Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Հղի անչափահաս, ինքնավնասման փորձեր, բռնության բազմաթիվ դեպքեր «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում․ դիտորդները ահազանգում են

April 10, 2023

Activities | Reports|Information Papers|Brochures | Joint | Publications | Press Releases | Closed and Semi-Closed Institutions | Civilian Oversight and Monitoring

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Խնամքի հաստատություններում դիտորդական խումբը, որում ներառված է նաև ՀՔԱՎ-ը,  հրապարակել է Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն 2023 թ. մարտի 29-ի այցի վերաբերյալ հրատապ զեկույցը։

 

Դիտորդները ահազանգում են «Զատիկ» շուրջօրյա խնամքի կենտրոնում երեխաների նկատմամբ ֆիզիկական և սեռական բռնությունների, նվաստացուցիչ վերաբերմունքի, ինքնավնասումների դեպքերի, ինքնասպանության փորձերի մասին և պնդում, որ փակ հաստատության վարչակազմը դրանց ոչ միայն բավարար չի արձագանքում, այլև ապահովում է բոլոր այն նախադրյալները, որոնք խթանում են դեպքերի շարունակականությունը։ Մարտի 29-ին դիտորդկան խումբը չհայտարարված այց է կատարել խնամքի կենտրոն։ Այցի վերաբերյալ կազմված հրատապ զեկույցը հրապարակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մեկնաբանությունը ստանալուց հետո։

 

Ստորև՝ հատվածներ զեկույցից (աննշան խմբագրումներով)․

 

Երեխաների մուտքը Կենտրոն 

 

․․․Երեխաների՝ Կենտրոն ուղղորդումը համակարգված չէ, նրանք այդտեղ կարող են հայտնվել տարբեր եղանակներով։ Չհամակարգված լինելու պատճառով բարձր է երեխաների իրավունքների սահմանափակման, այդ թվում՝ ապօրինի պահելու ռիսկը։ 

 

Դիտորդական խմբի ներկայացուցիչներն ականատես են եղել աղջիկների խմբի փոքրերի սենյակում նույն անկողնում պառկած (15:20-ի դրությամբ) երկու երեխաների։ Երկուսի մազերն ամբողջությամբ սափրված էին։ Երեխաները ընդունվել էին Կենտրոն այցի նախորդ երեկոյան։ Ըստ արված հարցազրույցների՝ ոստիկանները փոխանցելիս հաղորդել են, որ երեխաներից մեկն աղջիկ է, մյուսը՝ տղա։ Միայն լոգանքի ժամանակ էին աշխատողները պարզել, որ ընդունել են երկու տղայի։ Պարզելուց հետո ևս նրանք շարունակել են մնալ աղջիկների սենյակում, քանի որ տղաների խմբում ազատ տեղ չի եղել։ 

 

Ըստ արված հարցազրույցներից մեկի՝ վերջերս ընդունվել է մի տղա, որը երեք օր է մնացել Կենտրոնում, և բերվել է մոր և Միասնական սոցիալական ծառայության աշխատողի (ենթակա է ստուգման) կողմից։ Այդ երեխան նախկինում եղել է Կենտրոնում և զբաղվել է մետաղի գողությամբ․․․

 

․․․Զրույցների ընթացքում պարզվել է, որ երեխային մայրը բերել է Կենտրոն,  քանի որ «էդ տղան մի երեխայի շալվար է իջացրել, ծնողը տեսել է, սրան [Կենտրոն բերված տղային] որպեսզի փախցնեն, բերել են ստեղ»։

 

Ընդունելու հիմքերը, ըստ հարզացրույցում հնչած տեղեկությունների, բավարար չեն եղել, բայց տղան ընդունվել է։ 

 

․․․Կենտրոնում միաժամանակ շուրջօրյա խնամք ստացող երեխաների հնարավոր թիվը մեծացվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ 25-ից դառնալով 50։ Չնայած դրան՝ մահճակալային ֆոնդը չի փոխվել, այլ փոփոխություններ չեն եղել։ Փոփոխությունը մտահոգել է աշխատակազմին, հաշվի առնելով, որ ոչ միայն չկան անհրաժեշտ ֆիզիկական պայմաններ, այնպես էլ մարդկային ռեսուրսի տեսանկյունից հնարավոր չէ կազմակերպել այդ թվով երեխաների խնամքը Կենտրոնում։ Դա են հավաստում նաև Դիտորդական խմբի դիտարկումները։ Դիտարկման այցի ժամանակ Կենտրոնում, ըստ տնօրենի, խնամք էր ստանում 37  երեխա։ Նոր երեխաներ ընդունելու համար [այնտեղ] պայմաններ չկային։ 

 

Երեխաների կրթության և ժամանցի իրավունքը 

 

<․․․>Գրեթե բոլոր երեխաները բարձրաձայնել են դպրոցում առկա խնդիրների մասին, այդ թվում՝ համադասարանցիների հետ շփման, միջանձնային հարաբերություններում լարվածության մասին: Ըստ երեխաների՝ խնդիրները հիմնականում պայմանավորված են այն հանգամանքով, որ իրենք «Զատիկ»-ի սան են։

 

<․․․> Զրույցների համաձայն՝ համադասարանցիները վիրավորում են, ծաղրում,  նվաստացնում իրենց, իսկ աղջիկներից մեկի հետ ընդհանրապես ընկերություն չեն անում և արհամարհում են վերջինիս։ <․․․>Մեկ այլ աղջիկ նշել է, որ համադասարանցի տղաներից մեկը մշտապես իրեն վիրավորել է, անհանգստացրել<․․․>

 

Հարցված աղջիկներից ոմանք լարված իրավիճակից ելք չեն տեսնում։ Նրանց խոսքերով՝ մանկավարժները միայն ասում են արհամարհեք, բանի տեղ մի դրեք չար երեխաներին, բայց, ինչպես նշեցին աղջիկները, դրանից հարցը չի կարգավորվում:  

 

Տնօրենը ևս իր խոսքում նշեց մանկավարժների կողմից երեխաների նկատմամբ բացասական տրամադրվածությունը։ Մի դեպքում մանկավարժը տնօրենին հեռախոսազանգով ասել է, որ վաղը երեխան չգնա դպրոց, քանի որ «դասը խանգարում է», ինքը չպետք է թողնի երեսուն հոգու, ընկնի մեկի հետևից։ Մեկ դեպքում էլ ասվել է՝ «եկեք հավաքեք, տարեք»՝ նկատի ունենալով երեխաներից մեկին։ Դպրոցներից մեկում մանկավարժը երեխային նոր դասարանի հետ ծանոթացնելիս հարցրել է՝ «որտեղից ես, հայրդ, մայրդ..»։ Երեխան դեպքից հետո հրաժարվել է գնալ դպրոց<․․․>

 

Երեխաների առողջության իրավունքը 

 

Կենտրոնում խախտվում է խնամք ստացող դեռահասների սեռական և վերարտադրողական առողջության պահպանման իրավունքը։ Դեռահասներն իրազեկ չեն սեռական հասունացման, սեռական և վերարտադրողական առողջությանը վերաբերող հարցերին, չունեն բավարար գիտելիքներ սեռավարակների կանխարգելման միջոցների մասին <․․․>

 

<․․․>Սեռական առողջության մասին երեխաների հետ զրույցներ ունենալու մասին հարցերին աշխատողների մի մասն արել են կրկնվող «իրենք մեզնից լավ գիտեն», «իրենք ամեն ինչից լավատեղյակ են» արտահայտությունները։ Հաճախ երեխաների, աշխատողների գնահատմամբ, բարձր իրազեկվածությունը (ինչը դիտորդների դիտարկմամբ՝ այդպես չէ) մեղադրական հնչերանգով կապվում էր դեռահաս աղջկա հղիության հետ, որը, ըստ նրանց, «շատ վատ օրինակ էր» <․․․> 

 

Որոշ աղջիկներ բարձրացրել են հիգիենայի պարագաների սղության և ոչ պատշաճ որակի խնդիրը։ Մասնավորապես՝ երեխաների և աշխատողների հետ զրույցներից պարզ է դարձել, որ

 

Դաշտանի օրերին միայն մեկ միջադիր են տալիս: Աղջիկներին մեկ սափրիչ են տրամադրում, որից բոլորը պետք է օգտվեն։ Նշվել է նաև զուգարանում թղթի պակասի խնդիրը:  

 

Աղջիկները նշել են, որ շամպունը վատ որակի է, «շատ վատ հոտ ունի», և ստիպված օճառ են օգտագործում, ինչի պատճառով մազերը թեփոտում են: Նշվել է նաև, որ երբ շամպունը վերջանում է, աշխատողները շատ են բարկանում և դժկամությամբ են նորը հատկացնում։ Դիտորդական խմբի անդամների՝ աշխատողներից մեկի հետ առանձնազրույցի ժամանակ աղջիկներից մեկն աշխատողից խնդրեց շամպուն՝ հավանաբար ենթադրելով, որ մեր ներկայությամբ մերժում չի ստանա։ 

 

Երեխաներից մեկը նշել է. «Եթե երեխաներին չվախեցնեն, ամեն մի երեխա՝ նույնիսկ ամենափոքրը, էնքան բան կարող է պատմել։ Ոչ մի բան չեն տալիս, երեխա կա կոշիկ չունի, անգամ նորմալ շոր չունի»: 

 

Երեխաների շրջանում վատ սովորություններ և ինքնավնասումներ 

 

․․․Կենտրոնում խնամք ստացող երեխաների շրջանում լայն տարածում ունեն վատ սովորությունները։ 

 

Դիտորդական խմբի հետ զրույցներում ծխախոտի առկայությունը որոշ տղաներ նույնիսկ չէին թաքցնում, ոմանք շրջում էին ծխախոտի տուփը գրպանում<․․․>

 

Տնօրենը հայտնել է միայն մեկ տղայի հավանական ծխելու մասին։ Ըստ նրա, ինքը զգացել է հոտը, և նրան ծխախոտ փոխանցում է տատը՝ տեսակցությունների ժամանակ.․․ Նա նաև նշել է, որ, իր կարծիքով, տղաներից մեկը հնարավոր է թմրանյութ է օգտագործում, քանի որ, ըստ նրա, ունի «տարօրինակ պահվածք» <․․․>

 

Տղաները Դիտորդական խմբի ներկայացուցչի հետ զրույցում հստակ նշել են մոտակա ռեստորանների, ժամանցի վայրերի և գարեջրատների ապրանքների գները։ Նշել են, որ ճիշտ է կան սահմանափակումներ, սակայն երբ իրենց հարազատներն այցելության ընթացքում իրենց գումար են տալիս, կարողանում են դուրս գալ Կենտրոնի տարածքից և վերադառնալ «առանց չեպե բերելու»։ 

 

Աղջիկների շրջանում տարածված են ինքնավնասման կամ դրան նմանվող փորձերը։ Դա հաստատվել է ինչպես աշխատողների, այնպես էլ երեխաների հետ զրույցներում։

 

Դաստակին քերծվածքներ անելը, փոքր վնասվածքների դեպքում վիրակապելն աշխատողները դիտում են որպես ուշադրություն գրավելու միջոց։ 

 

Երեխաների՝ ինքնավնասումների, ինքնասպանության փորձ անելու ցանկության մասին հայտնել են տարբեր աշխատողներ, այդ թվում՝ հղի դեռահաս աղջկա դեպքում։ Նման փորձերի մասին աշխատողների նախադասությունները որոշ դեպքերում կիսատ են մնացել կամ արագ անցում է կատարվել այլ թեմաների։ Օրինակ՝ «Ուզում ա ինքնասպա… ինքն էլ չգիտի ինչ ա ուզում»։ 

 

Երեխաները մանկավարժներին կամ հաստատության մասնագետներին չեն դիտարկում որպես մարդկանց, ովքեր առաջացած խնդիրներին լուծում կարող են տալ. 

 

«Օրը 24 ժամ կռիվ են անում տղաներն ու աղջիկները։ Ստեղի մասնագետները հազիվ գան կոֆե խմեն, հետ գնան։ Ոչ մեկի հետ չենք ուզում խոսել։ Ստեղ սաղ երեխեքն էլ գիտեն, եթե խնդիր են ունենում, իրենց ոչ ոք չի օգնում։ Ստեղ էն իրավիճակի են հասցնում երեխեքին, որ ուզում են ինքնասպան լինեն, իրենց վնասեն։ Եթե չեն ուզում ինքնասպան լինել, հաստատությունից փախնում են՝ ընկնում քաղմաս»:  

 

Բռնությունից պաշտպանությունը 

 

<․․․> Այցի ընթացքում տեղեկություններ են ստացվել ֆիզիկական և սեռական բռնության վերաբերյալ։ Մասնավորապես, հավելյալ ուսումնասիրության է ենթակա մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպության աշխատողի ազատման միջնորդություն ներկայացնելու տնօրենի որոշումը։ Տնօրենը որպես հիմնավորում նշել է «երեխաների հետ վատ պահելը», իր պարտականությունների կատարման ժամանակ երեխաներից մեկի կողմից գողության իրականացումը<…>

 

Աղջիկները տեղեկացրել են նախորդ պահակի (ենթադրաբար պահնորդի) կողմից իրենց ծեծելու մասին։ 

 

Որոշ աղջիկներ մտահոգություն են հայտնել հանգստի սենյակում առկա տեսախցիկի կապակցությամբ՝ հիմնավորելով, որ տեսախցիկը դիտում է պահակը (պահնորդը), իրենք կաշկանդված են զգում և չեն կարողանում հանգստի սենյակում ավելի ազատ հագուստով շրջել։ Այդ պատճառով վնասել են տեսախցիկի լարերը՝ խափանելով տեսահսկման համակարգի աշխատանքը:  

 

Տնօրենը նշել է, որ, իր կարծիքով, պետք է Կենտրոնում ունենալ «ոստիկանական անվտանգություն»։ Որպես հիմնավորում նշել է, որ «երեխաները ոստիկանների հագուստից ձգվածություն են զգում»։ Թեև պահնորդները ևս ունեն արտահագուստ, նա նշել է, որ «բայց բանի տեղ չեն դնում… որ ասեմ վախենում են՝ չէ»։ 

 

Խիստ մտահոգիչ են տնօրենի պատկերացումները երեխաների խնամքի և դաստիարակության վերաբերյալ և երեխաների մոտ վախի մթնոլորտի ձևավորման միջոցով հարցեր կարգավորելը։ 

 

Որոշ աղջիկներ նշել են, որ կենտրոնում իրենց ապահով չեն զգում, բռնության են ենթարկվել (ենթարկվում) ոչ միայն պահակի (ենթադրաբար պահնորդի), այլ որոշ դայակների, բուժքրոջ, ինչպես նաև տղաների կողմից՝ առանձնացնելով երկու ազդեցություն ունեցող տղաների։ Վերջիններս, ըստ զրույցների, ֆիզիկական և հոգեբանական բռնություն են գործադրում ոչ միայն աղջիկների, այլ նաև տղաների և հատկապես հաշմանդամություն ունեցող երեխաների հանդեպ: 

 

Աղջիկները Կենտրոնում իրար միջև առկա լարվածությունն ու կռիվները հիմնականում կապում էին զբաղված չլինելու՝ չափից շատ պարապ մնալու, նաև հեռուստացույց դիտելու հետ։ Հանգստի սենյակում առկա էր մեկ հեռուստացույց,  սակայն աղջիկներն ունեն տարբեր հետաքրքրություններ: Հագեցած օր չունենալը որպես բռնության առաջացմանը նպաստող գործոն նշել են նաև աշխատողները։

 

Աղջիկներից մեկն իրավիճակը բնութագրել է հետևյալ կերպ. «Կռիվներ շատ են լինում, սովոր ենք արդեն։ […] Տղաներն էլ, աղջիկներն էլ վիճաբանում են միմյանց հետ,  շատ հաճախ հեռախոսի կամ հեռուստացույցի համար են կռվում: Վազում են, գոռգոռում, արթնացնում միմյանց։ Հարգանք չկա այստեղ։ Առավոտ վազում են, գոռում,  չեն թողնում քնել, միմյանց վիրավորում են՝ պապա-մամա են հայհոյում, մազերից են քաշում: Մի անգամ նույնիսկ վեճերից մեկի ժամանակ ուզում էին մեկին պատշգամբից գցել»։ 

 

Երեխաներից մեկը ձեռքի կոտրվածք ուներ։ Ըստ տնօրենի՝ ձեռքը վնասել է ընկնելու հետևանքով շաբաթ օրը (մարտի 25-ին)։ Այս մասին Ոստիկանությունը տեղյակ է, սակայն Դիտորդական խումբը հարկ է համարում առանձնահատուկ ուշադրություն դարձնել Կենտրոնում վնասվածքների բոլոր դեպքերին անկախ առաջացման պատճառից՝ հաշվի առնելով բռնության տարածված մշակույթը երեխաների շրջանում։ 

 

Տղաների խմբում եղել են վնասվածքներ և կապտուկներ ունեցող երեխաներ,  սակայն նրանք նշել են, որ իրենց վնասել են մտավոր խնդիրներ ունեցող կամ «ագրեսիվ» մյուս երեխաները։ Ըստ նրանց՝ նման դեպքերում միջամտում է Կենտրոնի անվտանգության աշխատակիցը, որը «հաղթանդամ է» և կարողանում է տղաներին հաշտեցնել, «իրարից առանձնացնել»։ 

 

Դիտորդական խմբի ներկայացուցչի համար ակնհայտ է եղել հաշմանդամություն չունեցող տղաների կողմից արհամարական և ծաղրական վերաբերմունքը հաշմանդամություն, հատկապես մտավոր հաշմանդամություն ունեցող երեխաների հանդեպ։ Զրույցների ընթացքում պարբերաբար հնչել են «ինքը գիժ ա», «կտցրած ա»,  «շեղված ա», «իրան մի լսեք» արտահայտությունները։ 

 

Տղաներից մեկը նշել է, որ իր համար մեկ է, թե ով ում է ծեծում կամ հարվածում Կենտրոնում, ինքն իր «աջը քաշած ապրում է» և ցանկություն չունի այդ մասին տեղեկացնելու Կենտրոնի որևէ աշխատողի։ 

 

Տղաներից մեկի խոսքով՝ ավելի մեծ տարիքի տղաներից մեկը սեռական բռնության է ենթարկել ավելի փոքր տարիքի մտավոր խնդիր ունեցող երեխայի, ինչին ինքն ականատես չի եղել, պարզապես իրեն պատմել են։ Վերջինս նաև հետաքրքրվել է,  թե ի՞նչ կարող է պատահել սեռական բռնությունից հետո, արդյոք այն կբերի՞ սեռափոխության, հոգեկան առողջության խնդիրների և այլն:  

 

Անկախ տարիքային խմբից՝ տղաներն անձնական զրույցներում նշել են, որ որևէ մեկի հետ չեն կարող կիսվել բռնության դեպքերի մասին, քանի որ կնշանակի «գործ տվող են»։ Այդ պատճառով կտրուկ նվազում է բռնությունից պաշտպանվելու համար Կենտրոնի աշխատակազմի հետ աշխատելու հնարավորությունը և տղաները, իրենց խոսքերով, «մնացել էին իրենք իրենց հույսին»։ 

 

Երեխաների շրջանում կան իշխանություն ունեցողներ, որոնք կարողանում են իրենց կամքը թելադրել այլ երեխաների (օրինակ՝ Դիտորդական խումբը ներկա է եղել տղաներից մեկի կողմից այդ պահին մեկ այլ տղայի հանձնարարական տալուն և կատարմանը) և այդ մասին տեղյակ են նաև տնօրենը և աշխատողները։

 

Զրույցներից մեկի ժամանակ դրան հաղորդվել է մանկական խաղին բնորոշ հատկանիշներ, սակայն նշվել է նաև «զինվորականի պես» զգալու հանգամանքը, ինչն անհանգստացնող է հատկապես բռնությունների կանխարգելման և դրա մասին ազդարարման տեսանկյունից։ 

 

<․․․> Զրույցի ընթացքում երեխաներից ոմանք հայտնել են, որ մտավոր խնդիրներ ունեցող 2 տղաներ, ովքեր ցուցաբերել են առանձնացող վարք, օրինակ՝ որոշ «սեռական շարժումներ» են կատարել, մերկացել և այլն, անմիջապես տեղափոխվել են հոգեբուժական հիվանդանոց։ Երեխաներից մեկն այցի նախորդ օրը տեղափոխվել է հոգեբուժական հիվանդանոց, քանի որ «ասֆալտի վրա հանվում, խփում էր իրեն գետնին, գլուխը,  մարմինը»։

 

Տնօրենը նշել է նաև, որ երեխան պատռել է շորերը, մերկացել. «Շորերը ճղեց,  էն աստիճան, որ մի հինգ շոր ճղեց վրան։ Լրիվ տկլորվում է, կանգնում։ Երեկ կանչեցինք,  տարան։ Էնքան ուժ ուներ, կանգնած մեքենան հրում էր, նենց ուժ էր ձեռք բերել»։

 

Երեխաների տրանսինստիտուցիոնալացման կանխարգելումը 

 

Երեխաների հետ աշխատանքն արդյունավետ չէ, և զրույցներից պարզ է դառնում,  որ նրանց հետ աշխատանքի նպատակը երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի ապահովումը չէ, այլ կացության ապահովումը և վարքը կառավարելի դարձնելը։ 

 

Զրույցի ընթացքում տնօրենը նշել է. «էս երեխեքի հետ ապարդյուն է։ Էս պահին խոսեցիր, աշխատեցիր, քեզ թվում է՝ արդյունք ունեցար, մի քիչ հետո, կարող է մի օր նորից նույնը։ Չեմ հասկանում՝ ինչը։ Սովոր չեն, էդ պահին ընդունում են… Գողությունը մտած է մեջները։ Գումար աշխատելու քաղցրությունը տեսել են»։

 

Աշխատողների հետ որոշ երեխաների մասին զրույցներում երբեմն նշվել է, որ «իրենց վերջը Գավառն է [խմբ. մանկատունը]»։ 

 

Երեխաների հետ զրույցում մի քանիսը նշել են, որ Կենտրոն են եկել Հայ օգնության Ֆոնդի Երեխայի աջակցության կենտրոնից, ՍՕՍ մանկական գյուղերից և այլն։ Նրանք դիտորդներից նաև հետաքրքրվել են՝ արդյոք գնում են նաև այդ կենտրոններ և երկուսը ցանկություն են հայտնել վերադառնալ այնտեղ։ 

 

Երեխաներից մեկը նշել է, որ ինքն առանձնացված է իր քրոջից, ով Մարի Իզմիրլյանի անվան մանկատանն է <․․․>

 

Աշխատանքային մթնոլորտը 

 

Դիտորդական խմբի սահմանափակ ժամկետում դիտարկումները վկայում են, որ աշխատանքային մթնոլորտը Կենտրոնում լարված է։ Վերջինս բացասական ազդեցություն է ունենում երեխաների խնամքի կազմակերպման վրա։ 

 

Թեև տնօրենն իր խոսքում նշել է, որ աշխատակազմում փոփոխություններ չի արել, «ոչ մեկին չի հանել, իր հետ մարդ չի բերել», բայց կան և՛ աշխատանքից ազատման դիմում գրածներ, և՛ ազատվելու ցանկություն ունեցողներ։ 

 

Այցի պահին առկա էր փոխտնօրենի ազատ հաստիք, որի հավակնորդ թեկնածուն տղամարդ էր, և տնօրենի կողմից դա նշվում էր որպես դրական հանգամանք։ Զրույցներում ստացված տեղեկությունների համաձայն՝ թեկնածուն նախկինում աշխատել է իրավապահ համակարգում։ 

 

Որոշ աշխատողների և որոշում կայացնողների միջև հաղորդակցությունը խաթարված է և առկա են երկուստեք մեղադրանքներ տարբեր հարցերի վերաբերյալ։ 

 

Տնօրենը նշել է, որ մաքրության հարցում խստապահանջ է, ինչն արժանանում է աշխատողների ընդդիմությանը։ Նշել է սոցիալական մանկավարժների հետ կապված իր մտահոգությունները, որ նրանք չգիտեն «սոցիալական մանկավարժի աշխատանքը» և իրականացնում են միայն դասպատրաստում։ Նրանց հնարավոր ազատման մասին խոսելիս մի քանի անգամ նշել է, որ նրանք «հին» են, «հներից են», ինչի պատճառով չի կարողանում ազատել. «Հլը մի հատ փորձի, տեսեք ինչ խոսակցություն է գալիս» <․․․>

 

<․․․>Աշխատողներից ոմանց խոսքն ունեցել է կարծրատիպային և բռնության մշակույթը վերարտադրող բնույթ՝ հաճախ տարբեր երևույթներ արդարացնելով երեխաների «շեղված» վարքով կամ առողջական խնդիրներով։ Երեխաների և ծնողների մասին խոսելիս աշխատակազմի հետ զրույցներում հնչել են տարբեր ոչ ընդունելի, կարծրատիպային, պիտակող, սեռով և հաշմանդամությամբ պայմանավորված խտրական արտահայտություններ, օրինակ՝ «փողոցային», «հիմար պահվածք», «մեջներից նորմալ»։ Տարածված է նաև երեխաներին վերաբերող տարբեր հարցերում առանց նվազագույն կարեկցանքի խոսելը և նույնիսկ նրանց մեղադրելը՝ անկախ փաստից, որ իրենք տվյալ իրավիճակում եղել են բռնության զոհը։

 

Հղի դեռահաս աղջկա իրավունքները 

 

Այցի ընթացքում ուսումնասիրվել են նաև Կենտրոնում խնամք ստացող աղջկա հղիությանն առնչվող մանրամասները։ 

 

Մասնավորապես՝ աղջկա մասին տնօրենի և աշխատողների հետ խոսակցությունների առանցքում եղել է նրա՝ Կենտրոնում մնալու անընդունելիությունը,  նրան այլ տեղ տեղափոխելու ցանկությունը։ Զրույցների ընթացքում երեխայի վերաբերյալ հնչել են իրար հակասող տեղեկություններ, այդ թվում՝ հղիության ժամկետը,  պտղի հասունությունը, Կենտրոնից փախուստի դեպքերը։ 

 

Հղիության հանգամանքի մասին նշվել է, որ նա հղիացել է փախուստի ժամանակ (տանից կամ հատուկ կրթահամալիրից)։ Նշվել է, որ վերջինս սեքս ծառայություններ է տրամադրում, սակայն ոչ միշտ է սեռական հարաբերություններ ունենում գումարի դիմաց։ 

 

Կենտրոնից փախուստների վերաբերյալ տվյալները ևս հստակ չեն ներկայացվել։ Մասնավորապես՝ զրույցներում նշվել է, որ վերջին փախուստը 2023 թ․ փետրվարին էր,  որից հետո ոստիկանները նրան հայտնաբերել են Արմավիրի մարզում։ Մինչդեռ տնօրենն իր խոսքում հայտնել է հետևյալը. «Վերջին փախնելուց հետո մի անգամ էլ է փորձել։ Չի ստացվել։ Գնացել է, հետ է եկել։ Դուրս է գալիս, չի ասում»։ Աշխատողների հետ զրույցում հնչել է տեղեկություն, որ վերջին փախուստը եղել է մոտ տասն օր առաջ։ 

 

Հղիության պահպանման կամ հղիության հնարավոր ընդհատման մասին հարցին ի պատասխան տնօրենը և աշխատողները նշել են, որ «ասում են՝ պետք ա բերի»։ Նշվել է, որ «իրավունք չկա», «պետք է բերի» և դա, ըստ հարցազրույցների, ասվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից։ Երեխայի մայրը տեղյակ չէ աղջկա հղի լինելու հանգամանքի մասին և անհրաժեշտ է բազմակողմանի ուսումնասիրել, թե ում կողմից, ինչ եզրակացությունների հիման վրա են կայացվել դեռահասի վերարտադրողական առողջության մասին որոշումները։

 

Տվյալներ են ստացվել նաև, որ աղջիկը սկզբնական փուլում չի ցանկացել պահպանել հղիությունը. «Էդ ընթացք փախնում էր, մենք մտածեցինք՝ հանկարծ չգնա, բան անի։ Իրան կանտրոլի տակ ենք պահում։ Իրա մտքին կա փախնելն անընդհատ։ Ինքը հաճույք ա ստանում դրանից։ Դուրս գա,  մենակ դուրս գա»։ 

 

Նրա մասին խոսելիս աշխատակազմի կողմից նշվել է, որ ունի «մտավոր հետամնացություն», միևնույն ժամանակ նշվել է նաև, որ «ինքն էլ չգիտի ինչ ա ուզում,  օրվա ժամի ազդեցության տակ։ Բայց չի գիտակցում։ Մտավոր չի, գիտակցում էլ ա էլի»։

 

Երեխաների հարաբերություններն աղջկա հետ բավականին լարված են։ Նրան մեղադրում են, որ տնօրենն իր պատճառով պատժել է բոլորին՝ զրկելով իրենց համատեղ էքսկուրսիաների կամ այլ միջոցառումների մասնակցելու հնարավորությունից։ 

 

Աղջիկը, Դիտորդական խմբի դիտարկմամբ, գտնվում է ծանր հոգեվիճակում։ Արժանանում է ծաղրանքի, վիրավորանքի։ Շփվում է երկու աղջկա հետ ու նշում, որ իրեն հասկանում են միայն դայակները, տնօրենն ու հոգեբանը։ 

 

Հաղորդակցությունը 

 

Այցի ընթացքում արձանագրվել է, որ երեխաների՝ այլ անձանց, այդ թվում՝ ծնողների հետ հաղորդակցությունը սահմանափակված է։ Հեռախոսների տնօրինման,  դրանց օգտագործման սահմանափակման, որպես գույք պահպանելու հարցը կարգավորված չէ և թողնված է անհատների որոշումներին։ 

 

․․․Տղաների հեռախոսները հավաքվել են տնօրենի կողմից։ Երեխաներին ասվել է, որ հեռախոսները հավաքել են ոստիկանները։

 

