Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Վերջ դնել իրավապաշտպանների անհիմն հետապնդումներին և պաշտպանել նրանց օրինական իրավապաշտպան աշխատանքը

June 18, 2021

Գրադարան

Մենք՝ քաղհասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս, մտահոգված ենք Հայաստանում իրավապաշտպանների դեմ շարունակվող հետապնդումներով: Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին հարգել իրենց միջազգային հանձնառությունը՝ ստեղծելու նպաստավոր միջավայր իրավապաշտպանների համար, պաշտպանելու նրանց իրավաչափ աշխատանքը, դատապարտելու նրանց հանդեպ սպառնալիքներն ու հարձակումները, և դադարեցնել անիրավաչափ միջամտությունը նրանց գործողություններին, այդ թվում՝ անհիմն քրեական հետապնդման և համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցներով:

 

Վերջին երկու տարիների ընթացքում իրավապաշտպաններն ու իրավապաշտպան կազմակերպությունները Հայաստանում ենթարկվել են էլ ավելի շատ ատելության խոսքի ու ապատեղեկատվության, ինչպես նաև ֆիզիկական հարձակումների և առցանց սպառնալիքների: Իրավիճակն էլ ավելի է վատթարացել 2020 թ. նոյեմբերի 9-ին ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև զինադադարի համաձայնություն ձեռք բերելուց հետո: Հայտարարությունից անմիջապես հետո հարձակումներ եղան Ազատ Եվրոպա/Ազատություն Ռադիոկայանի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի և Բաց Հասարակություն հիմնադրամներ-Հայաստանի վրա: Թեև քննություն սկսվեց, սակայն մինչ օրս ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել այս հարձակումների համար: Հայաստանի կառավարության՝ իրավապաշտպաններին պաշտպանելու և նրանց աջակցություն հայտնելու անկարողությունը ստեղծել է անպատժելիության մթնոլորտ, որն էլ թույլ է տալիս աջ ազգայնական խմբավորումներին և շարժումներին` դարձնել իրավապաշտպաններին և իրավապաշտպան կամակերպություններին իրենց առաջնային թիրախը: Այս խմբերի անպատժելիությունը բացասական ազդեցություն է ունեցել ընտրարշավի վրա, և ևս մեկ ցուցիչ է, որ դրան պետք է համապատասխան լուծում տրվի:

 

Հաշվի առնելով Հայաստանում իրավապաշտպանների վատթարացող վիճակը` Մարդու իրավունքների տուն Երևանը Մարդու իրավունքների տուն հիմնադրամի հետ համատեղ նյութեր է ներկայացրել միջազգային և տարածաշրջանային մեխանիզմների շրջանակում: Մասնավորապես` ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման շրջանակում (2020 թ. հունվարի 23-ի նիստ), Հայաստանի կառավարությունը, ի թիվս այլնի, համաձայնել է հետևյալ առաջարկություններին.

 

  • վերջ դնել իրավապաշտպանների դեմ հարձակումների անպատժելիության մշակույթին՝ ձեռնարկելով նրանց հանդեպ սպառնալիքների և բռնության արագ, անաչառ և արդյունավետ քննություն և հետապնդումներ;

  • աջակցել իրավապաշտպաններին՝ պաշտոնապես դատապարտելով նրանց դեմ հարձակումները, երբ դրանք տեղի են ունենում;

  • ընդունել հատուկ օրենքներ, որոնք կարգելեն ատելության խոսքը, և հստակ քայլեր ձեռնարկել՝ վերջ դնելու իրավապաշտպանների դեմ զրպարտիչ արշավներին և սպառնալիքներին;

  • միջոցներ ձեռնարկել՝ պաշտպանելու իրավապաշտպաններին և քաղհասարակությունը՝ ոտնձգություններից։

 

Հայաստանի կառավարությունը որևէ շոշափելի քայլ չի ձեռնարկել՝ բարելավելու Հայաստանում իրավապաշտպանների վիճակը, ովքեր գնալով ավելի ու ավելի վտանգավոր պայմաններում են հայտնվում։

 

Աջական արշավներով իրավապաշտպաններին թիրախավորելու համեմատաբար նոր միտումը հատկապես մտահոգիչ է․ տարբեր իրավապահ մարմինների կեղծ հայտարարություններ են արվում ենթադրաբար իրավապաշտպանների կողմից կատարված «հանցագործությունների» վերաբերյալ, որպեսզի իրավապաշտպանների դեմ տարբեր մեղադրանքներով քրեական գործեր հարուցվեն։ Նման կեղծ հայտարարություններն իրավապաշտպանների և նրանց իրավաչափ աշխատանքի վրա ունենում են էապես «սառեցնող ազդեցություն»։ Անցած տարի Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը մտահոգություն հայտնեց իրավապաշտպանների դեմ հարուցված SLAPP-երի (ռազմավարական հայցադիմումներ՝ ընդդեմ հանրային մասնակցության) վերաբերյալ։ Սրանք իրավապաշտպանների դեմ անհեթեթ քրեական կամ քաղաքացիական հայցեր են, որոնք նպատակ ունեն շեղել նրանց էներգիան և ուշադրությունը իրենց իրավաչափ աշխատանքից՝ պայքարելու կեղծ պնդումների դեմ։ Հայաստանում կեղծ մեղադրանքների վերջին միտումը կարող է նմանատիպ ազդեցություն ունենալ իրավապաշտպանների վրա։   

