Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Գյումրեցի կնոջ սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայողին դատարան չեն բերում. Մոսկվայի առաջ «լավամարդ» ձևանալու քաղաքականություն

January 15, 2020

Avetisyan family | Media about us | Julieta Ghukasyan

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի մահվան մեջ մեղադրվող ՌԴ 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևի գործով հերթական դատական նիստն այսօր կրկին չի կայացել: Սա արդեն նիստի չորրորդ հետաձգումն է:

 

Նշենք, որ ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը հանցագործության իրականացման պահին եղել է Գյումրու փողոցներից մեկում և ոչ թե ռազմաբազայի տարածքում: Ռազգիլդեևը մեղադրվում է ոչ թե ռազմաբազայի զինվորականի, այլ ՀՀ քաղաքացու՝ գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի մահվան մեջ, սակայն պահվում է ոչ թե ՀՀ համապատասխան տարածքում, այլ ռուսական ռազմաբազայում:

 

Ջուլիետա Ղուկասյանը սպանվել էր 2018 թվականի դեկտեմբերի 2-ի լուսաբացին՝ աշխատանքի գնալու ժամանակ: Կինն աշխատում էր Գյումրու քաղաքապետարանի Բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնում որպես հավաքարար և վաղ լուսաբացին մաքրում էր փողոցները:

 

Նախնական, առայժմ ոչ պաշտոնական վարկածի համաձայն՝ նույն օրը տեղի ունեցող շատ դատական նիստերի առկայության պայմաններում ոստիկաններն են ծանրաբեռնված եղել ու Ռազգիլդեևին չեն կարողացել բերել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան։ Նախորդ պատճառաբանությունները ևս արժանահավատ չեն թվացել՝ մեկ մեղադրվող զինծառայողն է հիվանդ, մեկ մեղադրող դատախազն է արձակուրդում։

 

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարճ մեկնաբանություն արեց հարցի շուրջ. «Փաստորեն Հայաստանի դատաիրավական համակարգը չի կարողանում Ռազգիլդեևին բերել դատարան, այդքան բան»։

 

Գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ ցավոք սրտի, սա ո՛չ առաջին և, իր կանխատեսմամբ, ոչ էլ վերջին հանցագործությունն է, որ իրականացվում է Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողի կողմից. «Ես իհարկե հասկանում եմ, որ ռուսական ռազմաբազան մեծ կառույց է, բազմաթիվ մարդկանցով, բայց ամենակարևորը մեր իրավապահ համակարգի արձագանքն է։ Ես հույս ունեի, որ իշխանափոխությունից հետո հայկական իրավապահ համակարգի վերաբերմունքը ռուսական ռազմաբազայի զինծառայողների կողմից կատարվող հանցագործությունների նկատմամբ կփոխվի, բայց որևէ փոփոխություն չկա»։

 

Ըստ մեր զրուցակցի՝ ինչպես ծածկադմփոց անելով ու ծածուկ կերպով Հայաստանի նախկին իշխանությունները Ռուսաստանին հանձնեցին Պերմյակովին, նույն կերպ էլ աշխատում են Նիկոլ Փաշինյանի կառավարությունը և իրավապահ համակարգը. «Սովորություն է դարձել, որ նիստը հետաձգեն։ Չեմ հասկանում՝ պատճառը որն է. հանցագործությունը տրիվիալ էր, շատ պրիմիտիվ ու շատ արագ բացահայտվեց։ Եթե իսկապես ոստիկաններն են ծանրաբեռնված եղել և դրա համար չեն բերել դատարան, ապա դա շատ ծիծաղելի պատճառաբանություն է։ Հայաստանի արդեն գործող իշխանությունները, որդեգրելով նախկին իշխանությունների պարտվողական քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ, հերթական անգամ փորձում են լավամարդ ձևանալ, ինչն անընդունելի ու խնդիրներ ստեղծող է մեր հանրապետության ու մեր բնակչության համար»։

 

Ջուլիետա Ղուկասյանի սպանության շուրջ ընթացող զարգացումներին հետևում է կինոռեժիսոր, Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը։ Անդրադառնալով դատական նիստի հերթական հետաձգմանը՝ Խզմալյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց. «Սա կարելի էր կրկես անվանել, եթե չլիներ այդքան տխուր առիթ։ Ի վերջո՝ կա ռուսական ռազմաբազայի մասին օրենք Հայաստանում դրա գործունեության վերաբերյալ, և ըստ այդ պայմանագրի 4-րդ կետի՝ այն հանցագործությունները, որոնք կատարվում են Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազայի աշխատակիցների կողմից բազայի տարածքից դուրս, քննվում են Հայաստանի օրենքով, Հայաստանի համապատասխան մարմինների կողմից՝ ոստիկանություն, դատախազություն, այսինքն՝ ամբողջ գործառույթը վերաբերում է ՀՀ օրենսդրությանը»։

 

Հինգերորդ կետում, Խզմալյանի խոսքով, կա բացառություն, որը վերաբերում է այն հանցանքներին, որոնք իրականացվում են բազայի տարածքում ու վերաբերում են միջանձնային հարաբերություններին: «Այսինքն՝ եթե զինծառայողներից մեկը վնասում է մյուսին, օրենք է խախտում այս կամ այն կերպ իր յուրայինի հանդեպ։ Ռազգիլդեևի դեպքը բացառապես չորրորդ կետին է վերաբերում։ Զավեշտալի է, որ մենք քննարկում ենք այդ կետերը, պետք էր քննարկել զավթիչ զորքի՝ օր առաջ Հայաստանի տարածքից դուրսբերման խնդիրը, մնացած խնդիրները ածանցյալ են։ Անգամ այս կիսատ-պռատ, զավեշտալի պայմանագրերը, որ կնքված էին զավթիչ երկրի կողմից մեր գաղութացված երկրի հետ, չեն կատարվել նախկինների օրոք և չեն կատարվում նաև, այսպես կոչված, հեղափոխությունից հետո»,- եզրափակեց նա։

 

1in.am

views: 864

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color