Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ինչ է փոխվել բանակում պատերազմից հետո. ԶՈւ բարեփոխումների մասին Փաշինյանի հայտարարությունից 1 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

December 1, 2021

Տեսադարան

Հայաստանի Զինված ուժերն արդիականացնելու՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից մեկ տարի է անցել, սակայն ոլորտի խնդիրներով զբաղվող ՀԿ-ներն այս հարցում էական առաջընթաց չեն արձանագրել: 44-օրյա պատերազմից հետո բանակի բարեփոխումների մասին վարչապետն առաջին անգամ խոսեց 2020 թվականի նոյեմբերի 18-ին ներկայացված ճանապարհային քարտեզի շրջանակում: Այս հայտարարությունից երեք ամիս անց միայն՝ փետրվարի վերջին, Փաշինյանը հայտնեց նաև բարեփոխումների հարցերով զբաղվող աշխատանքային խմբի ձևավորման մասին:

 

Զինված ուժերի բարեփոխումների առանձին հայեցակարգ չի հրապարակվել, սակայն Կառավարության հնգամյա ծրագրում և բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց հարցազրույցներում ներկայացրել են ենթադրվող փոփոխությունները:

 

Կառավարության ծրագրում Հայաստանի անվտանգության ապահովման առաջին գործոն է նշված «Հայոց արդիականացվող բանակը», որին հաջորդում են հայ-ռուսական ռազմավարական դաշինքը և Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին։

 

Կառավարության հնգամյա ծրագրով ներկայացվեցին Զինված ուժերի բարեփոխումների իրականացման՝ մեկ տասնյակի հասնող առաջնահերթությունները: Մասնավորապես, նախատեսվում էր աստիճանաբար անցնել պրոֆեսիոնալ բանակի՝ կրճատելով զինվորների ծառայության ժամկետը և ավելացնել պայմանագրային ծառայության ժամկետները, ձեռք բերել նոր սպառազինություն և ռազմական տեխնիկա, զարգացնել ռազմական կրթությունը:

 

Մեկ տարի անց ՀՔԱՎ գրասենյակն արձանագրում է՝ հայտնի չէ, թե գործադիր մարմինն ինչ քայլեր է ձեռնարկել այս բարեփոխումներին հասնելու համար և ինչ արդյունքներ կան գրանցված: ՀՔԱՎ գրասենյակը դեռևս 2021 թվականի հունիսի 30-ին հարցմամբ դիմել էր ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարին՝ իմանալու, թե ինչ գործողություններ են իրականացվել և ինչու դրանք չեն լուսաբանվում։ Օգոստոսի 2-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը իրավապաշտպան կազմակերպությանը պատասխանել է, որ դեռևս քննարկումների փուլում է ամեն ինչ, և տեղեկություն տրամադրել չեն կարող։

 

Գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նշում է՝ բարեփոխումների ընթացքի մասին հանրությանը տեղեկություն չտրամադրելը կարող է նաև նշանակել, որ աշխատանք չի իրականացվում: ՀՔԱՎ գրասենյակն իր զեկույցում մատնանշել է, որ բարեփոխումները, ընդհանուր առմամբ, թերի են բոլոր 11 ուղղություններով, որոնք Կառավարությունը ներառել էր իր ծրագրում։ Իշխանական թիմից ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի կարծիքով՝ բարեփոխումների որոշ ուղղությունների մասին պարզապես նպատակահարմար չէ բարձրաձայնել:

 

Կառավարությունը Զինված ուժերի արդիականացման գործիքակազմից մեկն էլ համարել է կադրային փոփոխությունները: 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի պաշտպանության նախարարը փոխվել է չորս անգամ, իսկ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնում փոփոխություն 2018 թվականի իշխանափոխությունից հետո եղել է երեք անգամ: Արտակ Դավթյանն այս պաշտոնին նշանակվել է երկու անգամ: Վերջին 2 տարում, ըստ ՀՔԱՎ գրասենյակի, Գլխավոր շտաբի պաշտոնյաների 19 փոփոխություն է եղել, գերակշիռ մասը՝ 44-օրյա պատերազմից հետո։ Այս կադրային փոփոխություններից 6-ը վերաբերել են այն պաշտոնյաներին, որոնք ստորագրել են վարչապետի և Կառավարության հրաժարականը պահանջող հայտարարության ներքո: Իրավապաշտպան Արթուր Սաքունցը խնդրահարույց է համարում նաև այն, որ Փաշինյանի կառավարությունը բանակի արդիականացման միակ գործընկեր ընտրել է ՌԴ-ին:

 

Անդրանիկ Քոչարյանը նշում է՝ թեև հիմնական գործընկերը ՌԴ-ն է, բայց, օրինակ, սպառազինության ձեռքբերման հարցում Երևանը կաշկանդված չէ երրորդ երկրից գնում կատարել, անգամ՝ ՆԱՏՕ-ի անդամ պետությունից:

 

Բարեփոխումների դանդաղելու մասին ՀՔԱՎ-ի դիտարկումներն ուշագրավ են Նիկոլ Փաշինյանի՝ խաղաղության դարաշրջանի մեկնարկի մասին հայտարարությունների ֆոնին։ Ի վերջո, հանրության լայն շերտերի համար անհայտ է մնում, թե Զինված ուժերում տեսանելի փոփոխություններ երբ կլինեն․ այդ մասին լռում են նաև բարձրաստիճան պաշտոնյաները։


Դիտումներ՝ 35

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????