Գործունեություն | Խոշտանգումներից զերծ մնալու իրավունք | Ծրագիր։ Պայքար Խոշտանգման և Վատ վերաբերմունքի դեմ Վրաստանում, Հայաստանում և Ուկրաինայում | Նորություններ | Պետական կառույցներ | Փակ և կիսափակ հաստատություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում
2019թ. փետրվարի 28-ին Երևանի «Անի Պլազա» հյուրանոցում տեղի ունեցավ աշխատանքային քննարկում «Հայաստանում Ստամբուլյան արձանագրության կիրարկման ուղղությամբ պետական քաղաքականությունը» թեմայով:
Աշխատանքային քննարկումը կազմակերպվել էր Եվրոպական միության ֆինանսավորմամբ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի և Խոշտանգման զոհերի հոգեսոցիալական և բժշկական վերականգնողական վրացական կենտրոնի (GCRT) հետ համատեղ իրականացվող «Պայքար խոշտանգման և վատ վերաբերմունքի դեմ Վրաստանում, Հայաստանում և Ուկրաինայում» ծրագրի շրջանակում:
Ծրագիրը մեկնարկել է 2018թ.-ի փետրվարին: Ծրագրի նպատակն է փակ և կիսափակ հաստատություններում խոշտանգման կանխարգելումը, խոշտանգում վերապրած անձանց աջակցության տրամադրումը, թեմայի վերաբերյալ իրազեկվածության բարձրացումն ու ջատագովությունը:
Աշխատանքային քննարկմանը ներկա էին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, ՀՀ արդարադատության նախարարության, Քրեակատարողական ծառայության ներկայացուցիչներ, քրեակատարողական հիմնարկների պետեր և այլ ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության, Քննչական կոմիտեի, Փորձաքննությունների ազգային բյուրոյի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, առանձին թեմաներ ներկայացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, ԲՀՀ-Հայաստան գործադիր տնօրեն Դավիթ Ամիրյանն ու փորձագետ Մուշեղ Եկմալյանը:
Նրանք անդրադարձան Ստամբուլյան արձանագրության նշանակությանը, պետական քաղաքականության մեջ դրա չափանիշների ընդունման և կիրարկման հնարավորություններին և մարտահրավերներին:
«Ստամբուլյան արձանագրության ներդրումը խոշտանգումների դեմ պայքարում չի կարելի առանձին դիտարկել քրեակատարողական ընդհանուր բարեփոխումներից». Սուրեն Քրմոյան
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը կարծիք հայտնեց, որ առանձին կոմպոնենտի ներդրումը որևէ լուծում չի տա, այն պետք է դիտարկել ընդհանուր բարեփոխումների համատեքստում և անդրադարձավ քրեակատարողական հիմնարկներում տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման համակարգի արդիականացման դերին՝ վատ վերաբերմունքի կանխարգելման գործում:
«Մենք շատ մեծ շեշտադրում ենք կատարում բժշկական ռեֆորմի վրա, որովհետև ոլորտում արձանագրված խնդիրների մեծ մասը վերաբերում է բուժծառայություններին»,-ասաց Ս. Քրմոյանն ու հավաստիացրեց, որ Նախարարությունը պատրաստ է ներդնել Ստամբուլյան արձանագրությունից բխող մեխանիզմները:
«Շատ երկրներում հոգեբանի աշխատանքի հետ կապված կան որոշակի խնդիրներ, որովհետև բացի պատրաստված հոգեբանների պակասից՝ կա նաև հոգեբանի աշխատանքի նկատմամբ թերահավատ մոտեցում բժիշկների և իրավաբանների կողմից». Մուշեղ Եկմալյան
Փորձագետ Մուշեղ Եկմալյանը խոսեց Ստամբուլյան արձանագրության ընդունման նախապատմության և դրա կիրարկման միջազգային փորձի մասին, ընդգծեց հոգեբանի աշխատանքի կարևորությունը խոշտանգումների արձանագրման գործում:
