Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՏԿԵ նախարարության կողմից ներկայացված, այնուհետև անհետացած նախագծի նախնական գնահատական

December 21, 2019

Գործունեություն | Ընտրական գործընթաց | Ընտրելու և հանրաքվեներին մասնակցելու իրավունք | Հայտարարություններ | Հրապարակումներ | Սեփական | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

Դեկտեմբերի 19-ին e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից հրապարակվեց ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։

 

Նախագծի վերաբերյալ հեղինակների և այլ շահագրգիռ կողմերի միջև նախնական քննարկում տեղի չէր ունեցել։ Վերջինիս մասին վկայում են ոչ միայն նախագծում տեղ գտած այնպիսի կարգավորումների պահպանումն ու ընդլայնումը, որոնք վերացնելու հրապարակային հանձնառություն է ստանձնել Ազգային ժողովում Ընտրական օրենսդրության բարեփոխման աշխատանքային խումբը, այլև նախագծի հեռացումը հրապարակման հաջորդ օրը։ Սա հակասում է աշխատանքային խմբի որդեգրած մասնակցայնության և թափանցիկության սկզբունքներին։

 

Համամասնական ընտրակարգով ձևավորվող ՏԻՄ մարմինների ցուցակը ընդլայնելը նախագծի առանցքային գաղափարն է։ Սակայն այն դեռևս իր ողջ ծավալով չի քննարկվել շահագրգիռ կողմերի հետ, և վերջնական եզրակացություն չի տրվել։ Ավելին՝ բարեփոխումների ծրագրում այդ հարցը դիտարկելիս պարզ է դառնում, որ ՏԻՄ-երի արագացված կարգով կուսակցականացումը խնդրահարույց կարող է լինել՝ առանց «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում էական փոփոխությունների։

 

Մյուս կողմից՝ որոշ հարցերով արդեն մշակած ընդհանուր մոտեցումները, որոնք կապված են կուսակցությունների ներքին ժողովրդավարության, համամասնական ընտրական ցուցակներում կանանց և տղամարդկանց ներկայացվածության համամասնության և կուսակցությունների հանրային ֆինանսավորման մեխանիզմների և հաշվետվողականության հետ, պարզապես անտեսված են, ինչը բերում է հին խնդրահարույց կարգավորումների պահպանման կամ ավելի խնդրահարույց փոփոխություններով շտկելու փորձերին։

 

Հարկ ենք համարում անդրադառնալ նախագածում առկա մի քանի խնդիրներին․

  • Նախարարությունը առաջարկում է 4000 և ավելի ընտրող ունեցող համայնքներում, ինչպես նաև մինչև 4000 ընտրող ունեցող բազմաբնակավայր համայնքներում համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով ընտրություններ։ Այսպիսի չքննարկված առաջարկութունը կյանքի կոչելու առդյունքում մենք կունենանք 20-ից ավել փոքր գյուղական բնակավայրերից կազմված բազմաբնակավայր համայնքներ, որոնց կարող է օտար լինել ՏԻՄ-երի կուսակցականացումը։ Մյուս կողմից՝ ստացվում են ավելի խոշոր և կուսակցական մրցակցությանը ավելի պատրաստ մեկ բնակավայրից կազմված համայնքներ, որոնց ավագանին և համայնքի ղեկավարը շարունակում են ընտրվել մեծամասնական ընտրակարգով։
  • «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի փոփոխությունների հայեցակարգով նախատեսվում է ֆինանսական հոսքերի, այդ թվում՝ նախընտրական քարոզչության ծախսերի վերահսկողությունը պատվիրակել Հակակոռուպցիոն մարմնին։ ՏԿԵ նախարարությունը կրկին այդ գործառույթը վերապահում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայությանը և բազմապատկում աշխատանքի ծավալը՝ գումարելով համամասնական ընտրակարգի անցնող բոլոր համայնքները, որոնց թիվը, ներկայիս վարչատարածքային բաժանումները և 2018 թ․ ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակահատվածում ընտրողների կազմը հաշվի առնելով, հասնում է 8 տասնյակի։ Այս գործառույթի իրականացման նպատակով նախարարությունն առաջարկում է բոլոր համամասնական ընտրությունների դեպքում հնարավորություն ընձեռնել վերոնշյալ ծառայությանը մինչև 1 ամիս ժամկետով և մինչև 5 աշխատակցով ընդլայնել իր կազմը։ Խոշորացման գործընթացի արդյունքում, թերևս, համամասնական ընտրություններ իրականացվելու են տարեկան մինչև 4 ՏԻՄ ընտրություններից յուրաքանչյուրի շրջանակներում, ինչը նշանակում է, որ ծառայությունը ստիպված է լինելու իր պարտականությունները պատշաճ կատարելու նպատակով 2 ամիս ընդմիջումներով ընդլայնել իր աշխատակազմը։ 

 

Այսպիսով՝ սահմանափակ իրավասություններ ունեցող անարդյունավետ կառույցը շարունակելու է իր գործունեությունը՝ առանց կայուն մարդկային և ֆինանսական ռեսուրսների։

 

  • Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքների անունները ավտոմատ կերպով «համամասնական ընտրակարգով ընտրվող համայնքի» բառերով փոխարինումը բերել է մի իրավիճակի, երբ ԿԸՀ-ը կորցնում է ընտրական հանձնաժողովների՝ ԸՕ-ին հակասող որոշումները վերացնելու, ուժը կորցրած, անվավեր կամ չեղյալ ճանաչելու լիազորությունները։ Սա այն պարագայում, երբ Տարածքային ընտրական հանձնաժողովների մասնագիտական կարողությունների, մարդկային ռեսուրսների և տեխնիկական հագեցվածության անբավարար մակարդակը տեսանելի է արդեն այսօր և հաստատվում է նույնիսկ այդ հանձաժողովների անդամների կողմից։
  • Հասկանալով փոքր համայնքներում քարոզչական ծախսերի ոչ նշանակալի լինելը՝ նախարարությունը չի պահանջում նախընտրական հիմնադրամ ստեղծել 500․000 ՀՀ դրամը չգերազանցող քարոզչական ծախսերի դեպքում։ Միաժամանակ ծանոթ չլինելով կամ անտեսելով հիմնադրամի ծախսերում ներառվող ցուցակի քննադատությանը, մասնավորապես՝ շտաբային ծախսերը ներառելու հետ կապված տեղական և միջազգային դիտորդական կազմակերպությունների առաջարկություններին և ներկայումս Ազգային ժողովում ընթացող քննարկումներին՝ նախագծի հեղինակը անփոփոխ է թողնում հայտարարագրման ենթակա ծախսերի ցուցակը, ինչպես նաև չի առաջարկում ծախսերի վերահսկման ողջամիտ մեխանիզմ։ Նման մոտեցումը ընդամենը կոնսերվացնում է համապետական ընտրությունների մակարդակով առկա խնդիրը և իջեցնում այն նաև ՏԻՄ մակարդակի։

 

Ընտրական օրենսգրքի փոփոխություններին համահունչ «Կուսակցությունների մասին» օրենքի նախագծում փոփոխություններ առաջարկելով՝ նախարարությունը առաջարկում է պահպանել երկու անգամ անընդմեջ համապետական կամ ՏԻՄ համամասնական ընտրակարգով ընտրություններին չմասնակցելու դեպքում կուսակցության գործունեության կասեցման պահանջը։ Այս հիմքով կուսակցության գործունեության կասեցման հնարավորությունը ՀՀ Սահմանադրական դատարանի 2006 թ․ դեկտեմբերի 22-ի ՍԴՈ-669 որոշմամբ ճանաչվել է հակասահմանադրական և հստակ է, որ պետք է անվավեր ճանաչվի, սակայն նույնիսկ նման որոշման բացակայության դեպքում անհասկանալի է նախագիծ ներկայացնողի դիրքորոշումը, որ երկու ՏԻՄ ընտրությունների (որոնք փաստացի կարող են տեղի ունենալ 3-4 ամիսների ընթացքում) չմասնակցելը պետք է հանգեցնի կուսակցության գործունեության կասեցման։

 

Ողջունելով նախագծում համասնական ընտրակարգի ընդլայնումը և լրացուցիչ մանդատների տրամադրման դրույթի վերացումը՝  կոչ ենք անում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը նախագծի մշակման ժամանակացույցը և բովանդակությունը համաձայնեցնել Ազգային ժողովում ընտրական բարեփոխումների ախատանքային խմբի հետ, ինչպես նաև մասնակցել աշխատանքային խմբի ընթացիկ քննարկումներին՝ ՏԻՄ մակարդակում կուսակցությունների գործունեության կարգավորումների փոփոխությունների քննարկման և առաջարկությունների ներկայացման համար։

 

Պետական տարբեր մարմիններում միևնույն խնդրի հատվածական քննարկումն ու լուծումների առաջադրումը խոսում են համակարգային մոտեցման բացակայության և մասնակցային ու թափանցիկ գործելաոճից խուսափելու մասին։

 

Ներբեռնել՝ ԱՅՍՏԵՂ

Դիտումներ՝ 1676

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????