Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Պարտադրվող սահմանազատումը ագրեսիայի շարունակությունն է

November 6, 2021

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Lragir.am-ի զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը

 

Պարոն Սաքունց, սահմանազատման գործընթացի մասին խոսելիս՝ Պուտինը հիշատակեց ՌԴ գենշտաբում պահվող քարտեզների մասին ու ասաց, որ այլ երկրների մասնակցություն պետք չէ այս գործընթացին։ Այս փուլում նաև տեղեկություն կա, որ առաջիկայում հնարավոր է ինչ-որ փաստաթղթերի ստորագրում։ Ի՞նչ պետք է անի հայկական կողմը։

 

Առաջին հերթին պետք է արձանագրենք՝ քանի դեռ Հայաստանի ու ՀՀ բնակչության, հատկապես սահմանամերձ բնակիչների նկատմամբ անվտանգային սպառնալիքները վերացված չեն, երկրորդ՝ ատելության այն հռետորաբանությունը, որը կիրառվում է սահմանազատման ենթադրյալ մասնակից մի պետության կողմից, վերացված չէ, և քանի դեռ չկա փոխադարձ համագործակցության մթնոլորտը, որևէ խոսակցություն չի կարող տեղի ունենալ։ Ավելին, Հայաստանի ու Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան։ Այսինքն՝ ինչպե՞ս է այդ պայմաններում իրականացվելու այդ սահմանազատումը։

 

Եթե Ռուսաստանի Դաշնությունը՝ ի դեմս Պուտինի, իր տեսակետն է արտահայտում՝ որպես պատերազմական գործողությունները դադարեցրած կողմ, ապա այդ մոտեցմանը պետք է որպես հակափաստարկ ներկայացվեն իմ նշած գործոնները, հիմնավորումները։ Ի դեպ, այդ մասին արդեն արտահայտվում են պաշտոնատար անձինք, առնվազն գոնե Արտաքին գործերի փոխնախարարի մակարդակով հստակ ուղերձներ ու դիրքորոշումներ են ներկայացվում։ Պատերազմական գործողությունների դադարեցման այդ հայտարարությունը որևէ կապ չի կարող ունենալ այն մեխանիզմների հետ, որոնք կարող են առնչվել սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին։ Ինչո՞ւ, որովհետև սահմանազատման մասին կան հստակ սահմանված ու ձևակերպված ԵԱՀԿ-ի մեխանիզմներ։ Երկրորդ, անպայման պետք է ներկայացված լինեն միջազգային այնպիսի սուբյեկտներ, առանց որոնց մասնակցության հնարավոր չէ որևիցե գործընթաց, որը, կրկնում եմ, ենթադրում է միմիայն գործընկերային, կողմերի հավասար մասնակցության ապահովում, որի ուղղությամբ, սակայն, նույն Վլադիմիր Պուտինը որևէ ջանքեր չի գործադրում։ Այսինքն՝ ինքն անտեսում է հայ ռազմագերիների շարունակական գտնվելը Ադրբեջանում, այն դեպքում, երբ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հստակ արձանագրված է, որ ռազմագերիները բոլորը բոլորի դիմաց պետք է վերադարձվեն։ Բայց, կներեք, այդ հայտարարության երաշխավորը, գրողը՝ իր իսկ խոստովանությամբ, հենց Պուտինն է։ Իսկ եթե ինքը դա չի կարողանում ապահովել, ապա ի՞նչ սահմանազատման հարց է բարձրացվում։ Ինքը չի էլ կարող հանդես գալ որպես այն սուբյեկտը, որը կարող է երաշխավորել փոխադարձ հարգանքի, կողմերի հավասարության սկզբունքի, ատելության բացառման հանգամանքները։ Ինքը շատ լավ տեղյակ է, թե ինչ է ասում Ալիևը, շատ լավ տեղյակ է, թե ինչ գործողություններ են կատարվում, որ ռազմագերիները վերադարձված չեն։ Ես հասկանում եմ, որ պատերազմի արդյունքների հիման վրա Ալիևը կարող է ոգևորվել, բայց երբ այդ ոգևորությունը ներկայացնում է սպառնալիքներով, ընդհուպ՝ Երևանը կամ Սյունիքը գրավելու մասին հայտարարություններով, տարբեր զորավարժությունների իրականացմամբ ու սպառազինության մրցավազք իրականացնելով, սրանք այն գործողությունները չեն, որոնք կարող են վստահություն ներշնչել։ Ավելին, այդ գործողությունների հանդեպ Պուտինի նման պասիվ վերաբերմունքն ամենևին չի նպաստում վստահության ձևավորմանը, որ ՌԴ-ն կարող է հանդես գալ որպես նման գործընթացի երաշխավոր։