«Ստամբուլյան արձանագրությունը տարբերվում է մինչ այդ և դրան զուգահեռ գործող դատաբժշկական արձանագրություններից կամ փաստաթղթավորման ձեռնարկներից նրանով, որ նա ներառում է ամբողջական պատմությունը՝ սկսած զոհի պատմած պատմությունը և հետաքննության ընթացքում պարզվածը, և սա մեկ ամբողջական պատմության տեսքով է ներկայացվում՝ ունենալով նաև գիտական մոտեցումը՝ իրավաբանի, հոգեբանի և բժշկի համատեղ աշխատանքի միջոցով», -նշեց նա:
Մ. Եկմալյանը ներկայացրեց նաև խոշտանգումների փաստաթղթավորման գործիքները:
«Վաղեմության ժամկետ այս հանցագործությունը չպետք է ունենա: Երբ որ մենք խոսում ենք խոշտանգման, վատ, անմարդկային վերաբերմունքի մասին, մենք դուրս ենք գալիս ընդհանրապես մի անձի պրոբլեմի շրջանակից». Դավիթ Ամիրյան
«Ստամբուլյան արձանագրությունը ենթադրում է մուլտիդիսցիպլինար մոտեցում, և այս եզրակացությունը բացառապես գիտական եզրակացություն է», - իր խոսքում նշեց Դավիթ Ամիրյանը:
Նա ևս ընդգծեց Ստամբուլյան արձանագրության հոգեբանական մասի կարևորությունը, ապա օրինակներով հիմնավորեց իր կարծիքը:
«Ամենակարևոր հարցը, որ ունենք այսօր լուծելու, բժիշկներին և քրեակատարողական համակարգի բժիշկներին տալ թե օրենսդրական, թե պրակտիկայի տեսակետից բացարձակ անկախություն, որով նրանք կկարողանան կազմել եզրակացություններ, կաշկանդված չլինել որևէ բանով և ներդրում ունենալ այնպիսի իրավունքի պաշտպանության գործում, ինչպիսին խոշտանգումներից, վատ ու անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու բացարձակ իրավունքն է»,-եզրափակեց Դավիթ Ամիրյանը:
«Տպավորություն է ստեղծվում, թե Ստամբուլյան արձանագրությունը վերաբերում է միայն քրեակատարողական հիմնարկներին, բայց իրականում այն առնչվում է բոլոր տիպի փակ հաստատություններին՝ հոգեբուժարաններ, ոստիկանության բաժիններ և այլն»,- ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան։
Չկա հստակ պատկերացում Ստամբուլյան արձանագրության վերաբերյալ և ընկալումը ճիշտ ու ամբողջական չէ: Դրա պատճառներից մեկը, Մարդու իրավունքների պաշտպանի կարծիքով, իրազեկում չիրականացնելն է: Պաշտպանը կարևորեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի գործունեությունը կապված Սատմբուլյան արձանագրության կիրառման հետ:
Ա. Թաթոյանը նշեց, որ հոգեբուժարաններում աշխատանքներ են տանում նաև իրենց գործունեության ճիշտ ընկալման ուղղությամբ: Նա ներկայացրեց Պաշտպանի գործունեության ընթացքում արձանագրված տարբեր խնդրահարույց իրավիճակներ և պրակտիկայում առկա խնդիրները:
Իրենց փորձառությամբ կիսվեցին նաև աշխատանքային քննարկմանը ներկա պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, խոսեցին առանձին դեպքերի մասին: Փաստաբան Նինա Կարապետյանցը հիշեցրեց ազատազրկման վայրում մահացած Հրաչյա Գևորգյանի գործը և պնդեց, որ պետական կառույցները հետևողական չեն եղել այդ հարցում: Արման Թաթոյանն առաջարկեց հանդիպել և քննարկել այդ գործը:
Փորձաքննությունների ազգային բյուրոյի ներկայացուցիչներն էլ նշեցին, թե ինչ հանգամանքներ են դրվում իրենց կողմից տրվող եզրակացությունների հիմքում, խոսեցին այդ հարցում առկա խնդիրների ու դժվարությունների մասին:
Մասնակիցները համակարծիք էին, որ Ստամբուլյան արձանագրությունների ներդրման ու կիրարկման գործընթացում վերապատրաստումներն ու դասընթացները շատ կարևոր են:
Այլ լուսանկարներ հասանելի են ԱՅՍՏԵՂ
Leave a Reply