Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ինչու են կնոջն ասֆալտին փռող Ոստիկանության աչքի առաջ հիվանդանոցի շենք գրավում. որտեղ է Ոստիկանության խիզախության սահմանագիծը

May 2, 2020

Տեսադարան

Երկու տարի առաջ այս օրերին, երբ Հայաստանում տեղի էին ունենում հակակառավարական բազմահազարանոց ցույցեր, շատերը հույս ունեին, որ իշխանափոխությունից հետո կարևորագույն ոլորտներում դրական փոփոխություններ կլինեն: Նախկին իշխանության օրոք քաղհասարակությունը, ընդդիմադիրներն ու իրավապաշտպանները մշտապես բարձրաձայնում էին Ոստիկանության համակարգում արմատավորված մերժելի երևույթների մասին։ Եվ երբ վերջապես Հայաստանում տեղի ունեցավ հեղափոխություն, բոլորի մոտ կային մեծ ակնկալիքներ, որ ողջ իրավապահ համակարգը, մասնավորապես Ոստիկանությունը, հիմնովին կբարեփոխվի։

 

Սակայն այսօր՝ հեղափոխությունից երկու տարի անց, Ոստիկանության աշխատանքի նկատմամբ կրկին վստահություն չկա: Ավելին՝ արձանագրված որոշ աղմկահարույց իրադարձություններից հետո հանրության լայն շրջանակների կողմից արդեն կասկածի տակ է դրվում Ոստիկանության պրոֆեսիոնալիզմը։

 

Ընդամենը երեք օր առաջ Հայաստանում պայթյունի նման տարածվեց մի տեղեկություն. Գեղարքունիքի մարզպետը հայտատարեց, որ 500 քաղաքացի ներխուժել է ոստիկանների կողմից պահպանվող Գավառի հիվանդանոց և դանակահարել իրենց հարազատների սպանության համար կասկածվող երկու քաղաքացու, ջարդուփշուր արել բժշկական կենտրոնի գույքը՝ պատճառելով մեծ վնաս:

 

Իսկ ահա ապրիլի 14-ին էլ՝ Գյումրիում արտակարգ դրության պայմաններում ծառայություն իրականացնող երկու ոստիկանի են դանակահարել: Երբ ոստիկանները կանգնեցրել են ավտոմեքենան և խնդրել ցույց տալ արտակարգ դրության համար նախատեսված տեղաշարժման թերթիկը, քաղաքացիները վիճաբանել են Ոստիկանության ծառայողների հետ և արդյունքում նրանցից մեկը դանակահարել է Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներից մեկին և Ոստիկանության մեկ ծառայողի։

 

Ծառայության ընթացքում ոստիկանների գործողությունների ոչ բավարար արդյունավետության ականատեսը եղանք նաև անցյալ տարվա հոկտեմբերին, երբ դեպքը ողբերգական ավարտ ունեցավ․ սպանվեց մեկ ոստիկան: Հիշեցնենք՝ խոսքն Ազատության պողոտայում տեղի ունեցած միջադեպի մասին է, երբ երկու եղբայր գողություն էին կատարել, իսկ նրանց հետապնդել էին և Ազատության պողոտայում բռնել։ Եղբայրները փորձել էին դիմել փախուստի։ Ընթացքում եղբայրներից մեկը հափշտակել էր ոստիկաններից մեկին ամրակցված զենքը և կրակել նրանց ուղղությամբ: Հիշարժան է նաև 2019 թվականի օգոստոսի 2-ին Երևան-Սևան ավտոճանապարհին գործարար, ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Շշի Մելոյի՝ Մելիք Մանուկյանի, մահափորձի ընթացքում արձանագրված միջադեպը, որը տևական ժամանակ սոցիալական ցանցերում տարբեր զավեշտալի անդրադարձերի առիթ էր դարձել։

 