 

Ինչ վերաբերում է ՌԴ Գլխավոր շտաբի քարտեզներին, այդ քարտեզներն ունի ոչ միայն Ռուսաստանի գլխավոր շտաբը։ Տարբեր քարտեզներ կան, բայց խնդիրը գործընթացն է։ Խնդիրները մեկը մյուսի հետ փոխկապակցված են, խոսում են խաղաղության պայմանագրի մասին, բայց մյուս կողմը բացարձակապես չի հիշատակում Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգության հարցը։ Այս կոնֆլիկտը եղել է Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման մասին։ Եվ խնդիրները հենց առաջացել են Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան հարաբերությունների դաշտում։ Բայց Ադրբեջանն ընդհանրապես չի խոսում դրա մասին, ավելին, իր սպառնալիքները Հայաստանի նկատմամբ, դրանք ուղղակի սպառնալիքներ են նաև ԼՂ  բնակչության նկատմամբ։ Այս համատեքստում ուզում եմ նշել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեությունը որևէ միջազգային ակտով դադարեցված չէ։

 

Հետևաբար, գործընթացները պետք է միայն միջազգային ներգրավմա՞մբ լինեն։

 

Երբ ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանն ու Ադրբեջանը դարձան միջազգային իրավունքի սուբյեկտ, միջազգային բոլոր փաստաթղթերում նախ արձանագրված են կոնֆլիկտի առկայությունն ու այդ կոնֆլիկտի լուծման սկզբունքները։ Դա է՝ տարածքային ամբողջականություն և ինքնորոշման իրավունք, ուժի գործադրումից հրաժարում և միայն խաղաղ ճանապարհով խնդրի լուծում։ Սա արձանագրված է նաև միջազգային ամենատարբեր փաստաթղթերում՝ թե ՄԱԿ-ի, թե Եվրամիության փաստաթղթերում։ Այսինքն՝ բոլոր այն միջազգային կառույցները, որոնց անդամակցում են Հայաստանը, Ադրբեջանն ու նաև Ռուսաստանը, դրանց բոլոր փաստաթղթերում այդ սկզբունքներն են դրված։ Հիմա տեղի է ունեցել առնվազն երկու սկզբունքի կոպիտ խախտում, միջազգային իրավունքի նորմերի խախտում, ավելին, դրանք շարունակվում են։ Հիմա ո՞վ է կասեցնելու կամ չեզոքացնելու այդ սպառնալիքները, Ռուսաստա՞նը։ Իհարկե, մենք բազմիցս միջազգային կառուցներում հարց ենք բարձրացրել, որ միջազգային կառույցները պետք է լինեին շատ արդյունավետ՝ այդ սկզբունքների ոտանահարման գործողությունները կասեցնելու առումով, բայց պետք է արձանագրենք, որ միջազգային այդ կառույցները չունեն արդյունավետ գործիքներ, որպեսզի կարողանան կանխել պատերազմները։ Բայց պատերազմի հետևանքով տուժածների իրավունքների, ագրեսորին սաստելու, նրա գործողություններին գնահատական տալու կարողություն նրանք ունեն, որի առանձին դրսևորումներ մենք հիմա տեսնում ենք։ Այսինքն՝ մեզ համար ակնհայտ է, թե որոնք են այն կառույցները, միջազգային մեխանիզմները, որոնք ուղղված են իմ թվարկած սպառնալիքների վերացմանը։ Այդպիսի գործիքներ, մեխանիզմներ, դիրքորոշումներ առայժմ ունեն միայն իմ թվարկած միջազգային կառույցները, բայց ոչ ամենևին Ռուսաստանը, որի ակնհայտ թողտվությամբ եղավ այս ագրեսիան։ Ռուսաստանը պատշաճ հնարավորություններ ուներ՝ կանխելու այս ագրեսիան, բայց ինքը նույնիսկ չդատապարտեց այս պատերազմի սանձազերծումը՝ ի տարբերություն իմ նշած կառույցների կողմից արված հայտարարությունների։

