Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

2019թ․ մարտի 25-ին «Անկախ դիտորդ» դաշինքը ներկայացրեց ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտարկման զեկույցի աշխատանքային տարբերակը

April 5, 2019

Գործունեություն | Ընտրական գործընթաց | Ընտրելու և հանրաքվեներին մասնակցելու իրավունք | Հրապարակումներ | Մամուլի հաղորդագրություններ | Նորություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

2019թ․ մարտի 25-ին Երևանի Կոնգրես հյուրանոցի Պիկասո սրահում կայացավ «Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում ընտրությունների նախապատրաստման և մոնիտորինգի գործընթացներում. ընտրություններ բոլորի համար» ծրագրի շրջանակում «Անկախ դիտորդ» դաշինքի կողմից 2018թ. դեկտեմբերի 9-ի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների դիտարկման զեկույցի աշխատանքային տարբերակի քննարկումը։ Քննարկման ընթացքում ներկայացվեց նաև 2018 թ. սեպտեմբերի 23-ի Երևան քաղաքի ավագանու ընտրությունների դիտարկման զեկույցը։

 

2018թ․ սեպտեմբերի 23-ին «Անկախ դիտորդ» դաշինքը դիտարկել է Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության ընթացքը Երևան քաղաքի 475 տեղամասերից 95-ում, ինչպես նաև հետևել տեղամասային կենտրոնների և շտաբների շուրջ առկա իրավիճակին և բոլոր տարածքային ընտրական հանձնաժողովներում տեղամասային ամփոփմանը։

 

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում Դաշինքը դիտարկել է ինչպես քարոզչության, այնպես էլ քվեարկության ընթացքը բոլոր 13 ընտրատարածքներում, այնպես էլ քվեարկության ընթացքը 2010 տեղամասերից 300-ում, այդ թվում՝ դիտարվել է տեղամասային կենտրոնների շրջակայքը, մասնակից ուժերի շտաբներն ու տեղամասերի քվեարկության արդյունքների ամփոփումը 36 տարածքային ընտրական հանձնաժողովներում։

 

Դիտարկումն իրականացվել է ավելի քան 800 դիտորդների ներգրավմամբ, այդ թվում՝ 84 երկարաժամկետ։ Առաքելության մեջ ներգրավված են եղել նաև 30 իրավաբաններ և շուրջ 40 դիտորդների համակարգողներ։

 

Դիտարկման արդյունքների վերաբերյալ քննարկմանը ներկա էին ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ՀՀ այլ պետական կառույցների, Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա դեսպանատների, միջազգային կառույցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ,  «Անկախ դիտորդ» դաշինքի դիտորդներ։

 

Բացման խոսքով հանդես եկան Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին, ՕքսԵՋեն հիմնադրամի գործադիր տնօրեն Մարգարիտա Հակոբյանը, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը և Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

 

Ա․ Սաքունցը նախ շնորհակալություն հայտնեց ներկաներին, ապա նշեց, որ ծրագիրն իրականացվել է Եվրոպական միության աջակցությամբ և բացի բուն դիտորդական առաքելությունից, ներառում է այլ բաղադրիչներ ևս, որոնց մասով կներկայացվեն առանձին զեկույցներ։

 

«Դիտորդական առաքելության մեր փորձը հուշում է, որ անկախ նրանից, թե ինչ քաղաքական իրավիճակում են անցկացվում ընտրությունները, դրանք շարունակական բարելավման կարիք ունեն․ խոսքը վերաբերում է ինչպես ընթացակարգերին, այնպես էլ ընտրությանը՝ որպես ինստիտուտի մոտեցմանը։ Եվ նոր իշխանության առաջին փորձաքարը համապետական մակարդակով Ազգային ժողովի ընտրություններն էին, որոնք գրեթե անմիջապես հաջորդեցին Երևանի ավագանու ընտրություններին», -ասաց Ա․ Սաքունցը և հավելեց, որ ընտրական պրոցեսը կենդանի պրոցես է, և անկախ իրավիճակից՝ դիտորդություն իրականացնելն անհրաժեշտ է։

