Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

COVID-19․ պետությունները չպետք է չարաշահեն արտակարգ միջոցառումները՝ մարդու իրավունքները ճնշելու նպատակով․ ՄԱԿ-ի փորձագետներ․ ohchr.org

March 18, 2020

COVID-19 | Գրադարան | Հաճախ տրվող հարցեր | Հայտարարություններ

Ժնև (մարտի 16, 2020 թ) ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետները պետություններին հորդորել են խուսափել կորոնավիրուսի բռնկման հակազդման անվտանգության միջոցառումների ողջամիտ սահմաններից դուրս գալուց և հիշեցրել, որ արտակարգ լիազորությունները չպետք է օգտագործվեն այլախոհությունը ճնշելու համար։

 

«Գիտակցելով առողջապահական ոլորտի ներկայիս ճգնաժամի ծանրության աստիճանը և ընդունելով, որ մեծ վտանգներին հակազդելու նպատակով արտակարգ լիազորությունների կիրառումը թույլատրվում է միջազգային օրենքով՝ շտապում ենք  հիշեցնել պետություններին, որ կորոնավիրուսի հակազդման ցանկացած արտակարգ միջոցառում պետք է լինի համաչափ, անհրաժեշտ և ոչ խտրական»,-ասել են փորձագետները։

 

Նրանց հորդորն արտացոլում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի՝ վերջերս արած կոչը՝ դարձնելու մարդու իրավունքները կորոնավիրուսի բռնկման հակազդման ելակետ։

 

ՄԱԿ-ի փորձագետները նշել են, որ արտակարգ դրության հայտարարությունները՝ լինեն առողջապահական, թե անվտանգության պատճառներով, ունեն միջազգային օրենքով սահմանված հստակ ցուցումներ։ «Արտակարգ լիազորությունների կիրառումը պետք է հրապարակայնորեն հայտարարվի և ծանուցվի համապատասխան պայմանագրային մարմիններին՝ հիմնարար իրավունքների, այդ թվում՝ տեղաշարժվելու, ընտանեկան կյանքի և հավաքների իրավունքների զգալի սահմանափակումների դեպքում»։

 

Ավելին՝ Covid-19-ի բռնկմանն առնչվող արտակարգ դրության հայտարարությունները չպետք է լինեն հիմք՝ թիրախավորելու որոշակի խմբերի, փոքրամասնությունների կամ անհատների։ Այն չպետք է գործի՝ թաքցնելու առողջապահության անվան տակ կատարվող ռեպրեսիվ գործողությունները կամ ճնշելու իրավապաշտպանների աշխատանքը։

 

«Վիրուսին հակազդելու համար նշանակվող սահմանափակումները պետք է հիմնված լինեն հանրային առողջապահության իրավաչափ նպատակների վրա և չպետք է օգտագործվեն՝ պարզապես այլախոհությունը ճնշելու համար»։

 

«Որոշ պետությունների և անվտանգության հաստատությունների համար արտակարգ լիազորությունների կիրառությունը կարող է գրավիչ լինել, քանի որ դա կարճ ճանապարհներ է առաջարկում»,-ասում են փորձագետները։  «Նման չափազանցված լիազորությունների՝ իրավական և քաղաքական համակարգերի մշտական մաս դառնալուց խուսափելու համար սահմանափակումները պետք է ունենան հստակ նպատակ և լինեն հանրային առողջապահությանն ուղղված ամենաքիչ միջամտող միջոցը»։

 

Վերջապես այն երկրներում, որտեղ վիրուսը նահանջում է, իշխանությունները պետք է աշխատեն վերադարձնել կյանքը նորմալ հունին և խուսափեն առօրյա կյանքը կարգավորելու նպատակով արտակարգ լիազորությունների անհիմն օգտագործումից, ասել են փորձագետները։

 

«Կոչ ենք անում պետություններին՝ համավարակը կարգավորելու նպատակով հաստատուն ձևով պահպանել մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցում՝ խթանելու առողջ հասարակությունների ձևավորումը՝ իրավունքի գերակայությամբ և մարդու իրավունքների պաշտպանությամբ»,- ասել են ՄԱԿ-ի փորձագետները։

 

ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետներ

 

Թարգմանությունը՝ ՀՔԱՎ-ի

 

ohchr.org

Դիտումներ՝ 1218

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????