Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Տեղեկանք՝ 2020 թվականի առաջին եռամսյակում ՀՀ և ԱՀ /ԼՂ/ զինված ուժերում մահացության դեպքերի մասին

April 16, 2020

COVID-19 | Activities | Reports|Information Papers|Brochures | Legal Support | Legal Support | Right to life | Publications | Human Rights in the State of Emergency | State Institutions | Closed and Semi-Closed Institutions | Civilian Oversight and Monitoring

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

2020թ.-ի առաջին եռամսյակում ՀՀ և ԱՀ/ԼՂ  զինված ուժերում մահացության դեպքերն ավելացել են՝  2019 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ։

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացնում է 2020 թ. հունվար-մարտ ամիսներին Հայաստանի  և Արցախի Հանրապետությունների զինված ուժերի զինծառայողների մահվան դեպքերի ամփոփ վիճակագրությունը: Տվյալները հավաքագրվել են ԶԼՄ-ներով և պաշտոնական աղբյուրներով տարածված տեղեկություններից, ինչպես նաև ՀՔԱՎ գրասենյակի կողմից Պաշտպանության նախարարությանը, ՀՀ գլխավոր դատախազությանն ու Քննչական կոմիտեին ուղղված հարցումների պատասխաններից:

 

Ըստ այդմ՝ 2020 թ. 1-ին եռամսյակում գրանցվել է ՀՀ և ԱՀ/ԼՂ զինված ուժերի 16 զինծառայողի մահվան ելքով դեպք. 5-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու հետևանքով, 5-ը՝ առողջական խնդիրների, 4-ը՝ դժբախտ պատահարի, 1-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման, 1-ը՝ ավտովթարի։

 

Վերոնշյալ 16 դեպքերից պաշտոնական հաղորդագրություն տարածվել է միայն 12 դեպքերի մասին մյուս 4 դեպքում՝ ոչ: Հետագայում ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության տրամադրած տեղեկությամբ դրանք համարվել են զինծառայության հետ կապ չունեցող:

 

Նշված 4 դեպքերից 3-ի մասին ՀՔԱՎ գրասենյակին հայտնի է դարձել ԶԼՄ-ներից, իսկ առողջական խնդրի հետևանքով արձանագրված 1 դեպքի մասին ո՛չ պաշտոնական աղբյուրներով,  ո՛չ էլ ԶԼՄ-ներով տեղեկություն չի տարածվել: Այդ դեպքերից յուրաքանչյուրի մասին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տեղեկացել է պաշտոնական հարցմամբ:

 

2020 թ.-ին մահացության դեպքերն ավելացել են 3-ով՝ 2019 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, երբ արձանագրվել էր 13 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 5-ը՝ ավտովթարի, 3-ը՝ առողջական խնդիրների, 3-ը՝ սպանության, 1-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու և 1-ը՝ դժբախտ պատահարի հետևանքով։

 

2019 և 2020 թթ. 1-ին եռամսյակի տվյալները համեմատելով՝ արձանագրում ենք՝ 

 

✅դժբախտ պատահարի հետևանքով մահացության դեպքերի աճ, 

✅ինքնասպանության դեպքերի (5 դեպք հունվար-փետրվար ամիսներին) կտրուկ աճ՝ ի տարբերություն 2019 թ.-ի 1 դեպքի, 

✅առողջական խնդիրների հետևանքով մահվան դեպքերի աճ. 2020թ.՝ 5 դեպք, 2019թ.-ին՝ 3 դեպք՝ հունվար-փետրվար ամիսներին:

 

 

2020 թ.-ի 1-ին եռամսյակում գրանցվել է  մահվան 1 դեպք մարտական պայմաններում` ի տարբերություն 2019 թ. առաջին եռամսյակի, երբ, հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով, զինծառայողների մահացության դեպքեր չէին արձանագրվել: Մահվան բոլոր դեպքերը գրանցվել էին ոչ մարտական պայմաններում: Ուշագրավ է, որ 2019 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ՝ նվազել են նաև սպանություն որակված դեպքերը: 2020 թ. առաջին եռամսյակում այդպիսիք ընդհանրապես չեն գրանցվել: 

 

ՀՔԱՎ գրասենյակն արձանագրել է նաև հանրային մեծ դժգոհություն և վրդովմունք առաջացրած ինքնասպանության դեպքերի կտրուկ աճ 2020 թ. հունվար-փետրվար ամիսներին, որը համընկել էր Արցախի Հանրապետությունում նախագահական և խորհրդարանական ընտրությունների  քարոզչական ժամանակահատվածի հետ: 

