Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Էրեբունի» ԲԿ կողմից ոչ պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու պատճառով քաղաքացու առողջական վիճակը կտրուկ վատթարացել է․ հարուցվել է քրեական գործ

October 21, 2019

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2019 | Հրապարակումներ | Նորություններ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ  դիմած քաղաքացի Հրայր Մանուկյանը տեղեկացրել է, որ «Էրեբունի» ԲԿ  ներանոթային վիրաբույժ  Դավիթ Սահակյանը հրաժարվել է կատարել գլխուղեղի անևրիզմայի վիրահատություն իր հորը՝ Աշոտ Մանուկյանին, ինչի հետևանքով նրա մոտ 3-րդ անգամ կրկնվել է հեմոռագիկ ինսուլտ։ Արդյունքում Աշոտ Մանուկյանի  առողջական վիճակն ավելի է վատացել։ Նրա մոտ արձանագրվել է վերջույթների անշարժացում։ 

 

Հաշվի առնելով միջադեպում առկա առերևույթ հանցագործության հատկանիշները` 2019-ի սեպտեմբերի 13-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ պահանջելով ձեռնարկել միջոցներ՝ Աշոտ Մանուկյանի որդու՝ Հրայր Մանուկյանի՝ կազմակերպությանն ուղղված դիմումի մեջ տեղ գտած փաստերի շուրջ համապատասխան քննություն կատարելու, ենթադրյալ հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում քրեական գործ հարուցելու, պատասխանատուներին հայտնաբերելու և Աշոտ Մանուկյանի խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ:

 

Հոր առողջական իրավունքների պաշտպանության խնդրով  2019-ի սեպտեմբերի 6-ին գրասենյակ դիմած Հրայր Մանուկյանը տեղեկացրել է, որ 2019-ի հունիսի 19-ին հայրը՝ Աշոտ Մանուկյանը, սուր գլխացավով դիմել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Վանաձոր» ԲԿ-ում պատշաճ կերպով չկատարելով որևէ բուժզննություն՝ հայտնել են, որ գլխացավը ճնշման տատանման արդյունք է, որևէ վտանգ չկա։ 2 օր անց Մանուկյանը վատ ինքնազգացողությամբ կրկին դիմել է «Վանաձոր» ԲԿ։ Անցել է գլխուղեղի ԿՏ հետազոտություն, որի արդյունքում հայտնաբերվել է սուբարախնոիդալ արյունազեղում (հեմոռագիկ ինսուլտ)։ Մանուկյանն ընդունվել է ստացիոնար բուժման և ստացել կոնսերվատիվ բուժում: Հուլիսի 3-ին նրա վիճակը վատացել է։ Կրկնակի հետազոտության արդյունքում հայտնի է դարձել, որ հեմոռագիկ ինսուլտը կրկնվել է, և անհրաժեշտ է նրան տեղափոխել Երևան՝ շտապ հետազոտման, անհրաժեշտության դեպքում՝ նաև վիրահատման:

 

Հուլիսի 4-ին Աշոտ Մանուկյանին շտապ օգնության մեքենայով տեղափոխել են Երևան՝ «Էրեբունի» ԲԿ, որտեղ էլ գլխուղեղի ԿՏ հետազոտությամբ նրա մոտ հայտնաբերվել է անևրիզմա (արյունատար անոթի ճողվածք)։ Հետազոտությունից հետո նրան անմիջապես տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։ Հաջորդ օրը, սակայն, անհասկանալի պատճառներով տարել  են ընդհանուր հիվանդասենյակ։ 1 օր անց՝ «Էրեբունի» ԲԿ ներանոթային վիրաբույժ Դավիթ Սահակյանը Աշոտ Մանուկյանի որդուն՝ Հրայր Մանուկյանին, հայտնել է, որ անևրիզմայի բարդության աստիճանը բավական բարձր է, անհրաժեշտ է վիրահատություն, և խորհուրդ է տվել պատրաստել վիրահատության փոխհատուցմանն անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը: Հրայր Մանուկյանը, մտահոգվելով հոր առողջական լուրջ վիճակով, խնդրել է բժիշկ Դավիթ Սահակյանին հիվանդանոցի ղեկավարությունից ստանալ համաձայնություն՝ հոր վիրահատությունն անհապաղ կատարելու հարցում,  հայտնել, որ պատրաստակամ է վիրահատության փոխհատուցման փաստաթղթերը կամ վճարվելիք գումարը ներկայացնել հնարավորինս սեղմ ժամկետներում: Դավիթ Սահակյանը կապվել է ԲԿ ղեկավարության հետ, ներկայացրել իրավիճակը, բայց վիրահատության հարցում ստացել մերժում՝ մինչև անհրաժեշտ գումարը չվճարվի։ 

 

