Գործարար Սիլվա Համբարձումյանը երեկ հայտարարել էր, որ հանքերի շահագործման լիցենզիա ստանալու համար 2008 թվականին 14 միլիոն դոլար կաշառք է տվել բնապահպանության նախկին նախարար, ԱԺ հանրապետական պատգամավոր Արամ Հարությունյանին:
«8 միլիոնը փոխանցել եմ Դուբայի իր ներկայացրած հաշվին, և 6 միլիոնը կանխիկ մաս-մաս տվել եմ Ավագյան Սուրենի միջոցով: Արամ Հարությունյանի հետ ես 2007 թվականին շփվել էի և իրենից գնել էի երեք կազմակերպություն: Հետո, երբ որ ես հանքերի անուններ տվեցի, ինձ ասեց, որ՝ էսինչ մարդը էս գումարն ա տալիս, էսինչ մարդը էս գումարն ա առաջարկել, ես ասեցի՝ քո վերջի թիվը ասա, նա էլ ասեց՝ 14 միլիոն: Տվեց Արաքս Դիլանյանի հաշվի համարը, և ես փետրվարի 2-ին 2008 թվականի այդ գումարը փոխանցեցի»,- «Ազատության» հետ զրույցում ասել էր Համբարձումյանը:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրենց իսկ՝ ՀՀԿ իշխանության պաշտոնական տվյալներով 38%, իրականում մոտ 60% աղքատություն ունեցող պետությունում նախարարին14 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք են տալիս, ու նա էլ վերցնում է, ու չի բացահայտվում․․․
ՀՀԿ վարչապետ Տիգրան Սարգսյանը պետական բյուջեից գումարներ է փոխանցում օֆշորային գոտում իր մասնակցությամբ հիմնադրված կազմակերպության հաշվին ու պատասխանատվության չի ենթարկվում․․․
Ու այս և նման շատ ու շատ փաստերով համատարած կոռուպցիայի պատկերում դեռ բարբաջում եք իբր թե Ձեր կողմից կայուն, ամուր պետության կառուցման մասի՞ն․․․
Ու դեռ մտածում էլ եք, թե առաջադրվեք ԱԺ ընտրություններին, թե ո՞չ․․․
Հետաքրքիր է, որ ի՞նչ անեք էլի․․. էլ ինչ-որ բան եք պակաս թողե՞լ․․․»:
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո, ըստ որի՝ պատգամավորներից մեկը կասկածվում է խոշոր կաշառք ստանալու մեջ, մամուլում շրջանառվեց Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի անունը:
mamul.am