Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Կանանց ցածր ներկայացվածությունն ավանդույթ չէ, այլ` վատ քաղաքական սովորություն

December 29, 2022

Activities | Electoral Process | Right to Vote and to Participate in a Referendum | News | Activities of Local Self-Government Bodies | Civilian Oversight and Monitoring

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Վերջերս Հայաստանի Հանրապետությունում ընտրվել է խոշորացված համայնքի երրորդ կին ղեկավարը:

 

Առաջինը Թավշյա հեղափոխությունից հետո 2018 թվականի հոկտեմբերին մեծամասնական ընտրակարգով  Վաղարշապատի  համայնքապետ ընտրված և 2021թ․ համամասնական ընտրացուցակով վերընտրված ՔՊ-ի թեկնածու Դիանա Գասպարյանն է: Գասպարյանի ընտրությունը  2018-ին  բուռն ոգևորությամբ էր ներկայացվում հեղափոխական իշխանությունների կողմից:

 

Երկրորդը «Ամասիա-Արփի» դաշինքի առաջին համար, նախկին համայնքապետ Ջեմմա Հարությունյանն էր, որը 2021 թվականին վերընտրվեց ավագանու անդամ՝  ՀՀԿ խմբակցության հետ դաշինքի միջոցով. որպես համայնքի ղեկավար նրա ընտրությունը ավագանու կողմից փորձեց տապալել ավագանու ՔՊ խմբակցությունը և ամբողջ կազմով լքեց ավագանին:

 

Երրորդը «Զորավոր համայնք» դաշինքի ցուցակով առաջադրված «Իմ հզոր համայնք» կուսակցության անդամ Աստղիկ Հակոբյանն էր, որն ընտրվեց՝ ցուցակի առաջին երկու համարների ինքնաբացարկի շնորհիվ (գործող համայնքապետի և փոխհամայնքապետը  կալանավորված լինելու պայմաններում մանդատները վայր էին դրել):

 

Այս կանանց քաղաքական գործունեությունը, համայնքի ղեկավարի պաշտոնում նրանց ընտրվելու արտառոց հանգամանքները խոսուն վկայություններ  են, ընտրական գործընթացներում  հայաստանյան պատրիարխալ բարքերի արտացոլանքը:

 

Կանանց ոչ պատշաճ ներկայացվածությունը ընտրովի մարմիններում, իհարկե, սեռերի միջև անհավասարությունից ծնված ամենամեծ խնդիրը չէ, քաղաքականությունում ավելի մեծ թվով կանանց ներգրավումն էլ այդ անհավասարությունը վերացնող սպեղանին չէ:

 

Այնուամենայնիվ, համակարգային խնդիրները միշտ փոխկապակցված են:

 

Այս հրապարակմամբ Անկախ դիտորդ դաշինքը, որպես ընտրությունները դիտարկող[1], ընտրական գործընթացների բարելավման համար պայքարող միավորում, ներկայացնում է վերջին մեկ տարվա ընթացքում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների արդյունքում ՏԻՄ մակարդակում սեռերի քվոտայի ազդեցությունը: Նպատակն ամբողջական պատկերի ներքո Անկախ դիտորդ դաշինքի կողմից ներկայացված առաջարկությունների հիմնավորումն է։

 

2018թ.-ի ապրիլին Womennet.am կայքը արձանագրում էր՝ խոշորացված համայնքների ավագանիներում կանանց թիվը նվազել է 2-3 անգամ:[2]

 

Թավշյա հեղափոխության ընթացքում կին քաղաքական գործիչների դերը զգալիորեն բարձրացել էր։ Հեղափոխությունից հետո տեղի ունեցած արտահերթ ընտրությունների արդյունքում ավելացավ նաև կանանց թիվը  Երևանի ավագանում, և կին պատգամավորների թիվը՝ ԱԺ-ում։ Այս շարքում էր արդեն հիշատակված Վաղարշապատում առաջին կին քաղաքապետի ընտրությունը՝ մեծամասնական ընտրակարգով :

 

Այնուամենայնիվ, իրավիճակը շարունակում էր մնալ խիստ մտահոգիչ:

 

Համայնքների խոշորացման ծրագրի իրականացումն ըստ էության ընդհատվել էր մինչև 2021թ.: Ընտրական օրենսգրքի և հարակից օրենքների փոփոխության նախագծի պատրաստման արդյունքում կանանց տեղական ինքնակառավարումից դուրս մղելու միտումը չեզոքացնելուն ուղղված երկու կարգավորում առաջարկվեց․

 

  1. 4000-ից ավել ընտրող ունեցող համայնքներում ավագանին ընտրվում է համամասնական ընտրակարգով:

  2. Առաջադրվող կուսակցությունների և դաշինքների նախընտրական ցուցակներում միևնույն սեռի ներկայացուցիչների թիվը չի կարող գերազանցել 70%-ը՝ յուրաքանչյուր ամբողջական թվով եռյակում, իսկ ավագանու խմբակցություններում պակաս ներկայացված սեռի ավագանու անդամների թիվը չի կարող 20, 25 ապա 30%-ից պակաս լինել: Ավագանու թեկնածուի ինքնաբացարկի (կամ ավագանու անդամի կողմից մանդատը վայր դնելու)  պարագայում մանդատը  պետք է փոխանցվի նույն սեռի թեկնածուին, եթե կա:

 

Սրանք բավականին վճռական և բավականին խիստ կարգավորումներ են, որոնք էականորեն փոխում են ՏԻՄ-երի կառուցվածքը: Համամասնական ընտրակարգի շնորհիվ կուսակցությունները ակամա հնարավորություն ստացան քաղաքականությունը բերել համայնքներ, սեփական ընտրազանգվածը ձևավորել ԱԺ ընտրությունների միջակայքում։ ՏԻՄ ընտրությունների արդյունքները ստացան քաղաքական նշանակություն: Միևնույն ժամանակ, ակնկալվում էր, որ պետք է՝ շեշտակի ավելանային  կին ավագանու անդամների թե՛ թիվը և թե՛ տոկոսը: Այս քանակական փոփոխությունը, համոզված ենք, ունենալու է իր դրական որակական ազդեցությունը հաջորդ ընտրական շրջափուլում։

 

Այնուամենայնիվ, հարկավոր է բացահայտել  գործընթացի բովանդակությունը  կոնկրետ դրսևորումներում. ինչպե՞ս են կուսակցություններն ու կուսակցությունների միջոցով ընտրվող քաղաքական ուժերը վերաբերվում օրենսդրության էությանը, սկզբունքներին  և կիրառում այն :


Ինչով է պայմանավորված այն օրինաչափությունը, որ առավել հաճախ ինքնաբացարկ ներկայացնում են ընտրական ցուցակի յուրաքանչյուր երրորդ տողը զբաղեցնող թեկնածուները:

 

2021-ին տեղի ունեցած ՏԻմ ընտրությունների արդյունքում (2022թ.-ի դրությամբ) Womennet.am-ը հաշվել էր համայնքների ավագանիների կազմում կանանց թիվը և արձանագրեց  այդ համայնքներում առաջադիմությունը:[3] Քվոտան իր գործն արել էր, խնդիրներ էին նկատվում միայն առանձին համայնքներում, որտեղ կին թեկնածուները ինքնաբացարկ էին ներկայացրել կամ հրաժարվել մանդատից:[4]

 

Մեկ տարի առաջ վերոհիշյալ նյութի համար մեկնաբանություն տված մի քանի համայնքի ղեկավարները կարծում են, որ խոսք անգամ չի կարող լինել ինքնաբացարկ ներկայացնող կանանց վրա իրենց թիմի կողմից ճնշումների մասին: ԿԸՀ նախկին նախագահ Տիգրան Մուկուչյանն իր հերթին պնդել էր, որ օրենքի տեսանկյունից ամեն ինչ կարգին է, իսկ արդեն գրանցված ցուցակում կանանց քվոտան ավելի խիստ պաշտպանելը կարող է հանգեցնել մրցակից կուսակցությունների կողմից ճնշումների. «Պատկերացնենք մի իրավիճակ, երբ կան երկու մրցակից քաղաքական ուժեր, և դրանցից մեկը՝ ունենալով լծակներ, փորձում է մյուսի ցուցակում ընդգրկված կանանց վրա տարբեր ձևերով ճնշում գործադրել, որպեսզի նրանք վերցնեն փաստաթղթերը և դրա հետևանքով մրցակից ուժի ընտրացուցակը չգրանցվի»։ Ուրիշ կուսակցության տղամարդիկ կճնշեն․ այս միտքը ձևակերպել են նաև որոշ քաղաքական գործիչներ, այդ թվում նաև ԿԸՀ ներկա նախագահ Վահագն Հովակիմյանը՝ որպես ՔՊ խմբակցության պատգամավոր Ընտրական օրենսգրքի քննարկումներին մասանկցելիս:

 

Մրցակիցների կողմից կին թեկնածուների կամ ավագանու անդամների նկատմամբ ճնշումների ռիսկերն իհարկե առկա են: Բայց դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները առայժմ տեսնում են, թե  ինչպես են վարչական տարբեր  լծակներ ունեցող քաղաքական գործիչները մրցակից թեկնածուների նկատմամբ ճնշումներ գործադրում՝ առանց սեռի հիմքով որևէ խտրականության: Ավելին, մենք ունենք բազմաթիվ, եթե ոչ՝ համակարգային զտումների ապացույցներ՝ ոչ թե մրցակիցների, այլ սեփական նախընտրական ցուցակներում:

 

Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի ավագանու կազմում ընդգրկվելու համար 4 կին էր առաջադրվել, նրանցից որևէ մեկը չի ընտրվել։ Ավագանու որևէ կին անդամ չի առաջադրվել մեծամասնական ընտրակարգով ձևավորվող մի քանի համայնքներում՝ Արագածոտնի մարզի Ալագյազ, Արևուտ, Շամիրամ և Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում: Սրանք հիմնականում ազգային փոքրամասնություններով բնակեցված փոքր գյուղական բնակավայրերով համայնքներ են: Նրանց կողքին տեղ է գտել խոշորացված Ապարան համայնքը, որտեղ Քաղաքացիական պայմանագրի 7 և Կարեն Եղիազարյան դաշինքի 14 ավագանիներն էլ տղամարդիկ են․ երկու ուժերի բոլոր կին թեկնածուներն ինքնաբացարկ են ներկայացրել:

 

Թալին, Չարենցավան, Ճամբարակ և Սևան համայնքներում իրավիճակը մի փոքր այլ է։ Այստեղ կին թեկնածուների բացառման գործում մրցակցող քաղաքական ուժերը մինչև վերջ չէին գնացել` կանայք ավագանիում զբաղեցնում են 7-11%:  Նոյեմբերյան, Գավառ, Ախուրյան, Գառնի, Տեղ, Եղեգիս համայնքներում՝ 20-24%:

 

Ներկայացված ընդհանրական պատկերը  կարելի է փորձել բացատրել, օրինակ, տեղային  առանձնահատկություններով որոնք կոնկրետ քաղաքական թիմերի որոշումների հետևանք են:

 

ՏԻՄ մակարդակում կուսակցությունների և դաշինքների առաջադրումը դեռևս տեղի է ունենում «վերևից ներքև» իրականացվող սկզբունքի հիման վրա: Կուսակցությունը համայնքում գտնում է որևէ անձի և առաջարկում դառնալ համայնքի ղեկավար, երբեմն այդ անձն է գտնում որևէ կուսակցություն կամ մի քանի կուսակցություններ՝  համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրվելու համար: Այդ անձը քաղաքական հանդես եկող թիմ է հրավիրում ավագանու թեկնածուներին. որքան շատ նախկին համայնքի ղեկավարներ, վարչական ղեկավարներ, ՀՈԱԿ-ների և ՊՈԱԿ-ների տնօրեններ լինեն, այնքան ընտրվելու հավանականությունը մեծ կլինի: Կարևոր են, իհարկե, նաև ձեռներեցները, մշակույթի և սպորտի գործիչները, քրեական կամ այլ հեղինակությունները: Ըստ Օրենքի պահանջի, կարևոր է  նաև կանանց ներգրավումը: Նախընտրական ցուցակների մեծ մասում կանայք մեխանիկորեն նշանակվում են յուրաքանչյուր 3-րդ հորիզոնականում, անգամ եթե ինչ որ բացառությամբ առաջին եռյակում կին թեկնածուն կարողացել է առաջադրվել երկրորդ հորիզոնականով: Եվ դիտորդների հետ հարցազրույցներում երկրորդ տեղով առաջադրվելու իրենց պահանջին կուսակցության համաձայնությունը ստանալը կին թեկնածուները ներկայացնում են որպես ձեռքբերում։

 

Սակայն ինչպես հրավիրում են ընտրական ցուցակ, այնպես էլ հեռացնում են ցուցակներից՝ ընտրություններից հետո:

 

Այսպես են իրենց դրսևորում ոչ միայն տարբեր կուսակցությունները, այլև նույն կուսակցության անունով տարբեր համայնքներում առաջադրվող թիմերը: Հաճախ դա փորձում են արդարացնել նրանով, որ քվոտան «խտրական» է․ քվոտայի պատճառով մանդատը չի հասնում տղամարդ թեկնածուին, որը, ինչպես պնդում են, ավելի արժանի է:

 

 

Ստորև բերված գծապատկերում արտացոլված են այն դեպքերը, երբ միևնույն կուսակցությունը առաջադրվել է ավելի քան մեկ համայնքում և ստացել է երեք կամ ավել մանդատներ:

 

Մեկ մանդատ ստանալու դեպքում քվոտան դեր չի խաղում, իսկ երկու մանդատ ստանալու դեպքում, եթե ցուցակի առաջին երկու համարները տղամարդ թեկնածուներ են, կուսակցությունը կամ դաշինքը պետք է որոշի՝ զրկել նրանցից մեկին մանդատից և ապահովել քվոտան, թե պահանջել բոլոր կանանց ինքնաբացարկը:

 

Այսպես օրինակ՝ Հայ Յեղափոխական դաշնակցությունը մանդատներ է ստացել 11 համայնքում, որից 3 կամ ավելի մանդատ ստացել է 4 համայնքում։ Այդ համայնքներից երկուսում խմբակցության բոլոր մանդատները տրվել են տղամարդկանց։ Մեկ համայնքում կանանց տրվել է սահմանված 25%-ից պակաս մանդատ (Մեծամոր համայնքի ՀՅԴ խմբակցության 6 մանդատներից մեկը) և 1 համայնքում 25% (Իջևան համայնքի ՀՅԴ խմբակցության 4 մանդատներից մեկը)։

 

Միայն երկու համայնքներում չառաջադրված[5] Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը քանակային առումով կանանց մանդատից զրկելու առաջատարն է: Որևէ կին ներկայացված չէ Ապարան համայնքի ՔՊ խմբակցությունում և 25%-ից պակաս է ներկայացված Թալին, Եղեգնաձոր և Եղեգիս համայնքներում։[6]

 

Երեք և ավելի մանդատ ստանալու դեպքում կուսակցությունից ընդամենը պահանջվում է մանդատը տրամադրել ցուցակի հերթական համարին: Ինչպես տեսնում ենք՝ 85 դիտարկված դեպքերից 15-ում (17,6%-ում) այս պարզ բանաձևը չի հրապուրել  կուսակցություններին:

 

Քանակական այս տվյալները ցուցադրում են այն ակնհայտ անարդարությունը, երբ ԿԸՀ կայքում տեսնում ենք  թեկնածուների ցուցակները. տղամարդկանց  պատահական ինքնաբացարկների կողքին՝ կանանց ինքնաբացարկների համակարգային բնույթը յուրաքանչյուր երրորդ տողում:

 

 

Այսպես են կուսակցություններն ընկալում օրենսդրական կարգավորումն առ այն, որ պակաս ներկայացված սեռի ավագանու անդամի մանդատը պետք է փոխանցվի նույն սեռի թեկնածուին, եթե հնարավոր է:

 