 

Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին Եվրոպական միության անունից շնորհակալություն հայտնեց Հայաստանի քաղհասարակությանն ու ՀՀ քաղաքացիներին՝ ընտրություններին, դրանց նախորդող և հաջորդող գործողություններին ակտիվ մասնակցության համար։

 

«Ընտրությունների դիտարկմանը աջակցությունը մեր օրակարգում մշտապես կարևոր տեղ է ունեցել»․ Պյոտր Անտոնի Սվիտալսկի

 

Դեսպանը ներկայացրեց նաև ընտրական գործընթացը բարելավելու առաջարկներ, կարևորեց քաղաքացիական հասարակության ներգրավումը Հայաստանում ժամանակակից քաղաքական մշակույթի ձևավորման հարցում։ Ընդգծեց ընտրական գործընթացների ներառականության, հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության անհրաժեշտությունը և կանանց մասնակցության խթանման կարևորությունը։

 

«Սրանք ընտրություններ էին, որոնցից հետո սովորական քաղաքացիներ իրար շնորհավորում էին։ Ընդ որում՝ տարբեր հայացքներ ունեցող»․ Դանիել Իոաննիսյան

 

Ի թիվս Դաշինքի արձանագրած այլ խնդիրների՝ Դանիել Իոաննիսյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ նախընտրական քարոզարշավը չափազանց կարճ տևեց և նշեց, որ դա ավելի շատ օրենսդրական կարգավորման խնդիր է։ Բայց և կարևորեց բանավեճերի առկայությունը նախընտրական շրջանում, որը ևս, նրա կարծիքով, նախադեպը չունեցող երևույթ էր։

 

Նա անդրադարձավ նաև կեղծ դիտորդական առաքելությունների խնդրին, քարոզարշավի ընթացքում մեդիայում արձանագրված խնդիրներին, քարոզարշավի ֆինանսավորման խնդիրներին, ընտրական օրենսգրքի փոփոխությունների տապալմանը, նշեց, որ դա էական ազդեցություն ունեցավ ընտրությունների ընթացքի և արդյունքների վրա։

 

«Իրականացվող ծրագիրը աննախադեպ է նրանով, որ ծրագրում ներգրավված տարբեր կազմակերպություններ, որոնք սովորական ժամանակաշրջանում այլ գործունեությամբ են զբաղված, այս ծրագրում միավորվել են մեկ նպատակի շուրջ»․ Մարգարիտա Հակոբյան

 

ՕքսԵՋեն հիմնադրամի գործադիր տնօրեն Մարգարիտա Հակոբյանը ևս ընդգծեց ներառականության կարևորությունը՝ որպես ծրագրի բաղադրիչ։

 

Բացման ելույթներից հետո Երևանի ավագանու ընտրությունների դիտարկման արդյունքների մասին խոսեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների մոնիթորինգի և զեկուցման մասնագետ Անտոն Իվչենկոն։  Նա զուգահեռներ անցկացրեց Երևանի ավագանու նախորդ ընտրությունների հետ․

 

«Եթե Երևանի ավագանու նախորդ ընտրություններին մասնակցության աճմանը զուգահեռ աճում էր նաև ՀՀԿ-ի ստացած ձայների թիվը, 2018-ին կայացած ընտրություններին նույնը չի կարելի ասել «Իմ քայլը» դաշինքի ստացած ձայների մասին»

 

Դիտորդական առաքելության կառուցվածքի մասին խոսելիս նա նշեց, որ խնդրահարույց էր դաշինքով գործելու դեպքում նույն կազմակերպությունից  հավատարմագրված  միայն մեկ դիտորդի տեղամասում գտնվելու իրավունք ունենալը, ինչը բարդություններ էր առաջացնում կազմակերպչական տեսանկյունից։ Ապա ներկայացրեց արձանագրված այլ խնդիրներ՝ համեմատություն անցկացնելով նախորդ տարվա արդյունքների հետ և նշելով, որ 2018թ․ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում խախտումները չէին կրում համակարգված բնույթ։

