Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑ ԱՉՔԵՐՈՎ

Հայաստանում ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունքի ուսումնասիրության ԶԵԿՈՒՅՑ

 

Վերջին տարիներին դատական և իրավական բարեփոխումների համատեքստում ձեռնարկված միջոցառումները բավարար չեն եղել կանխելու գործերի հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունքի խաթարման դեպքերը։ Չնայած դատաիրավական համակարգում կատարվող պարբերական և արմատական բնույթ կրող փոփոխությունների, քաղաքացիները բախվում են ուշացած արդարադատության, մասնավորապես՝ դատական նիստերի չարդարացված հետաձգումների, գործերի երկարատև և ոչ արդյունավետ քննության, վճռիների չկատարման, վերջնական դատական ակտերի չհրապարակման և այլ փոխկապակցված խնդիրների։

 

Պետությունը պոզիտիվ պարտավորություն ունի ապահովելու, որպեսզի դատավարությունները հանրության համար լինեն բաց, բացառությամբ օրենսդրությամբ սահմանված հատուկ դեպքերի։ Դատավարության հրապարակայնությունը կարևոր նախապայման է հանդիսանում արդյունավետ դատական պաշտպանության համար, ինչպես նաև բացառելու ստվերային արդարադատության իրականացումը։

 

Բացի այդ, հանրության և հատկապես մշտադիտարկողների  ներկայությունը դատական նիստերին կարող է նպաստել դատական համակարգում առկա խնդիրների բացահայտմանը, ինչպես նաև խրախուսելու դատավորներին գործելու արդար դատաքնության իրավունքի միջազգային պահանջներին համահունչ։

 

Հայաստանում ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունքի ապահովումը բարելավելու նպատակով Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի վանաձորի գրասենյակը (ՀՔԱՎ գրասենյակ) «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում 2023 թ․-ից մինչև 2024 թ․-ը մեկնարկել է դատական նիստերի մշտադիտարկման աշխատանքներ Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության, մասնագիտացված և վերաքննիչ դատարաններում։ 

 

«Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի հիմնական նպատակն է ապահովել Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների ամբողջականությունը և բարելավել արդարադատության համակարգի հաշվետվողականությունը, թափանցիկությունը և դրա նկատմամբ վերահսկողությունը:

 

Դատական նիստերի մշտադիտարկումն ուղղված էր հավաքագրելու դատարաններում արդար դատաքննության իրավունքի կարևորագույն բաղադրատարրեր հանդիսացող՝ հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունքի ապահովման վիճակի վերաբերյալ հավաստի տվյալներ, ինչպես նաև զարգացնել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կարողությունները՝ դատարաններում մշտադիտարկում իրականացնելու գործում։

 

Սույն զեկույցը նպատակ ունի ներկայացնել դատական համակարգում արձանագրված խնդիրները և առաջարկել փոփոխություններ, որոնք կնպաստեն արդար դատաքննության իրավունքի, մասնավորապես, հրապարակային և ողջամիտ ժամկետում դատական քննության իրավունքի վիճակի բարելավմանը։

 

ՀՔԱՎ գրասենյակը ցանկանում է իր երախտագիտությունը հայտնել ծրագրի իրականացման ընթացքում ՀՀ բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատական դեպարտամենտի հետ արդյունավետ համագործակցության  համար, ինչպես նաև մշտադիտարկողներին[1], ովքեր ծրագրի առաջին փուլից ի վեր օրինակելի արհեստավարժ աշխատանք են կատարել։

 

Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական, վարչական և քրեական գործերով դատական վարույթների ողջամիտ ժամկետների և հրապարակայնության սկզբունքի պահպանման գնահատման նպատակով ձևակերպվել են ներքոնշյալ հետազոտական հարցերը․

 

