Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հրապարակումներ | Նորություններ
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչն այսօր՝ 2021 թ․ նոյեմբերի 23-ին, հրապարակել է իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի գործի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազությունից ստացած տեղեկատվությունը։
Դ․ Միյատովիչը իրավապաշտպանի նկատմամբ քրեական հետապնդման վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով ՀՀ գլխավոր դատախազություն էր դիմել նոյեմբերի 18-ին։ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ուղղված գրության մեջ նա, մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազի ուշադրությունն էր հրավիրել այն փաստին, որ իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ քրեական հետապնդումն արդեն իսկ դատապարտել են տեղական և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ, այդ թվում՝ ՄԱԿ-ի հատուկ զեկուցողները։
ԵԽ հանձնակատարն իր գրության մեջ ընդգծել էր, որ սա բացասաբար է ազդում իրավապաշտպանների, մասնավորապես՝ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ զբաղվողների գործունեության վրա։ Տիկին Միյատովիչը հիշեցրել է նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի ստանձնած պարտավորությունների մասին՝ ուշադրություն հրավիրելով իրավապաշտպանների խոսքի ազատության երաշխավորման անհրաժեշտությանը, հատկապես, որ խոսքը վերաբերում է փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը։
Սաշիկ Սուլթանյանի գործով դատական նիստը կկայանա վաղը՝ նոյեմբերի 24-ին՝ ժամը 11։00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (ք. Երևան, Տիգրան Մեծի պող. 23/1)։
Նրա իրավունքների պաշտպանությունն իրականացնում են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Սամսոն Գալստյանը։ Կներգրավվի նաև փաստաբան Արա Ղազարյանը։
Սաշիկ Սուլթանյանին մեղադրանք է առաջադրվել ԱԱԾ-ի քննիչի կողմից, որը Հայաստանում ապրող եզդիների իրավունքների խախտումների մասին խոսելը որակել է որպես ազգային թշնամանքի հարուցում։
Քրեական գործի հիմքում 2020 թվականի հունիսին Սաշիկ Սուլթանյանի զրույցն է՝ yezidinews.com լրատվամիջոցի ներկայացուցչի հետ։ Զրույցի ընթացքում նա բարձրաձայնում է Հայաստանում ապրող եզդիների խնդիրների մասին և մտահոգություն հայտնում, որ չնայած ներդրված ջանքերին՝ այնուամենայնիվ ազգությամբ եզդի ՀՀ քաղաքացիների իրավունքների երաշխավորմանն առնչվող որոշ խնդիրներ դեռևս լուծված չեն։
ՀՀ գլխավոր դատախազին ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի գրությունը և ՀՀ գլխավոր դատախազի պատասխան գրությունը ներկայացնում ենք այստեղ՝ ամբողջությամբ։
Անգլերենից հայերեն թարգմանությունը՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի։
ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի գրությունը
ՀՀ գլխավոր դատախազի պատասխան գրությունը
Leave a Reply