 

Այնպես որ, խոսել ինչ-որ գործընթացների մասին՝ առանց համապատասխան պայմանների ու մթնոլորտի, ոչ թե անիմաստ է, այլ դա ագրեսիայի տրամաբանության շարունակությունն է՝ արդեն բոլորովին այլ տեսակի գործողությունների միջոցով, որոնք պարտադրելու բնույթ ունեն։ Ես պետք է ասեմ, որ միջպետական հարաբերություններում խնդիրների լուծման այդ պարտադրանքի մեթոդը լեգիտիմ չէ, և ոչ մի անգամ երկարաժամկետ կյանք չի ունեցել, որվհետև դա անարդար է։ Պատմության մեջ դրա բազմաթիվ օրինակները կան։ Մեր արտաքին գերատեսչությունը պետք է ջանքեր գործադրի՝ միջազգային կառույցների ներգրավումն այս գործընթացին ապահովելու համար։ Մենք տեսնում ենք, որ միջազգային սուբյեկտներն այնուամենայնիվ եղել են և գտնվում են իրենց սկզբունքային դիրքորոշումներում, այսինքն՝ անթույլատրելի են համարում սպառնալիքի վարքագիծը։ Մենք տեսանք ՄԻԵԴ որոշումները, Հաագայի դատարանում քննարկվում է ՀՀ հայցն ընդդեմ Ադրբեջանի, այնպես որ մեխանիզմները եռակողմ հայտարարությամբ չեն որոշված։ Ավելին, նոյեմբերի 9-ի հայտարարությունն ընդամենը ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածություն է։ Իսկ հիմա փորձել այդ հայտարարության շրջանակներում ինչ-որ մեխանզիմներ ձևավորել՝ անտեսելով միջազգային սուբյեկտներին, դա որևէ հեռանկար չունի, չի կարող նպաստել այն անվտանգային սպառնալիքների վերացմանը, որի կարևոր խնդիրներից մեկը հենց սահմանազատման գործընթացն է։ Ի դեպ՝ այս գործընթացը կարող է տևել տարիներ։ Իսկ շտապողականությունը նման  իրավիճակներում հակասում է միջազգային իրավունքին ու անվտագության սկզբունքներին, որովհետև դու սպառնալիքի տակ փորձում ես պատադրել, որ որոշակի համաձայնություն լինի։ Նման գործելակերպն ինքնին չի համապատասխանում քաղաքակրթական նորմերին, միջազգային սկզբունքներին։ Եվ Պուտինը դա լավ հասկանում է, դրա համար փորձում է այդ գործընթացները միջազգային իրավունքի նորմերի, միջազգային սուբյեկտների անտեսմամբ իրականացնել՝ փակ շրջանակում։ Ի դեպ՝ ներկայում առաջարկվող այդ տխրահռչակ «3+3» ձևաչափում նույնպես կա այդ փակ շրջանը։

 

lragir.am

views: 30

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color