Տնօրենը ցույց է տվել աշխատասենյակի սեղանի դարակում պահվող մեկ թաբլեթ և սմարթֆոններ։ Թեև դրանք երեխաներն օգտագործել են առանց քարտերի, որպես սահմանափակման հիմնավորում նշվել է, որ միևնույն է կարողացել են օգտվել տարածքում առկա wifi-ից,  մուտք գործել Ինստագրամ, Տիկտոկ (ոչ ուղղակի մեջբերում)։ 

 

Հաշվի առնելով, որ հեռախոսները նվիրվել են վարչապետի տիկնոջ կողմից՝ երեխաների մոտ արդարացի հարց է առաջացել, թե ինչու են նվիրել, եթե չի կարելի օգտագործել։ 

 

Այցի ընթացքում տարբեր դերակատարների հետ զրույցներից պարզվել է, որ վերջին շրջանում երեխաների կապը ծնողների հետ ապահովվում է սոցիալական աշխատողների մոտ գտնվող հեռախոսի միջոցով, և նրանք էլ ներկա են լինում հեռախոսազրույցին։ 

 

․․․Ծնողների հետ տեսակցությունները կազմակերպվում են միայն աշխատանքային օրերին և ժամերին։ Կա նաև շաբաթվա ընթացքում այցերի թվի սահմանափակում։ Ծնողների հետ հանդիպումները ևս իրականացվում են սոցիալական աշխատողների ներկայությամբ։ Տեսակցությունների սենյակը գտնվում է տնօրենի աշխատասենյակի մոտ և, ըստ նրա, տեսակցություններն իրականացվում են նաև իր ներկայությամբ և վերահսկողությամբ <․․․>

 

Զրույցներից պարզ է դարձել նաև, որ որոշ դեպքերում Կենտրոնի աշխատողները հասանելիություն են ունեցել երեխաների՝ ինտերնետի միջոցով նամակագրություններին։ Կենտրոնի կողմից երեխաների նամակագրություններին ծանոթանալու կարգը և պայմանները, այդ թվում՝ այն դեպքերում, երբ երեխայի վերաբերյալ հիմնական որոշումները կայացնում են իրենց ծնողները, կարգավորված չէ։ 

 

Այցի ընթացքում արձանագրված դեպքեր 

 

Այցի ժամանակ սենյակներից մեկի կողքով անցնելիս Դիտորդական խմբի անդամներն արձանագրել են, որ աշխատողները երեխաների հետ խոսել են բարձր ձայնով և ագրեսիվ։ Մի դեպքում ձայնի տոնը կտրուկ փոխվել է Դիտորդական խմբի ներկայացուցիչներին տեսնելուց հետո։ 

 

Տնօրենը նշել է, որ երեխաների հետ ինքը շփվում է հավասարը հավասարի, բայց նաև հեռավորություն է պահում. «Ինձ տեսել են ջղայնացած»։ 

 

Միևնույն ժամանակ տնօրենի ուղեկցությամբ աղջիկների խումբ մուտք գործելիս Դիտորդական խմբի ներակայացուցիչն արձանագրել է շատ բարձր գոռգոռոցներ։ Անծանոթ անձի մուտքը ևս չի փոխել իրավիճակը և երեխաները որոշ ժամանակ շարունակել են բղավել։ 

 

Դիտորդական խումբն այցից հետո տեղեկություն է ստացել նաև, որ այցի ընթացքում շենքում է գտնվել երեխաներից մեկի մայրը, որը եկել է երեխային տեսակցության։ Նրան փակել են տեսակցությունների սենյակում, որպեսզի, ըստ ենթադրության, չհաղորդակցվի Դիտորդական խմբի անդամների հետ։ Դուռը բացվել է Դիտորդական խմբի հեռանալուց հետո։ 

 

Տվյալ տեղեկությունները ենթակա են ստուգման իրավապահների կողմից, և իրականությանը համապատասխանելու դեպքում՝ իրավական գնահատականի ինչպես կատարելու, այնպես էլ համապատասխան ցուցում (առկայության դեպքում) տալու համար։

 

Հրատապ զեկույցում ներառված է նաև Սոցապ նախարարության պաշտոնական մեկնաբանությունը, ըստ որի՝ նախարարությունը շատ բաներից արդեն իսկ «տեղյակ է» և ինչ-որ գործողություններ է իրականացնում։ Նախախարարության արձագանքը՝ հղումով։

 

Հոդվածը ՝ epress.am

views: 324

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color