Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Գույքի բռնագանձում․ բացի օրենքից` պետք է նաև անհրաժեշտ գործիքակազմ, մեխանիզմներ, կարողություններ ունենաս

July 4, 2021

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ խոսել ենք ապօրինի գույքի բռնագանձման խնդիրների շուրջ

 

– Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը անցումային արդարադատության գործիքներից մեկն է: Իհարկե, կարևոր է այդ գործիքի կիրառումը, բայց պետք է նաև մյուս գործիքները նույնպես կիրառվեն, որպեսզի համակարգային փոփոխություններ ունենանք մթնոլորտի ձևավորման, վստահության ձևավորման առումով: Մասնավորապես, խոսքը վերաբերում է նաև անցումային արդարադատության մյուս ինստիտուտի՝ պետության բռնազավթման կամ մինչև հեղափոխությունը եղած ժամանակահատվածում մարդու իրավունքների կոպիտ խախտումների արձանագրման նպատակով փաստահավաք կամ ճշմարտության հանձնաժողովի ձևավորմանը, որը ցավոք սրտի, մինչև հիմա ստեղծված չէ: Այն պետք է ստեղծված լիներ դեռևս տարվա սկզբին: Երկրորդ հանգամանքը, իհարկե, այն է, թե կոռուպցիոն գործերով դատարանի ձևավորումը կամ հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորումը ինչքանով է վստահելի լինելու չբարեփոխված իրավապահ մարմինների ներգրավմամբ այս օրենքի կիրառման արդյունավետությունը: Շատ կարևոր է ոչ միայն այս օրենքի կիրառումը, այլև այդ քայլերի նկատմամբ վստահելիությունը: Այսինքն այդ տվյալների հավաքագրումը, մշակումը պետք է լինի վստահելի գործընթաց, կասկած չհարուցի: Այս առումով ես ունեմ մտահոգություններ, որոնց համար բազմաթիվ փաստեր կան նախընթաց ժամանակահատվածում: Խոսքը վերաբերում է դատական համակարգին, քննչական մարմիններին, իրավապահ մարմիններին: Այո, կան կասկածներ, որ այդ գործընթացն արդյունավետ կլինի և նաև կիրականացվի արդարադատության նորմերի պահպանմամբ, ասել է պրն Սաքունցը:

 

Իշխանությունը խոսում է շուրջ 400 գործերի մասին, որոնք վերաբերում են ապօրինի գույքի բռնագանձմանը:

 

Ես չգիտեմ, թե քանի գործի մասին է խոսքը, թեկուզ մեկ գործ լինի, այն պետք է լինի վստահելի, օրենսդրական նորմերին համապատասխան և նաև համապատասխան կարողություններ ունենան դրանք իրականացնելու, որպեսզի արդյունքների հանդեպ կասկածներ չլինեն:

 

Հայտնի է, որ արդեն Վովա Գասպարյանի  գույքի վրա կալանք է դրվել, խոսքը մեծ կարողությունների մասին է՝ իր ու իր ընտանիքի անդամների անունով:

 

Դուք վերցրեք նախորդ ժամանակահատվածում պաշտոնատար անձանց ցանկը, նրանց պաշտոնական եկամուտները և ունեցվածքը: Հիմա ես չգիտեմ, թե այդ ցանկում առաջին տեղում Վովա Գասպարյանն է, թե նախկին վարչապետներ, նախարարներ, պատգամավորներ: Վերջին հաշվով 2017-ին ընտրված Ազգային ժողովում 16 դոլարային միլիոնատեր պատգամավոր կար: Ամեն ինչ այնքան ակնհայտ է եղել: Կամ դղյակները, որ տեսնում ենք ոչ միայն Երևանում, այլև մարզերում: Հիմա խնդիրն այն է, որ կարողանան իրականացնել որակյալ ուսումնասիրություն, զննություն, քննություն: Նաև այս գործընթացում պահանջվում է միջազգային համագործակցություն, որովհետև գույքը ոչ միայն Հայաստանում է գտնվում, այլև օտար երկրներում: Ասենք որևէ նախկին պաշտոնյա Ռուսաստանում ունի գույք, դրա վերաբերյալ տվյալները կարողանալո՞ւ են ստանալ Ռուսաստանից: Ես պատկերացնում եմ, որ ԱՄՆ-ի կամ ԵՄ որևէ երկրի հետ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման առումով կարող ես համագործակցություն ձևավորել, բայց այնպիսի երկրներում, ինչպիսին ասենք Ռուսաստանն է, մի քիչ կասկածելի է նման համագործակցության հավանականությունը: Այսինքն բացի օրենքից պետք է նաև անհրաժեշտ գործիքակազմ, մեխանիզմներ, կարողություններ ունենաս, դրանք պետք է ձևավորված լինեն: 

 

Այսինքն իշխանությունների համար շատ բարդ է լինելու այս գործընթացն ավարտին հասցնե՞լը:

 

Գործընթացը կարող է երկար տարիներ տևել, բայց խնդիրն ու բարդությունը ոչ թե քանակի մեջ է, այլ կարողությունների մեջ է: Կա՞ն համապատասխան մասնագիտական կարողություններ, որպեսզի քաղաքական կամքն իրականանալի դառնա:

 

Մյուս կողմից, ասենք, եթե գործը հասավ դատարան, ի՞նչ երաշխիք կարող է լինել, որ դատարանը գործարքի չի գնա ապօրինի գույք ունեցող նախկին պաշտոնյաների հետ:

 

Այսօրվա դատարանի դեպքում, այո, այդ մտավախությունը կա: Ի վերջո, շատ դատավորներ իրենք էլ ապօրինի գույք ունեցողներ են: Այնպես որ, մի բան է գործընթացն սկսելը, մեկ այլ բան է այդ գործընթացը արդյունավետ և վստահելի իրականացնելը, որի համար անհրաժեշտ է նոր դատարան: Նախատեսվում է կոռուպցիոն հանցագործությունների գծով դատարան ստեղծել, բայց դա սեպտեմբերից նոր կլինի: Հակակոռուպցիոն կոմիտեն հուլիսի կեսից գործի կանցնի: Տեսնենք ինչպես կլինի:

 

Դատախազությունում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ապօրինի գույքի բռնագանձման ինստիտուտը կիրառելիս պիտի կարողանան արդարության ճանապարհներով քայլել, որպեսզի վրեժխնդրության տրամաբանություն չգործի, այլ գործի օրինականության տրամաբանություն:

 

Վրեժխնդրության մասին չի կարող խոսք լինել, եթե ամեն ինչ իրականացվում է օրինականության և իրավունքի պահպանման սկզբունքի հիման վրա: Ցանկությունը մի բան է, իրականացնելու համար անհրաժեշտ կարողությունները՝ մեկ այլ բան: Ես կասկածներ ունեմ, որ համապատասխան կառույցների չբարեփոխման պայմաններում այդ գործընթացը կլինի արդյունավետ ու վստահելի:

 

lragir.am

views: 41

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color