  • Դատավորների ծանրաբեռնվածության գնահատումը՝ որպես հետազոտական տվյալների հիմք ընդունելով դատավորի վարույթում գտնվող գործերի թիվը, յուրաքանչյուր տարի ստացված գործերի թիվը, յուրաքանչյուր տարի ավարտված գործերի թիվը․
  • Դատավորների թվի բավարարությունը ՀՀ բնակչության թվին համամասնորեն․
  • Գործերի քննության կարգը, գրավոր ընթացակարգի կիրառելիությունն ու ազդեցությունը գործերի քննության ժամկետների կրճատման վրա․
  • Դատավորների և դատարանի աշխատակազմերի թվաքանակի և համալրման խնդիրները․
  • Դատարանների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու նպատակով ձեռնարկվող միջոցառումների ազդեցությունը, որքանո՞վ են դրանք հանգեցրել կամ հանգեցնելու ողջամիտ ժամկետում գործի քննության սկզբունքի պահպանմանը․
  • Դատավորների միջև գործերի բաշխման խնդիրները ․
  • Դատավորների գործուղման պրակտիկան․
  • Դատական նիստերի անցկացման ժամանակային միջակայքերի հետազոտումը․
  • Դատական նիստերի հետաձգման պատճառների հետազոտումը․
  • Վեճերի լուծման արտադատական մեխանիզմների կիրառելիությունը․
  • Փորձաքննությունների ոլորտում առկա խնդիրները և դրանց ազդեցությունը դատավարական ժամկետների վրա․
  • Դատարանում առկա կազմակերպական խնդիրները․
  • Դատական որոշումների ուղարկման ժամկետների հետազոտումը, դատական ակտերի հրապարակման հետ կապված խնդիրները․
  • Քաղաքացիական, քրեական և վարչական գործերով նիստերի անցկացման վայրի պայմանները․
  • Դռնբաց դատական նիստի կարգի պահպանման վիճակը․
  • Դատական նիստերի արձանագրման վիճակը․
  • Հանրության հասանելիությունը դատական գործերի նյութերին և տեղեկատվությանը․
  • Դատական ակտերի հրապարակայնացման հետ կապված խնդիրները․
  • Դատարաններում դռնփակ դատական նիստերի անցկացման պրակտիկան, անձնական տվյալների պաշտպանության խնդիրը․

 

Հայաստանում ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունքի սույն զեկույցը բաղկացած է երեք գլխից․ 1-ին գլխում ներկայացված են առաջին ատյանի դատարանների մասին ընդհանուր բնույթի տվյալներ, 2-րդ և 3-րդ գլուխները նվիրված են առաջին և վերաքննիչ ատյանի դատարաներում դատական նիստերի մշտադիտարկման արդյունքներին։

 

2-րդ և 3-րդ գլուխներում անդրադարձ է կատարվում հետևյալ հարցերին․

  1. Դատարանի շենքային և նյութատեխնիկական պայմանները․
    • դատարանում այցելուների համար պայմանները,
    • դատարանի տեխնիկական հագեցվածությունը։

 

  1. Դատական նիստերի դահլիճների պայմանները.
    • դատական նիստերի դահլիճի նույնականացումը,
    • դահլիճի դատավարական հատվածում դատավարության կողմերի համար նախատեսված նստարանների առկայությունը,
    • լրատվամիջոցների ներկայացուցիչների ներկայությունը դատական նիստերին
    • դատավարության մասնակիցների (դատավարական հատված) և դահլիճում ներկա գտնվող անձանց համար նախատեսված հատվածների (այցելուների հատված) առանձնացվածությունը:

 

  1. Դատկան նիստի ընդհանուր կանոնները.
    • դատական նիստի բացման ժամը,
    • դատական նիստի ժամի մասին տեղեկացումը,
    • դատարանի կազմի և քննության ենթակա գործի հրապարակումը նիստի մեկնարկին,
    • դատավարության մասնակիցներից մեկի չներկայանալու դեպքում դատական նիստի շարունակումը կամ հետաձգումը,
    • չհարցաքննված վկաների ներկայությունը դատական նիստերի դահլիճում,
    • դատական նիստերի արձանագրումը,
    • դատական նիստի համակարգչային ձայնագրության անընդհատությունը,
    • դատավորի և դատավարության մասնակիցների խոսքի լսելիությունը,
    • դատական նիստեր, որոնցում հրապարկվել են դատական ակտեր,
    • դատական նիստերի հետաձգումները,
    • հաջորդող դատական նիստերի միջև ընկած ժամանակային միջակայքը,
    • գործի քննության ավարտը,
    • իրավունքների ու պարտականությունների պարզաբանումը,
    • դռնփակ դատական նիստեր,
    • դատավորների հաճախակի փոփոխության ազդեցությունը դատաքննության ժամկետների վրա․

 

  1. Դատավորի արձագանքը մշտադիտարկողի ներկայությանը։

[1] Տե՛ս հավելված N 5։

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր