Աշխատանքային իրավունքներ | Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Իրավունքներ
«Արժանապատիվ աշխատանք հիմա» ծրագրի շրջանակներում տրամադրվող իրավական աջակցության արդյունքում արձանագրվող հաջողությունները շարունակվում են:
ՀՔԱՎ-ի իրավական աջակցությամբ վերականգնվել են միևնույն Կազմակերպության հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնված 40 դիմումատուների, և այլ Կազմակերպության հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնված 11 դիմումատուների արդար վարձատրության իրավունքը: Վերջիններս, 2023 թվականին` տարբեր ժամանակահատվածներում, դիմելով ՀՔԱՎ-ին, հայտնել են, որ չնայած իրենց բազմաթիվ անգամներ ներկայացրած պահանջների, գործատուն չի վճարել և շարունակում է չվճարել իրենց աշխատավարձերը, և հայցել են իրավական աջակցություն (նշվել են նաև 2014 թվականին չվճարված աշխատավարձերի մասին): ՀՔԱՎ-ը, ստանձնելով դիմումատուների իրավունքի պաշտպանությունը, իրավական աջակցություն է ցուցաբերել դիմումատուներին՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին ուղղված՝ վարչական վարույթ հարուցելու մասին դիմումները կազմելու և դրանք ներկայացնելու հարցում: Ներկայացված դիմումների հիման վրա Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից հարուցված վարչական վարույթի շրջանակներում դիմումները բավարարվել են, և վերականգնվել են դիմումատուների խախտված աշխատանքային իրավունքները: Ստորև ամփոփ ներկայացնում ենք արձանագրված արդյունքները.
1-ին գործի շրջանակում ներկայացված դիմումով պահանջված աշխատավարձերի ընդհանուր գումարը կազմվել է 1.424.891 ՀՀ դրամ: Հարուցված վարչական վարույթի արդյունքում 11 դիմումատուներին վճարված աշխատավարձերի ընդհանուր չափը կազմել է 1.513.000 ՀՀ դրամ:
2-րդ գործի շրջանակում ներկայացված դիմումով պահանջված աշխատավարձերի ընդհանուր գումարը կազմվել է
6.259.815 ՀՀ դրամ: Հարուցված վարչական վարույթի արդյունքում 29 դիմումատուներին վճարված աշխատավարձերի ընդհանուր չափը կազմել է 5.889.693 ՀՀ դրամ:
3-րդ գործի շրջանակում հարուցված վարչական վարույթի արդյունքում 11 դիմումատուներին վճարված աշխատավարձերի ընդհանուր չափը կազմել է 4.131.000 ՀՀ դրամ:
Նախաձեռնված 3 գործի շրջանակներում փաստացի 51 աշխատողների ներկայացված դիմումների հիման վրա Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից հարուցված վարչական վարույթի արդյունքում վճարված աշխատավարձերի պարտքի գումարի ընդհանուր չափը կազմել է 11.533.693 ՀՀ դրամ, որից 7.402.693 ՀՀ դրամը վճարվել է մեկ իրավաբանական անձի կողմից, իսկ 4.131.000 ՀՀ դրամը՝ այլ իրավաբանական անձի:
Ամփոփելով վերոնշյալը՝ արձանագրում ենք, որ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին վերապահված աշխատավարձի հաշվարկման ու վճարման նկատմամբ վերահսկողության իրականացման լիազորության շրջանակում զգալիորեն կրճատվել են աշխատողների արդար վարձատրության իրավունքի պաշտպանության համար պահանջվող ժամանակը և ֆինանսական միջոցները: Ներկայիս գործող կարգավորումների համաձայն՝ հնարավորություն է ստեղծվել մինչ դատարան դիմելը անձի աշխատանքային իրավունքի պաշտպանությանը հասնել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին դիմելու միջոցով: