0 8000 12 11

FREE Hotline to report human rights violations

Անձի փոփոխությամբ համակարգի խնդիրները չեն լուծվում․ հեղափոխությունից հետո հարուցված քրեական գործերի մի մասը լճացել են․ իրավապաշտպաններ

July 13, 2021

Media about us

Այսօր կառավարության դռնփակ նիստում քննարկվեց ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանին՝ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակելու հարցը։ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արգիշտի Քյարամյանը նշանակվեց ՔԿ նախագահ։



Նշենք, որ Արգիշտի Քյարամյանը հեղափոխությունից հետո նախքան ԱԱԾ տնօրեն նշանակվելը՝ 1 օրով զբաղեցրել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը, այնուհետև նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ։ Նա աշխատել է նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համակարգում և ՀՀ պետական վերահսկողության ծառայությունում։  



Իրավապաշտպան Արթուր Սաքունցը Civic.am-ի հետ զրույցում անտրամաբանական համարեց կարճ ժամանակում տարբեր պաշտոնների նշանակելու և պաշտոնաթող անելու հանգամանքը․ «Հասարակության համար անհասկանալի է մեկ անձին անընդհատ տեղից տեղ տեղափոխելը, բացի այն հարցից, որ զուտ անձի խնդիր է լուծվում, բայց ոչ թե համակարգային կամ կառավարման որակի խնդիր»։



Հարցին՝ Քննչական կոմիտեի պետը՝ Հայկ Գրիգորյանը հեղափոխությունից հետո համեմատած իրավապահ համակարգի որոշ ղեկավարների ավելի երկար գործունեություն ծավալեց իր պաշտոնում։ Իր պաշտոնավարման ընթացքում նկատելի չէ՞ր դրական փոփոխություն՝ իրավապաշտպանն արձագանքեց․



«Քննչական մարմիններն արմատական փոփոխության կարիք ունեն։ Նախ՝ ինչպես ամբողջ պետական կառավարման համակարգում, այնպես էլ նրա առանձին մարմիններում անհրաժեշտ է իրականացնել վեթինգ՝ զտում այն անձանցից, որոնք անմիջական մասնակցություն են ունեցել մարդու իրավունքների կոպիտ խախտումների մեջ։ ՄԻԵԴ-ի վճիռներով արձանագրված մարդու իրավունքների կոպիտ խախտումներին մասնակից պաշտոնատար անձինք՝ կլինեն դրանք դատավորներ, դատախազներ, քննիչներ, ոստիկաններ՝ դրանք, բոլորը պետք է համակարգից հեռացվեին օրենքի ուժով։ Այսինքն պետք է ստեղծվեր վեթինգի մասին համապատասխան օրենք»,-ասաց Սաքունցն ու հավելեց, որ քննչական մարմինները շատ լուրջ խնդիրներ ունեն և խոսքը վերաբերում է նաև քննչական մարմինների ինստիտուցիոնալ անկախությունը․ «Դա կլինի Քննչական կոմիտեն, թե՛ Հատուկ քննչական ծառայությունը, թե՛ նոր ստեղծվելիք Հակակոռուպցիոն կոմիտեն, որոնք չպետք է ունենան որևէ կախվածություն գործադիր մարմնից։ Նրանց անկախության երաշխիքներից մեկը պետք է հանդիսանա պառլամենտական վերահսկողությունն ու գործադիրի անկախությունը, որը չկա»։  



Ինչ վերաբերում է քննչական մարմինների կարողություններին՝ նա նշեց, որ շատերը, որոնք ընտրել էին իրավաբանի մասնագիտությունը՝ քննիչի աշխատանքը գրավիչ չէ, թե՛ ֆինանսական, թե՛ անկախության կոմպոնենտի տեսանկյունից, ինչպես նաև կարողությունների զարգացնելու հնարավորությունը և սոցիալական ապահովությունը պետք է կարգավորվի․ «Գործող քննիչները թողնում են քննիչի աշխատանքն ու դառնում փաստաբան։ Այս խնդիրները, որոնք գոյություն ունեն ի՞նչ կապ ունեն Քննչական կոմիտեի նախագահի փոփոխության հետ, ոչ մի կապ։ Նշված համակարգային խնդիրները եթե չեն լուծված՝ ապա Քննչական կոմիտեի նախագահի փոփոխությունը դրանց լուծման ճանապարհ չէ։ Հետևաբար ոչ թե պետք է անընդհատ ղեկավարներ փոխել, որը մենք տեսանք՝ Ոստիկանության ղեկավարի փոփոխություն, ԱԱԾ ղեկավարի փոփոխություն, այլ համակարգային փոփոխություններ արվեն։ Անձի նշանակումը,  տեղից տեղ տեղափոխումը բացարձակապես որևէ ազդեցություն չի ունենալու, այլ շարունակվում է այն մոտեցումը, որ համակարգը մնում է անփոփոխ։ Վերջ ի վերջո միայն անձի խնդիր են լուծում»։ 



Դիտարկմանը՝ այսինքն Արգիշտի Քյարամյանը երկրի ղեկավարության հետ լա՞վ հարաբերության մեջ է՝ դա՞ է պատճառը նրան պաշտոնի նշանակելու, թե՞ պոտենցիալ կա իր մեջ՝ Արթուր Սաքունցը մեկնաբանեց․

«Այդպես է ստացվում, հո սիրուն աչքերի համար չեն Քյարամյանին պաշտոնի նշանակում։ Նույն անձը երբ իրարից տարբեր մարմիններում է նշանակվում՝ այդպիսի ունիվերսալություն շատ դժվար է պատկերացնել, որովհետև դա ցույց է տալիս, որ այդ գործառույթների գնահատման հստակ գնահատման չափանիշներ չկան, կամ եթե նույնիսկ կան՝ ապա դրանք կարևոր չեն և որոշիչ են դառնում անձնական հարաբերությունները»։  

Փաստաբան, իրավապաշտպան Լուսինե Հակոբյանի խոսքով էլ՝ Արգիշտի Քյարամյանը, թե իր նախորդ պաշտոններում ինչպե՞ս է գործել՝ դա թափանցիկ չի եղել, որպեսզի հասկանալի լինի՝ լա՞վ է իրեն ՔԿ նախագահ նշանակելը, թե՞ ոչ․ «Իրեն անընդհատ տարբեր պաշտոնների նշանակելը անհասկանալի է եղել, կարծես գաղտնիություն կար, ոչ թափանցիկ էր։ Չի ներկայացվել իր տարբեր պաշտոններում նվաճումները, թերացումները, որոնք են եղել, որ իրեն նշանակել են կամ ազատել են, թե իր դիմումի համաձայն է դուրս եկել»։ 



Լուսինե Հակոբյանից ևս հետաքրքրվեցինք՝ հեղափոխությունից հետո ՔԿ նախագահ նշանակված Հայկ Գրիգորյանի օրոք արդյո՞ք նկատելի չէին դրական տեղաշարժեր։



«Հեղափոխությունից հետո հարուցված քրեական գործերի մի մասի ընթացքը հաջող չի եղել՝ լճացել են։  Ես դժվարանում եմ գնահատել դա Քննչական կոմիտեի մեղքն է, թե դատախազության կամ դատարանների, բայց հանրությունն այդ հարցերում բավական ինֆորմացիա չի ստացել» ,-եզրափակեց փաստաբանը։   

 

civic.am

views: 14

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color