 

Ընտրական գործընթացում ներառականության մասին առավել մանրամասն խոսեցին «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոնի ներկայացուցիչ Գայանե Գրիգորյանը և Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի փորձագետ Լուսինե Քարամյանը։

 

«Տեղամասերի գերաշռող մասը մատչելի չի եղել հաշմանդամություն ունեցող անձանց համար և միայն եզակի դեպքերում է արձանագրվել լիարժեք համապատասխանություն մատչելիության առումով»․ Լուսինե Քարամյան

 

 Նշվեցին մի շարք խնդիրներ, ինչպես նաև պատկան մարմինների կողմից խնդրի թյուրընկալման մասին վկայող դիտարկումներ․ «Տեղամասային կենտրոններից մեկը ուներ թեքահարթակով կահավորված մուտք, որի դռները, սակայն, փակ էին»։

 

«Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ նախագահ Ռուբեն Սարգսյանն էլ ներկայացրեց նախընտրական քարոզարշավի դիտարկման որոշ մանրամասներ ՀՀ ողջ տարածքում իրականացված հետազոտության վերաբերյալ։

 

«ԱԺ ընտրություններին նախորդող շրջանում արված հարցազրույցներից երևում է, որ այս քարոզարշավի համար բնութագրական է եղել ատելության խոսքի առկայությունը, մինչդեռ հարցվողների ընկալմամբ 2017-ին ամենատարածված խախտումը եղել է ընտրակաշառքը»․ Ռուբեն Սարգսյան

 

2017-ի հարցումների արդյունքների համեմատությամբ, նվազել են նաև վարչական ռեսուրսի չարաշահման, քարոզչության խոչընդոտման և ճնշումների դեպքերի մասին պատասխանները, փոխարենը՝ 2018-ին, բացի ատելության խոսքից, հարցվածները նշել են տպագիր քարոզչանյութերի տարածման կարգի խախտումները։

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների մոնիթորինգի և զեկուցման համակարգող Վարդինե Գրիգորյանը ներկայացրեց 2018թ․ դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության ընթացքն ու արդյունքները։

 

«Ընդհանուր մթնոլորտը 2018-ի ընտրության ժամանակ զգալիորեն տարբեր էր 2017-ի համեմատությամբ, երբ շատ տեղամասերում լարված մթնոլորտ էր տիրում, և գրանցվում էին նաև ֆիզիկական բռնության, ծեծկռտուքի դեպքեր»․ Վարդինե Գրիգորյան

 

Նա նշեց, որ եթե նախորդ ընտրությունների ժամանակ պետական համակարգի աշխատող թեկնածուները ավելի շատ ՀՀԿ-ից ու ՀՅԴ-ից էին, ապա 2018-ի ԱԺ ընտրությունների ժամանակ այդ առումով որոշակի բազմազանություն կար։ Այնուամենայնիվ «Իմ քայլը» դաշինքի ցուցակում պետական համակարգի աշխատողների առատությունը, ըստ Վ․ Գրիգորյանի, վարչական ռեսուրսին տիրապետելու տպավորություն էր ստեղծում մյուս ուժերի մոտ։

 

Նա խոսեց նաև առաջադրված ուժերի ունեցած ռեսուրսների մասին, ներկայացրեց քարոզչության ու քվեարկության ընթացքի դիտարկման այլ մանրամասներ։

 

Դիտարկման արդյունքում արձանագրվել են քվեախցիկում մեկից ավելի անձանց ներկա գտնվելու, ինչպես նաև քվեախցիկից դուրս քվեարկելու, կատարած ընտրության մասին բարձրաձայնելու, քվեարկության սենյակում գտնվելու իրավունք չունեցող անձանց ներկայության դեպքեր։ Խնդրահարույց է շարունակում մնալ  օգնողների միջոցով քվեարկության փոխարեն ընտրողի կարծիքը արհամարհելու և փաստացի նրա փոխարեն քվեարկելու պրակտիկան։

 

