Factor.am-ի հարցազրույցը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ
– Պարո՛ն Սաքունց, Ազգային ժողովն այսօր քննարկում էր Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների հարցը։ Հիշեցնեմ՝ այդ պաշտոնին առաջադրվել են Երվանդ Խունդկարյանը, Էդգար Շաթիրյանը և Արթուր Վաղարշյանը։ Քննարկումներին որքանո՞վ եք հետևել և ի՞նչ տպավորություն ունեք։
– Մենք շատ մեծ ուշադրություն սկսեցինք դարձնել ՍԴ դատավորների թեկնածուների ընտրության, նրանց համապատասխանության խնդրին։ Գուցե սկզբից դա արդարացված էր այն ակնկալիքների կամ պատկերացումների շրջանակում, որ ունեինք իշխանության և քաղաքական մեծամասնության նկատմամբ՝ ենթադրելով, որ դրանք շարունակում են մնալ ժողովրդավարության, իրավական պետության, մարդու իրավունքների արժեքների նկատմամբ նրանց հավատարմությամբ։ Բայց հերթական անգամ, երբ ականատես ենք լինում, թե ինչ մթնոլորտում են տեղի ունենում այդ քննարկումները, բառապաշարը, իրենք վերածվում են Հանրապետական կուսակցության պառլամենտի։ Բացարձակապես այն մթնոլորտը, որը ոգևորիչ պետք է լիներ, պատասխանատու պետք է լիներ, դրա փոխարեն ականատես ենք կոնյուկտուրային մոտեցումների։ Երբ հեղափոխության արդյունքում ձևավորված լեգիտիմ պառլամենտ է գալիս Սերժ Սարգսյանի՝ «թղթի վրա ամեն ինչ ճիշտ է» մեթոդաբանությունը, ապա այդ պառլամենտը կորցնում է իր լեգիտիմությունը։ Ցավոք, մենք արձանագրում ենք ակնհայտ նահանջ։ Անկախ քվեարկության արդյունքներից, չնայած, մեծ հաշվով, կարող ենք արդեն պատկերացնել, թե ինչպիսին կլինեն, կարևոր է ինքնին պրոցեսը, մթնոլորտը, որում տեղի են ունենում քննարկումները, դրանց որակը, որը ժողովրդավար չէ իր էությամբ, արժեքային հիմքով և հարգալից չէ մարդու իրավունքների նկատմամբ։ Հատկապես այն դեպքում, երբ թեկնածուները բացարձակապես զրո հարգանք են ցուցաբերում այդ արժեքների նկատմամբ։
– Ինչպե՞ս եք վերաբերվում այս երեք թեկնածուների առաջադրմանը։ Մասնավորապես, Երվանդ Խունդկարյանի թեկնածության հետ կապված հարցադրումներ կան, այն առումով, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե ՄԻԵԴ որոշումներով խախտումներ թույլ տված դատավորները պետք է հրաժարական տան: Իսկ Երվանդ Խունդկարյանի պարագայում Հայաստանի դեմ ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել 13 գործով, որոնք եղել են այս դատավորի վարույթում։ Ինչպե՞ս հասկանալ նրա թեկնածությունն ԱԺ հասցնելը։
– Այն, որ Խունդկարյանն ընտրվել է Դատավորների ընդհանուր ժողովի կողմից, դա Սերժ Սարգսյանի ձևակերպմամբ՝ «թղթի վրա ամեն ճիշտ է»-ի տրամաբանությամբ է։ Խնդիրն այստեղ այն է, որ դու ինչպիսի դատավորներ ունես, այնպես էլ նրանց ընտրությունն է։ Սրան մենք անդրադարձել ենք, որ դատավորների կազմը ժամանակին պետք է վեթինգի ենթարկվեր, որը չարվեց։ Խունդկարյանը իշխանության՝ դատական համակարգում արմատական փոփոխություններ չկատարելու արդյունքն է։ Բայց ԱԺ-ն իր մոտեցմամբ օրինականացրեց արմատական փոփոխություններ չկատարելը և վերցրեց ուղղակի պատասխանատվություն։ Պատասխանատվություն՝ ոչ թե փոփոխություններ կատարելու, այլ դրանք չկատարելու։ Որովհետև այն հարցադրումները, բացառությամբ մեկ պատգամավորի, որոնք հնչեցվում էին այնտեղ, որևէ ընդհանրություն չունեն հեղափոխության օրակարգի հետ, այն է՝ սոցիալական արդարության վերականգնում։ ԱԺ-ն իր այդ քննարկմամբ, նորից եմ կրկնում՝ անկախ քվեարկության արդյունքներից, իր վրա պատասխանատվություն վերցրեց, որ այլևս սոցիալական արդարության մթնոլորտը վերացված է ՀՀ-ում։ Տեխնիկական, մասնագիտական տերմինաբանությամբ, դրանց կիրառմամբ քննարկումները որևէ ընդհանրություն չունեն այն արժեքային հենքի հետ, որի հիման վրա հենց հեղափոխությունն է կայացել։ Սա հրաժարում է հեղափոխության արժեքներից։ Բայց դրա պատասխանատվությունը հենց կրում է քաղաքական մեծամասնությունը։ Իսկ, այսպես կոչված, քաղաքական ընդդիմությունը, որը այդ արժեքների կրողն ընդհանրապես չի էլ հանդիսանում, նրանց գործունեության համար քաղաքական մեծամասնությունը ստեղծեց ազատ տարածքներ։ Եվ հետո, երբ բողոքում կամ տրտնջում է նախկիններից կամ ներկաներից, ապա դրա թիվ մեկ պատասխանատուն այսօրվա քաղաքական իշխանությունն է՝ իր անհետևողական, անսկզբունքային, արժեքային հենքը կորցրած լինելու պատճառով։
– ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն ասել են, որ չեն մասնակցելու ՍԴ դատավորի թեկնածուների քվեարկությանը։ Սա ի՞նչ կնշանակի Սահմանադրական դատարանի նոր կազմի համար։ Ստացվում է, որ «Իմ քայլը» միանձնյա պետք է ընտրի նոր դատավորներին։
– «Լուսավոր Հայաստանի» և «Բարգավաճ Հայաստանի»՝ «Չենք քվեարկելու» դիրքորոշումն այն է, որ որևէ պատասխանատվություն չեն ուզում վերցնել, պատասխանատվությունից խուսափելու վարքագիծ է։ Որովհետև կա՛մ կողմ ես քվեարկելու, կա՛մ դեմ։ Կողմ քվեարկելու դեպքում իրենք, փաստորեն, պատասխանատվություն են վերցնելու կողմի առումով, դեմ քվեարկելու դեպքում՝ պատասխանատվություն են վերցնելու դեմի առումով, բայց ընդհանրապես քվեարկության չմասնակցելով՝ իրենք ուղղակի խուսափում են պատասխանատվությունից, քանի որ արժեքային հենքով իրենց համար շատ լավ իրավիճակ է ստեղծվել։ Գիտեք, երբ քաղաքական կոնյուկտուրան է որոշիչ դառնում, և ոչ թե սկզբունքները՝ վատ թե լավ, և դրանից հետո փորձում են հանրության առաջ հանդես գալ որպես պատասխանատու ուժեր, դա շատ տարօրինակ է։ Իսկ դրա պատասխանատուն, նորից կրկնեմ, քաղաքական իշխանությունն է։ Տեսեք, հարց՝ արդյո՞ք Սահմանադրական դատարանի նկատմամբ հանրային վստահությունը նման գործելակերպի արդյունքում կվերականգնվի։ Չէ՞ որ դա է հիմնական խնդիրը։ Պատասխանն է՝ ո՛չ, չի վերականգնվի։ Այսինքն՝ քաղաքական մեծամասնությունը չլուծեց և չի կարող լուծել նման վերաբերմունքի, նման գործողությունների, նման մթնոլորտի պայմաններում հանրային վստահության վերականգնման խնդիրը։ Ես ոչ մի հարց չլսեցի մարդու իրավունքների, ժողովրդավարական արժեքների հիման վրա, կամ այդ տեսակետից հարցադրում թեկնածուներին։ Չլսեցի։
– ԱԺ-ում քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը, նշելով, որ կողմ է քվեարկելու Երվանդ Խունդկարյանի թեկնածությանը, որոշումը պարզաբանեց այսպես․ «Ձեր ընտրությունը ոչ բռնի, թավշյա, ժողովրդավարական, սիրո, և այս բառը հատուկ եմ շեշտում, համերաշխության հեղափոխության կապիտալիզացիա է»։ Ի՞նչ կասեք այս մասին։ Համոզի՞չ է նման փաստարկը։
– Դա լրիվ անհեթեթություն է, որովհետև ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը ոչ թե ձևակերպում է, այլ ունեցել է բովանդակություն, որի հիմքում եղել է մարդու իրավունքների նկատմամբ, մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքի բացակայության արձագանք։ Եվ քաղաքական մեծամասնությունը, որը հեղափոխության արդյունքում իշխանություն ձևավորեց, ինքը հայտնել է իր հավատարմությունը այդ արժեքների նկատմամբ։ Եվ այդ արժեքների հիման վրա կամ այդ արժեքների զոհաբերման հիման վրա ցանկացած կոմպրոմիս հենց այդ արժեքների ոչնչացում է, որի պատասխանատվությունը կրելու է հենց քաղաքական ուժը։ Բայց հեղափոխությունը դրանով չի ավարտվում։ Նրանք հրաժարվեցին հեղափոխության արժեքներից իրենց այդ պահվածքով, բայց հեղափոխությունը դրանով չմեռավ։
– Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ինչպիսի՞ Սահմանադրական դատարան կունենանք՝ ըստ Ձեզ։ Արդյո՞ք դա կլինի այն ՍԴ-ն, որի համար այդքան պայքար մղվեց, արդյունքում էլ ՍԴ նախկին անդամները հեռացվեցին։
– Արդեն ասացի, որ դատաիրավական համակարգում արմատական փոփոխություններ չկատարելը, կոնկրետ վեթինգի չիրականացումը, նոր կադրերով չհամալրելը հանգեցրեց այն մթնոլորտի ոչնչացմանը, որը հեղափոխության ժամանակ կար։ Փոփոխությունների մթնոլորտը փոխարինվեց «ռեալ պոլիտիկայի» մթնոլորտով, որը զուրկ է արժեքային որևիցե հիմքից։ Այն, որ ասում են՝ կադրեր չկան և այլն, թող բարի լինեին, կադրեր պատրաստեին, այնպես, ինչպես հիմա պատրաստում են հակակոռուպցիոն դատարանի կամ դատախազության հակակոռուպցիոն վարչության համար։ Կարող էին պատրաստել, ժամանակ ունեին, բայց չարեցին։ Իսկ հիմա, իրենց չարածի հետևանքով, ունենալու են այնպիսի ՍԴ, ինչ կար մինչ այս փոփոխությունները։ Անձերի անունները փոխվեցին, բայց էությունն ու բովանդակությունը մնացին նույնը։
factor.am