Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Հարված՝ ՀՀ ինքնիշխանությանը». ռուսական կողմը ձերբակալված քաղաքացուն անարգել տարել է Հայաստանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

December 21, 2023

Լրատվամիջոցները մեր մասին | Տեսադարան

Ռուսական 102-րդ ռազմաբազայում ապօրինի պահվող Դմիտրի Սետրակովին Հայաստանից տեղափոխել են ՌԴ։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։ Ըստ «Մեդուզա»-ի՝ Սետրակովն այժմ գտնվում է Դոնի Ռոստովում ՝ Հարավային ռազմական օկրուգի ռազմական ոստիկանության շրջանային վարչությունում։

 

ՀՀ-ն, ըստ Գլխավոր դատախազության, կապ չունի Սետրակովի տեղափոխման հետ։ Գերատեսչությունից հայտարարում են՝ արտահանձնման որևէ միջնորդություն ՀՀ Գլխավոր դատախազությունում չի ստացվել, չի քննարկվել, չի բավարարվել:

 

«Դմիտրի Սետրակովի՝ ՌԴ իրավասու մարմինների կողմից հետախուզման, ինչպես նաև վերջինիս ՀՀ տարածքում հայտնաբերման վերաբերյալ տեղեկություն ՀՀ Գլխավոր դատախազությունում առկա չէ։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Սետրակովի վերաբերյալ իրավապաշտպան Արթուր Սաքունցի դիմումն ուղարկվել է օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող մարմին՝ դրանում ներկայացված տեղեկությունները ստուգելու նպատակով, ինչից հետո կքննարկվի վարույթ նախաձեռնելու հարցը»,- հայտնում է Գլխավոր դատախազությունը։

 

Մինչ Դատախազությունը տեղեկությունները ստուգում էր, ռուսական կողմը կարողացել է Սետրակովին անարգել դուրս բերել Հայաստանից։ Իրավապաշտպանների գնահատմամբ, փաստացի, տեղի է ունեցել արտադատական էքստրադիցիա․ առանց իրավական փաստաթղթավորման Սետրակովը Ռուսաստանի զինված ուժերի ներկայացուցիչների կամ ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն։

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դեռ օրեր առաջ էր ահազանգում՝ Սետրակովի կյանքին և առողջությանը վտանգ է սպառնում:

 

Դեկտեմբերի 8-ին էր ՀՔԱՎ գրասենյակն ահազանգ ստացել ռուսական իրավապաշտպան կազմակերպություններից մեկից, ըստ որի՝ ՌԴ քաղաքացի Դմիտրի Լեոնիդովիչ Սեդրակովը 2023 թվականի դեկտեմբերի 6-ին կամ 7-ին ՀՀ տարածքում՝ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, ձերբակալվել է 102-րդ ռազմական բազայի ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից, ապա կալանավորվել: ՀՀ տարածքում ռուսական ոստիկանության այս ապօրինի գործողություններից հետո նա  պահվում էր ռուսական ռազմաբազայում:

 

Ռուսական կողմը Հայաստանում մարդ է առևանգում, իսկ ՀՀ իրավապահ մարմինները լռում են՝ քրեական վարույթներ նախաձեռնելու փոխարեն, հայտարարում է Գյումրիի «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։ Նրա դիտարկմամբ՝ ՌԴ-ի կողմից նման քայլը հստակ ցույց է տալիս, որ ռուսական կողմը չի հարգում Հայաստանի ինքնիշխանությունը։

 

Դմիտրի Սետրակովի դեպքը միակը չէ. դեռ 2015 թվականին Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովն ամբողջ դատաքննության ընթացքում պահվեց ռազմաբազայում, իսկ դատավճռից հետո փոխանցվեց ռուսական կողմին։ 2018 թվականին Գյումրիում ռուս զինվորական Անդրեյ Ռազգիլդեևի կողմից սպանված Ջուլիետա Ղուկասյանի գործով դատավարությունը ևս ընթանում է 102-րդ ռազմաբազայում։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան
© factor.am

 

 

 

Դիտումներ՝ 87

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????