Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Սահմանադրության փոփոխության մասին խոսակցությունը որևէ աղերս չունի հեղափոխության փաստի հետ. պետք է ընդունել նոր Սահմանադրություն

August 8, 2019

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ սահմանադրական բարեփոխումների նպատակով կձևավորվի հատուկ խումբ։ «Մենք պատրաստվում ենք ձևավորել նաև հատուկ խումբ Սահմանադրական բարեփոխումների նպատակով, որը նախատեսում ենք կազմավորել 2020 թվականի փետրվարին»,- գրել էր նախարարը։

 

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց, որ շատ կարևոր և ողջունելի է սահմանադրության խնդիրը քաղաքական օրակարգում ձևակերպելու փաստը, որի մասին քաղհասարակությունը և փորձագիտական շրջանակները վաղուց են խոսում՝ ներկայացնելով հիմնավորումներ։ Սաքունցի խոսքերով, սակայն, սխալ է օգտագործել սահմանադրական փոփոխություններ, սահմանադրական բարեփոխումներ տերմինները։ Խոսք պետք է գնա նոր Սահմանադրության ընդունման մասին, որովհետև այս Սահմանադրությունը լեգիտիմ չէ՝ սկսած նախագծի մշակումից մինչև մասնակցություն և հանրաքվեի անցկացում։ Սահմանադրությունը, ըստ իրավապաշտպանի, լեգիտիմ չէ նաև իր բովանդակությամբ, չի ապահովում իշխանությունների տարանջատման և փոխզսպման սկզբունքը։ Մասնավորապես, դատական իշխանության անկախությունը քաղաքական իշխանությունից։ «Այս Սահմանադրությունը ունեցել է մեկ հստակ նպատակ՝ ապահովելու Սերժ Սարգսյանի հետագա խանությունը վարչապետի պաշտոնում։ Հետևաբար, Սահմանադրության փոփոխության մասին խոսակցությունը որևէ տրամաբանական աղերս չունի հեղափոխության փաստի հետ։ Հետևաբար պետք է խոսել և օրակարգում ձևակերպել նոր Սահմանադրության ընդունումը։ Ավելին, այդ փոփոխությունների մոտեցումը փորձ կլինի ոչ լեգիտիմ Սահմանադրությունը լեգիտիմացնել, որը նույնպես տրամաբանական և հիմնավոր չենք կարող համարել»,- ասաց իրավապաշտպանը՝ հավելելով, որ եզակի հնարավորություն կա առաջին անգամ բոլոր առումներով մեկընդմիշտ լեգիտիմ Սահմանադրություն ունենալ և դա պայմանավորված կլինի լեգիտիմ Ազգային ժողովի, կառավարության առկայությամբ։ «Սա նաև կլինի միակ ճանապարհը, երբ մենք լեգիտիմ հիմքերի վրա կձևավորենք դատական իշխանությունը։ Սակայն պետք է հասկանալ մեկ բան՝ լեգիտիմ և նոր Սահմանադրությունը ունի մեկ նպատակ՝ որպեսզի արձանագրվի և ձևակերպվի ժողովրդավարական, իրավական, ինքնիշխան և սոցիալական պետության անշրջելիությունը սահմանադրական կարգավորումների միջոցով»,- նկատեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ նոր Սահմանադրության ընդունմամբ մեկընդմիշտ պետք է վերջ դրվի սեփական Սահմանադրությունը կարելու և պարտադրելու միտումը։ Եվ որպեսզի հնարավոր լինի այդ նպատակը ձևակերպել, ապա դրան պետք է նախորդի պետության զավթմանը քաղաքական գնահատական տալը։ «Այսինքն՝ նոր Սահմանադրության ընդունման համար գաղափարական հիմնավորում պետք է ներկայացվի, որը պետք է լինի պետության զավթմանը քաղաքական գնահատական տալը»,- ասաց Սաքունցը։

 

Ինչ վերաբերում է ժամկետներին, իրավապաշտպանը նկատեց, որ դա էլ է խնդրահարույց։ Հարց է առաջանում՝ ինչու, ասենք, ոչ այս սեպտեմբերին, այլ 2020-ի փետրվարին։ «Ամեն դեպքում, այս փոփոխությունների որոշող մարմինը պետք է լինի քաղաքական մարմինը՝ հանձինս ԱԺ-ի։

 

Մասնագիտական խումբը պետք է հաջորդի սահմանադրական հանձնաժողովի ձևավորմանը։ Մենք չպետք է ունենանք այն նախադեպի կրկնությունը, որը կիրառեց Սերժ Սարգսյանը, երբ մասնագիտական հանձնաժողով ստեղծվեց, և նրանք մշակեցին քաղաքական ուժի շահերից բխող մասնագիտական տեքստ և դա պարտադրեցին ՀՀ քաղաքացիներին։ Հետևաբար, փոփոխությունները, աշխատանքները պետք է լինեն քաղաքական մարմնի նախաձեռնությամբ։ Մասնագետները կարող են ներգրավվել լեզվի, տերմինների պարզ ձևակերպման առումով։ Այսինքն՝ իրենք պետք է առաջադրանքը կատարեն, այլ ոչ թե թելադրեն։ Պետք է բավական լայն ներկայացուցչական կազմ լինի, քաղաքական ուժեր, քաղհասարակության ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ, իրավաբաններ։ Միայն այս պարագայում հնարավոր կլինի զերծ մնալ խոցելիությունից, իսկ դա էլ հնարավոր կլինի միմիայն այն պարագայում, երբ տրվի քաղաքական գնահատական նախկինում կատարվածին»,- նկատեց իրավապաշտպանը՝ հավելելով, որ բավարար հիմքեր, նյութեր, մոտեցումներ ունեն, ի վերջո, լեգիտիմ Սահմանադրություն ընդունելու համար, որը ոչ թե վերացական փաստաթուղթ է լինելու, այլ կենսական նշանակություն է ունենալու խնդիրների լուծման համար։

views: 1050

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color