Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Շարունակվեց մահացած ծննդկանի գործով դատաբժիշկ-փորձագետի հարցաքննությունը

May 20, 2019

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Իրավունքներ | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2019 | Կյանքի իրավունք | Հռիփսիմե Նազլուխանյան | Հրապարակումներ | Նորություններ

2019թ․ մայիսի 17-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակեց հարցաքննվել վանաձորցի ծննդկան Հռիփսիմե Նազլուխանյանի մահվան գործով դատարան հրավիրված դատաբժիշկ-փորձագետ Հայկազն Չախոյանը, որը հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն իրականացրած հանձնաժողովի անդամ է։

 

Նա դատարան էր հրավիրվել պաշտպանական կողմի միջնորդությամբ։

 

Տուժողի իրավահաջորդի շահերը ներկայացնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը։

 

Փորձագետին շարունակեցին հարցեր տալ պաշտպան Արտակ Ոսկանյանը և ամբաստանյալ Դավիթ Շահվերդյանը, որին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով՝ մասնագիտական պարտականությունները չկատարելու/ոչ պատշաճ կատարելու համար, որն առաջացրել է բուժվող հիվանդի մահ:

 

Նախորդ դատական նիստին փորձագետը, հակադարձելով պաշտպանական կողմի պնդումներին, վերահաստատեց, որ շարունակական արնահոսության պայմաններում պետք է որովայնահատում արվեր, և մյուս գործողությունները պետք է դրան զուգահեռ արվեին, ոչ թե՝ ինքնանպատակ։

 

Մայիսի 17-ին կայացած դատական նիստի ժամանակ ամբաստանյալն ու պաշտպանը շատ հարցեր բազմիցս կրկնում էին արդեն պատասխան ստանալուց հետո, ինչի մասին մի քանի անգամ հայտարարություն արեց նաև մեղադրող դատախազ Գարեգին Մանուկյանը։

 

Հնչեցին նաև նախորդ դատական նիստին արդեն իսկ պարզաբանված հարցեր․ փորձագետ Հ․ Չախոյանը որոշ հարցեր ավելի մանրամասնեց, որոշներին հրաժարվեց կրկին պատասխանել, որոշ հարցեր էլ փորձագիտական եզրակացությանը վերաբերելի չէին, այդ պատճառով չպատասխանեց։

 

Երբ փորձագետը մանրամասնություններով խոսում էր այն միջամտությունների մասին, որոնք պետք է կատարվեին, բայց չեն արվել, տուժողի՝ դատարանում ներկա հարազատները ամբաստանյալի հասցեին քննադատող արտահայտություններ արեցին։ Դրանից անմիջապես հետո պաշտպան Ա․ Ոսկանյանը միջնորդեց նիստը դռնփակ անցկացնել, քանի որ նրա պնդմամբ՝ իր պաշտպանյալին զրպարտող ու վիրավորող արտահայտություններ են հնչում։

 

Դատարանը քննեց պաշտպանի միջնորդությունն ու մերժեց այն, բայց զգուշացում տվեց տուժողի հարազատին։ Դռնբաց դատական նիստում շարունակվեց փորձագետի հարցաքննությունը։

 

Հարցեր հնչեցին դեպքի այլ մանրամասների շուրջ․ պաշտպանն ու ամբաստանյալը փորձեցին ճշտել փորձագետի կարծիքն այն մասին, թե կարող էր մի քանի ժամ ոչ առատ արնահոսությունը վերածվել առատ արնահոսության։ Փորձագետն ասաց, որ կարող էր, և անկախ նրանից՝ առատ արնահոսությունը որ պահից է սկսվել, այն պետք է դադարեցվեր հնարավոր բոլոր միջոցներով, որն այդ դեպքում որովայնահատումն է եղել, ծայրահեղ դեպքում՝ արգանդի հեռացումը։

 

Պաշտպանը փորձագիտական եզրակացությունից դուրս այլ հարցեր ևս տվեց Հ․ Չախոյանին․ նա փորձեց պարզել, թե փորձագետները ճշտե՞լ են տուժողի մոտ այլ հիվանդությունների առկայությունը, որոնք ևս արնահոսության պատճառ կարող էին դառնալ։ Ի պատասխան՝ փորձագետը կրկին հիշեցրեց, որ փորձագետները եզրակացություն են տվել միայն առաջադրված հարցերի և ներկայացված փաստաթղթերի հիման վրա, իսկ դրանցում մահացած ծննդկանի՝ այլ հիվանդություններ ունենալու վերաբերյալ տվյալներ չեն եղել, և ճշտելու կարիք չի եղել։

 

Դատարանի ճշտող հարցին, թե պաշտպանական կողմը սրանով կասկածի տա՞կ է դնում փորձագիտական եզրակացությունն այն մասին, որ մահը արյան սուր կորստի հետևանք է, Ա․ Ոսկանյանը դրական պատասխան տվեց, ապա շարունակեց հարցերը։

 

Մեղադրող դատախազ Գ․ Մանուկյանն էլ փորձագետից ճշտեց՝ արդյոք Դ․ Շահվերդյանը հանձնաժողովի նիստին ներկա է եղել և ինչ պարզաբանում է տվել հարցերին։ Փորձագետը նշեց, որ Դ․ Շահվերդյանը, ի թիվս այլ պատասխանների, ասել է, որ արգանդի հեռացում միայնակ չէր կարող անել։

 

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը հարցեր չուներ փորձագետին։ Նա նշեց, որ ժամեր շարունակ Հ․ Չախոյանը բավականին մանրամասն և համակողմանիորեն պարզաբանումներ է տվել դատարանում հնչած հարցերին, և լրացուցիչ պարզաբանումների անհրաժեշտություն չի տեսնում։

 

Այսքանով դատական նիստն ավարտվեց։ Հաջորդ դատական նիստը 2019թ․ հունիսի 20-ին է։



Դիտումներ՝ 1708

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????