Պատասխանը պարզ է՝ հնարավոր չէ, քանի որ ցուցակում պարզապես կին թեկնածու չի  մնացել: Բոլորովին «պատահականորեն»՝ նրանք զանգվածաբար ինքնաբացարկ են ներկայացրել։

 

Ընտրական օրենսգրքի նոր փոփոխությունների փաթեթի քննարկումներում քաղաքացիական հասարակության մի քանի կազմակերպություններ առաջարկել են վերացնել այս հայեցողությունը. եթե ցուցակում սեռերից մեկի ներկայացվածությունը նվազել է 30%-ից և տվյալ կուսակցությունը կամ դաշինքը չեն կարող վերականգնել օրենսդրությամբ նախատեսված նվազագույն բալանսը՝ մանդատը մնում է թափուր: Այսինքն՝ խմբակցությունը կորցնում է յուրաքանչյուր երրորդ մանդատը, եթե որոշել է ինքնաբացարկի դրդել իր ցուցակի յուրաքանչյուր երրորդ թեկնածուին:

 

Այնուամենայնիվ, հնարավոր է համամասնական ընտրակագրով ձևավորվող տեղական ինքնակառավարման մարմինների զարգացման նաև այլ ճանապարհ: Օրենսդրությունը բնավ չի պահանջում, որ կանանց ներկայացվածությունը սահմանափակվի  30%-ով, ինչպես չի պահանջում յուրաքանչյուր եռյակում կին թեկնածուին տրամադրել վերջին հորիզոնականը:

 

Փոխարենը Օրենսդրությունը փորձում է (կամ առնվազն պիտի փորձի) ստեղծել խաղի այնպիսի կանոններ, երբ քաղաքական մարմիններում քաղաքականությամբ զբաղվելը, ավելի հեշտ է դառնում, քան ստվերային գործարքների գնալը, կոռուպցիոն շահեր պաշտպանելը և ներկայացուցչական մարմնում բնակչության կեսի ներկայացուցվածությունն արհամարհելը:

 

Եթե քաղաքական ուժերն կարողանան կամք դրսևորել և ՏԻՄ-ը դիտարկեն որպես քաղաքական գործունեության մարմին, աջակցեն ավագանին քաղաքական հարթակ դարձնելու գործընթացին և ավագանուն ազատեն համայնքների ղեկավարների խտրական ու կամայական թելադրանքից, կանայք և տղամարդիկ  համաչափ ներկայացված կլինեն ավագանիների կազմում և կմասնակցեն իրենց համայնքների և իրենց միջավայրի կյանքը բարելավվելու գործընթացում:

 

_____________________________________

[1] 2022 թ․ սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների ամփոփ դիտարկումներ՝ ըստ համայնքների, https://hcav.am/local-elections-25-sept/

[2] Խոշորացման հետևանքները. համայնքների ղեկավարների թվում կանայք 1.6% են, ավագանիների թվում ՝ 10%,  http://womennet.am/խոշորացման-հետևանքները-համայնքների/

[3] 2021թ. ՏԻՄ ընտրությունների ամփոփում. կանանց ներկայացվածությունը ավագանիներում զգալիորեն աճել է,  http://womennet.am/2021-summary-of-local-elections-1/

[4] Գենդերային քվոտան միշտ չէ, որ երաշխավորում է կանանց ներկայացվածությունը նորընտիր ավագանիներում, http://womennet.am/avagani-quota-yntrutyunner-2/

[5] Ճամբարակում՝ տեղական էլիտաների հետ մրցակցությունից խուսափելու պատճառով: Սևան համայնքում, որքանով թույլ են տալիս դատել երկարաժամկետ դիտորդության ընթացքում ստացված տվյալները, կուսակցության վարչությունը չէր կարողացել համոզել տեղական կառույցին ընտրություններին մասնակցել կին թեկնածուի գլխավորությամբ:

[6] Բոլոր խմբակցությունների տվյալները հասանելի են այստեղ https://docs.google.com/spreadsheets/d/1ABFeGTw-cFxVZC4xy_p5Mzbap9fYkGECie2a61tUmRc/edit#gid=0

views: 303

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color