Տարածքային ընտրական հանձնաժողովներում դիտարկումների արդյունքում արձանագրվել են փաստաթղթերը սխալ լրացնելու, ընթացակարգը ոչ ճիշտ կազմակերպելու դեպքեր։

 

Արթուր Սաքունցը հավելեց մի ուշագրավ փաստ, որ քրեակատարողական հիմնարկներում քվեարկության արդյունքների մասով ևս զգալի տարբերություն կար նախորդ ընտրությունների համեմատությամբ, երբ իշխող կուսակցությունը  ստացել էր  ՔԿՀ-ում քվեարկողների ձայների բացարձակ մեծամասնությունը, ինչը 2018-ի ընտրություններին բնորոշ չի եղել։

 

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը շնորհակալություն հայտնեց ընտրությունների ընթացքի համակողմանի դիտարկման համար և նշեց, որ այդ ընթացքում ակտիվ համագործակցություն է եղել ԿԸՀ-ի հետ։ Կարևորեց դիտորդական առաքելության վերհանած խնդիրների ուղղությամբ աշխատանքը՝ գործընթացի հետագա բարելավման տեսանկյունից։ Ապա արձագանքեց բարձրաձայնված որոշ խնդիրների և առաջարկների՝ մասնավորապես տեղամասային կենտրոնների մատչելիության առումով։

 

Ընտրությունների կազմակերպման և անցկացման գործընթացում ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած գործողությունների մասին էլ խոսեց ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչ Սևակ Հովհաննիսյանը։ Ա․ Սաքունցը նշեց, որ իրավապահ մարմինների կանխարգելիչ գործողությունները շատ կարևոր են։ Դանիել Իոաննիսյանն էլ հավելեց, որ Երևանի ավագանու և ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ առաջին անգամ դիտորդական առաքելություն իրականացնողները չէին զգում, որ պետք է նաև իրավապահ ֆունկցիա կատարեն։

 

Ընտրությունների գործընթացում «Անկախ դիտորդ» դաշինքի իրավաբանների կատարած աշխատանքը, ստացած ահազանգերն էլ ներկայացրեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավական վերլուծությունների մասնագետ, փաստաբան Արտուր Հարությունյանը։ Նա նշեց, որ բուն քվեարկության օրը հանցագործության մասին որևէ հաղորդում չի ներկայացվել ևընդգծեց ԿԸՀ-ի հետ համագործակցության արդյունավետությունը խնդիրների կանխարգելման և կասեցման գործում։

 

Քննարկմանը ներկա «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Համազասպ Դանիելյանը անդրադարձավ բանախոսների նշած փոփոխությունների ակնկալիքներին և նշեց, որ հաջորդ ընտրություններին պատրաստվելու համար 5 տարի ունենք, և վաղ սկսելը աննախադեպ բարեփոխումների հնարավորություն է տալիս։

 

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը դիտորդություն է իրականացրել հետևյալ անդամ և գործընկեր կառույցների հետ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Իրազեկ քաղաքացիների միավորում

Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ

«Սոցիոսկոպ» հասարակական ուսումնասիրությունների և խորհրդատվության կենտրոն

«Գորիսի մամուլի ակումբ»

«Հաշմանդամություն և ներառական զարգացում»

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն

 

«Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում ընտրությունների նախապատրաստման և մոնիտորինգի գործընթացներում. ընտրություններ բոլորի համար» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից՝ Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի, «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի, «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի և Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

 

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների դիտարկումն ու զեկույցի պատրաստումն իրականացվել է Ժողովրդավարության Եվրոպական հիմնադրամի և Զիգրիդ Րոզինգ Թրասթ հիմնադրամի աջակցությամբ:

 

Զեկույցում ներկայացված տեսակետները որևէ ձևով չեն արտահայտում ֆինանսավորող կառույցների պաշտոնական տեսակետները:

 

2019թ․ մարտի 25-ին «Անկախ դիտորդ» դաշինքը ներկայացրեց ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտարկման զեկույցի աշխատանքային տարբերակը

Այլ լուսանկարներ հասանելի են ԱՅՍՏԵՂ

Դիտումներ՝ 1853

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????