Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Ժամկետային զինծառայողը կդառնա պայմանագրային, կստանա աշխատավարձ. ի՞նչ բարեփոխումներ է առաջարկում ՊՆ-ն

November 15, 2022

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Հայաստանի Կառավարությունը զինված ուժերի բարեփոխումների շրջանակում Ազգային ժողով է ներկայացրել օրինագիծ, որն ինչպես պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն է ասում՝ նպատակ ունի բարձրացնելու զինվորական ծառայության նկատմամբ գրավչությունը: Փաստաթղթի ներկայացման ժամանակ պարզ դարձավ, որ զինված ուժերի նկատմամբ գրավչությունը պաշտոնյաները մեծացնում են ապագա զինվորականներին ֆինանսապես շահագրգռելով:

 

«Մեր բանակի ռեֆորմների մեջ այս պահին կարևորագույն օրինագիծն է: Մեր բանակի ապագային միտված քայլեր են արվում այս նախագծով»,- ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստի մեկնարկին հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

 

«Կարևորագույն օրինագիծը» ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն է: «Նախագծով առաջարկվում է պայմանագրային զինծառայության գրավչությունը բարձրացնելու նպատակով ներդնել շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգ՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը»,- հանձնաժողովի նիստում, որտեղ միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն էին, հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

 

Ծրագիրը նախատեսում է շարքային ու սպայական կազմերի պարտադիր և զինվորական ծառայության առաջին վեց ամիսը լրանալուց հետո Կառավարության սահմանած կարգով պայմանագրային զինվորական ծառայության անցնելու հնարավորություն՝ ծառայության ժամկետը սահմանելով 5 տարի: 

 

Պայմանագրի ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ոչ պիտանի ճանաչվելու հիմքով ծառայությունից ժամկետից շուտ արձակվելիս նրանց համար սահմանվում է պատվովճար՝ 5 մլն դրամի չափով, որն ազատ են տնօրինել այնպես, ինչպես կուզենան: 

 

Պայմանագիր կնքած զինծառայողները ևս ենթակա են լինելու ատեստավորման օրենքով սահմանված կարգով, և դրական արդյունքների դեպքում նրանց հաշվարկվելու է իրենց պաշտոնի խմբի համար նախատեսված հավելավճարը: Եթե զինծառայողը որոշում է հրաժարվել պայմանագրային զինվորական ծառայությունից, ապա ուղարկվելու է շարունակելու պարտադիր զինվորական ծառայության չծառայած մասը: 

 

Ծրագրի ներդրումից հետո կդադարեցվի «Ես եմ» ծրագրի գործունեությունը, որի շրջանակում այս պահին միայն 2 զինծառայող է շարունակում ծառայությունը: «Մեր առաջարկած «Հայրենյաց պաշտպան» ծրագրով պայմանագիրը երբ կստորագրվի զինծառայողի հետ, ժամկետային զինծառայողը դառնում է պայմանագրային զինծառայող ու օգտվում է պայմանագրայինների համար սահմանված բոլոր իրավունքներից ու ավելին՝ հնարավորություն է ստանում մասնակցելու ատեստավորման ծրագրին»,-ներկայացրել է Պապիկյանը:

 

Իսկ ահա ատեստավորումից հետո պայմանագրային զինծառայողը, բացի իր հաստիքային աշխատավարձից, կստանա նաև կրկնակի հավելավճար: 

 

Որպեսզի իր կուսակից պատգամավորների համար ավելի պատկերավոր դառնա, թե ինչպես է գրավչությունը մեծանալու Հայաստանի զինված ուժերի նկատմամբ, Պապիկյանը շեշտել է. «Դիցուք, 18-ամյա երիտասարդը 6 ամիս ծառայելուց հետո կարող է դառնալ պայմանագրային զինծառայող և այդ օրվանից վաստակել առանց հարկերի 316 հազար դրամ աշխատավարձ, մարտական հերթապահություն կատարելու պարագայում՝ ընդհուպ 360 հազար դրամ աշխատավարձ: Այդպես՝ 5 տարի շարունակ, վերջում էլ կստանա 5 մլն դրամ պատվովճար ու այդ գումարը կարող է ուղղել իր ցանկացած խնդրի լուծման: Կարող է ամուսնանալ»:

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի զինվորական գործերով փորձագետ Արմինե Սադիկյանի համոզմամբ՝ ֆինանսական շահագրգռությամբ հնարավոր չէ մեծացնել զինված ուժերի նկատմամբ գրավչությունը: «Ինչո՞ւ պետք է 18-35 տարեկան երիտասարդներն ընտրեն զինվորական ծառայությունը ինչ-որ աշխատավարձի համար, եթե կարող են քաղաքացիական կյանքում նման աշխատավարձով ու կյանքի իրավունքի երաշխավորմամբ աշխատանք ունենալ»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է Սադիկյանը: 

 

Նրա խոսքով՝ զինված ուժերում ծառայությունը չի կարող գրավիչ լինել այնքան ժամանակ, մինչև հնարավոր չլինի նորագույն պահանջներին համապատասխան կրթություն ապահովել, հնարավորություն տալ մասնագիտական առաջխաղացում ունենալ: 

 

«Միայն նյութական շահագրգռությունը չի կարող գրավիչ դարձնել զինվորական ծառայությունը: Սպայական մասնագիտության ճանապարհային քարտեզը պետք է հստակ լինի, պետք է կանխատեսելի լինի այն անձի համար, որն ընտրում է զինվորական մասնագիտությունը: Մարդը լսում է, որ բանակում զենք չի եղել հակառակորդին դիմակայելու համար, ինչքան ուզում ես նյութական շահագրգռություն ցույց տուր, անձը պետք է վստահ լինի, որ ինքը գնում է զինված ուժեր հայրենիքի պաշտպանության համար և ոչ թե պատերազմական գործողություններ լինելու դեպքում մահանալու համար: Նա պետք է վստահ լինի, որ իր կյանքի իրավունքը հնարավորինս երաշխավորված է լինելու»,- նշում է Արմինե Սադիկյանը:

 

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում խորհրդարանական ընդդիմադիր երկու խմբակցություններից պատգամավոր ներկա չէր կառավարության նախագծի քննարկման ժամանակ: «Պատիվ ունեմ»-ից Տիգրան Աբրահամյանն ասում է, որ նախագիծը, հատկապես ՊՆ-ի ներկայացրած, կարևոր է համարում, առաջարկներ ինքը ներկայացնում է: «Թե ինչու ընդդիմությունը հանձնաժողովին կամ լիագումար նիստերին չի մասնակցում, դրա մասին բավական երկար ժամանակ է խոսվել, ու ես առանձնահատուկ դրան չեմ անդրադառնա, բայց բոլոր այն կարևորագույն հարցերը, որ քննարկվում են հանձնաժողովում կամ նույնիսկ երբ դրանք ՊՆ-ի կողմից որևէ ձևով շրջանառվում են, որոնք ես կարևոր եմ համարում, անհրաժեշտ դիտարկումներ, փաստարկներ ու լուծումներ ես ներկայացնում եմ ՊՆ»,-«Մեդիալաբին» ասում է Աբրահամյանը։

 

Ինչ վերաբերում է Պապիկյանի ներկայացրած փոփոխությանը, Աբրահամյանն ասում է՝ դեմ չէ, բայց կա լրացումներ կատարելու անհրաժեշտություն. «Կա որոշակի լրամշակման անհրաժեշտություն, բայց ընդհանուր գաղափարը վատ չէ։ Շատ բան կախված է, թե այս գործընթացն ինչպիսի ընթացք կվերցնի, և ինչ մեխանիզմներ գործի կդրվեն։ Այդ ամենից հետո նոր հնարավոր կլինի հստակ մատնանշել թերությունները, առաջարկել լուծումներ»,- ընդգծում է նա։

 

medialab.am

views: 69

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color