Ինձ համար մտահոգիչ է, որ մի մարդ խոսում է, մնացածը կրկնում են։ Չեմ տեսնում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին, որոնք պետք է իրենց կարծիքներն ազատ արտահայտեն։ Բոլորը սսկված են։ Ժողովրդի ընտրված պատգամավորներ եք, սա ի՞նչ պաշտպանողական գործելակերպ է։ Պետք է գնան, մարդկանց հետ խոսեն, կիսվեն, լսեն, համոզեն, եթե այլ կարծիքներ ունեն։ Դիրքորոշում արտահայտելուց հրաժարվելը նշանակում է պատասխանատվությունից խուսափել։ Նույնիսկ քեզ համար ոչ հաճելի կարծիքներ լսելու կարողություն պետք է ունենաս։ Այդ ի՞նչ անցաք պաշտպանողական դիրքորոշման. Ստամբուլյան կոնվենցիայից հրաժարվում են խոսել, Ամուլսարից՝ ևս։ Սա ազնիվ չէ և արջի ծառայություն է՝ մի կողմից, իբր, փորձում եք աջակցել Նիկոլ Փաշինյանին, բայց մյուս կողմից արջի ծառայություն եք մատուցում։ Բոլորդ ՀՀԿ-ի միակենտրոն ղեկավարման սկզբունքով շարք եք կանգնել և նույնը թութակի նման կրկնում եք։ Անհամատեղելի է նման պահվածքը լեգիտիմ իշխանության ներկայացուցիչների համար։ Սա դատապարտում եմ, անթույլատրելի է նման պահվածքը։ Դա ամենևին չի մեծացնում վստահությունը, ընդհակառակը, վստահության շեմը կտրուկ իջնում է։ Հիմա ես նման պատգամավորների հետ հանդիպեմ՝ ի՞նչ խոսեմ այդ թեմայով։ Պատասխանատվություն պետք է վերցնել։
Հարցազրույցն ամբողջությամբ՝տեսանյութում: