապահովել, որ այս Առաջարկության հավելվածում սահմանված սկզբունքները իրականացվեն համապատասխան ներպետական օրենսդրությամբ և գործնականում;

  4. ապահովել, որ այս սկզբունքները մեկնաբանվենՄարդու իրավունքների ազգային հաստատությունների համաշխարհային դաշինքի բյուրոյի հավատարմագրման ենթակոմիտեի ընդհանուր նկատառումների և կոնկրետ Առաջարկություններին համահունչ ձևով;

  5. կանոնավոր կերպով գնահատել սույն Առաջարկության հավելվածի իրականացման համար ձեռնարկված միջոցների արդյունավետությունը, այդ թվում՝ մարդու իրավունքների ազգային հաստատությունների հետ խորհրդակցության և երկխոսության միջոցով;

  6. ուսումնասիրել մարդու իրավունքների ազգային հաստատությունների և Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի համար ավելի ուժեղ դերի և Եվրոպայի խորհրդում ավելի իմաստալից մասնակցության զարգացման ուղիները՝ մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ժողովրդավարության ավելի ընդարձակ խթանման և պաշտպանության համար;

  7. համապատասխան միջոցներով և գործողություններով (այդ թվում՝ անհրաժեշտության դեպքում՝ թարգմանությամբ) ապահովել այս Առաջարկության լայն տարածումը իրավասու մարմինների և շահագրգիռ կողմերի շրջանում;

  8. Նախարարների կոմիտեի հետ միասին ուսումնասիրել այս Առաջարկության իրականացումը ոչ ավելի ուշ, քան ընդունումից հետո հինգ տարի անց:

 

 

Առաջարկություն CM/Rec(2021)1-ի հավելված

 

I. Մարդու իրավունքների ազգային հաստատությունների հիմնում

1․ անդամ պետությունները պետք է ապահովեն, որ մարդու իրավունքների ազգային հաստատությունները գոյություն ունենան, և հիմնվեն, հավատարմագրվեն ու գործեն՝ լիովին համապատասխանելով Փարիզյան սկզբունքներին: Այս հաստատությունների մոդելի ընտրությունը յուրաքանչյուր պետություն պետք է անի իր կազմակերպման, առանձնահատկությունների և կարիքների լույսի ներքո: Այս հաստատությունները պետք է ուղղակիորեն և հեշտ հասանելի լինեն բոլորին: Հատուկ ուշադրություն պետք է դարձվի այն անձանց, ովքեր, հնարավոր է, տեղեկացված չեն մարդու իրավունքների ազգային հաստատությունների գոյության մասին, ովքեր կարող են դժվարությունների բախվել մարդու իրավունքների ազգային հաստատություններին հասանելիություն ունենալու հարցում, կամ կարող են խոցելի իրավիճակում լինել:

 

2․ անդամ պետությունները մարդու իրավունքների ազգային հաստատությունների համար պետք է ապահովեն ամուր իրավական հիմք՝ նախընտրելի է սահմանադրական մակարդակով և/կամ այնպիսի օրենքով, որը սահմանում է նման հաստատությունների մանդատներն ու գործառույթները, երաշխավորում է նրանց անկախությունը և ապահովում է նրանց թե ազգային և թե միջազգային մակարդակներում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ միջոցներով՝ հաշվի առնելով մարդու իրավունքների ազգային հաստատությունների վերաբերյալ գոյություն ունեցող չափանիշներն ու Առաջարկությունները, մասնավորապես՝ Փարիզյան սկզբունքները և դրանց վերաբերյալ Մարդու իրավունքների ազգային հաստատությունների համաշխարհային դաշինքի բյուրոյի հավատարմագրման ենթակոմիտեի մեկնաբանությունը:

 

II. Մարդու իրավունքների ազգային հաստատությունների ամրապնդում

 

3․ մասնակից պետությունները պետք է ապահովեն, որ մարդու իրավունքները պաշտպանելու և խթանելու համար մարդու իրավունքների ազգային հաստատություններին տրված մանդատը հնարավորինս լայն լինի և լիովին համապատասխանի Փարիզյան սկզբունքներին և որ թույլ տա նրանց, ի թիվս այլնի.

 

  • մշտադիտարկել և վերլուծել երկրում մարդու իրավունքների իրավիճակը, հրապարակել զեկույցներ այս շրջանակում ի հայտ եկածի վերաբերյալ և առաջարկություններ ներկայացնել պետական մարմիններին ազգային, մարզային և տեղական մակարդակներում, և, ըստ անհրաժշետության, մասնավոր անձանց, և տարեկան զեկույց ներկայացնել համապատասխան մարմիններին, այդ թվում՝ խորհրդարանին՝ այն դիտարկելու նպատակով;

  • ազատորեն դիմել հանրությանը, բարձրացնել հանրային իրազեկվածությունը մարդու իրավունքների վերաբերյալ և իրականացնել կրթական ու վերապատրաստման ծրագրեր;

  • պայքարել բոլոր վարչական մարմինների, այլ համապատասխան պետական սուբյեկտների և, համապատասխան դեպքերում, մասնավոր սուբյեկտների կողմից մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների դեմ;

  • ունենալ անխոչընդոտ հասանելիություն բոլոր համապատասխան վայրերին, այդ թվում՝ ազատազրկման վայրերին, ինչպես նաև բոլոր համապատասխան անձանց, որպեսզի կարողանան իրենց մանդատի շրջանակում բոլոր հարցերը պատշաճ ուսումնասիրեն, ինչպես նաև ունենալ անխոչընդոտ հասանելիություն ողջ համապատասխան տեղեկությանը, որ ենթակա է այլ իրավունքների և իրավաչափ շահերի պաշտպանությունից բխող հնարավոր սահմանափակումների՝ ձեռք բերված տեղեկատվության գաղտնիության հանդեպ պատշաճ հարգանք ցուցաբերելով;

  • մշտադիտարկել մարդու իրավունքների վրա ազդեցություն ունեցող՝ գոյություն ունեցող քաղաքականություններն ու նման քաղաքականությունների նախագծերը դրանց ընդունումից առաջ, ընդունման ընթացքում և ընդունումից հետո, որպեսզի մարդու իրավունքների ազգային հաստատությունները տեղեկացնեն պետություններին նման քաղաքականությունների՝ մարդու իրավունքների և իրավապաշտպանների գործողությունների վրա ունեցած ազդեցության վերաբերյալ՝ այդ թվում նաև համապատասխան հստակ առաջարկություններ ներկայացնելով;

  • նպաստել արդարադատության համակարգի արդյունավետ գործունեությանը բոլորի համար՝ իրազեկվածություն բարձրացնող միջոցներով և դյուրացնելով իրավունքների ու իրավական պաշտպանության միջոցների հասանելիությունը և, համապատասխան դեպքերում, տրամադրելով իրավական աջակցություն՝ լինելով դատարանում որևէ կողմ կամ, հնարավորության դեպքում, ընդունելով անհատական բողոքներ;

  • խթանել մարդու իրավունքներին առնչվող միջազգային պայմանագրերի ստորագրումը, վավերացումը և դրանց միանալը, և նպաստել այդպիսի պայմանագրերի, ինչպես նաև համապատասխան դատավճիռների, որոշումների և առաջարկությունների արդյունավետ իրականացմանը, ինչպես նաև մշտադիտարկել պետությունների համապատասխանությունը դրանց:

 

4․ մարդու իրավունքների ազգային հաստատությունների ղեկավարության ընտրությունն ու նշանակումը պետք է կատարվի՝ հաշվի առնելով նրանց ունակությունները, լինի թափանցիկ և մասնակցային, որպեսզի երաշխավորվի այս հաստատությունների անկախությունն ու բազմակարծիք ներկայացվածությունը:[6]Այս գործընթացը նաև պետք է հիմնված լինի պարզ, նախապես որոշված, օբյեկտիվ և հանրայնորեն հասանելի չափանիշների վրա: Նշանակման տևողությունը պետք է հստակ նշվի համապատասխան օրենսդրության մեջ, որպեսզի մարդու իրավունքների ազգային հաստատությունների ղեկավար պաշտոնները երկար ժամանակ թափուր չմնան:

 

5․ անկախությունն ապահովելու նպատակով մարդու իրավունքների ազգային հաստատության գործունեությունը հնարավոր դարձնող օրենսդրությունը պետք է պարունակի մարդու իրավունքների ազգային հաստատության ղեկավարության համար աշխատանքից ազատման օբյեկտիվ գործընթաց՝ սահմանադրական կամ օրենսդրական տեքստում հստակ սահմանված պայմաններով: Ազատման գործընթացը պետք է լինի արդար և ապահովի օբյեկտիվություն և անկողմնակալություն, և պետք է սահմանափակվի միայն այն գործողություններով, որոնք բացասաբար են ազդում մարդու իրավունքների ազգային հաստատությունների ղեկավարների՝ իրենց մանդատը կատարելու կարողության վրա:

 

6․ անդամ պետությունները պետք է ապահովեն մարդու իրավունքների ազգային հաստատություններին համարժեք, բավարար և կայուն ռեսուրսներով՝ թույլ տալու նրանց իրականացնել իրենց մանդատը, այդ թվում՝ համագործակցել բոլոր համապատասխան շահագրգիռ կողմերի հետ լիովին անկախ ձևով, և ազատորեն որոշել իրենց առաջնահերթություններն ու գործողությունները:

 

7․ մարդու իրավունքների ազգային հաստատությունները պետք է ունենան լիազորություն՝ որոշելու իրենց աշխատակազմի կառուցվածքը և աշխատանքի ընդունելու իրենց սեփական աշխատակազմին, ինչպես նաև իրենց մանդատն իրագործելու հասանելի բավարար ռեսուրսներ, ինչը թույլ կտա աշխատանքի ընդունել և պահել աշխատակազմը և ապահովել, որ վերջինս ստանա համարժեք վերապատրաստում,

 

8․ անդամ պետությունները պետք է ապահովեն, որ մարդու իրավունքների ազգային հաստատությունները բավարար հասանելիություն ունենան տեղեկությանն ու քաղաքականություն մշակողներին ու օրենսդիրներին, այդ թվում՝ օրենսդրության և քաղաքականության ռազմավարությունների նախագծերի՝ մարդու իրավունքների վրա ունեցած ազդեցության վերաբերյալ ճիշտ ժամանակին կազմակերպված խորհրդատվություններին: Մարդու իրավունքների ազգային հաստատությունների հետ պետք է ժամանակին խորհրդակցել նաև իրենց մանդատի, անկախության և գործունեության վրա ազդող օրենսդրության և քաղաքականությունների նախագծերի վերաբերյալ:

 

9․ անդամ պետությունները պետք է կատարեն մարդու իրավունքների ազգային հաստատությունների առաջարկությունները, և խրախուսվում են մարդու իրավունքների ազգային հաստատությունների առաջարկությունների բոլոր հասցեատերերի համար սահմանել իրավական պարտավորություն՝ տրամադրելհիմնավորված պատասխան՝ համապատասխան ժամակահատվածում, մշակել գործընթացներ՝ դյուրացնելու մարդու իրավունքների ազգային հաստատությունների առաջարկությունների կատարման արդյունավետ միջոցառումները,  և ներառել այդ մասին տեղեկատվությունը իրենց համապատասխան փաստաթղթերում և զեկույցներում:

 

10․ երբ անդամ պետությունները մարդու իրավունքների ազգային հաստատություններին տալիս են լրացուցիչ իրավասություններ՝ կատարելու մարդու իրավունքների ոլորտում գործառույթներ՝ նախատեսված միջազգային կոնվենցիաներով, ինչպիսիք են Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը և Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան, Մարդու իրավունքների ազգային հաստատությունները պետք է բավարար ռեսուրսների հասանելիություն ունենան՝ զարգացնելու իրենց գործառույթներն արդյունավետորեն կատարելու կարողությունը, այդ թվում՝ ունենալով համապատասխան որակավորված և վերապատրաստված աշխատակազմ:

 

III.        Մարդու իրավունքների ազգային հաստատությունների համար անվտանգ և նպաստավոր միջավայրի ապահովում և ընդլայնում

 

11․ անդամ պետությունները պետք է ապահովեն, որ մարդու իրավունքների ազգային հաստատությունները կարողանան գործել անկախ՝ այնպիսի միջավայրում, որը նպաստավոր է անաչառության, բարեխղճության, թափանցիկության և արդարության մթնոլորտում իրենց մանդատն արդյունավետ իրականացնելու համար,

 

12․ անդամ պետությունները պետք է խթանեն բոլոր համապատասխան պետական մարմինների իրազեկվածությունն ու համագործակցությունը մանդատի առումով, մարդու իրավունքների ազգային հաստատությունների անկախությունն ու դերը՝ ներառյալ վերապատրաստումների և իրազեկող գործողությունների միջոցով:

 

13․ անդամ պետությունները պետք է ձեռնարկեն բոլոր միջոցները՝ աջակցելու և պաշտպանելու մարդու իրավունքների ազգային հաստատություններին սպառնալիքներից, ոտնձգություններից և վախեցնելու այլ ձևերից, այդ թվում՝ գործառնական անձեռնմխելիություն ապահովելու միջոցով: Մարդու իրավունքների ազգային հաստատությունների, դրանց անդամների և աշխատակիցների կամ նրանց հետ համագործակցողների/համագործակցել ցանկացողների դեմ ռեպրեսիայի կամ վախեցնելու վերաբերյալ ցանկացած հաղորդում պետք է անհապաղ և մանրակրկիտ հետաքննվի և մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն:

 

14․ անդամ պետությունները պետք է ապահովեն, որ մարդու իրավունքների ազգային հաստատությունների կողմից իրենց մանդատի համատեքստում հավաքագրված գաղտնի տեղեկությունը փակ լինի և անհարկի չհանրայնացվի:

 

IV. Համագործակցություն և աջակցություն

 

15. անդամ պետությունները պետք է արդյունավետ միջոցներ ձեռնարկեն, որպեսզի մարդու իրավունքների ազգային հաստատությունները կարողանան հաղորդակցվել և համագործակցել, բացի անդամ պետությունների ղեկավարության տարբեր մակարդակներից, նաև, մասնավորապես.

 

ա.         գործընկեր հաստատությունների հետ՝ համապատասխան դեպքերում ցանցային համագործակցության և տեղեկատվության ու փորձի փոխանակման, ինչպես նաև պարբերական հանդիպումների միջոցով, օրինակ՝ այնպիսի հանդիպումների միջոցով, որոնք տեղի են ունենում Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի և Մարդու իրավունքների ազգային հաստատությունների համաշխարհային դաշինքի շրջանակում;

բ.         քաղհասարակության շահագրգիռ կողմերի, մասնավորապես՝ հասարակական կազմակերպությունների և իրավապաշտպանների հետ, ովքեր պետք է ունենան հեշտ և անվտանգ հասանելիություն մարդու իրավունքների ազգային հաստատություններին՝ որպես նպաստավոր միջավայրի մի մաս;

գ.         իրավապաշտպան այլ կառույցների հետ, այդ թվում՝ տարածաշրջանային, տեղի և/կամ մասնագիտացված հաստատությունների հետ, մասնավորապես օմբուդսմենի հաստատությունների և հավասարության հարցերով զբաղվող մարմինների և նրանց համապատասխան ցանցերի հետ, երբ հնարավոր է՝ միացյալ կազմակերպված գործողությունների միջոցով;

դ.        հարակից կամ նման ոլորտներում աշխատող միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների հետ:

 

16. անդամ պետությունները պետք է խթանեն և դիտարկեն ԵԽ-ի հետ համագործակցության ծրագրերի զարգացումը հովանավորելու հնարավորությունը, որպեսզի ապահովվի գիտելիքի մշտական փոխանակում մարդու իրավունքների ազգային հաստատությունների միջև՝ ուժեղացնելու նրանց ներդրումը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և այլ հարակից գործիքների արդյունավետ իրականացման գործում:

 

17. անդամ պետությունները պետք է նոր ուղիներ և միջոցներ փնտրեն՝ ուժեղացնելու մարդու իրավունքների ազգային հաստատությունների և Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի դերն ու բովանդակային մասնակցությունը Եվրոպայի խորհրդում՝ մեծացնելու դրա բաց և թափանցիկ գործունեությունը, այդ թվում՝ տեղեկատվության, գործողությունների ու միջոցառումների հասանելիությունը:

 

