«Կան խնդիրներ, որոնք հրատապ լուծման կարիք ունեն. պատերազմից անցել է վեց ամիս, բայց այդ խնդիրները դեռևս լուծում չեն ստացել: Պաշտպանական գերատեսչությունը դեռևս չունի հայեցակարգային մոտեցում, չունի ռազմավարություն, թե ինչպես լուծել ԶՈւ, զինծառայողների և պատերազմից տուժածների խնդիրները»,- այս մասին «Պատերազմին մասնակցած զինծառայողների և նրանց հարազատների ոտնահարված իրավունքները. ահազանգում են իրավապաշտպանները» թեմայով քննարկման ժամանակ նշեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանը:
«Պատերազմից ի վեր պարբերաբար խախտվում է քաղաքացիների՝ տեղեկություն ստանալու իրավունքը»,- ընդգծեց Սադիկյանը: Նա նաև անդրադարձավ սոցիալական խնդիրներին. «Կան սոցիալական ծրագրեր, որ գործի են դրվել, բայց քաղաքացիները չեն կարողանում օգտվել, քանի որ, օրինակ, անձնագրերը կորել են պատերազմական գործողությունների ժամանակ: Վիրավորում ստացած զինծառայողներ կան, որոնք փաստաթղթերի բացակայության պատճառով չեն կարողանում օգտվել այդ ծրագրերից»:
Սադիկյանը նաև ընդգծեց, որ առողջական վիճակի մասին բժշկական զննության հետ կապված խնդիրները եղել և մնում են ամենասուր խնդիրներից մեկը, որ դրսևորվել է նաև պատերազմական գործողությունների ժամանակ, երբ առանց պատշաճ հետազոտության քաղաքացիներ են զորակոչվել: