Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) ՀՀ զինված ուժերում խտրական վերաբերմունքի դրսևորումները

March 22, 2024

Activities | Publications

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Կին զինծառայողները գտնում են, որ խտրական վերաբերմունքի դրսևորումները պայմանավորված չեն սեռով՝ խտրական վերաբերմունքի արժանանում են և՛ տղամարդիկ, և՛ կանայք։ Միևնույն ժամանակ հարցազրույցի մասնակից կին զինծառայողների որոշ մասը գտնում է, որ միայն կանայք են ենթարկվում խտրական վերաբերմունքի։

 

Ակնհայտ է, որ խտրական վերաբերմունքի դրսևորումների տեսակետից կանայք շատ ավելի զգայուն են և ունեն ոչ խտրական վերաբերմունք դրանց դրսևորման ընկալման առումով։ Արձանագրենք, որ հարցազրույցի մասնակիցներից որևէ մեկը՝ լինի կին, թե տղամարդ, չի բացառել խտրական վերաբերմունքի դրսևորումները զինված ուժերում։

 

Հարցազրույցի մասնակից թե՛ կին, թե՛ տղամարդ զինծառայողներն արձանագրում են, որ որպես կանոն խտրականության դրսևորման դեպքերում բողոքներ չեն ներկայացվել։

 

 

Այն քիչ դեպքերում երբ բողոքներ են ներկայացվում՝ զինծառայողները գրավոր կամ բանավոր դիմում են վերադասին կամ հազվադեպ դեպքերում գրավոր դիմում են ՀՀ պաշտպանության նախարարին։

 

Զինվորական ծառայության պարտականությունների կատարման տեսակետից հարցազրույցի մասնակից թե՛ կին, թե՛ տղամարդ զինծառայողները հայտնում են, որ տղամարդ զինծառայողների նկատմամբ պահանջները ավելի խիստ են, քան կին զինծառայողների նկատմամբ։ Իհարկե այս տարբերակված մոտեցումը բացասական ազդեցություն ունի ծառայողական առաջխաղացման վրա և պատահական չէ, որ հարցազրույցի մասնակից կին զինծառայողների շրջանում տիրապետող է կարծիքը, որ տղամարդիկ ունեն ծառայողական առաջխաղացման առավել մեծ հնարավորություններ։

 

Հարցազրույցի մասնակցի բոլոր տղամարդ զինծառայողները գտնում են, որ տղամարդկանց ներկայացվող պահանջներն ավելի խիստ են։ Հարցազրույցի մասնակիցներից ոմանք նշել են, որ կանանց և տղամարդկանց ներկայացվող պահանջնեը տարբերվում են ոչ միայն սեռով, այլ նաև ծառայության տեսակով պայմանավորված։ 

 

Հարցազրույցի մասնակից թե՛ կին զինծառայողները, և թե՛ տղամարդ զինծառայողները միանշանակ գտնում են, որ գերազանցապես տղամարդիկ ունեն ծառայողական առաջխաղացման առավել մեծ հնարավորություններ։ Սակայն միևնույն ժամանակ հարցազրույցի մասնակից զինծառայողներից ոմանք գտնում են, որ կան հավասար հնարավորություններ ծառայողնական առաջխաղացման առումով թե՛ կին, թե՛ տղամարդ զինծառայողների համար։

 

Կին զինծառայողների կարծիքով տղամարդ զինծառայողների գերակշիռ մասի ծառայողական առաջխաղացման ավելի մեծ հնարավորությունը պայմանավորված է նրանց ռազմական կրթություն ունենալու հանգամանքով։ Հետաքրքիր է, որ հարցազրույցի մասնակից կին զինծառայողների շրջանում առկա է պատկերացումը, որ զինված ուժերը այն եզակի պետական ոլորտն է, որտեղ ծառայության անցնելիս բարձրագույն կրթության առկայություն չի պահանջվում։ Այնուամենայնիվ, հարցազրույցի մասնակից կին զինծառայողները տղամարդ զինծառայողների ծառայողական առաջխաղացման առավել մեծ հնարավորությունը զինվորական ծառայությանը նրանց ավելի շատ նվիրվածության, աշխատասիրության, ռազմական ոլորտի գիտելիքների հետ միասին պայմանավորում են նաև տղամարդ
զինծառայողների վերապատրաստումների ավելի մեծ հնարավորությամբ, որը չի ապահովվում կին զինծառայողների մեծ մասի համար։ Հրացազրույցի մասնակից կին զինծառայողներն իրենց ծառայողական առաջխաղացման խոչընդոտ են համարում ընտանեկան պարտականությունների կատարման անհրաժեշտությունը։ Որոշիչ նշանակություն է տրվում, ըստ կին զինծառայողների, տղամարդ զինծառայողների ֆիզիկական պատրաստվածության ավելի բարձր մակարդակին՝ տղամարդկանց՝ «ուժեղ սեռի» ներկայացուցիչ լինելու հանգամանքին։ Հետաքրքիր է, որ որոշ կին զինծառայողները գտնում են, որ զինվորական ոչ բոլոր պաշտոններն են համապտասխանում կանանց։

 

Հարցազրույցի մասնակից կին զինծառայողները գտնում են, որ ծառայողական առաջխաղացմանը նպաստում է հովանավորչությունը, այսինքն նշում են կոռուպցիոն ռիսկերի առկայության մասին։ Առավել մտահոգիչ է որոշ կին զինծառայողների կողմից արտահայտված այն կարծիքը, որ տղամարդ զինծառայողների ծառայողական առաջխաղացումը պայմանավորված է հրամանատարի կողմից նրանց նկատմամբ առավել բարձր վստահությամբ, որն ակնհայտ խտրական վերաբերմունքի մասին է վկայում։ Լուրջ խնդրի բացահայտում է հարցազրույցի մասնակից կին զինծառայողների այն կարծիքը, որ կանանց ծառայողական առաջխաղացման համար կարևոր գործոն է հանդիսանում հրամանատարի հետ մտերիմ/ինտիմ հարաբերությունները։ Հարցին, թե ինչպես է ազդում կին լինելը պաշտոնի առաջխաղացման գործում, կին զինծառայողները տարբեր կերպ են պատասխանել, մասնավորապես՝ կարծիք կա, որ կանանց ծառայությունը խրախուսվում է, ինչով էլ պայմանավորված է առաջխաղացման հնարավորությունը կանանց համար, կանայք կարծում են նաև, որ երեխաներ ունեցող կին զինծառայողները գուցե չեն ցանկանում և չեն ձգտում ծառայողական առաջխաղացում ունենալ և առավել բարձր պաշտոնի նշանակավել, որովհետև այն ենթադրում է առավել մեծ պատասխանատվություն և առավել երկար աշխատաժամանակ։ Հարցազրույցի մասնակից կին զինծառայողների կողմից հնչել է կարծիք, թե «որքան էլ կինը փորձի ծառայողական առաջխաղացում ունենալ, միևնույն է չի կարող՝ պայմանավորված ֆիզիոլագիական առանձնահատկություններով, կնոջ վրա դրված ընտանեկան պարտականություններով»։ Կանանցից ոմանք նշել են, որ միակ ոլորտը, որտեղ կին զինծառայողները կարող են առաջխաղացում ունենալ բուժծառայության և բժշկական սպասարկման ոլորտն է։

 

Հարցազրույցի մասնակից տղամարդ զինծառայողները նույնպես գտնում են, որ իրենց ծառայողական առաջխաղացման առավել մեծ հնարավորությունը պայմանավորված է ռազմական կրթություն ունենալու, ֆիզիկական ավելի բարձր պատրաստվածության մակարդակով, մասնագիտական գիտելիքներով՝ կարողություններով և հմտություններով, արագ կողմնորոշվելու հատկությամբ և պարտադիր զինվորական ծառայության փորձով։ Իհարկե գտնում են նաև, որ ծառայողական առաջխաղացման առավել մեծ հնարավորությունը պայմանավորված է նաև բարեխիղճ ծառայությամբ, կարգապահությամբ և զինվորական ստաժով։ Տղամարդ զինծառայողների կարծիքով կին զինծառայողների ծառայողական առաջխաղացման ավելի քիչ հնարավորությունները պայմանավորված է ավելի բարձր հաստիքներին կին զինծառայողների կարողությունների անհամապատասխանությամբ, ինչպես նաև կանանց ավելի շատ ընտանեկան պարտականությունների առկայությամբ։ Տղամարդ զինծառայողները նաև կարծում են, որ զինվորական գործը տղամարդու համար է, քանի որ «փոքր տարիքից տղաներին մեծացնում են որպես զինվոր, իսկ կինը պետք է մնա կին, ընտանիքի մայր, ով հոգեպես և ֆիզիկապես պատրաստ չէ զինվորական կյանքին, մինչդեռ ծառայությունը տղամարդկանց արյան մեջ է»։ Ինչպես և կին զինծառայողները, տղամարդիկ ևս կածում են, որ կանայք բուժական և վարչական գործով զբաղվելով միայն կարող են ունենալ ծառայողական առաջխաղացում, բայց զորք ղեկավարելու և մարտի դաշտ գնալու առումով կանայք տղամարդկանցից առավել առաջխաղացում չեն կարող ունենալ։

 

Հետաքրքիր է հարցազրույցի մասնակից որոշ տղամարդ զինծառայողների այն մոտեցումը, որ եթե կինը կարողանում է համատեղել ընտանեկան կյանքը ծառայողական պարտականությունների կատարման հետ այնպես, որ ծառայողական պարտականությունների կատարումը չտուժի, ապա այս պարագայում տարբերություն չկա կանանց և տղամարդկանց առաջխաղացման հնարավորությունների միջև։ Ինչպես կին զինծառայողները, տղամարդիկ ևս նշել են, որ կանանց համար առաջխաղացում է ապահովում այն հանգամանքը, որ պետության կողմից խրախուսվում է կանանց ծառայությունը։ Այնուամենայնիվ, տղամարդկանց մածամասնությունը համոզված է, որ կանայք ծառայողական առաջխաղացում հազվադեպ կարող են ունենալ և որ բարձր սպայական պաշտոններում կանայք չեն նշանակվի։ Ներկայացված պատկերացումները բացահայտում են տղամարդ զինծառայողների շրջանում զինված ուժերում կանանց դերի վերաբերյալ առկա կարծրատիպերի մասին, որն ամբողջությամբ խտրական է և որի հաղթահարման ուղղությամբ հետևողական և սկզբունքային ջանքեր է պետք գործադրել։

 

Ինչպես կին, այնպես էլ տղամարդ զինծառայողների շրջանում տիրապետող է կարծիքը, որ ծառայողական առաջխաղացման համար կարևոր գործոններից է հովանավորչությունը։

 

Հարցազրույցի մասնակից տղամարդ զինծառայողները թվարկում են կին զինծառայողների նկատմամբ խտրական վերաբերմունքի դրսևորման հետևյալ պատճառները․ հրամանատարության կողմից կանանց նկատմամբ ընդգծված բացասական վերաբերմունքը, «ազգային մտածելակերպը», թե զինվորական ծառայությունը միայն տղամարդկանց համար է։ Միևնույն ժամանակ կարևոր արձանագրում է տղամարդ զինծառայողների կողմից, որ խտրականության դրսևորումները շարունակվում են, քանի որ դրանց դրսևորողները չեն պատժվում։

 

Խտրականության դրսևորումների գնահատման տեսակետից կարևոր նշանակություն ունի նաև զինված ուժերում որոշումների կայացման մեջ կանանց մասնակցության մակարդակի բացահայտումը։

 

Հարցազրույցի մասնակից կին զինծառայողնեը վստահաբար պնդում են, որ կանայք ներգրավված են որոշումների կայացման գործընթացում։ Հաշվի առնելով, որ ծառայողական առաջխաղացման հարցում կանայք ավելի քիչ հնարավորություններ ունեն և բարձր հաստիքներում կանայք չեն նշանակվում, մի կողմից հասկանալի է կանանց նման ընկալումը, որ մասնակցում են իրենց հաստիքների մակարդակում որոշումների կայացմանը, բայց հետաքրքիր է, որ «չեն նկատում» ավելի բարձր հաստիքներում իրենց մասնակցության բացակայությունը։ Հաշվի առնելով զինված ուժերում կառավարման հիերարխիկ բնույթը՝ պետք է արձանագրել, որ կանայք զինված ուժերում համակարգային և ռազմավարական որոշումների կայացմանը որևէ մասնակցություն չունեն։ Կանայք մնում են զինված ուժերում ավելի բարձր մակարդակում ընդունված որոշումների միայն կատարողներ։ Այս առումով առավել հասկանալի է հարցազրույցի մասնաիկից տղամարդ զինծառայողների կարծիքը, որոնք որոշումների կայացմանը կանանց մասնակցությունը պայմանավորում են նրանց զինվորական կոչումով և զբաղեցրած հաստիքով։

 

 

Հարցազրույցի մասնակից թե՛ կին, և թե՛ տղամարդ զինծառայողները հայտնում են զորամասերում կանանց խորհուրդների առկայության մասին, որոնք ըստ իրենց հանդսանում են որոշումների կայացմանը կանանց մասնակցության հարթակներ։ Սակայն ակնհայտ է, որ նման խորհուրդները չեն հանդիսանում զինված ուժերում որոշում կայացնող ինստիտուտ և հետևաբար կանանց մասնակցությունը այդ խորհուրդներին՝ որպես որոշում կայացնողներ, ունի ձևական բնույթ։

 

ՀՀ պաշտպանության նախարարությունը Կազմակերպությանը տրամադրած տեղեկատվությամբ հայտնում է, որ պաշտպանության ոլորտի քաղաքականության մշակման գործընթացում կանայք ևս ներգրավվում են։

 

Իհարկե զարմանալի է, եթե կանայք զինված ուժերում չեն զբաղեցնում բարձր զինվորական պաշտոններ, որոնց մակարդակում ընդունվում են որոշումները, ապա ինչպես կարող է ապահովված լինել կանանց մասնակցությունը պաշտպանության ոլորտի քաղաքականության մշակման գործընթացում։

 

Կազմակերպության տեղեկատվական այն հարցմանը, թե ՀՀ զինված ուժերում կանանց մասնակցությունն ապահովելու նպատակով արդյոք սահմանված են հատուկ քվոտաներ կոնկրետ պաշտոններում նշանակելիս և կոչումներ շնորհելու դեպքում, ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ պայմանագրային զինծառայողներին, այդ թվում նաև կին զինծառայողներին պաշտոնի նշանակելու կարգը և պայմանները կարգավորվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի դրույթներով («Պայմանագրային զինծառայողը զինվորական պաշտոնի նշանակվում է` հաշվի առնելով զինծառայողի համապատասխանությունը տվյալ պաշտոնին, մասնագիտական ու ծառայողական  ունակությունները, հոգեբանական որակները, առողջական վիճակը և սույն օրենքով նախատեսված այլ պամաններ: Պայմանագրային զինծառայողը նշանակվում է իր հիմնական կամ հարակից զինվորական մասնագիտությանը համապատասխանող զինվորական պաշտոնի` հաշվի առնելով ծառայողական գործունեության փորձը: Պայմանագրային զինծառայողի` նոր մասնագիտական զինվորական պաշտոնի նշանակմանը պետք է նախորդի համապատասխան վերապատրաստումը:») և ՀՀ պաշտպանության նախարարի 2018 թ. Դեկտեմբերի 17-ի թիվ 1550-Լ հրամանով, իսկ առաջին և հերթական զինվորական կոչումները շնորհվում են համաձայն նշված օրենքի 11-15-րդ հոդվածների և ՀՀ պաշտպանության նախարարի 2018 թ. Դեկտեմբերի 17-ի թիվ 1551-Լ հրամանի պահանջների։

 

Ակնհայտ է, որ զինված ուժերում կանանց ներգրավման և որոշումների կայացման մեջ նրանց դերի բարձրացմանն ուղղված քվոտային մոտեցումները բացակայում են։

 

Մարդու իրավունքների պաշտպանի (այսուհետ՝ նաև ՄԻՊ) 2021 թվականի տարեկան հաղորդման մեջ նշված է. «Չնայած առկա օրենսդրական կարգավորումներին՝ ՀՀ զինված ուժերում փաստացի շարունակվում է նկատվել կանանց նկատմամբ ուղղահայաց (կարիերայի աստիճանների ոչ հավասար մատչելիություն) և հորիզոնական (ըստ մասնագիտությունների և ոլորտների) խտրականություն: Խնդիրն այն է, որ կանայք բարդություններ են ունենում թե՛ զինվորական ծառայության անցնելիս (այդ թվում՝ զինվորական մասնագիտություն ընտրելիս), թե՛ աշխատանքը երեխայի ծննդյան պարագայում պահպանելիս, թե՛ զինվորական ծառայությունում առաջխաղացման տեսանկյունից»։

 

Նշված հաղորդման մեջ ՀՀ ՄԻՊ-ի կողմից արձանագրվել է, որ ըստ ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացրած տեղեկությունների՝ ՀՀ զինված ուժերի պայմանագրային զինծառայողների ընդհանուր թվաքանակի 9.5%-ը կազմում են կին զինծառայողները (2019 թվականին 9.1% էր, այսինքն 2021թ․ -ին պայմանագրային զիծառայողների ընդհանուր թվաքանակում կին զինծառայողների թիվը 2019 թ․ համեմատ աճել է 0,4%-ով): Ըստ զինվորական աստիճանակարգի, 2021 թ․ -ին կին զինծառայողները կազմում են սպայական կազմի ընդհանուր թվաքանակի 14.3%-ը, ավագ ենթասպայականի 34.9%-ը, կրտսեր ենթասպայական և շարքային
կազմի պայմանագրային զինծառայողների 50.8%-ը: Վերոնշյալ վիճակագրությունը վկայում է, որ ՀՀ զինված ուժերում կին զինծառայողների տոկոսային հարաբերակցությունը՝ տղամարդ զինծառայողների համեմատությամբ, բավական ցածր է: Բացի այդ, կանայք դեռևս բավարար չափով ներկայացված չեն բարձր պաշտոններում, և հասարակությունում առկա են կարծրատիպեր կանանց՝ որպես որոշում կայացնողների դիտարկման հարցում: Արդյունքում, կին զինծառայողները հիմնականում զրկված են առաջխաղացման հնարավորությունից: Ներկայացված վիճակագրական տվյալները վկայում են, որ կանայք առավել մեծ թիվ են կազմում միայն շարքային կազմի և ավագ ենթասպայական կազմի պաշտոններում, մինչդեռ սպայական կազմում կին զինծառայողների հարաբերակցությունը բավական ցածր է:
Նշված վիճակագրությունից ակնհայտ է դառնում, որ սպայական կոչում ստանալիս կին զինծառայողները բախվում են խոչընդոտների։

 

Հիմք ընդունելով Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում վերը նշված վիճակագրական տվյալները և ՄԻՊ-ի եզրակացություններն առ այն, որ կանայք դեռևս բավարար կերպով ներկայացված չեն բարձր պաշտոններում, և հասարակությունում առկա են կարծրատիպեր կանանց՝ որպես որոշում կայացնողների դիտարկման հարցում և այն, որ սպայական կոչում ստանալիս կին զինծառայողները բախվում են խոչընդոտների, Կազմակերպությունը տեղեկատվության հարցմամբ դիմել է ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ տեղեկատվություն ստանալու ՀՀ զինված ուժերի պայմանագրային զինծառայողների ընդհանուր թվաքանակում կին զինծառայողների թվականակի մասին։

 

ՀՀ պաշտպանության նախարարությունը Կազմակերպությանը տրամադած տեղեկատվությամբ հայտնում է, որ 2023 թ. Դեկտեմբերի դրությամբ ՀՀ զինված ուժերում պայմանագրային զինծառայողների ընդհանուր թվաքանակում կին զինծառայողների թվաքանակը կազմում է 5,3%: Մասնավորապես՝ սպայական կազմում՝ 6,4%, ավագ սպայական կազմում՝ 1%, կրտսեր սպայական կազմում՝ 5%, ավագ ենթասպայական կազմում՝ 32%, կրտսեր ենթասպայական կազմում՝ 6,8%, շարքային կազմում՝ 5%։

 

Համադրելով Մարդու իրավունքների պաշտպանի 2019-2021 թվականների զեկույցներում ներկայացված և ՀՀ պաշտպանության նախարարության կողմից Կազմակերպությանը տրամադրած 2023 թ-ի վերաբերյալ տվյալները՝ արձանագրում ենք, որ դիտարկված ժամանակահատվածում պայմանագրային զինծառայության մեջ կանանց ներգրավվածության մակարդակը գրեթե կրկնակի նվազել է։

 

Աղյուսակից ակնհայտ երևում է, որ զինված ուժերում կանայք հիմնականում ներգրավված են պաշտոնային ցածր խմբերում։

 

Միաժամանակ պետք է արձանագրել, որ 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո թե՛ մարզերում, թե՛ Երևանում տեղակայված զորամասերում ներգրավված կանանց տեսական կշիռն էականորեն նվազել է։

 

Ինչ վերաբերում է ԶՈւ ռազմաուսումնական հաստատություններում կանանց ներգրավվածությանը, ապա նշենք, որ 2019 և 2020 թվականներին միասին վերցրած ՀՀ ՊՆ ՌՈՒՀ-երը տարբեր մասնագիտություններով (մոտոհրաձիգ, հրետանավոր, հետախույզ, ԱԹՍ-երի շահագործում և կիրառում, ռազմական կապ) ավարտել է 35%-ով ավելի շատ կին կուրսանտ, քան 2017 և 2018 թվականներին միասին վերցրած։

 

Բերված տվյալները վկայում են, որ 2019 – 2020 թթ. աճել է զինվորական մասնագիտություն ընտրած կանանց թիվը։

 

Մինչդեռ, եթե դիտարկենք 2018 թվականից մինչև 2023 թվականը ռազմական ուսումնական հաստատություններ ընդունված կանանց թվաքանակը, ապա կտեսնենք, որ այն 2021 թ-ին կտրուկ նվազում է 2018 – 2020 թվականների համեմատ, իսկ 2023 թին՝ կտրուկ աճում։

 

Այսպես, 2018 թվականին ՌՈւՀ ընդունված կուրսանտների 1,6%-ը եղել են կանայք, 2019 թ. կանայք կազմել են ընդունվածների 2,2%-ը, 2020 թ. արձանագրվել է կանանց դիմելիության աճ ՝ 5,05%, սակայն 2021 թ.-ին դիմելիությունը կտրուկ նվազել է 5,05%- ից դառնալով 3,7%, իսկ 2022 թ. դիմելիությունը նվազել է` հասնելով վերջին 5 տարիների նվազագույնին՝ 1,2%, մինչդեռ 2023 թ.այդ թիվն աննախադեպ աճել է՝ հասնելով 16%-ի։

 

ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կողմից Կազմակերպությանը տրամադրած տեղեկության համաձայն՝ 2020 - 2022 թթ. ռազմաուսումնական հաստատություն ընդունված կանանց թվի նվազումը պայմանավորված է մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, սակայն չեն մասնավորեցվել այդ պատճառները։

 

Այս հանգամանքը կարևոր է նաև այն համատեքստում, որ 2022-2024 թթ. ՀՀ ԳԱԾում «Մասնակցություն» բաժնի ներքո «Նպատակ» սյունակում նշված է. «Զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում կանանց ներգրավմանն ուղղված քաղաքականության խթանում», նշված նպատակին հասնելու միջոցառումն է. «Իրազեկվածության բարձրացում զինված ուժերում ծառայող կանանց դերի վերաբերյալ», իսկ արդյունքային ցուցանիշն է «Պաշտպանության ոլորտի քաղաքականության մշակման գործընթացներում կանանց ներգրավվածության խթանման համար համապատասխան մեխանիզմների ներդրում ՀՀ ռազմական ուսումնական հաստատություններում կին դիմորդների թվի ավելացում»-ը։

 

Նույն զեկույցում ՄԻՊ-ը նաև նշել է.«Միանշանակ է, որ կանանց իրավունքների պաշտպանությունը զինված ուժերում երաշխավորելու ամենակարևոր քայլերից մեկը զինվորական օրենսդրությամբ համապատասխան երաշխիքների ամրագրումն է: Ընդհանուր առմամբ, պետք է նշել, որ զինվորական օրենսդրության ընդհանուր Հետազոտության արդյունքում կանանց նկատմամբ ակնհայտ խտրականություն պարունակող նորմեր չեն հայտնաբերվել: Դրանք հիմնականում գենդերային չեզոք են (gender-neutral), և հաճախ խնդիրներ առաջանում են հենց սեռային առանձնահատկությունները հաշվի առնված չլինելու պատճառով»:

 

Չնայած այդ գնահատականին, օրենսդրության մեջ առկա են շատ կարծրատիպային, հետևաբար՝ խտրական ձևակերպումներ։ Դրանք հանդիպում են հատկապես «Զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում առկա ձևակերպումներում։ Մասնավորապես, ներքին ծառայության կանոնագրքում զինծառայողներին թվարկելիս բազմիցս նշվում է «սպաները, ենթասպաները, կին զինծառայողները, ինչպես նաև զինվորները, սերժանտներն ու ավագները» (հոդված 164), «սպաների, ենթասպաների, պայմանագրով զինվորական ծառայության անցած զինվորների, սերժանտների, ավագների, ինչպես նաև կին զինծառայողների համար», «պայմանագրով ծառայության անցած զինծառայողներին և կին զինծառայողներին» (հոդված 227), «սպաների, ենթասպաների պայմանագրային ծառայության զինծառայողների և կին զինծառայողների» (հոդված 228) և այլն։ Նման ձևակերպումներն անուղղակիորեն ենթադրում են տղամարդ և կին զինծառայողների նկատմամբ անհավասար վերաբերմունք։ Անընդունելի է տղամարդ զինծառայողների իրավունքներին և պարտականություններին վերաբերող դրույթները կարգավորել ըստ սպայական կոչման և պաշտոնի, իսկ կանանց մասին նշել միայն «կին զինծառայողներ». կին զինծառայողները կարող են լինել ինչպես սպաներ, ենթասպաներ, այնպես էլ շարքային զինվորներ։ Հետևաբար, ներքին ծառայության կանոնագրքում առկա են օբյեկտիվ հանգամանքներով չպայմանավորված ձևակերպումներ, որոնք, ի սկզբանե, անհավասար պայմաններում են դիտարկում կին և տղամարդ զինծառայողներին։ Տղամարդ զինծառայողների վարքագծի կարգավորումը կախված է վերջիններիս պաշտոնից և կոչումից, իսկ կին զինծառայողների համար միակ տարբերակիչ հատկանիշը վերջիններիս կին լինելն է։ Մեկ այլ օրինակ է ՀՀ ԶՈՒ ՆԾԿ 239-րդ հոդվածը, որում սահմանվում է, որ ընդհանուր բրիգադային անվանականչերին պարտավոր են ներկա լինել գումարտակի բոլոր սպաները, ենթասպաներ, պայմանագրով ծառայության անցած զինծառայողները և կին զինծառայողները։ Պետք է նկատի ունենալ, որ թե՛ սպաների, թե՛ ենթասպաների և թե՛ պայմանագրով ծառայության անցած զինծառայողների թվում կարող են լինել կանայք, թեև՝ նշված հոդվածում վերջիններս առանձին են դասակարգված։

 

 

 

views: 184

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color