Բանն այն է, որ Շշի Մելոյի թիկնապահը դեպքի վայրից ոստիկանների հենց կողքից փախցրել էր հանցագործության հետքեր պարունակող «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան: Ավելին, ըստ Քննչական կոմիտեի՝ նա մեքենան վարել էր հենց ոստիկանների ուղղությամբ: 2019 թվականի օգոստոսին ևս մեկ սկանդալային միջադեպի ականատես եղանք։ Ոստիկանության բաժիններից մեկում «Օրենքով գող» Արմեն Ղազարյանը, որը հայտնի է «Պզո» մականունով և նրա թիկնապահը՝ Նվեր Մուրադյանը, որը նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդին է, վիրավորում և հայհոյում են ոստիկանների: Սակայն, ոստիկանների կողմից, որոնց թվում, ի դեպ, կային նաև ցույցերի ժամանակ բիրտ ուժ կիրառող կարմիր բերետավորներ, գրեթե որևէ հակազդման գործողություն չեն իրականացվում: Քրեական հեղինակությունն ու նրա թիկնապահը անխոչընդոտ կաթվածահար են անում բաժնի աշխատանքը: Հայաստանի նախկին ոստիկանապետ, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Ալիկ Սարգսյանը Ոստիկանության մեղավորությունն է համարում այն, որ հանրային միջադեպերը չեն կանխվում կամ ավելի են խորանում: Նա կարծում է, որ եթե Ոստիկանությունը, օրինակ, Գավառում իր աշխատանքն ամբողջությամբ կատարեր, ապա նման միջադեպ չէր լինի:

 

 

«Իհարկե պետք է կանխվեր, պետք է նման դեպքերը բացառել: Ես այս ամեն ինչը շատ լավ հասկանում եմ, կարծում եմ, որ Ոստիկանությունը լուրջ հետևություն կանի: Քաղաքացին պետք է հասկանա, որ ոստիկանի պաշտպանությունն ամուր պատնեշ է ու չի կարող ճեղքել ու անցնել: Դրա համար, որ ոստիկաններին մի քիչ իրավունքներ տան՝ վատ չի լինի: Վախեցած են, որ զենք գործադրեն կամ հանկարծ մի բան ասեն և ամիսներով սկսեն ծեծվել»,- ասում է Ալիկ Սարգսյանը։ Ոստիկանությունը փորձում է ավելի բարեկիրթ, խելացի և հանդուրժող երևալ․ ասում է Ալիկ Սարգսյանը, որը համամիտ չէ ամեն իրավիճակում Ոստիկանության ցուցաբերած հանդուրժողականության հետ: Նա, միաժամանակ, կարծում է, որ որոշ քաղաքական հանգամանքերով պայմանավորված՝ Ոստիկանությունը կաշկանդված է գործում: «Տեղին-անտեղին խեղճերին թիրախավորում և սկսում  են քննադատել, վախեցնել, դատել: Ամեն հասարակ բանով կարող են քրեական գործ հարուցել, տանել գցել դատարանները, տարիների վաստակը գցել ջուրը: Ոստիկանը պետք է ինքնավստահ լինի, պետք է իմանա՝ եթե այդ պահին գործողություն պետք է իրականացնի, ապա առանց կողքերը նայելու պետք է անի»,- նշում է նախկին ոստիկանապետը։ Ոստիկանության աշխատանքին ցուցաբերած ընդհանուր քաղաքական մոտեցումը սխալ է համարում նաև Հովհաննես Քոչարյանը: Նախկին փոխոստիկնաապետը, որը համակարգից հեռացվեց՝ ոստիկանապետի պաշտոնը քաղաքական դարձնելուն ուղղված օրենքի նախագծին դեմ արտահայտվելու համար, նշում է, որ հանրային հնչեղության դեպքերի հետ կապված Ոստիկանությունն իրեն ուղղված մեղադրանքներին ժամանակին չի արձագանքում: Նա Գավառի վենդետայի օրինակով է ցույց տալիս այն, որ Ոստիկանությունն իրեն ուղղված որևէ մեղադրանք չի հերքել:

 

«Մենք հեռու ենք պրոֆեսիոնալ ոստիկան ունենալու մեր հասարակական իդեալից: Մենք բարեփոխումների մասին միայն խոսում ենք, ռեալ քայլեր արեցինք հեղափոխությունից հետո, բայց դա էլ տեղից չի շարժվում: Հասարակական կյանքը հանդարտվել էր, քաղաքական սրություն չկար, կարծես թե, լավ ժամանակներ էին ստեղծվել այդ ռեֆորմներն ավարտին հասցնելու համար»,- ասում է նախկին փոխոստիկանապետը։ Հովհաննես Քոչարյանն անհրաժեշտ է համարում, որ Ոստիկանությունը հաշվետվություն տա, թե ինչու է թերացել հանցագործությունների բացահայտման կամ կանխարգելման գործում: 23 տարի համակարգում ծառայած Քոչարյանն ասում է, որ վերջին 20 տարում Ոստիկանությունը միայն հաշվետվություն է տվել քաղաքական ղեկավարության հետ կապված հարցերում թերանալու համար: Նա պնդում է, որ թերացումների մասին հաճախակի չխոսելը հանգեցնում է վերոնշյալ դեպքերին, երբ Ոստիկանությունը ճիշտ չի գործում․ «Մենք բարեփոխված Ոստիկանություն դեռ չունենք: Ի՞նչ է դա, արժեքային համակարգի փոփոխություն, պրոֆեսիոնալիզմ և բավարար տեխնիկական հագեցվածություն: Ոստիկանությունն ավելի շատ փորձում է իրեն դրսևորել քաղաքական իշխանության ռեյտինգը պահողի կերպարում, բայց ոչ իրականացել հանցագործների չեզոքացման իր պարտականությունը: Գերակայության տեղերը խախտված են»: Իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ զուգահեռներ է տանում Ոստիկանության ծայրահեղ գործողությունների միջև: Այս անգործությունների կողքին նա հիշում է դեպքեր, թե ինչպես են ոստիկանները անհամաչափ ուժ կիրառում:  Հիշեցնում է՝ նման իրավիճակ եղավ ԱԺ-ի բակում, երբ Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող քաղաքացիները բռնի ուժով բերման էին ենթարկվում, իսկ իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը Ոստիկանության գործողությունների արդյունքում հայտնվել էր գետնին:

 

«Մենք ունենք երկու տարբեր ծայրահեղ իրավիճակներ, երբ մի դեպքում Ոստիկանությունն ակնհայտ անգործության է մատնվում կամ չգիտի, թե ինչպես պահի իրեն, մյուս դեպքում էլ դրսևորում է իրեն այնպես, ինչպես տարիներ շարունակ է արել: Պայմանավորված քաղաքական իշխանության փոփոխմամբ՝ Ոստիկանությունը չի բարեփոխվել: Ունի մեկ տիպի փորձառություն՝ խախտել իրավունքերը, անօրինություններով բռնություն գործադրել, իսկ երբ նման դեպքերը չեն հովանավորվում չգիտի ինչ անել»,- ընդգծում է Արթուր Սաքունցը։ Իրավապաշտպանն ասում է, որ քաղաքակական իշխանության խնդիրն է՝ ապահովել Ոստիկանության փոփոխությունը: Թեև կա բարեփոխման ռազմավարական ծրագիր, ընտրված ռազմավարությունն ու խնդիրները միմյանց չեն համապատասխանում․ «Խնդիրն այն է, որ քրեական իրավիճակներում, քրեական արժեհամակարգի հետ գործ ունենալու ժամանակ ավելի շատ պասիվ է, քանի որ տարիներ շարունակ այդ ինստիտուտների հետ լոյալության տրամաբանության մեջ է գտվել, իսկ հիմա երբ չկա լոյալության աջակցությունը, Ոստիկանությունը չգիտի ինչ անի»։ Ի դեպ, նշենք, որ Կառավարությունը մարտի 23-ի նիստին ընդունեց Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը:

 

Ըստ մշակված ռազմավարության՝ Ոստիկանության բարեփոխումների անհրաժեշտությունն առաջին հերթին պայմանավորված է ժողովրդավարական պետությանն ու հասարակությանը բնորոշ Ոստիկանության ծառայություն ունենալու իրական անհրաժեշտությամբ, Ոստիկանության գործունեության արդյունավետության բարձրացմամբ, տարիներ ի վեր բարձրաձայնված հանրային պահանջով և անկեղծ քաղաքական կամքի առկայությամբ։ Առաջարկվող ռազմավարությամբ նախատեսվում է ստեղծել Ներքին գործերի նախարարություն, փոխել ամբողջ Ոստիկանության պարեկային ծառայությունը։ Կլինեն նոր մեքենաներ, հագուստներ, տեխնիկական միջոցներ, կստեղծվի նաև ազգային գվարդիա: Հատուկ ուշադրություն կդարձվի նաև Քրեական ոստիկանության զարգացման և արդյունավետ նախաքննության, Ոստիկանության զորքերի ապառազմականացման, հասարակական կարգի պահպանության, համայնքային ոստիկանության վերաիմաստավորման, Ոստիկանությունում ծառայության գրավչության, կադրերի պատրաստման և մասնագիտական զարգացման, Մարդու իրավունքների պաշտպանության զգայուն հարցերին, ինչպես նաև միջազգային համագործակցության ամրապնդմանն ու զարգացմանը, ոլորտի թափանցիկությանն ու հանրային հաշվետվողականությանը: Ռազմավարությամբ նշված գործողությունները նախատեսված է իրականացնել 3 տարվա ընթացքում, որի համար պահանջվում է 16 միլիարդ 326 միլիոն դրամ։ Դրանից 12 միլիարդը կհատկացվի պարեկային ծառայության օպերատիվ կենտրոնի ստեղծմանը:

 



factor.am

Դիտումներ՝ 312

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????