Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Քաղաքացիական մասնակցությունը որոշումների կայացման գործընթացին. փաստահավաք այց Հայաստան

June 29, 2020

Գրադարան

Եվրոպայի խորհրդի Միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների (ՄՈԿԿ) համաժողովն այցելում է ԵԽ անդամ պետություններ՝ ավելի լավ պատկերացնելու, թե ինչպես է տեղի ունենում ՀԿ-ների (հիմնադրամներ և միավորումներ) և որոշումներ կայացնողների միջև համագործակցությունը։ Այս այցերի ընթացքում տեղի ունեցող քննարկումները Եվրոպայի խորհրդի տարբեր անդամ պետություններում որոշումների կայացման գործընթացին քաղաքացիական հասարակության տարբեր ձևերի մասնակցության արդյունավետության և ՀԿ-ների համար նպաստավոր միջավայրի ստեղծման վերաբերյալ Եվրոպայի խորհրդի ավելի լայն վերլուծության մաս են կազմում։

ՄՈԿԿ-ը ԱՅՍ ԶԵԿՈՒՅՑՈՒՄ ամփոփել է 2019 թ․ նոյեմբերի 27-29-ը Հայաստան այցի արդյունքները, ներկայացրել եզրակացություն և առաջարկություններ։

Զեկույցի հեղինակները եզրակացության մասում մասնավորապես նշել են․

Եզրափակելով զեկույցը՝ կարող ենք աներկբայորեն ասել, որ Հայաստանի քաղաքացիների շրջանում շատ բարձր են ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդման հետ կապված ակնկալիքները։

Դեռևս առկա են բազմաթիվ մարտահրավերներ, սակայն կան նաև կարևոր ձեռքբերումներ։

Ինչ վերաբերում է քաղաքացիական հասարակության և ՀԿ-ների մասնակցությանը քաղաքականության և  քաղաքական որոշումների կայացման գործընթացին, չնայած օրենքներում առկա բազմազան դրույթներին և գործող կառույցներին, ինչպիսիք են հասարակական խորհուրդները, պետական գործերին մասնակցության իրավունքի կիրառումը, կարծես, էապես կախված է քաղաքացու և ՀԿ-ի ակտիվ մոտեցումից։

Բացի այդ, օրենսդրական ակտերի շուրջ հանրային քննարկումների համար նախատեսված ժամկետը (15 օր) կարճ է, իսկ հանրային քննարկումները հիմնականում սահմանափակվում են մի շարք ընտրված ՀԿ-ներին համապատասխան քննարկումը կազմակերպած մարմնի կողմից հրավերով, և բաց չեն բոլորի համար օբյեկտիվ չափանիշների հիման վրա։
Բացի օրենքներով սահմանված խորհրդակցական մարմիններից, որոնք ներառում են որոշումների կայացման գործընթացին հանրության մասնակցությունը, որևէ քաղաքականություն կամ ռազմավարություն գոյություն չունի պետության և քաղաքացիական հասարակության համագործակցությունը կարգավորելու կամ խթանելու համար։

2019 թվականի վերջին ընդունվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2020-2021 թվականների Գործողությունների ծրագիրը, սակայն դեռևս դժվար է գնահատել հնարավոր ազդեցությունը, որ այն կունենա օրենսդրական շրջանակի և մարդու իրավունքների ոլորտում միջազգային չափորոշիչների կիրառման բարելավման վրա։ Գործող մասնակցային մեխանիզմները հետևողական չեն, և դրանց արդյունավետությունը բարելավման կարիք ունի։ Այն պահանջում է բաց մոտեցում թե՛ ՀԿ-ներից և թե՛ պետական կառույցներից՝ պետական իշխանությունների և քաղաքացիական հասարակության միջև նոր հարաբերություններ կերտելու համար։

ՄՈԿԿ համաժողովի պատվիրակությունը ցանկանում է շնորհակալություն հայտնել իր զրուցակիցներին և այս զեկույցին իրենց ներդրումը կատարած անձանց։ Հուսով ենք, որ ստորև բերված առաջարկությունները հաշվի կառնվեն՝ որոշումների կայացման մեջ ՀԿ և հանրային հատվածի արդյունավետ և կայուն մասնակցությունն ամրապնդելու համար, որն ընկած է եվրոպական ժողովրդավարության հիմքում։

ՄՈԿԿ-ը նաև առաջարկություններ է արել ուսումնասիրությունների հիման վրա․

Առաջադիմական հանրային քաղաքականություն և մասնակցային ժողովրդավարություն

Հաշվի առնելով հանրային քաղաքականության տարբեր ոլորտները՝ ՄՈԿԿ համաժողովը ցանկանում է ուշադրություն սևեռել հետևյալ կետերին.

