Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ինչո՞ւ են Մարտի 1-ի գործով կարևորագույն մեղադրյալ Վահագն Հարությունյանին ազատել ռուսները․ Կրեմլի ակնարկը Հայաստանին

March 17, 2020

Լրատվամիջոցները մեր մասին

Հայտնի է դարձել, թե ինչու են ռուս իրավապահները ձերբակալումից ազատել Մարտի 1-ի գործով կարևորագույն մեղադրյալ Վահագն Հարությունյանին։ Ռուսաստանի Դաշնության դատախազը Վահագն Հարությունյանին ազատ է արձակել ձերբակալումից՝ վերջինիս մեղսագրվող արարքի համար հանձնող երկրի, այսինքն՝ ՌԴ-ի օրենսդրությամբ սահմանված քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետն անցնելու հիմքով: Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Factor.am-ի հետ զրույցում պարզաբանեց․ «Վաղեմության ժամկետի հիմքի կիրառումը ոչ արդարացնող հիմք է։ Հետագա ընթացքի մասին Դատախազությունից կտրվի անհրաժեշտ տեղեկատվություն»։ Հետախուզման մեջ գտնվող Վահագն Հարությունյանին ռուս իրավապահները ձերբակալել էին Մոսկվայում՝ մարտի 14-ին։ Ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ Հարությունյանը փոխանցվել էր Տվերի տարածքային դատախազություն` Հայաստանին արտահանձնելու նպատակով: Իսկ Հայաստանի Գլխավոր դատախազությունն իր հերթին Հարությունյանի ձերբակալման մասին տեղեկացրել էր Ոստիկանությանը՝ սահմանված կարգով նրա արտահանձնման գործընթացը նախաձեռնելու համար։ Վահագն Հարությունյունը Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավարն է։ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված Մարտի 1-ի քրեական գործով Վահագն Հարությունյանին մեղսագրվում ենք արարքներ՝ Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ ապացույցների կեղծում, անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունների չարաշահում և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորությունների անցում։

 

Ըստ ՀՔԾ-ի, Վահագն Հարությունյանը, կազմակերպել է ապացույցների կեղծում՝ 2008-ի մարտի 1-ին Երևանում արյունալի իրադարձություններին բանակի ապօրինի ներգրավումը և հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքերը թաքցնելու նպատակով։ Ըստ նախաքննական մարմնի, դեպքի վայրի տարբեր տեղամասերից զննությամբ հայտնաբերված տարբեր տեսակի և տրամաչափի հրազեններից կրակված շուրջ 1000 պարկուճները փոխարինվել են ՀՀ ոստիկանության զորքերի սպառազինության մեջ մտնող նույն տեսակի այլ հրազեններից կրակված պարկուճներով: Այնուհետև այդ պարկուճները տրամադրվել են Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձագետին, որն օժանդակելով Վահագն Հարությունյանին, նրա կազմակերպմամբ և անմիջական ցուցումներով նշված պարկուճներով փոխարինել է դեպքի վայրի տարբեր տեղամասերի զննությամբ հայտնաբերված ու առգրավված իրական պարկուճները: Հետագայում կեղծված ապացույցների հետազոտման արդյունքները որպես կեղծ ապացույց կցվել է քրեական գործի նյութերին։

 

