Մինչև 2019 թվականի ավարտը Հայաստանի Ոստիկանության 10 ստորաբաժանումներում, հատկապես՝ հարցաքննությունների և հետաքննիչների աշխատասենյակներում, ինչպես նաև՝ Երևան քաղաքի ձերբակալվածներին պահելու վայրում կտեղադրվեն տեսաձայնագրման համակարգեր։ Այս մասին այսօր տեղեկացրել է Ոստիկանությունը։ Պիլոտային նախաձեռնությունը ֆինանսավորվում է Եվրոպական միության՝ «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» բյուջետային ծրագրով։
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը Factor.am-ի հետ զրույցում հիշեցրեց, որ տարիներ շարունակ ոստիկանական բաժանմունքները դարձել են խոշտանգումների, վատ վերաբերմունքի, բռնությունների, ծեծի ու հոգեբանական ճնշումների իրականացման վայրեր, ինչն արձանագրված է նաև Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման զեկույցներում։
«Իհարկե, տեսաձայնագրման համակարգերի տեղադրումը դեռ երաշխիք չէ, որ ոստիկանական բաժանմունքներում մարդու իրավունքները չեն խախտվի։ Օրինակ՝ ոստիկանները կարող են քաղաքացուն վերցնել և գնալ ոչ թե ոստիկանության բաժին, այլ՝ որևէ բնակարան և փաստացի մարդը գտնվի անազատության մեջ ու ոստիկանության աշխատակիցների հսկողության ներքո։ Բայց, այնուամենայնիվ, դա կունենա կանխարգելիչ հսկայական նշանակություն»,- ասաց իրավապաշտպանը։
Ըստ նրա՝ Ոստիկանության բոլոր բաժանմունքների մուտքային, հերթապահ մասերը, միջանցքները, ոստիկանների աշխատասենյակները տեսաձայնագրման համակարգերով հագեցնելը եղել է իրավապաշտպան համայնքի տարիների պահանջը, սակայն նախորդ իշխանությունը չուներ բավարար քաղաքական կամք՝ այս բարեփոխմանը գնալու համար․
«Խոշտանգումների, վատ վերաբերմունքի դեմ պայքարելու բավարար կամք և ցանկություն չկար՝ ձևական էր, գրված էր միայն թղթի վրա, իսկ իրական գործողություններ չկային»։
Ըստ պարոն Սաքունցի՝ տեսաձայնագրման սարքավորումների տեղադրումով կմեծանա ոստիկանության աշխատակիցների գործողությունների նկատմամբ վերահսկողությունը, ինչն ունի իրավապաշտպան մեծ նշանակություն․
«Ոստիկանությունն իրավապահ այն մարմինն է, որն անմիջականորեն ամենօրյա ռեժիմով շփվում է քաղաքացիների հետ և նաև առավել ռիսկային է մարդու իրավունքների խախտումների տեսակետից։ Այդ խախտումների արձանագրման, փաստման և դրանց հիման վրա ծառայողական կամ քրեական քննություն իրականացնելու համար առավել անհրաժեշտ կլինեն փաստական հանգամանքները։ Մշտապես մենք ունենում ենք խնդիրներ, որ ոստիկանության բաժին քաղաքացին բերման է ենթարկվում օրինակ՝ առավոտյան ժամը 7-ին, բայց ձևակերպվում է՝ ժամը 10-ին։ Իսկ այս դեպքում տեսախցիկները կարձանագրեն, թե մարդիկ ե՞րբ են մուտք գործում ոստիկանության բաժին, ի՞նչ է կատարվում այնտեղ և ե՞րբ է նա ոստիկանության բաժնից դուրս գալիս»,- ասաց իրավապաշտպանը։
Արթուր Սաքունցն անհրաժեշտ է համարում, որ տեսաձայնագրությունները պահպանվեն երկար ժամանակով, այսինքն՝ սարքերի հիշողության համակարգերը պիտի ունենան մեծ ծավալ․ «Այդպես հնարավորություն կստեղծվի ոստիկանական բաժանմունքում հնարավոր բռնության դեպքի մասով օբյեկտիվ և բազմակողմանի քննություն իրականացնելու համար»։
Իրավապաշտպանի խոսքով՝ մարդու իրավունքների ոլորտում կարևոր խնդիր կարող է լուծվել, եթե տեսաձայնագրող սարքեր տեղադրվեն ո՛չ միայն ոստիկանության բաժանմունքներում, այլև նաև քրեակատարողական հիմնարկների միջանցքներում և հարցաքննության սենյակներում, բացի տեսակցության կամ անձնական սենյակներից, որտեղ օրինակ՝ կալանավորված անձը խոսում է իր փաստաբանի հետ։
Տեսաձայնագրությունները պիտի մատչելի լինեն քաղաքացիների համար՝ նրանց բողոքի առկայության պայմաններում, մյուս կողմից՝ քաղաքացիները պետք է պաշտպանված լինեն անձնական տվյալների պաշտպանվածության տեսանկյունից․
«Տեսաձայնագրությունները պետք է չօգտագործվեն քաղաքացու դեմ։ Ասենք՝ պատկերացնո՞ւմ եք, վկա է գալիս և վկան ինչ-որ բողոք ունի, որը պետք է քննվի, բայց կարող է հենց այդ փաստը նախաքննության գաղտնիք է։ Այսինքն՝ դա պետք է մատչելի չլինի այն մարդկանց համար, որոնք կարող են ճնշում գործադրել որպես վկա հրավիրված անձի վրա։ Տեսաձայնագրման սարքերը պիտի չգտնվեն ոստիկանության անմիջական վերահսկողության ներքո, որպեսզի չկարողանան ցանկացած ժամանակ անջատել-միացնել, կամ ասել՝ բա գիտե՞ք, լույսը անջատվեց։ Եթե լույսն անջատվում է, ուրեմն ինքը պետք է այլընտրանքային սնուցում ապահովի, տեխնիկական շահագործման վիճակը հսկվի։ Շատ հանցագործություններ կբացահայտվեն այդ տեսաձայնագրությունների միջոցով»,- նշեց իրավապաշտպանը։
Ոստիկանության տեղեկացմամբ՝ ծրագրի իրականացման նպատակով արդեն իսկ ընթանում են տեխնիկական սարքերի ու համակարգերի ձեռքբերման գործընթացներ, ինչպես նաև՝ համակարգի ներդրման համար անհրաժեշտ նորմատիվ իրավական հիմքերի ամրագրման աշխատանքներ:
Ըստ ոստիկանության, ԵՄ-ի՝ «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» բյուջետային ծրագրի հաջող գործարկումը թույլ կտա ապագայում նման համակարգերը կիրառելի դարձնել նաև Ոստիկանության մյուս ստորաբաժանումներում:
factor.am