Նպաստել Եվրոպայի խորհրդի Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը։ Դա ենթադրում է ոչ միայն իրավական դրույթների նախապատրաստում, այլև խոշոր քարոզարշավի անցկացում՝ Կոնվենցիայի շուրջ կեղծ պատկերացումները ցրելու և Կոնվենցիայով ներառվող բոլոր ոլորտների, այդ թվում նաև զոհերի իրավունքների
պաշտպանության ոլորտում ունեցած ներդրման մասին հանրությանը տեղեկացնելու նպատակով։ Այդպիսի քարոզարշավները պետք է հստակ նշեն Ստամբուլյան կոնվենցիայով ներառվող բոլոր ոլորտները։
Ամրապնդել երիտասարդական քաղաքականությունը, որով հաշվի կառնվեն երիտասարդների հատուկ կարիքները և որը հիմնված կլինի որոշումների կայացման գործընթացին նրանց անմիջական մասնակցության վրա։
Ինչ վերաբերում է ԼԳԲՏԻ անձանց իրավունքներին, ովքեր ներկայում բավարար պաշտպանված չեն հարձակումներից, խտրականությունից, ատելության խոսքից և ատելության հիմքով հանցագործություններից, հրատապ անհրաժեշտ է.

- Նախատեսել սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հետ կապված խտրականության դեպքերի վերաբերյակ իրավական դրույթներ,
- Ստեղծել կանոնավոր և կայուն երկխոսություն ԼԳԲՏԻ իրավունքները պաշտպանող և խթանող ՀԿ-ների հետ։

Հակախտրականության քաղաքականության հետ կապված՝ Հայաստանի Հանրապետությունը պետք է ընդունի և կիրառի հակախտրականության օրենք՝ հիմնված Եվրոպայի խորհրդի լավ գործելակերպերի և չափորոշիչների վրա։ Դա
նաև վերաբերում է Հավասարության մարմնի գործառնմանը, որը պետք է համապատասխանի ՌԱԵՀ-ի՝ Ընդհանուր քաղաքականության թիվ 2 հանձնարարականին։

Պետք է մշակվի ատելության խոսքի դեմ պայքարի հատուկ ռազմավարություն, և պետք է կիրառվեն կոնկրետ միջոցներ և գործիքներ՝ ըստ ՌԱԵՀ-ի՝ Ընդհանուր քաղաքականության թիվ 15 հանձնարարականի։
Ինչ վերաբերում է սոցիալական քաղաքականության օրակարգի և մարդու իրավունքների վերաբերյալ ազգային և միջազգային ՀԿ-ների հետ երկխոսությանը, Հայաստանի Հանրապետությանը հրատապ կերպով անհրաժեշտ է վավերացնել Լրացուցիչ արձանագրությունը, որով նախատեսվում է կոլեկտիվ բողոքների համակարգ Եվրոպական սոցիալական խարտիայի ներքո։ Կոլեկտիվ բողոքների ներկայացման կարգն օրինակելի մեխանիզմ է, որը նպաստում է հանրային երկխոսությանը Եվրոպայի խորհրդի չափորոշիչների կիրառման միջոցով։

Նպաստավոր միջավայր ՀԿ-ների համար

Պետական իշխանությունները և ՀԿ-ները պետք է որդեգրեն ռազմավարական ճանապարհային քարտեզ՝ Հայաստանում քաղաքացիական հասարակության համար նպաստավոր միջավայրի ստեղծման նպատակով։
Քաղաքացիական հասարակության հատվածի գործառնության ֆինանսական ասպեկտի առումով անհրաժեշտ է բարելավել ՔՀԿ-ների տնտեսական գործունեության հարկային ռեժիմը, հավասար վերաբերմունք ապահովել ՀԿ-ների և բիզնեսի նկատմամբ, ինչպես նաև բարելավել պետական ֆինանսավորման արդյունավետությունը և թափանցիկությունը։

Ապատեղեկատվության համատեքստում անհրաժեշտ է ավելի մեծ աջակցություն ցուցաբերել անկախ ՀԿ-ներին, որոնք ունեն հստակ ժողովրդավարական կառուցվածք և թափանցիկ ֆինանսավորում։
Թափանցիկության և հանրային վստահության բարձրացման, ինչպես նաև բևեռացման նվազեցման նպատակով նախարարությունները, Ազգային ժողովը, տեղական ինքնակառավարման մարմինները և հանրային քաղաքականության մեջ ներգրավված բոլոր պետական մարմինները պետք է սահմանեն հանրային մասնակցության հստակ կանոններ և ընտրության չափանիշներ։

Անհրաժեշտ է մեծացնել երկրի ներկա իրավիճակի բարելավման գործում ակտիվ ներգրավված երիտասարդներին ցուցաբերվող աջակցությունը՝ ազգային և միջազգային հարթակներում նրանց մասնակցությանը նպաստելու համար։

Կառուցել երկխոսության և թափանցիկության մշակույթ

Քննարկումը պետք է լինի երկխոսության և համագործակցության մշակույթի մաս, որի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ են պաշտոնական ընթացակարգեր։ ՀԿ-ները և պետական կառույցները պետք փոխարձագանքող լինեն միմյանց նկատմամբ։ ՀԿ-ները պետք է խրախուսեն պետական իշխանություններին հետագա քայլեր ձեռնարկել՝ հավակնոտ քաղաքական օրակարգ առաջարկելու համար։ Տեղական ինքնակառավարման գործընթացին քաղաքացիական հասարակության մասնակցությունը առաջնահերթ նշանակություն ունի օրենքներում, այդուհանդերձ մասնակցության ապահովման գործնական կիրառումը հետագա բարելավման կարիք ունի։

 

ՀՀ Կառավարությունը մեկնաբանություններ  է ներկայացրել զեկույցի վերաբերյալ։

Մեկնաբանությունները հասանելի են ԱՅՍՏԵՂ անգլերենով։

 

Դիտումներ՝ 381

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????