Մոտ 6 ամիս առաջ Սյունիքի մարտական դիրքերից մեկի վագոն-տնակում հրդեհի զոհ դարձած 19-ամյա Պալյան Պողոսյանի ծնողները համոզված են` եթե իրենց որդու մահվան մեղավորները պատժվեին, այսօր 15 զոհով ողբերգական դեպքը չէր լինի։
Պաշտպանության նախարարությունը Պալյանի դեպքից միայն 8 օր անց էր պաշտոնական հաղորդագրություն տարածել, սակայն, ծնողների պնդմամբ, մինչ օրս պաշտոնական վարկած այդպես էլ առաջ չի քաշվել, անգամ մահվան վկայականում այն չի նշվում։
Միակ որդուն կորցրած ծնողները վեց ամիս շարունակ պայքարում են ոչ միայն արդար դատաքննության համար, այլև պարբերաբար դիմում են իշխանություններին՝ պահանջելով՝ կահավորեք սահմանները նմանատիպ ողբերգական դեպքից խուսափելու համար։
ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը Factor TV-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին հարուցված քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, դեռևս չեն ստացվել փորձաքննության այն արձանագրությունները, որոնք կարևոր են լինելու քննության հետագա ընթացքի համար։
ՀՀ Զինված ուժերում դժբախտ պատահարների հետևանքով զինծառայողների մահացության թվերը շարունակում են մտահոգիչ մնալ։ Այս մասին ահազանգում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, որի հավաքագրած տեղեկությունների համաձայն՝ 2010 թվականից մինչև 2023-ի հունվարի 19-ն ընկած ժամանակահատվածում դժբախտ պատահարների ու ավտովթարների հետևանքով մահացել է 209 զինծառայող։
Վիճակագրությունը ներառում է նաև օրեր առաջ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետևանքները։ 15 զոհ․ սա ՀՀ Զինված ուժերի պատմության ընթացքում դժբախտ պատահարի հետևանքով կորուստի ամենամեծ թիվն է։ Շատ դեպքերում իրավապահ մարմիններն այս դեպքերը որակում են որպես անփութություն։
Մահվան 209 դեպքերի գերակշիռ մասը բաժին է ընկնում ՃՏՊ-ներին․ 13 տարվա ընթացքում 133 զինծառայող է զոհվել ավտովթարից։ Ըստ իրավապաշտպանների և քաղհասարակության՝ գլխավոր խնդիրն ամենևին էլ զինծառայողների անփութությունը չէ։
Փաշինյանը և նրա թիմը պարբերաբար հայտարարում են, որ բանակի հզորացման համար որևէ միջոց չեն խնայելու։ Օրերս այս միտքը կրկնեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ հայտարարելով, որ Պապիկյանը բարեփոխումներ է իրականացնում` անձնակազմում փոփոխություններից մինչև կահավորումը։
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը Սիմոնյանին հիշեցնում է օրեր առաջ նրա կողմից ստորագրած ԱԺ աշխատակիցներին պարգևավճարներ տալու հրամանագիրը և ընդգծում՝ այդ գումարները պետք է ուղղվեին ոչ թե պաշտոնյաների գրպանը, այլ բանակաշինությանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ռոզա Վարդանյան
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/605224.html
© factor.am