Բնօրինակը՝ coe.int

_____

[1] Ազգային հաստատությունների կարգավիճակի վերաբերյալ սկզբունքներ (Փարիզյան սկզբունքներ)՝ ընդունված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1993 թ. դեկտեմբերի 20-ին՝ «Մարդու իրավունքների ազգային հաստատությունները հանուն մարդու իրավունքների խթանման և պաշտպանության» Բանաձև 48/134-ում և մեկնաբանված Մարդու իրավունքների ազգային հաստատությունների համաշխարհային դաշինքի բյուրոյի հավատարմագրման ենթակոմիտեի կողմից՝ Ընդհանուր դիտարկումներում, https://ganhri.org/accreditation/.

[2] http://ennhri.org/our-members/.

[3]Մարդու իրավունքների ազգային հաստատությունները կարող են ընդգրկել Օմբուդսմենի հաստատությունները, իրավապաշտպան հանձնաժողովները, հիբրիդային հաստատությունները (որոնք ներառում են մի քանի մանդատներ, ներառյալ հավասարության հարցերով զբաղվող մարմնի մանդատը), և մարդու իրավունքների ինստիտուտներն ու կենտրոնները, և այլն 

[4] Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցն ունի դիտորդի կարգավիճակ ԵԽ-ի մի շարք միջկառավարական կոմիտեներում

[5] ԱռաջարկությունRec(97)14-ից բացի, մասնավորապես.

 - Նախարարների կոմիտեի Բանաձև Res(97)11 –ը՝ անդամ պետությունների ազգային իրավապաշտպան հաստատությունների միջև, և նրանց ու ԵԽ-ի միջև համագործակցության վերաբերյալ;

- Նախարարների կոմիտեի ԱռաջարկությունCM/Rec(2018)11-ը անդամ պետություններին՝ Եվրոպայում քաղհասարակության տարածքի պաշտպանությունը և խթանումը հզորացնելու անհրաժեշտության վերաբերյալ;

- Նախարարների կոմիտեի Առաջարկություն CM/Rec(2019)6-ը անդամ պետություններին՝ Օմբուդսմենի հաստատության զարգացման վերաբերյալ;

- Խորհրդարանական վեհաժողովի Բանաձև 1959 (2013)-ը՝ «Եվրոպայում Օմբուդսմենի հաստատության հազորացման» վերաբերյալ;

- Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի Բանաձև 327 (2011)-ը՝ «Օմբուդսմենի գրասենյակի և տեղական ու տարածքային իշխանությունների» վերաբերյալ;

- Եվրոպական հանձնաժողով հանուն ժողովրդավարության օրենքի միջոցով (Վենետիկյան հանձնաժողով), Օմբուդսմենի հաստատության պաշտպանության և խթանման վերաբերյալ սկզբունքներ (Վենետիկյան սկզբունքներ);

- Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողով (ECRI), Ընդհանուր քաղաքականության Առաջարկություն No. 2 (վերանայված) ՝ հավասարության հարցերով զբաղվող մարմինների վերաբերյալ՝ պայքարելու ռասիզմի և անհանդուրժողականության դեմ ազգային մակարդակում;

- ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Բանաձև 48/134 և Փարիզյան սկզբունքների՝ Մարդու իրավունքների ազգային հաստատությունների համաշխարհային դաշինքի մեկնաբանությունը;

- ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Բանաձևեր 65/207, 67/163, 69/168, 71/200 և 72/186 մարդու իրավունքների խթանման և պաշտպանության մեջ Օմբուդսմենի, միջնորդի և այլ ազգային իրավապաշտպան հաստատություններ դերը;

- Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանց, Աջակցություն ազգային իրավապաշտպան հաստատություններին սպառնալիքի դեպքում, փետրվար 2020թ., Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի այլ փաստաթղթերի համար, տես http://ennhri.org.

[6] Փարիզյան սկզբունքներ, «Անկախության և բազմակարծության բովանդակությունն ու երաշխիքները» բաժին, պարբերություն 1, և Փարիզյան սկզբունքների՝ Մարդու իրավունքների ազգային հաստատությունների համաշխարհային դաշինքի վերլուծության Ընդհանուր դիտարկում 1.8.

Դիտումներ՝ 115

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????