Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը այսօր հրավիրված քննարկմանը ներկայացնում են «Մարդու իրավունքների խախտումներն Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում» խորագրով փաստահավաք զեկույցը: Իրավապաշտպան Արթուր Սաքունցը փաստեր ներկայացրեց 44-օրյա պատերազմում սիրիացի վարձկանների մասնակցության մասին, որոնց հետ զրուցել են հետազոտողները։ Նրա խոսքով՝ 2020 թվականին անօդաչու թռչող սարքերի և զենքի մատակարարումները Թուրքիայից դեպի Ադրբեջան 6-7 անգամ ավելացել են՝ հասնելով 77 մլն դոլարի։
«Տարբեր գործոնների համադրումը հիմնավորում է, որ իրապես պատերազմը պլանավորված է եղել։ Սրանք տեղեկություններ են, որոնց մի մասը պետք է հավաքագրեր Ազգային անվտանգության ծառայությունը, որը չգիտես ինչով է զբաղված։ Հենց սրանով պետք է զբաղվեին, հավաքագրեին, թե ինչ սպառնալիքներ կան այս մեր իրավիճակում, ինչ միտումներ կան և առնվազն կանխարգելիչ դիվանագիտական ու քաղաքական գործողություններ իրականացնեին։ Ես ուղղակի հիշում եմ 2020 թվականի մինչև սեպտեմբերը Նիկոլ Փաշինյանի հայտի հայտարարությունը, թե ոչ մի անգամ պատերազմը չի սկսվի, որովհետև Ռուսաստանը թույլ չի տա»,- ասաց Սաքունցը։
Իրավապաշտպանի խոսքով՝ զեկույցում կան փաստեր ու ապացույցներ՝ չթույլատրված, այդ թվում՝ կասետային զենքերի կիրառման մասին։ «Ի՞նչ ակնկալիքներ ունենք։ Իհարկե, շատ տարօրինակ է, որ միջազգային հարթակներում կոնկրետ այս պատերազմական հանցագործությունների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կողմից չի բարձրաձայնվում։ Ես այլևս չեմ հիշում, որ վարձկանների թեման ներկայացվի որևէ միջազգային ատյանում՝ պահաջնելով պատասխանատվության կիրառել, քիմիական զենքի թեման չկա։ Պատերազմական հանցագործությունների մի ամբողջ սպեկտր կա, որ դրանցով պատասխանատվության ենթարկելու հարցը, բացի միջազգային դատարանից, որտեղ հայց է ներկայացված, այլ հարթակներում բացարձակ չի օգտագործվում։ Եթե անպատժելիությունը մնում է, այն շարունակում է հանգեցնել մարդու իրավունքների շարունակական խախտումների։ Եվ այս պայմաններում որևէ անվտանգության երաշխիք չի կարող լինել ընդհանրապես»,- նշեց Սաքունցը։
Մանրամասները՝ տեսանյութում: