Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

May 20, 2023

Activities | Reports|Information Papers|Brochures | Publications | Own | Civilian Oversight and Monitoring

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվել է «Առողջության համապարփակ ապահովագրության մասին» ՀՀ օրենքի և հարակից այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:

 

Սույն փաստաթղթում ներառված են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների կողմից արված դիտարկումներ և առաջարկություններ վերոնշյալ փաթեթի վերաբերյալ, որոնք հավաքագրվել են Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացված քննարկումների շրջանակներում։ 

 

1. Առաջարկում ենք ապահովագրության իրավունք ունեցող անձանց առաջին խմբերի ներգրավման մասով ԱՀԱ-ի փորձարկման փուլը սկսել առնվազն առողջության առաջնային պահպանման օղակի, ինչպես նաև որակի վերահսկմանն ուղղված բարեփոխումների արդյունքների հաջողված ավարտից հետո` ապահելով գնահատման թափանցիկությունն ու հաշվետվողականությունը։ Առաջարկում ենք գնահատումն իրականացնել, այդ թվում, պացիենտների գոհունակության վերհանմամբ և իրավունքահենք գործիքակազմի՝ առողջության իրավունքի իրացման միջազգային չափանիշների կիրառմամբ (հասանելիություն, մատչելիություն, որակ, հարմարվողականություն/ճկունություն)։

 

Առողջապահության համապարփակ ապահովագրության (այսուհետ՝ ԱՀԱ) ներդրման հետ մեկտեղ Հայաստանի Հանրապետությունում զուգահեռաբար իրականացվում են նաև մի շարք առանցքային այլ բարեփոխումներ (առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխումները, բժիշկների լիցենզավորման ինստիտուտի վերսկսումը, որակի վերահսկման մեխանիզմների ներդնումը և այլն), որոնց արդյունքներն էական նշանակություն ունեն ԱՀԱ-ի բարեհաջող ներդրման հարցում։ Ինչպես նշված է «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 02․02․2023թ․-ի թիվ 133-Լ որոշման 10-րդ կետում՝ ԱՀԱ ներդրման պայմաններն ուղղակիորեն կապված են առողջապահության հիմնական գործառույթների իրականացման հետ: Տարիների ընթացքում ձևավորված խնդիրները, որոնք բերել են առողջապահության համակարգի կառավարման, առողջության առաջնային պահպանման օղակի, դեղորայքային քաղաքականության, տեղեկատվական համակարգերի, կադրերով ապահովման գործառույթների արդյունավետության նվազեցման, պետք է իրենց առաջնահերթ լուծումները ստանան ապահովագրական համակարգի ներդրումից առաջ, ինչպես նաև ներդրմանը զուգահեռ՝ առաջացող նոր հարաբերությունների պայմաններում: ԱՀԱ ներդրման փորձարկման առաջին փուլը սկսվելու է 2024թ․-ին, ինչը նաև կառաջացնի տվյալ փուլում նախատեսված խմբերում ընդգրկված պացիենտների մեծ հոսք, որին պատշաճ և որակյալ սպասարկելու հարցում կան մտավախություններ, քանի որ զուգահեռաբար ընթացող առաջնային օղակի և համակարգի այլ բարեփոխումները դեռևս տվյալ ժամկետներում ավարտված չեն լինի։

 

Օրենքի նախագծով սահմանված է նաև, որ ապահովագրական հատուցման են ենթակա առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի կողմից սահմանված չափորոշիչներին համապատասխան տրամադրված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները։ Իսկ օրենքի նախագծով նախատեսված ենթաօրենսդրական ակտերի ընդունման համար սահմանված է այն ընդունելուց հետո ութ ամսյա ժամկետ։ Բոլոր բժշկական ծառայությունների մասով չափորոշիչների մշակումը, հաստատումը և բուժաշխատողների դրանց համապատասխան վերապատրաստումը  ծառայությունների որակի վերահսկման տեսանկյունից ԱՀԱ-ի ներդման կարևորագույն բաղադրիչն է, իսկ սահմանված ութ ամսյա ժամկետը ևս մտահոգություն է առաջացնում դրանք պատշաճ իրականացնելու հարցում։  

 

Տվյալ մտահոգությունն ուղակիորեն բխում է առողջության պահպանման իրավունքի լիարժեք իրացման հրամայականից։ Կառավարությունը կրում է ֆիզիկական և հոգեկան առողջության առավելագույն հասանելի մակարդակից օգտվելու իրավունքի իրացման պարտավորությունը՝ համաձայն «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների դաշնագրի» հոդված 12.1-ի։

 

Տվյալ պարտավորության շրջանակներում Դաշնագրի անդամ պետությունների կողմից որդեգրվող ոլորտային քաղաքականությունները, և այս առումով նաև Հայաստանում ԱՀԱ-ի ներդման գործընթացը, պետք է լինեն իրավունքահենք՝ ձևակերպվելով և գնահատվելով համաձայն «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեի» 14-րդ Ընդհանուր մեկնաբանությամբ ներկայացված չափանիշների և 4 փոխկապակցված բաղադրիչների՝ հասանելիությունը (availability), մատչելիություն (accessability), համապատասխանելիություն պացիենտների կարիքներին և առանձնահատկություններին (acceptability) և որակ (quality)։  Առանց յուրաքանչյուր բաղադրիչի պատշաճ ապահովման չենք կարող խոսել պետության կողմից` Դաշնագրի 12.1-ի շրջանակներում իր պարտավությունների լիարժեք իրացման մասին։

 

2. Առաջարկում ենք Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում ավելացնել բուժաշխատողների, պացիենտների, գործատուների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների թիվն՝ այն հավասարեցնելով պետական մարմինների ներկայացուցիչների թվին, ինչպես նաև օրենքով սահմանել յուրաքանչյուր անդամի նկատմամբ որակավորման պահանջներ։

 

Հոգաբարձուների խորհրդի կողմից է սահմանվում այնիպիսի կարևոր որոշումների կայացումը, ինչպիսիք են՝ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների դիմաց ապահովագրական հատուցման չափերի հաստատումը, ապահովագրական հատուցման ենթակա դեղերի և բժշկական պարագաների հատուցման գները, Հիմնադրամին ներկայացվող ապահովագրական փաթեթի մեջ ներառված բժշկական ծառայությունների տրամադրման վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգը, Հիմնադրամի այլ մարմինների ձևավորման լիազորությունների դադարեցման և այլ բնույթի որոշումներ։ Նման լայն և կարևոր լիազորություններ ունեցող մարմնի նկատմամբ օրենքի նախագծում բավարար մեխանիզմներ չեն նախատեսված վերջինիս անաչառության, թափանցիկության և անկողմնակալության սկզբունքների կիրառման ապահովման համար։ Հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկված անձանց ընտրության չափանիշները ևս ամրագրված չեն օրենքի նախագծի շրջանակներում, ինչպես իրավացիորեն սահմանված է հիմնադրամի գործադիր գլխավոր տնօրենի նկատմամբ։ Հաշվի առնելով օրենքի նախագծի 26-րդ հոդվածով նախատեսված իրավասությունների շրջանակը, բազմաթիվ ընթացակարգային փաստաթղթերի մշակման պարտականությունը՝ այս մարմնում ներգրավված անձանց մասնագիտական ներուժը էական նշանակություն ունի, այն էլ հասարակական հիմունքներով ներգրավվելու պարագայում։    

 

Բացի այդ, հոգաբարձուների խորհրդի նախագահն ի պաշտոնե առողջապահության լիազոր մարմնի ղեկավարն է՝ այդ պահին գործող նախարարը, ինչը ևս կարող է առաջացնել շահերի բախում։ Կարող են լինել իրավիճակներ, երբ մի կողմից որպես քաղաքական որոշում կայացվի ընդլայնել ապահովագրության ենթակա ծառայությունների շրջանակը, մյուս կողմից հոգաբարձուների խորհրդի որոշումների կայացման շրջանակներում դրանց հատուցման չափերի հաստատումը չբխի ապահովագրված անձի շահերից։ 

 

3. Առաջարկում ենք առողջության համապարփակ ապահովագրության վկայագիրը նախատեսել որպես էլեկտրոնային փաստաթուղթ արդեն իսկ գործող «Արմեդ» առողջապահության էլեկտրոնային միասնական համակարգում, որտեղ տեխնիկական լուծումների շնորհիվ հնարավորություն կտրվի այն օգտագործել և՛ պացիենտի, և՛ բուժաշխատողի, և՛ այլ շահագրգիռ մարմինների (անձանց) կողմից՝ յուրաքանչյուրի համար նախատեսելով տվյալների հասանելիության համապատասխան հնարավորություններ։

 

Օրենքի նախագծի հոդված 10-ը կարգավորում է առողջության համապարփակ ապահովագրության վկայագիրը, որն ապահովագրված անձին ապահովագրական փաթեթում ընդգրկված ծառայություններից օգտվելու համար ներկայացման ենթակա փաստաթուղթ է։ Ժամանակակից աշխարհում նորարար տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ նման փաստթղթի թղթային եղանակով կիրառումը համարում ենք ոչ նպատակահարմար, քանի որ դրանց տպագրման (կորցնելու դեպքում վերատպագրման) համար նախատեսված ծախսերը կարող են ուղղվել առավել կարևոր և առաջնային խնդիրների լուծմանը։ ՀՀ-ում տարբեր բնագավառներում կիրառվում են նորարար տեխնոլոգիական լուծումներ, իսկ առողջապահության ոլորտում 2017թ․-ից ներդրված է առողջապահության էլեկտրոնային «Արմեդ» համակարգն՝ իր պարբերաբար թարմացվող ֆունկցիոնալ գործիքներով։ Ի թիվս մի շարք գործառույթների, «Արմեդ» -ի ներդնումը միտված է բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս նվազեցնելու փաստաթղթաշրջանառությունը, խնայելու պացիենտների և բուժաշխատողների ժամանակը։ Էլեկտրոնային միասնական առողջապահական համակարգի միջոցով վկայագրի բովանդակությամբ փաստաթղթի էլեկտրոնային տարբերակի կիրառումն առավել ծախս-արդյունավետ կլինի, ինչպես նաև կազատի ապահովագրված անձանց կողմից փաստաթուղթը շրջանառելու անհարմարություններից կամ կորցնելու դեպքում լրացուցիչ վճար կատարելուց։

 

 4. Առաջարկում ենք օրենքի նախագծով սահմանված առողջության համապարփակ ապահովագրության ռեգիստրը հստակ ձևակերպել որպես առողջապահության էլեկտրոնային միասնական համակարգի մի մաս՝ իր անձնական և ոչ անձնական տվյալներ պարունակող էլեկտրոնային շտեմարանով։

 

Օրենքի նախագծի 20-րդ հոդվածով նկարագրված է առողջության համապարփակ ապահովագրության պատշաճ իրականացման համար անհրաժեշտ անձնական և ոչ անձնական տվյալներ պարունակող էլեկտրոնային շտեմարանը՝ որպես ռեգիստր։ Հոդվածի բովանդակությունից, ինչպես նաև նախագծի այլ դրույթների մեկնաբանությունից պարզ չէ, թե որքանով է այն փոխկապված արդեն իսկ գործող առողջապահության միասնական համակարգի հետ, արդյոք վերջինս հանդիսանալու՞ է համակարգում ներառված շտեմարան, թե՞ նախատեսված է որպես առանձին համակարգ։ Միջազգային և ազգային ֆինանսական ռեսուրսների հաշվին գործող էլեկտրոնային «Արմեդ» համակարգում հավաքագրված են պետության կողմից երաշխավորված բժշկական ծառայությունների ստացման հետ կապված միասնական տվյալներ։ Նպատակահարմար չենք գտնում նոր առանձին էլեկտրոնային գործիքի մշակումը, երբ կարելի է ըստ ներդրվող ապահովագրության մոդելի հարմարեցնել «Արմեդ»-ի տեխնիկական գործիքակազմը և տվյալների բազաներն ապահովագրության հետ կապված կազմակերպչական բոլոր աշխատանքների իրականացման համար։ Ռեգիստրի նման եղանակով կիրառումը նաև հարմարավետ կլինի, այն հիմնականում օգտագործող բուժաշխատողներին, ովքեր արդեն ծանոթ են «Արմեդ»-ի ֆունկցիոնալ գործիքներին (ներառյալ՝ ինտերֆեյսին)։

      

 5. Առաջարկում ենք ԱՀԱ-ի ներդրման շրջանակներում ապահովել ժամանակակից հակաբեղմնավորիչ միջոցների (առնվազն 3 հակաբեղմնավորիչ միջոցների՝ պահպանակներ, ներարգանդային պարույր և հորմոնալ հաբեր) անվճար բաշխումը կանանց, հատուկ թիրախավորելով՝ գյուղաբնակ, հաշմանդամություն ունեցող, տեղահանված, ՄԻԱՎ-ով ապրող կանանց առաջնային տրամադրումը:

 

Համաձայն Առողջապահության նախարարության 2018 թ․-ի տվյալների՝ ամեն տարի գրանցվում է սեռավարակների 50,000 դեպք, որոնցից ամենատարածվածներն են տրիխոմոնիազը, քլամիդիան և գոնորեան: Սեռավարակների նկատմամբ կանանց խոցելիությունն առավել մեծ է, քան տղամարդկանցը: Այս տեսանկյունից, հատկապես արտագնա աշխատանքի մեկնած և բազմակի զուգընկերներ ունեցողների շրջանակում, պահպանակները կարևոր կանխարգելիչ միջոց կարող են լինել կանխարգելելու սեռավարակներն, այդ թվում՝ ՄԻԱՎ-ը: Անցանկալի հղիությունների կանխարգելման տեսանկյունից հակաբեղմնավորիչների հասանելիությունը կարևոր երաշխիք է կանանց վերարտադրողական իրավունքների պաշտպանության մասով: 2019-2021թթ․ Հայաստանում ծնվել է մոտ 108 000 երեխա, և գրանցվել է հղիության արհեստական ընդհատման մոտ 33 000 դեպք

 

Համաձայն ՀՀ Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին օրենքի Հոդված 4-ի՝ «յուրաքանչյուր ոք իրավունք ունի ինքնուրույն որոշել իր երեխաների թիվն ու նրանց ծնվելու ժամկետները և այդ նպատակով ունենալ պտղաբերության կարգավորման ապահով ու արդյունավետ ծառայություններից օգտվելու հնարավորություն», միևնույն ժամանակ շատ կանայք չունեն հասանելիություն, այդ թվում՝ դրամական միջոցներ, դեղատների հասանելիություն, տեղեկատվության բաց, ձեռք բերելու ժամանակակից հակաբեղմնավիչ միջոցներ:

 

Համաձայն, Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների շրջանակի, մասնավորապես՝ ՄԱԿ-ի տարբեր պայմանագրային մարմինների առաջարկների/դիտարկումների, Հայաստանը պարտավոր է ապահովել ժամանակակից հակաբեղմնավորիչ միջոցների հասանելիությունը, մատչելիությունը և ընդունելի լինելը կանանց տարբեր խմբերին: Այսպես, Մարդու իրավունքների կոմիտեն, 2021թ. Քաղաքացիական և քաղաքական միջազգային դաշնագրի շրջանակներում, Հայաստանի դիտարկման ժամանակ առաջարկել է «Ընդլայնել կանանց հասանելիությունը սեռական և վերարտադրողական առողջության ծառայություններին, մասնավորապես՝ անվտանգ և օրինական աբորտներին և մատչելի հակաբեղմնավորիչներին, ներառյալ շտապ հակաբեղմնավորիչներին, հատկապես գյուղաբնակ կանանց, աղքատության մեջ ապրող կանանց, հաշմանդամություն ունեցող կանանց և էթնիկ կամ կրոնական փոքրամասնություններին պատկանող կանանց համար»: 

 

Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման Կոմիտեն 2022թ. Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման Կոնվենցիայի շրջանակներում Հայաստանի Հանրապետությանն ուղղված ընդհանուր դիտարկումներում առաջարկել է «Միջոցներ ձեռնարկել, այդ թվում՝ հատկացնելով առանձին բյուջետային տող՝ ապահովելու ժամանակակից հակաբեղմնավորիչների առկայությունը, հասանելիությունը և մատչելիությունը կանանց ու աղջիկների, այդ թվում՝ խոցելի և մարգինալացված խմբերին պատկանող կանանց, գյուղաբնակ կանանց, ներքին տեղահանված և փախստականի իրավիճակում գտնվող կանանց  համար»:

 

 6. Առաջարկում ենք ԱՀԱ-ի ներդրման շրջանակներում ապահովել հիվանդությունների և առողջական խնդիրների ախտորոշման միևնույն ընթացակարգ։

 

Օրենքի նախագծում անդրադարձ է արված չափորոշիչների կիրառմանը, սակայն հստակ ձևակերպված չէ միևնույն գանգատների (հիվանդությունների և առողջական վիճակների) դեպքում համընդհանուր հաստատված ընթացակարգի պարտադիր պայմանը։ Ներկայիս գործող առողջապահական համակարգի դեպքում նույն անձը միևնույն առողջական խնդրով տարբեր բժշկական հաստատություններում անցնում է ախտորոշման տարբեր քայլեր, մեկը մյուսից տարբերվող մեթոդների ընտրությամբ և տրվող պատասխանների անհամապատասխանությամբ։ Տվյալ իրավիճակներում պացիենտի համար անհասկանալի և դժվար է դառնում բժշկական հաստատություն ընտրելիս մատուցվող ծառայությունների որակի և ախտորոշման ճշգրտության հարցում վստահությունը։ Ուստի շատ կարևոր է միանման մեխանիզմների ներդնումը՝ որպես որակի վերահսկման գործիք և բժշկական սխալ թույլ չտալու գրավական։

 

7. Առաջարկում ենք բացառել օրենքի նախագծի 11-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված երկու կամ ավելի կարգավիճակներ ունեցող անձանց նկատմամբ օրենքի առավել բարենպաստ իրավիճակ սահմանող դրույթը։

 

Օրենքի նախագծի 11-րդ հոդվածով թվարկված են առողջության համապարփակ ապահովագրության իրավունք ունեցող անձինք և առողջության համապարփակ ապահովագրություն ունեցող անձինք։ Տվյալ հոդվածի 3-րդ կետով ամրագրված է, որ այն դեպքում, երբ միևնույն անձն ունի նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված երկու կամ ավելի կարգավիճակներ, ապա նրա նկատմամբ տարածվում են սույն օրենքի առավել բարենպաստ իրավական վիճակ սահմանող նորմերը։ Նման մոտեցումը խտրական է նշված ցանկից ընդամենը մեկ կարգավիճակ ունեցող անձանց նկատմամբ, ինչպես նաև թողնված է Հիմնադրամի մարմինների հայեցողական որոշմանը՝ առանց որևէ հստակ չափանիշների սահմանման։

 

8. Առաջարկում ենք բացառել ապահովագրավճար վճարելու պարտականությունը չկատարած անձին վարչական պատասխանատվության ենթարկելու դրույթը։

 

Օրենքի նախագծի 15-րդ հոդվածով սահմանված է, որ ապահովագրավճար վճարելու պարտականությունը չկատարելը հանգեցնում է օրենքով նախատեսված վարչական պատասխանատվության։ Վերոնշյալ մոտեցումը համարում ենք լրացուցիչ ֆինանսական բեռ ապահովագրված անձի համար, եթե կարելի է պարզապես հատուցում չտրամադրել մինչև համապատասխան վճարում կատարելը և որևէ ֆինանսական բաց չունենալ տվյալ անձի մասով, ո՞րն է վարչական պատասխանատվության նպատակը։ 

 

Առողջության համապարփակ ապահովագրության ներդրումը բխում է անձի՝ առողջության պահպման իրավունքից։ Ըստ այդմ, քաղաքացին պետք է ունենա ազատություն ինչպես օգտվելու, այնպես էլ՝ չօգտվելու իր իրավունքի իրացման հնարավորություններից։ Տվյալ ազատության սահմանափակումը քաղաքացու պարագայում ոչ հիմնավոր է և ոչ համաչափ։

 

Նշենք նաև, որ նույն տրամաբանությամբ պետք է վարչական պատասխանատվության ենթարկվեն այն բժշկական կազմակերպությունները, որոնք չեն ներգրավվի համակարգում, մինչդեռ վերջիններիս հայեցողությունն այս կապակցությամբ սահմանափակված չէ։

 

 9. Առաջարկում ենք հստակեցնել օրենքի նախագծում կիրառվող մինչև 16 տարեկան անձին վկայագիր տրամադրելու վերաբերյալ դրույթը՝ համապատասխանեցնելով ՀՀ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին օրենքի» շրջանակներում ընտրված չափահասության 18 տարին լրանալու վերաբերյալ դրույթներին։

 

Օրենքի նախագծի 10-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանում է 16 տարին չլրացած անձանց առողջության համապարփակ ապահովագրության վկայագրի տրամադրումն օրինական ներկայացուցչի միջոցով։ Իսկ օրենքի նախագծի հաջորդող հոդված 11-ում որպես առողջության համապարփակ ապահովագրություն ունեցող անձ առանձնացված է մինչև 18 տարին լրացած անձը։ Հարկ է նշել, նաև որ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին օրենքի» շրջանակներում ևս տարանջատված է մինչև 18 լրացած անձանց խումբը որպես անչափաս, որի շահերից ելնելով, հանդես է գալիս օրինական ներկայացուցիչը։ Այստեղ պարզ չէ, թե սահմանված չափահասության տարիքի փոխարեն ի՞նչ հիմքով է ընտրված 16 տարին չլրացած անձանց վկայագրի տրամադրումն օրինական ներկայացուցչի միջոցով։

 

10. Առաջարկում ենք նախագծով սահմանել վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի ձևավորման և գործունեության այնպիսի մեխանիզմներ, որոնց շնորհիվ կապահովվի հանձնաժողովի անկախ գործունեությունը հիմնադրամից և նախադրյալներ կստեղծվեն վերջինիս անկաշկանդ և օբյեկտիվ գործունեության համար։

 

Նախագծի 28-րդ հոդվածով առողջության համապարփակ ապահովագրության գործընթացի վերահսկողություն իրականացնող գործադիր հանձնաժողովը հաշվետու է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին։ Դրա հետ մեկտեղ, նույն հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ գործադիր հանձնաժողովը քննում և լուծում է ապահովագրված անձանց կամ բժշկական կազմակերպությունների, դեղատների կամ Հիմնադրամի միջև ծագած վեճերը։ Նման կարգավորման պայմաններում առկա են վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի անկողմնակալության ռիսկեր, քանի որ հաշվետու լինելով հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին, այսինքն՝ հիմնադրամին, հանձնաժողովը չի կարող օբյեկտիվ քննել ապահովագրված անձանց և հիմնադրամի միջև հնարավոր առաջացող վեճերը։ Նույն դիտարկումը վերաբերում է նաև Նախագծի 37-րդ հոդվածի իմաստով վերահսկողություն իրականացնող գործադիր հանձնաժողովի իրավասությանը։

 

Ընդհանուր դիտարկումներ

 

Օրենքի նախագծի շրջանակներում հստակեցված չէ, թե ինչպես են զուգորդվելու առողջության կամավոր ապահովագրության դեպքերը, արդյոք դրանք շարունակելու՞ են գործել առողջության համապարփակ ապահովագրության պարագայում։ Վերջինիս համար օրենքի նախագծով սահմանված է ՀՀ պետական բյուջե արվող պարտադիր վճար, ինչից ենթադրում է, որ անկախ առողջության կամավոր ապահովագրություն ունենալու հանգամանքից, անձը միևնույն է պարտավորված է կատարել վճարը, իսկ թե ինչ դրական տարբերություն կլինի տվյալ անձի համար պարզ չէ։ Ուստի մեծ մտավախություն կա, որ կամավոր ապահովագրություն նախընտրող և շարունակաբար դրանից օգտվող անձանց մոտ իրավացիորեն կարող է առաջանալ դժգոհություն լրացուցիչ վճար կատարելու և դրա դիմաց առավելություններ չունենալու պարագայում։ 