Հուլիսի 5-ին Աշոտ Մանուկյանի վիճակը կտրուկ վատացել է, համապատասխան հետազոտությամբ պարզվել է, որ նրա մոտ հեմոռագիկ ինսուլտը կրկնվել է 3-րդ անգամ, ինչի հետևանքով Մանուկյանի ձախ վերջույթներն անշարժացել են,  և կտրուկ վատացել է գիտակցությունը: 3-րդ ինսուլտից հետո Մանուկյանին անգիտակից վիճակում տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: 



Ելնելով հոր առողջական վիճակի կտրուկ վատթարացումից՝ որդին կրկին խնդրել է բժիշկ Դավիթ Սահակյանին՝ անհապաղ կատարել վիրահատությունը և կրկին մերժում ստացել «Էրեբունի» ԲԿ-ի ղեկավարության կողմից։ Արդյունքում ԲԿ-ում, ունենալով ԿՏ հետազոտության արդյունքները,  քաջ գիտակցելով Աշոտ Մանուկյանի կյանքին ու առողջությանը սպառնացող լուրջ վտանգը, դրսևորել են անբարեխիղճ վերաբերմունք և հրաժարվել կատարել գլխուղեղի անևրիզմայի վիրահատություն՝ «գումարը վեր դասելով մարդու առողջությունից և կյանքից»։ 

 

 Հուլիսի  6-ին Աշոտ Մանուկյանի որդին բժշկական կենտրոնին վճարել է շուրջ 4.650.000  դրամ, որից հետո միայն «Էրեբունի» ԲԿ ղեկավարությունը թույլատրել է վիրահատել նրան: 

 

2019-ի սեպտեմբերի 12-ին նամակով դիմել ենք նաև Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարին՝  պարզելու մի շարք կարևոր հանգամանքներ․ 

 

-արդյո՞ք «Էրեբունի» ԲԿ կողմից Աշոտ Մանուկյանին ցուցաբերված բուժօգնությունը համապատասխանում է բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու կարգը սահմանող չափորոշիչևերի պահանջներին,  եղել է ամբողջական, պատշաճ և բավարար, թե՝ ոչ, 

 

-ժամանակի՞ն են արվել համապատասխան բոլոր հետազոտությունները,

 

- որքանո՞վ են իրավաչափ  եղել «Էրեբունի» ԲԿ բուժաշխատողների կողմից  05.07.2019 թ․-ին Աշոտ Մանուկյանին վերակենդանացմաև բաժանմունքից ընդհանուր հիվանդասենյակ տեղափոխելու հետ կապված գործողություններն ու մինչև հեմոռագիկ ինսուլտի 3-րդ անգամ կրկնվելը՝ վիրահատություն չկատարելու հետ կապված անգործությունը

 

-արդյո՞ք «Էրեբունի» ԲԿ-ում Աշոտ Մանուկյանի վերաբերյալ բժշկական փաստաթղթերի վարումն իրականացվել է պատշաճ կերպով, սահմանված ժամկետներում, թե՝ ոչ:

  

Մեր նամակին  ի պատասխան՝ 2019 թվականի սեպտեմբերի 30-ին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարը տեղեկացրել է, որ  սեպտեմբերի 19- ին հարուցվել է վարչական վարույթ՝ պարզելու «էրեբունի» ԲԿ -ում Աշոտ Մանուկյանի բժշկական փաստաթղթերի լրացման, դրանց պահպանման, շրջանառության համապատասխանությունը «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 19.3-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի /Բուժաշխատողները պարտավոր ենՀայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրացնել, վարել և շրջանառել բժշկական փաստաթղթերը, ինչպես նաև արձանագրել բժշկական միջամտությունները/, ՀՀ առողջապահության նախարարի 2014 թ․ փետրվարի 14-ի «Հիվանդանոցային բժշկական կազմակերպություններում կիրառվող մի շարք բժշկական փաստաթղթերի ձևերը հաստատելու մասին» N 02-Ն և ՀՀ առողջապահության նախարարի 2013 թ․ նոյեմբերի 25-ի «Լաբորատոր ախտորոշիչ հետազոտությունների արդյունքում կազմվող բժշկական ձևերը հաստատելու մասին» N 76-Ն հրամանների պահանջներին: Տեսչական մարմնից նաև հայտնել են, որ մեր գրության մեջ առկա մի շարք կետեր դուրս են իրենց իրավասության շրջանակներից, ուստի՝ դրանք վերահասցեագրվել են ՀՀ առողջապահության նախարարությանը: 

 

Հաշվի առնելով հանգամանքը, որ  նախապատրաստված նյութերում կան ՀՀ ՔՕ 130-րդ հոդվածի 1-ին մասով / Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝ դրանց նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով, եթե բուժվող հիվանդի առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից 200-ապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը 3 ամիս ժամկետով/ նախատեսված առերևույթ հանցագործության հատկանիշներ, ոստիկանության Էրեբունու բաժնում 2019-ի հոկտեմբերի 3-ին հարուցվել է քրեական գործ։

Դիտումներ՝ 2092

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????