Հետախուզման մեջ գտնող Վահագն Հարությունյանը, որ հայտարարում է, թե բուժման նպատակով է գտնվում Ռուսաստանում, երբեք չի ընդունել իրեն վերագրվող արարքները․ «Մեղադրանքն անհիմն, ապօրինի ու շինծու է։ Շատ մեծ երևակայություն է պետք ունենալ նման եզրահանգումներ անելու համար»։ Անդրադառնալով ապացույցների կեղծման դրվագին՝ արդյոք ինքը հանձնարարե՞լ է փորձագետին՝ Զինված ուժերի շուրջ 1000 պարկուճը փոխարինել ոստիկանական զենքից կրակված պարկուճներով, Հարությունյանն ասել է․ «Քրեական գործի քննության ընթացքում չեն եղել ապացույցներ՝ Զինված ուժերի կողմից որևէ հակաօրինական գործողություն կատարելու կամ պարկուճներ հայտնաբերելու և այլն»։ Մինչդեռ, Մարտի 1-ի գործով տուժողի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը, նշում է, որ 2008-ի մարտի 1-ին Ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, շտաբի պետ Գեղամ Պետրոսյանը հեղափոխությունից հետո ցուցմունք է տվել, որ գործը քննող քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի հետ ապացույցներ է կեղծել, փամփուշտներ փոխել: Ցանկություն ունի՞ «բուժման նպատակով» Ռուսաստանում գտնվող Վահագն Հարությունյանը վերադառնալ հայրենիք և պատասխանել իրավապահների հարցերին, նրա շահերի ներկայացուցիչ, փաստաբան Միհրան Պողոսյանը Factor.am-ի հարցին պատասխանելով՝ ասաց, թե Հայաստանի իրավապահ մարմինները ցանկություն չունեն, որպեսզի Վահագն Հարությունյանը վերադառնա։

 

Հիշեցնենք, որ դեռ անցած տարեվերջին Վահագն Հարությունյանի պաշտպանը դիմել էր գլխավոր դատախազին՝ խնդրելով վերացնել «տեխնիկական խնդիրները»՝ մասնավորապես՝ հետախուզումը, որպեսզի Հարությունյանը հնարավորություն ունենա վերադառնալ Հայաստան։ ՀՔԾ-ն, սակայն, մերժել էր Հարությունյանի պաշտպանի դիմումը, և չէր դադարեցրել հետախուզումը, ինչից հետո դատարանը Հարությունյանի նկատմամբ կալանավորման որոշում կայացրեց։ Ռուս իրավապահների կողմից Վահագն Հարությունյանին Հայաստանին չարտահանձնելը իրավապաշտպան Արթուր Սաքունցը որակում է ոչ թե իրավական, այլ՝ քաղաքական գործընթաց․ «ՌԴ-ի իրավապահներն իրավասություն չունեն կիրառել իրենց օրենսդրությունը՝ որևէ այլ երկրում հարուցված քրեական գործի շրջանակում։ Ռուս իրավապահները պետք է հայկական կողմի պահանջի հիման վրա արտահանձնեն ՀՀ քաղաքացուն։ Ռուսական կողմը, երբ կիրառում է իր օրենսդրությունը՝ այն քրեական գործի նկատմամբ, որը հարուցված է ՀՀ-ում, դա աբսուրդ է»։

 

Արթուր Սաքունցը գտնում է, որ այսպիսի կամայականությամբ  հերթական անգամ Ռուսաստանը խոչընդոտում է ՀՀ-ի բարձրաստիճան անձի նկատմամբ արդարադատության իրականացմանը և հովանու տակ է վերցնում հանցագործության մեջ մեղադրվող անձին։ Իրավապաշտպանը նկատում է, որ նախկինում «շարքային» քաղաքացիների գործերով նման պրակտիկա չի եղել․ «Վահագն Հարությունյանն անցնում է թե՛ Մարտի 1-ի, թե՛ մի շարք այլ քրեական գործերով, և հաշվի առնելով նախկինում նրա զբաղեցրած պաշտոնները, նաև՝ ՌԴ-ի Քննչական կոմիտեի ղեկավարի և ՀՀ-ի Քննչական կոմիտեի նախկին ղեկավար Աղվան Հովսեփյանի միջև «բարեկամական» հարաբերությունները, երբ Պերմյակովի գործի շրջանակում ստորագրեցին համատեղ փոխօգնության համաձայնագիր, այդ ժամանակ Վահագն Հարությունյանն էր Հովսեփյանի տեղակալը, ու սա խոսում է այն մասին, որ կա հովանավորություն և սա քաղաքական որոշում էր։ Լինելով նախորդ իշխանության կարկառուն ներկայացուցիչներ, նրանք բոլոր առումներով են հանձնել Հայաստանի ինքնիշխանությունը»,- ասաց Արթուր Սաքունցը։ Մեկ այլ իրավապաշտպան՝ Վարդան Հարությունյանը, գնահատելով Հայաստանի ռազմավարական դաշնակից համարվող պետության գործելաոճը, ասում է, որ Ռուսաստանը հայտնի է որպես մի երկիր, որը պատսպարում է հանցագործներին, ու ոչ միայն հայաստանցի նախկին պաշտոնյաների՝ Գևորգ Կոստանյան, Միհրան Պողոսյան, Վահագն Հարությունյան, Միքայել Հարությունյան և այլն, այլ նաև՝ ուկրաինացի, ինչպես օրինակ՝ նախկին նախագահ Յանուկովիչի իշխանության բոլոր կարկառուն դեմքերին:

 

«Դրանք մարդիկ են, որոնք իրենց ժողովուրդների վրա են կրակել, արյուն են հեղել, կաշառակերության ու յուրացումների մեջ են մեղադրվում, նույնը նաև Հայաստանի դեպքում է։ Մարտի 1-ի սպանությունների, պետական հեղաշրջման հետ կապված մեղադրյալները Ռուսաստանում ապահովություն են գտնում։ Վահագն Հարությունյանի վերջին ձերբակալումը, իմ կարծիքով՝ պատահականություն էր ուղղակի։ Ռուսաստանը այդ կարգի մարդկանց համար հանդիսանում է շատ լավ թաքնվելու վայր»,- ասաց Հարությունյանը։ Այն տեսակետները, թե ՌԴ-ի իշխանությունը, հանձին՝ նախագահ Վլադիմիր Պուտինի, այս գործընթացներին չի խառնվում, այլ՝ իրավապահ համակարգի ստորին օղակներն են որոշումներ կայացնում, Վարդան Հարությունյանը անընդունելի է համարում, ավելին՝ համոզված է, որ իրավական գործընթացի մասին խոսք գնալ անգամ չի կարող: «Ծիծաղելի է սա ներքին օղակների վրա դնելը, նրանք, իհարկե կարող են իրենց փողն աշխատել, բայց վճիռներն իրականացվում են ամենա-ամենա վերին օղակում։ Հանցագործությունները ճչացող են՝ խուլիգանության մասին չէ խոսքը, և այնպես չէ, որ ներքին օղակի որևէ աշխատակից կարող է սեփական շահերից ելնելով թաքցնել անձի»,- ասաց Հարությունյանը։

 

Ռուսաստանը հովանավորության տակ առնելով Հայաստանի նախկին իշխանության կարկառուն դեմքերին, ըստ Արթուր Սաքունցի, ցույց է տալիս, որ կարող է խոչընդոտել Հայաստանում տեղի ունեցող պրոցեսներին։ Բացի այդ, նրա խոսքով՝ Ռուսաստանն իր գործակալներին է հովանու տակ վերցնում․ «Սա ցույց է տալիս նախորդների կառավարման ողջ էությունը։ Նրանք եղել են կոռումպացված, ու ինքնիշխանության, ժողովրդավարության սկզբունքները ոտնահարած ու Կրեմլին ենթարկեցված անձինք»։ Իսկ ահա Վարդան Հարությունյանը համոզված է, որ Ռուսաստանը չի ընդունում որևէ հեղափոխություն և տանել չի կարողանում հարևան երկրների ժողովրդավարացումը, ինչպես Հայաստանի դեպքում է, և բնական է՝ նման գործելաոճով խոչընդոտում է, խառնվում այդ երկրների ներքին գործերին։ Եվ այս ֆոնին, ըստ Հարությունյանի, պատահական չէ, որ ՌԴ հեռուստաալիքները պարբերաբար Մարտի 1-ի մասին միակողմանի ռեպորտաժներ են հեռարձակում՝ պաշտպանելով մեղադրյալներին։



factor.am

Դիտումներ՝ 378

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????