 

Օրինակ՝ նման մի բողոք է ներկայացվել Հայաստանի Կանանց ռեսուրսային կենտրոնի համահիմնադիր և Մարդու իրավունքների տուն Երևանի խորհրդի անդամ իրավապաշտպան Լարա Ահարոնյանի դեմ՝ Հայաստանում տրանսգենդեր անձանց մարմնավաճառության մեջ ներգրավելու, իսկ մեկ այլ դեպքում՝ պոռնոգրաֆիկ նյութեր տարածելու կեղծ մեղադրանքով։

 

Վերջերս տխրահռչակ աջական «Վետօ» խմբի առաջնորդի կողմից մտացածին պնդման հիմքով քրեական գործ է հարուցվել ազգությամբ եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի դեմ։ 2021 թ․ մայիսի 20-ին Սաշիկ Սուլթանյանի բնակարանը խուզարկվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննիչների և օպերատիվ աշխատակիցների կողմից։ Ըստ իր իսկ վկայությունների՝ Սաշիկ Սուլթանյանը զրկված է եղել հեռախոսազանգ կատարելու, ինչպես նաև փաստաբան ունենալու իրավունքից։ Նույն օրը Մարդու իրավունքների եզդիական կենտրոն ՀԿ-ն, ինչպես նաև Սաշիկ Սուլթանյանի երկու գործընկերների տներն ու մեքենաները ևս խուզարկվել են։ Նրանցից մեկը կենտրոնի լրատվական խմբագիր Մուրազ Շամոյանն էր։ Հաջորդ օրը՝ մայիսի 21-ին, Մուրազ Շամոյանին հարցաքննել են ութ ժամ անընդմեջ։ Հարցաքննության ընթացքում քննիչը նրան ասել է, թե «արևմտյան ՀԿ-ները պետք է փակվեն»։

 

Քրեական գործը, որում ներգրավված են Սաշիկ Սուլթանյանն ու իր գործընկերները, հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի Հոդված 226-ի 2-րդ մասի 1-ին կետով, այն է՝ «Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելուն ուղղված գործողություններ, որոնք կատարվել են հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով»։ Սաշիկ Սուլթանյանի կարծիքն ու Հայաստանում էթնիկ եզդիների իրավունքների խախտումների վերաբերյալ փաստահեն գնահատողական դատողություններն են, որ որակվել են որպես «ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելուն ուղղված գործողություններ»։ Այս հիմքով քրեական գործի հարուցումը իր մեջ ռիսկ է պարունակում՝ փոքրամասնությունների իրավապաշտպանների կարծիքի ազատությունը և Հայաստանում փոքրամասնությունների համար նրանց կողմից ծավալվող կարևոր աշխատանքը խարխլելու առումով։

 

2021 թ․ մաիսի 26-ին 23 տեղական ՀԿ-ներ, որոնց թվում էր Մարդու իրավունքների տուն Երևանը, ստորագրել են հայտարարություն, որով դատապարտում են Սաշիկ Սուլթանյանի դեմ անօրեն հետապնդումը և հորդորում են դադարեցնել այն։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները ևս վճռականորեն բարձրաձայնել են իրենց մտահոգությունները։

 

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, սույնով հորդորում ենք Հայաստանի Կառավարությանը, Դատախազությանը և իրավապահ մարմիններին՝ ձեռնարկել միջոցներ իրավապաշտպանների պաշտպանության և նրանց իրավունքների խթանման առնչությամբ Հայաստանի Կառավարության կողմից ստանձնած հանձնառությունների կատարման ուղղությամբ, մասնավորապես՝

 

  • վերջ դնել իրավապաշտպանների դեմ հարձակումների անպատժելիության մշակույթին՝ ձեռնարկելով նրանց հանդեպ սպառնալիքների և բռնության արագ, անաչառ և արդյունավետ քննություն և հետապնդումներ;

  • աջակցել իրավապաշտպաններին՝ հանրայնորեն դատապարտելով նրանց դեմ հարձակումները, երբ դրանք տեղի են ունենում;

  • քայլեր ձեռնարկել՝ պաշտպանելու իրավապաշտպաններին և քաղհասարակությունը ոտնձգություններից, այդ թվում՝ վերջ դնելով նրանց դեմ կեղծ հայցադիմումների հիման վրա իրենց աշխատանքին միջամտելու պրակտիկային;

  • անմիջապես հրաժարվել իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի դեմ մեղադրանքներից և դադարեցնել նրա և Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի իր գործընկերների անհիմն հետապնդումը։

 

 

«Մարդու իրավունքների տուն Երևան»-ի անդամներ․

ՓԻՆՔ իրավապաշտպան ՀԿ

«Սոցիոսկոպ» հետազոտական ՀԿ

 «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ

«ՊԵՆ մշակութային կենտրոն» ՀԿ

Մարդու իրավունքների տուն հիմնադրամ

Նորվեգիայի Հելսինկյան կոմիտե

 

Դիտումներ՝ 89

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????