Մարդու իրավունքների պաշտպանության հարցում թեև նոր իշխանության հաստատումից հետո բավականին քայլեր են կատարվել, սակայն դրանք դեռ բավարար չեն: Շատ կարևոր հարց է, թե որքանո՞վ նոր իշխանությունը կկարողանա իր ունեցած վստահության բարձր տոկոսն իրացնել այս հարցում և դիմագրավել բոլոր մարտահրավերներին։ Այս մասին այսօր «Մարդու իրավունքների պաշտպանության և դատական համակարգի խնդիրները Հայաստանում. 2018 թ» տարեվերջյան ամփոփիչ քննարկման ժամանակ ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ նշելով, որ մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում շատ կարևոր է այն ռազմավարությունն ու հայեցակարգը, որը պետք է դրվի նոր իշխանության առաջ։
«Դա հնարավորություն կտա տարիներ շարունակ չլուծված հարցերին լուծումներ տալ»,- ասաց Սաքունցը։
Արթուր Սաքունցը նաև նշեց, որ գորրծադիր իշխանությունից և նոր ձևավորված Ազգային ժողովից ակնկալում են հայեցակարգային մոտեցումներ մարդու իրավունքների խնդիրների նկատմամբ և շեշտեց, որ իրենք պատրաստ են առանց բարիկադավորման համագործակցել իշխանությունների հետ այս հարցերի շրջանակում։ Իրավապաշտպանը նաև հավելեց, որ քաղաքացիական հասարակությունն այսուհետ ունի իր օրակարգը, որը պատրաստ է ներկայացնել։ Մանրամասները՝ տեսանյութում։