Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Էդգար Ծատինյանի մահվան հիմքով քրեական գործը չպետք է քննվի ՔԿ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում

June 6, 2019

Գործունեություն | Էդգար Ծատինյան | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2019 | Ծրագիր։ Պայքար Խոշտանգման և Վատ վերաբերմունքի դեմ Վրաստանում, Հայաստանում և Ուկրաինայում | Կյանքի իրավունք | Հրապարակումներ | Նորություններ | Ռազմավարական գործեր

2019թ․ ապրիլի 8-ին «Արմենիա» ԲԿ-ում մահացած Էդգար Ծատինյանին պատշաճ բժշկական օգնություն չտրամադրելու հիմքով հարուցված քրեական գործը քննում են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում։

 

Է․ Ծատինյանը «Արմենիա» ԲԿ էր տեղափոխվել ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում խոշտանգվելուց հետո։ Նրա ընտանիքի անդամները հայտնել էին, որ ոստիկանության բաժնում նրան ծեծել են և ստիպել սուտ վկայություն տալ՝ թմրանյութը «գրպանը գցելու» սպառնալիքով։ Արդյունքում Է․ Ծատինյանը, քրեական պատասխանատվությունից վախենալով, կուլ էր տվել թմրանյութը և հիվանդանոց տեղափոխվելուց ժամեր անց սուր թունավորումից մահացել։ Հարազատները պնդում էին, որ «Արմենիա» ԲԿ-ում պատշաճ բուժօգնություն չի տրամադրվել, իսկ հիվանդանոց տեղափոխվելու պահին վնասված է եղել նրա շրթունքն ու ատամնաշարը, ինչպես նաև աջ ձեռքը, որը դաստակի մասում վիրակապված է եղել փողկապով, ինչը վկայում է, որ ոստիկանության բաժնում նրա նկատմամբ բռնություն են գործադրել։

 

Քրեական գործ է հարուցվել նաև Է․ Ծատինյանին ոստիկանության բաժնում խոշտանգելու հիմքով։ Է․ Ծատինյանի մայրը՝ Լարիսա Եթարյանը, ճանաչվել է տուժողի իրավահաջորդ, նրա շահերը ներկայացնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը։

 

Հենց խոշտանգման հիմքով հարուցված քրեական գործի շրջանակում էլ տուժող կողմը տեղեկացել էր ոչ պատշաճ բժշկական օգնություն տրամադրելու հիմքով հարուցված քրեական գործի մասին, իսկ պաշտոնական տեղեկատվություն տուժողը երկար ժամանակ չուներ։

 

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ա․ Զալյանը 2019թ․ մայիսի 7-ին վարույթն իրականացնող մարմնին բացարկի միջնորդություն է ներկայացրել՝ հիմնավորելով, որ խոշտանգման հիմքով քրեական գործը դեռևս քննվում է, այսինքն՝ Է․ Ծատինյանի մահվան մեջ Ոստիկանության Նոր Նորք բաժնի աշխատակիցների մեղավորության մասին ողջամիտ կասկած դեռևս կա, քննիչը կարող է մեղսակից լինել հանցագործության կատարմանը, շահագրգիռ անձ լինել և օբյեկտիվ քննություն չապահովել։

 

Բացի դրանից՝ «Արմենիա» ԲԿ-ում գրանցված մահվան դեպքով, ըստ վարչական բաժանման, քննությունը չպետք է իրականացներ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժինը, քանի որ հաղորդում ներկայացրած կառույցը գտնվում է Աջափնյակ վարչական շրջանում։

 

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Ն․ Թոփուզյանը մերժել է բացարկի միջնորդությունը։ Ա․ Զալյանը 2019թ․ մայիսի 23-ին բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն։ Բողոքի մեջ հիմնավորումներ է ներկայացրել քննչական բաժնի՝ շահագրգիռ լինելու և դատախազ Ն․ Թոփուզյանի՝ այդ փաստերի վրա աչք փակելու մասին։

 

Այսպես՝ 2019թ․ ապրիլի 15-ին հարուցված քրեական գործի մասին տուժող կողմը մինչև 2019թ․ մայիսի 7-ը որևէ տեղեկատվություն չի ունեցել, մինչդեռ կյանքի իրավունքի խախտման վերաբերյալ քննվող քրեական գործերը պետք է քննվեն սեղմ ժամկետներում, քննիչը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկեր, այդ թվում՝ հարցաքններ բուժաշխատողներին ու տուժող կողմին, բայց ինչպես արդեն նշվեց, գոնե տուժողը քրեական գործի մասին իմացել է հարուցվելուց 22 օր անց։ Այս գործողությունների ձեռնարկումը հետաձգելու դեպքում մեծանում է հանցագործություն կատարած անձանց միջև պայմանավորվածությունների ձեռքբերման հավանականությունը։

 

Ա․ Զալյանը բողոքում վկայակոչել է նաև տարածքային ընդդատության կանոնի խախտման փաստը․ մահվան փաստով քրեական գործը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժինը չպետք է քններ։

 

Ուշագրավ է, որ դատախազ Ն․ Թոփուզյանը բացարկի միջնորդությունը քննարկելիս այս հիմնավորումներին ուշադրություն չի դարձրել և միջնորդությունը  մերժել է ձևական թերությունների պատճառաբանությամբ՝ նույնիսկ փաստական որոշ տվյալների աղավաղմամբ, ինչը վկայում է գործի քննության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունքի մասին։ Փաստորեն՝ ձևական թերությունների պատճառով տուժող կողմը զրկվել է իր իրավունքներն իրացնելու հնարավորությունից։

 

2019թ․ մայիսի 23-ին ներկայացրած բողոքի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազությունից դեռևս պատասխան չենք ստացել։

 

Դիտումներ՝ 2788

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????