 

Հարկ է նշել, որ  հանրային դժգոհությունների ֆոնին, ինքնասպանությունների դեպքերը մարտին կտրուկ վերացան:

 

Այսպիսով՝ 2020 թ. առաջին եռամսյակում գրանցված մահացության դեպքերի գերակշիռ մասը՝ շուրջ 94%-ը տեղի են ունեցել ոչ մարտական պայմաններում. 31 %-ը՝ ինքնասպանության, 31%-ը՝ առողջական խնդիրների, 25%-ը՝ դժբախտ պատահարի, 6%-ը՝ ավտովթարի հետևանքով: Մարտական պայմաններում՝ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահվան դեպքերի թիվը կազմում է մահացության դեպքերի ընդհանուր թվի շուրջ 6 %-ը։

 

2020թ.-ի դեպքերի մեծ մասը տեղի է ունեցել հունվար  և փետրվար ամիսներին՝ համապատասխանաբար՝ 6 և 7 դեպք: Մարտին գրանցվել է 3 դեպք:  2019 թ.-ի հունվարին գրանցվել էին՝ 5, փետրվարին՝ 3, մարտին՝ 5 դեպքեր: 

 

2020 թ.-ին մահացած 16 զինծառայողներից 5 պարտադիր ժամկետային զինծառայողներ են եղել, 7-ը՝ պայմանագրային ժամկետային, 4-ը` սպա։ 

 

2019 թ.-ին մահացած 13  զինծառայողներից 4 պարտադիր ժամկետային  զինծառայողներ  են, 6-ը՝ պայմանագրային, 2-ը` սպա, 1-ը՝ ենթասպա։ 

 

Մահվան դեպքերի պատճառների ու մահացած զինծառայողների կարգավիճակի դիտարկումները թույլ են տալիս ՀՔԱՎ գրասենյակին արձանագրելու, որ ժամկետային զինծառայողների շրջանում մահացության հիմնական պատճառներն են ինքնասպանությունը (3 դեպք) և առողջական խնդիրները (2 դեպք): 

 

Պայմանագրային զինծառայողների մահացության հիմնական պատճառները դժբախտ պատահարներն են (4 դեպք), 1-ական դեպքեր էլ՝ առողջական խնդիրների, ինքնասպանության և հրադադարի ռեժիմի խախտման հետևանք:

 

Սպաների մահվան պատճառների մեջ առանձնացրել ենք առողջական խնդիրները՝ 2 դեպք, 1-ական ինքնասպանության և ավտովթարի հետևանքով դեպքերը:

 

ՀՔԱՎ գրասենյակն արձանագրում է, որ 2020թ. 1-ին եռամսյակում ինքնասպանության և առողջական խնդիրների հետևանքով մահացության դեպքեր արձանագրվել են թե՛ ժամկետային, թե՛ պայմանագրային զինծառայողների, թե՛ սպաների շրջանում:

 

Տեղեկանքում դասակարգել ենք նաև  2020 թ. առաջին եռամսյակում մահացության դեպքերը՝ զինվորական ծառայության հետ կապ ունեցող և չունեցող: Ի դեպ՝ պաշտոնական դասակարգումները միմյանցից տարբեր են: Ահավասիկ՝ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ՀՔԱ Վանաձորի գրասենյակին տրամադրած տեղեկությունների համաձայն՝ «10 զինծառայող մահացել է ծառայության  հետ կապված հանգամանքներում, 6-ը՝ ծառայության հետ կապ չունեցող հանգամանքներում»: Մինչդեռ՝ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունը գրասենյակին  տեղեկացրել է զինվորական ծառայության հետ կապ ունեցող 12  և չունեցող՝ 4 մահվան դեպքերի մասին:

 

Արձանագրում ենք, որ չնայած այն հանգամանքին, որ ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության կողմից գրասենյակին տրամադրվել է նույն թվական տվյալը՝ զինծառայողների մահվան դեպքերի ընդհանուր թվի մասին, այդուհանդերձ, զինծառայության հետ կապ ունենալու կամ չունենալու մասին տվյալները տարբերվում են:  

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ուսումնասիրել է նաև ԱՀ/ԼՂ՝ Ադրբեջանի հետ շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների և կրակոցների վիճակագրությունը: Հայաստանի և Ադրբեջանի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման մասին տեղեկությունը հասանելի չէ, քանի որ այն չի հրապարակվում ՀՀ ՊՆ պաշտոնական կայքում: Հրադադարի ռեժիմի խախտման թվի մասին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ 2019 թ.-ի ՀՀ ՊՆ-ին ուղղված հարցմանը վերջինս մերժել է տեղեկություն տրամադրել՝ պատճառաբանելով «ՀՀ ՊՆ համակարգի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկը հաստատելու մասին» N9 հրամանի 17-րդ գլխի 42-րդ կետը:

 

Նշենք, որ 2019 թ. առաջին եռամսյակի համեմատ՝ 2020 թ. նույն ժամանակահատվածում  ԱՀ/ԼՂ-ում 585-ով նվազել են  հրադադարի ռեժիմի խախտումները, 8.100-ով էլ՝ կրակոցները:

 

Հարկ ենք համարում անդրադառնալ նաև հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին՝ ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության ժամանակահատվածում՝ համեմատատելով Ադրբեջանի ԶՈւ վարքագծի փոփոխությունը սահմանին՝ հայտարարված արտակարգ դրության 21-օրյա և մինչ այդ 21-օրյա ժամանակահատվածում: 

 

Այսպես, 2020 թ. մարտի 16-ին ՀՀ Կառավարությունը կորոնավիրուսի համավարակի (COVID-19) տարածման դեպքերով պայմանավորված՝ երկրում արտակարգ դրություն հայտարարեց: Դրան հաջորդեցին հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի ակտիվացումը՝ ՀՀ-ի և Ադրբեջանի շփման գծում: 

 

Մասնավորապես՝ մարտի 30-ին՝ երեկոյան ժամը 19:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմը ձեռնարկել էր դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով վիրավորվել էին 2 հայ պայմանագրային զինծառայողներ: Տավուշի մարզի Բաղանիս և Ոսկեվան գյուղերի թիրախավորվման արդյունքում էլ՝ վիրավորվել էր Ոսկեվան գյուղի մի երեխա: 

 

Չնայած ՀՀ ՊՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման քանակն ու հաճախականությունը չի հրապարակվում, արձակված կրակոցների և  դիվերսիոն ներթափանցումների հետևանքով վիրավորումների կամ զոհերի մասին տեղեկություն, այնուամենայնիվ, տարածվում է: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ փաստում ենք, որ հայտարարված արտակարգ դրության ընթացքում ադրբեջանական կողմը փորձել է սրել իրավիճակը, քանի որ մինչ արտակարգ դրություն հայտարարելն ընկած 21-օրյա ընթացքում, նման դեպքեր չեն արձանագրվել:

 

Այսպիսով, չնայած արձակված կրակոցները 100-ով քիչ են՝ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի թիվն աճել է 25-ով: Արտակարգ դրության ժամանակ, հատկապես՝ 2020 թ. փետրվարի 23-ից մինչև մարտի 14-ը, հրադադարի ռեժիմը խախտվել է 545 անգամ, որի ընթացքում արձակվել 4.500 կրակոց, 2020 թ. մարտի 15-ից  մինչև ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման 570 դեպք՝ 4.400 կրակոցով:

 

Տեղեկանքում անդրադարձել ենք նաև 2020 թ.առաջին եռամսյակում զինծառայողների մահվան փաստերով հարուցված քրեական գործերին: Ըստ պաշտոնապես և ԶԼՄ-ներով տարածված տվյալների՝ 2020 թ. առաջին եռամսյակում ՀՀ և ԱՀ/ԼՂ զինված ուժերում մահացության 16 դեպքերից 13-ի փաստով հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ ՔՕ –ի տարբեր հոդվածներով: 13 դեպքերով հարուցված քրեական գործերը գտնվում են նախաքննության փուլում։ Դրանցից 12-ը կապ ունեն զինծառայության հետ, 1-ը՝ չունի: 3 դեպքով հայտնի չէ քրեական գործերի հարուցման մասին: 

 

Ամփոփելով՝ առանձնակի մտահոգիչ ենք համարում մահացության թվի մեջ սպաների մահվան դեպքերի աճը, նաև վերահաստատում, որ առողջական խնդիրների հետևանքով մահվան դեպքերի աճը վկայում է մինչ զինծառայության անցելն ու զինծառայության ընթացքում պատշաճ բուժզննության, հսկողության և օգնության տրամադրման հետ կապված դեռևս գոյություն ունեցող խնդիրների մասին:



Տեղեկանքն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ

views: 1412

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color