Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն ու «Շտապբուժօգնությունը» ևս Էդգար Ծատինյանի փաստաթղթերը խախտումներով են լրացրել․ Տեսչական մարմինը արձանագրել է

2019թ․ սեպտեմբերի 3-ին հրապարակում էինք արել, որ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը «Արմենիա» ԲԿ-ում մահացած Էդգար Ծատինյանի փաստաթղթերում խախտումներ է արձանագրել։

 

Է․ Ծատինյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Արմենիա» ԲԿ-ներում Է․ Ծատինյանին տրամադրած բուժօգնության հարցով Տեսչական մարմին էր դիմել 2019թ․ հուլիսի 4-ին։

 

2019թ․-ի օգոստոսի 5-ին Տեսչական մարմնից պատասխանել էին, որ «Արմենիա» ԲԿ-ում զննումների արդյունքում Տեսչական մարմնի աշխատակիցները հայտնաբերել են Է․ Ծատինյանի բժշկական փաստաթղթերի լրացման, դրանց պահպանման, շրջանառության պահանջների խախտումներ, և 2019թ․ հուլիսի 31-ին տնօրենին կարգադրել են վերացնել դրանք։


Տեսչական մարմինը «Շտապբուժօգնությունից» ևս խնդրել էր տրամադրել Է․ Ծատինյանին տրամադրած բուժօգնության վերաբերյալ փաստաթղթերը։

 

Երեկ՝ սեպտեմբերի 9-ին, ստացել ենք արդեն Տեսչական մարմնի պատասխանը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում և «Շտապօգնությունում» անցկացված զննումների վերաբերյալ։

 

Տեսչական մարմինը փաստաթղթերին առնչվող նույն խախտումներն արձանագրել է նաև այս երկու հաստատություններում։

 

2019թ․ օգոստոսի 29-ին և 30-ին խախտումները վերացնելու կարգադրություններ են տրվել նաև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Շտապբուժօգնություն» հաստատություններին։

 

Է․ Ծատինյանը «Արմենիա» ԲԿ էր տեղափոխվել 2019թ․ ապրիլի 8-ին ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում խոշտանգվելուց հետո։ Նրա ընտանիքի անդամները հայտնել էին, որ ոստիկանության բաժնում նրան ծեծել են և ստիպել սուտ վկայություն տալ՝ թմրանյութը «գրպանը գցելու» սպառնալիքով։ Արդյունքում Է․ Ծատինյանը, ըստ ընտանիքի անդամների, քրեական պատասխանատվությունից վախենալով, կուլ էր տվել թմրանյութը և հիվանդանոց տեղափոխվելուց ժամեր անց սուր թունավորումից մահացել։

 

Կիսվել՝

Կարդալ նաև