 

ԱՀԱ-ի գործարկման նպատակով ձևավորվող Հիմնադրամը՝ պետական բյուջեի միջոցներով հանդերձ, դառնում է առողջապահական ծառայությունների հսկայական ծավալի գնորդ, ինչը դեղատնային ցանցի միջոցով հանգեցնելու է նաև դեղերի կանոնավոր սպառմանը և դրա աճին։ Ի՞նչ ծրագիր է մշակվում՝ ապահովելու մարդկային, տեխնիկական/տեխնոլոգիական, լաբորատոր և ինստիտուցիոնալ կարողություններով հագեցած, պատշաճ հզորությամբ և լիազորություններով օժտված համապատասխան կառույցի բնականոն գործունեությունը, որը կանոնավոր և ընդգրկուն կերպով կիրականացնի դեղերի որակական ստուգում։ Հակառակ դեպքում ԱՀԱ-ի շնորհիվ էլ ավելի կմեծանա կեղծ դեղերի ներմուծումը Հայաստան, ինչը կհանգեցնի պետական միջոցների վատնմանը, ոչ նպատակային ծախսելուն, կոռուպցիայի խորացմանը, փողերի լվացմանը։

 

ԱԱՊ օղակում կամ երկրորդ մակարդակի բուժհաստատություններում ապահովել ուռուցքաբանների ֆիզիկական հասանելիություն՝ նվազեցնելու Երևան ուղևորվելու անհրաժեշտությունը, բեռնաթափելու երևանյան ուռուցքաբանական ծառայությունների ծանրաբեռնվածությունը, ապակենտրոնացնելու որոշ ուռուցքաբանական ծառայություններ, օրինակ՝ քիմիաթերապիան ստանալ տեղում։

 

2023թ․-ի ապրիլի 14-ի հանդիպման ժամանակ նշվեց ԱՆ-ի կողմից, որպես ծառայությունների որակի բարելավման և ռազմավարության բաղադրիչ, պացիենտների բավարարվածության հարցում/հետազոտություն կատարելու նախաձեռնության մասին։ Նշվեց, որ որոշ ԲԿ-ներում այս նախաձեռնության փորձարկումը և դրանից քաղած դասերը պետք է հիմք ծառայի 2024 թվականից ԱՀԱ-ի գործարկման ֆոնին համակարգային որակի ապահովմանն ու վերահսկմանը։ Ըստ այդմ առաջարկ․ պացիենտների բավարարվածության հարցաշարերը, նախքան որոշ ԲԿ-ներում փաստացի կիրառումը պացիենտների շրջանում, պետք է անպայման փորձարկում անցնեն տարբեր շահակիցների կողմից և սոցիոլոգիական գործիքների միջոցով, օրինակ՝ պացիենտներից ու նրանց հարազատներից բաղկացած «ֆոկուս խմբերում»՝ մանկական, մեծահասկաներ, երևանյան, մարզային, քաղաքային, գյուղական, կանայք, տղամարդիկ, միջին տարիք մինչև 40 տարեկան, 40-65 տարեկան, 65-ից բարձր և այլն։ Հակառակ դեպքում մշակված հարցաշարերը կարտացոլեն միայն բժիշկ-մասնագետների և առողջապահության կազմակերպիչների տեսակետը և չեն ներառի պացիենտի տեսանկյունից կարևոր հարցեր և դրույթներ, ինչը հետագայում կձախողի բավարարվածության գնահատման մեթոդաբանությունն ու մոդելը և արդյունքնում կունենանք ֆինանսների և այլ ռեսուրսների վատնում։

 

 

 

Առաջարկները ներկայացնող կազմակերպություններ և անհատներ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ

Իրավունքի զարգացման կենտրոն ՀԿ

Կանանց ռեսուրսային կնետրոն ՀԿ

Հենարան հիմնադրամ

Իրական աշխարհ, իրական մարդիկ ՀԿ

Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն ՀԿ

Արմավիրի զարգացման կենտրոն ՀԿ

Փինք ՀԿ

Նոր սերունդ մարդասիրական ՀԿ

views: 156

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color