Գործունեություն | Էդգար Ծատինյան | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Խոշտանգումներից զերծ մնալու իրավունք | Հրապարակումներ | Նորություններ
2021 թվականի հունվարի 14-ին էդգար Ծատինյանին ոստիկանության բաժնում խոշտանգելու գործով տուժողի իրավահաջորդ Լարիսա Եթարյանի ներկայացուցիչ ՀՔԱՎ փաստաբան Արայիկ Զալյանը բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ դատարան։
2020 թվականի դեկտեմբերի 15-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Էդգար Ծատինյանի խոշտանգման ու մահվան հանգամանքները բացահայտելու գործը կարճելու վերաբերյալ փաստաբանի բողոքը։
Հիշեցնենք, որ 2019 թվականի ապրիլի 7-ին ոստիկանության աշխատակիցները Նոր Նորքի բաժնում ծեծի են ենթարկել 37-ամյա Էդգար Ծատինյանին, թմրամիջոց կրելու մեղադրանք առաջադրելու սպառնալիքով ստիպել են խոստովանել հարևանուհու սպանությունը։
Նշենք, որ Էդգար Ծատինյանի մոտ բերման ենթարկելու ժամանակ թմրամիջոց չի եղել, դա հայտնվել էր նրա մոտ ոստիկանությունում՝ որպես ճնշում գործադրելու միջոց։ Էդգարին կանգնեցրել են ընտրության առաջ՝ կա՛մ սպանություն, կա՛մ թմրամիջոցի առկայություն։
Վախենալով քրեական պատասխանատվությունից՝ Է․ Ծատինյանը ստիպված կուլ էր տվել թմրամիջոցը, ինչի արդյունքում նրա ինքնազգացողությունը վատացել էր, նա տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտոն, որտեղ ժամեր անց մահացել էր։
Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Ն. Բարսեղյանը 2020 թվականի հուլիսի 10-ին որոշում է կայացրել չիրականացնել քրեական հետապնդում և կարճել քրեական գործով վարույթը։
Իսկ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի նկատմամբ հսկողության վարչության պետ Ա. Մարտիրոսյանը 2020 թվականի օգոստոսի 5-ին որոշմամբ մերժել է Ա․ Զալյանի բողոքը։ Այս որոշումները բողոքարկել է Ա․ Զալյանը, սակայն Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 2020 թվականի դեկտեմբերի 15-ի որոշմամբ մերժել է բողոքը։
ՀՔԱՎ փաստաբան Արայիկ Զալյանը 2021 թվականի հունվարի 14-ին որոշման դեմ բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ դատարան։
Գործի նախաքննության ընթացքում խախտվել են ոչ միայն ՀՀ Սահմանադրության 26-րդ հոդվածը, այլ նաև ՀՀ վավերացրած՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիան, որոնք հստակ արձանագրում են՝ ոչ ոք չի կարող ենթարկվել խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի, իսկ երբ անձը փաստարկելի պնդում է ներկայացրել այն մասին, որ ոստիկանները կամ պետության այլ ներկայացուցիչներն իր նկատմամբ ծանր վատ վերաբերմունք են ցուցաբերել, պետությունը պարտավոր է իր իրավասության ներքո գտնվող յուրաքանչյուր անձի համար ապահովել արդյունավետ պաշտոնական քննություն:
Ինչպես նշվում է բողոքում, սույն քրեական գործով իրականացրած նախաքննությունը չի համապատասխանում վատ վերաբերմունքի քննության միջազգային և ազգային օրենսդրության չափորոշիչներին, ուստի վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացվել է փաստական և իրավական հիմնավորվածությունից զուրկ որոշում՝ խախտելով տուժողի իրավահաջորդի իրավունքները։
Բերման ենթարկման ժամի և ազատ արձակման վերաբերյալ անճշտություն
Ոստիկանության Նոր Նորքի բաժին բերված անձանց հաշվառման մատյանում արձանագրված է, որ բերման ենթարկված Է. Ծատինյանի մոտ ակնհայտ վնասվածքներ չեն եղել, բուժօգնության կարիք չի ունեցել, հանձնվել է քննչական բաժին, ապա բաց է թողնվել։ Մինչդեռ քրեական գործի նյութերը զննելու մասին արձանագրությամբ նշվում է․ Է. Ծատինյանն ինքնազգացողության վատացման պատճառով ոստիկանության Նոր Նորքի բաժին հրավիրված շտապօգնության բրիգադով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրի շենքում տեղադրված տեսախցիկների տեսագրությունների համաձայն՝ դատարանի դիմացից անձանց բռնելու գործողությունն իրականացվել է 2019 թվականի ապրիլի 7-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, սակայն անձանց՝ ոստիկանություն բերման ենթարկելու մասին արձանագրությունում նշվել է ժամը 18:05-ը։
Ոստիկանության աշխատակիցներն իրենց ցուցմունքներում նշել են, որ բերման ենթարկելու մասին արձանագրության մեջ նշել են արձանագրություն կազմելու ժամը, քանի որ բերման ենթարկելու ստույգ ժամը չեն հիշել՝ պայմանավորելով դա բաժնի լարված աշխատանքով։ Բացի դրանից՝ Է. Ծատինյանին և Ա. Այվազյանին բերման ենթարկելու մասին արձանագրությունները կազմելու մասնակից նշված է միևնույն ոստիկանը, և անհասկանալի ու չպարզաբանված է մնում հետևյալ հանգամանքը․ եթե երկու արձանագրություններում բերման ենթարկելու ժամը նշվել է արձանագրությունը կազմելու ժամը, ապա ինչպես է ստացվում, որ նույն անձը միաժամանակ մասնակցել է երկու տարբեր արձանագրությունների կազմման գործընթացին։
Տեսաձայնագրության ապացույցների կորուստ
Քրեական գործի նախաքննության ընթացքում առգրավել են ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնում տեղադրված տեսախցիկների տեսագրությունների հիշողության սարքը, որը չի հանդիսանում թվային տեսագրիչ և չունի տեսագրություններ պահպանելու հնարավորություն: Սարքավորումը նախատեսված չի եղել և չի ունեցել տեսագրություններ պահպանելու հնարավորություն, ուստի՝ տեսաձայնագրային ոլորտի հարցերի պարզումը թողնվել է անկատար։
ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնից առգրավվել է տեսաձայնագրություններ պարունակող DVR սարքը, սակայն անհասկանալի հանգամանքներով պայմանավորված՝ փորձաքննության է ուղարկվել ոչ թե այդ տեսագրությունները պարունակող առգրավված սարքը, այլ ընդամենը անալոգային տեսաազդանշանների միավորիչ հանդիսացող ինչ-որ սարք։ Նոր Նորքի բաժինն ունեցել է տեսագրությունները ձայնագրող սարք, սակայն դա փորձաքննության ուղարկելու փոխարեն՝ ուղարկվել է որևէ տեղեկություն և տեսագրություն չպարունակող սարք, ինչի մասին իմացվել է 8 ամիս անց, երբ վաղուց ջնջված են եղել իրական սարքի մեջ գտնվող տեսագրությունները։
Քրեական գործով խիստ կարևոր նշանակություն ունեցող ապացույցի կորստի հանգամանքը ստեղծում է կասկած քննիչի կողմից կատարված հանցագործությունը կոծկելու և դրա բացահայտմանը խոչընդոտելու միտում ունենալու մասին։ Գործով չեն ձեռնարկվել ողջամիտ քայլեր գործին առնչվող ապացույցները պահպանելու և ապահովելու ուղղությամբ։
Վկաների ցուցմունքները և դրանցից հետագայում հրաժարվելու փաստը
Քրեական գործի շրջանակներում Արսեն Համբարձումյանը ցուցմունք է տվել այն մասին, որ իրեն բռնելու պահին նկատել է, որ Էդգարը ինչ-որ բան արագ վերցրել և գցել է բերանը, սակայն ինքը չի տեսել այդ առարկան և չգիտի, թե սա ինչ էր։ Ա. Համբարձումյանի ցուցմունքների համաձայն՝ նա հիվանդանոցում չի տեսակցել Էդգարին և չի մասնակցել մտերիմ ընկերոջ թաղմանը՝ պատճառաբանելով վատ ինքնազգացողությունը: Ա. Համբարձումյանի մասին հիշատակել է նաև Էդգարի մայրը՝ Լ. Եթարյանը` նշելով, որ որդին պատմել է՝ բաժնում գտնվելու ժամանակ լսել է Արսեն Համբարձումյանի և Աբրահամ Մեթխանյանի ձայները, ում նույնպես ոստիկանության աշխատակիցները ծեծի են ենթարկել:
Լ. Եթարյանը հայտնել է նաև, որ Էդգարի մահանալու հաջորդ օրը հանդիպել է Աբրահամ Մեթխանյանի մորը՝ Հեղինե Մադոյանին, ով հայտնել է, որ իր որդուն նույնպես ոստիկանությունում ծեծել են, և իրենք պատրաստ են այդ մասին հաղորդում տալ, սակայն հետագայում հրաժարվել են։
Արսեն Համբարձումյանի մայրը՝ Սիլվա Եղիազարյանը, նույնպես հայտնել է, որ ոստիկանության աշխատակիցներն իր որդուն ծեծի են ենթարկել։
Աբրահամ Մեթխանյանին՝ ոստիկանության աշխատակիցների կողմից ծեծի ենթարկելու վերաբերյալ հիմնավոր կասկած է առաջացնում նաև այս հանգամանքը՝ հաշվի առնելով, որ բաժին բերման ենթարկելուց հետո շտապ բժշկական օգնության կանչ է գրանցվել Աբրահամի համար, սակայն նրանք բողոք չեն ներկայացրել, քանի որ «Աբրահամին, ծեծել են, ջարդել են, շտապօգնություն են կանչել դրա համար, սակայն չի կարող բողոքել, քանի որ իրենք թիկունք չունեն, ոստիկանները կընկնեն իրենց հետևից», - նշվում է Սիլվա Եղիազարյանի ցուցմունքում։
Հետագայում իրենց ցուցմունքներում Ա. Մեթխանյանը և Հ. Մադոյանը հրաժարվել են, որ Լ. Եթարյանին ոստիկանությունում ծեծի վերաբերյալ որևէ բան են ասել, ինչը արժանահավատ է համարվել վարույթն իրականացնող մարմնի կողմից։ Ի դեպ, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի՝ հուլիսի 10-ի գրության համաձայն՝ բերման ենթարկելու ժամանակ բերման ենթարկվածների և ոստիկանության աշխատակիցների միջև տեղի է ունեցել հրմշտոց։
Ստացվում է, որ ոստիկանությունում ծեծի մասին վկաները հրաժարվել են ցուցմունքներից՝ խուսափելով ոստիկանների կողմից հնարավոր ճնշումների ենթարկվելուց։
Բերման ենթարկելը հիմնավորված չի եղել
Որևէ ձևով չի հիմնավորվում Էդգար Ծատինյանի և մյուսներին բերման ենթարկելու հիմքը և պատճառը: Գործի նյութերում նշվում է, որ նախաքննության ընթացքում ձեռք են բերվել տեղեկություններ, որ Է. Ծատինյանը պահել և օգտագործել է թմրամիջոցներ։ Սակայն օպերլիազորի ցուցմունքով՝ նրանք մեկնել էին սպանության հետ կապ ունեցող անձանց բերման ենթարկելու։ Է. Ծատինյանին բերման ենթարկելու իրավաչափությունը չի հիմնավորվում նաև Ռ. Մարգարյանի սպանության մեջ կասկածվելու հանգամանքով, քանի որ ի սկզբանե սպանության հետ առնչվելու կասկածը եղել է այլ անձանց նկատմամբ։ Նշվածը թույլ է տալիս արձանագրելու, որ Է. Ծատինյանին և մյուսներին ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման ենթարկելու որևէ հիմնավորող ապացույց չկա, իրավական գնահատական չի տրվել վերջիններիս բերման ենթարկելու գործընթացի օրինաչափությանը և հիմնավորվածությանը։
Չի ապահովվել ոստիկանության իրավասության ներքո գտնվող անձի անվտանգությունը
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում գտնվելու ընթացքում ձեռք չեն առնվել միջոցներ իրենց իրավասության ներքո գտնվող անձի համար ապահովելու անվտանգ պայմաններ, թմրամիջոց կուլ տալու հանգամանքի հետ կապված ոստիկանների ցուցմունքներում առկա են իրարամերժ պնդումներ։ Պարզ չէ, թե ինչպես է բաժանմունքում գտնվող մարդը մնացել առանց հսկողության և կուլ տվել թմրամիջոցներ, և ընդհանրապես, որտեղից է հայտնվել թմրամիջոցը Է․ Ծատինյանի մոտ։ Եթե նրա մոտ ի սկզբանե եղել են թմրամիջոցներ, ապա դրանք պետք է առգրավված լինեին բերման ենթարկելու ժամանակ, եթե չեն հայտնաբերվել ու առգրավվել, ապա որտեղից հայտվեց թմրամիջոցն անձի մոտ՝ ոստիկանության բաժնում բերման ենթարկվելուց հետո։
Ոստիկանության աշխատակիցները շահագրգռված են այս գործում
Վկա Հ. Բալասանյանն իր ցուցմունքում նշել է, որ Է. Ծատինյանն իրեն ասել է հետևյալը․ նախորդ օրն իրենց տուն գնացած երկու ոստիկանները, ում ինքը հեռախոսով հայհոյել էր, իրեն տարել են մեկ այլ սենյակ, դաժան ծեծի են ենթարկել, հարվածել են երիկամներին, քցել են գետնին, «տշել են»։ Էդգարը նաև ասել է, որ հիվանդանոցում ուզում են իրեն սպանեն, որպեսզի ոստիկանների վրա չբողոքի, խնդրել է, որ Հովհաննեսն իրեն տանի։ Հիվանդանոցից հեռանալուց հետո Էդգարը կրկին զանգել է Հովհաննեսին և ասել, որ առավոտյան անպայման իրեն հիվանդանոցից տանի։
Է. Ծատինյանին շտապօգնության մեքենայով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տեղափոխելիս շտապօգնության ավտոմեքենայի հետևից հիվանդանոց են գնացել նաև ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի Ավան բաժանմունքի պետի տեղակալ Արմեն Առուշանյանը և ՔՀԲ օպերլիազոր Հարություն Գևորգյանը։ Է. Ծատինյանի հետ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, այնուհետև «Արմենիա» ԲԿ է գնացել է նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՀԲ տեսուչներից Ա. Հակոբյանը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում է եղել նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՀՈ բաժանմունքի պետ Բագրատ Չիբուխչյանը։ Շտապօգնության բժիշկ Գ. Սարգսյանն իր ցուցմունքում նշել է, որ հիվանդանոցում են եղել նաև ոստիկանության մի քանի աշխատակիցներ, ովքեր համոզել են վերակենդանացման բաժանմունքի հերթապահ բժիշկին Էդգարին ընդունել։
Հետաքրքրական է նաև այն հանգամանքը, որ նախաքննության ընթացքում պարբերաբար ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի պետը հարցմամբ դիմել է վարույթն իրականացնող մարմնին` խնդրելով տրամադրել տեղեկատվություն Է. Ծատինյանին խոշտանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ոստիկանության Նոր Նորքի բաժնի մի շարք աշխատակիցների, մասնավորապես՝ Ա․ Հակոբյանի, Գ. Մինասյանի, Գ. Հովակիմյանի, Ա. Առուշանյանի և Վ. Բաղդասարյանի քրեադատավարական կարգավիճակի մասին։
Է. Ծատինյանի գործով առկա է ոստիկանության ծառայողների ուղղակի շահագրգռվածություն, ինչը, հնարավոր է, ազդեր նաև սույն գործի նախաքննության վրա։
Ակնհայտ է, որ նախաքննության մարմինը հետաքրքրված չէ գործը լիարժեք քննելու հարցում։ Մի շարք գործողություններ հակասում են ՄԻԵԴ-ի՝ լիարժեքության պահանջին, որը ենթադրում է՝ վատ վերաբերմունքին առնչվող տեղեկությունները և ապացույցները պետք է գնահատվեն հետևողականորեն և անաչառ կերպով: Սա մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտում է և պետք է դառնա համապատասխան մարմինների ուշադրության և հանրային հնչեղության առարկա, հակառակ դեպքում հնարավոր չէ երաշխավորել քրեական գործի արդար քննությունը և մեղավորների բացահայտումն ու պատժումը։