2021 թ. մայիսի 20-ին Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության Քննչական դեպարտամենտի աշխատակիցները խուզարկել են իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի, նրա գործընկերների տները, և Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի գրասենյակը՝ «ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելուն, ռասայական գերազանցությանը կամ ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողությունների» առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում (Քրեական օրենսգրքի Հոդված 226-ի 1-ին և 2-րդ մասեր): Վերջին տարվա ընթացքում Սաշիկ Սուլթանյանը ենթարկվում է դատական հետապնդման, իսկ նրա անձնագիրը առգրավվել է Քննչական դեպարտամենտի աշխատակիցների կողմից:
Սաշիկ Սուլթանյանը հայտնի իրավապաշտպան և Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարն է: Իրավապաշտպանը Հայաստանում և միջազգային մակարդակում ակտիվ հանդես է գալիս ի պաշտպանություն եզդիական հանրության իրավունքների: Մարդու իրավունքների եզդիական կենտրոնը եզդի իրավապաշտպանների խումբ է, որն իրականացնում է ծրագրեր՝ պահպանելու ազգային փոքրամասնությունների ինքնությունը, լեզուն և մշակույթը, ինչպես նաև խթանելու եզդի համայնքի մասնակցությունը երկրի սոցիալ-քաղաքական և տնտեսական կյանքին: Կազմակերպության նպատակն է պաշտպանել եզդիների և այլ էթնիկ-կրոնական փոքրամասնությունների իրավունքները՝ մարդու իրավունքների հիմնարար սկզբունքների հիման վրա:
2021 թ. մայիսի 20-ին Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության Քննչական դեպարտամենտի աշխատակիցները դատարանի որոշման հիման վրա խուզարկել են իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի տունը և Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի գրասենյակը Երևանում՝ «ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելուն, ռասայական գերազանցությանը կամ ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողությունների» առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում (Քրեական օրենսգրքի Հոդված 226-ի 1-ին և 2-րդ մասեր): Խուզարկման ժամանակ առգրավվել են դյուրակիր համակարգիչներ, համակարգիչներ, էլեկտրոնային կրիչներ, փաստաթղթեր և նոթատետրեր: Նույն օրը խուզարկվել են նաև Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի լրատվական խմբագիր Մուրազ Շամոյանի և կամավոր Ամո Սադոևի բնակարաններն ու ավտոմեքենաները։ Մայիսի 21-ին Մուրազ Շամոյանը, Ամո Սադոևը և Սաշիկ Սուլթանյանը կանչվել են Քննչական վարչություն հարցաքննվելու: Մուրազ Շամոյանին հարցաքննել են 8 ժամ անընդմեջ՝ առանց հանգստի, և հաղորդվում է, որ հարցաքննման ընթացքում քննիչն ասել է, որ «արևմտյան հասարակական կազմակերպությունները պետք է փակվեն»:
2020 թ. հոկտեմբերի 3-ին ԱԱԾ Քննչական դեպարտամենտի քննիչ Լ. Թաթոյանը քրեական գործ է հարուցել Սաշիկ Սուլթանյանի դեմ՝ 2020 թ. հունիսի 8-ին Իրաքում տեղակայված եզդիական www.yazidinews.com լրատվամիջոցի հետ իրավապաշտպանի ունեցած զրույցի հիման վրա, որն ըստ նրա չէր հրապարակվելու: Ձայնագրված զրույցի ընթացքում իրավապաշտպանը ներկայացրել է իր տեսակետները՝ Հայաստանի Հանրապետությունում եզդի քաղաքացիների իրավունքների պաշտպանվածության վերաբերյալ: ԱԱԾ Քննչական դեպարտամենտն իրավապաշտպանի մեկնաբանությունները համարել է «ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելուն, ռասայական գերազանցությանը կամ ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություններ»: Քրեական գործը հարուցվել է ծայրահեղ աջական «Վետո» շարժման ղեկավար Նարեկ Մալյանի կողմից ԱԱԾ Քննչական դեպարտամենտին ուղղված՝ ձայնագրված զրույցի վերաբերյալ բողոքի հիման վրա: «Վետո» շարժումը, որն իրեն առցանց նկարագրում է որպես սոցիալ-քաղաքական հակասորոսական շարժում Հայաստանում, ակտիվորեն փորձում է զրպարտել երկրի իրավապաշտպան կազմակերպությունները:
Սաշիկ Սուլթանյանը տևականորեն թիրախավորվել է իր խաղաղ իրավապաշտպան աշխատանքի համար: 2020 թ. հուլիսին անհայտ անձինք ֆեյսբուքյան հրապարապումների միջոցով զրպարտիչ արշավ սկսեցին հայկական սոցիալական մեդիայում իրավապաշտպանի դեմ: 2020 թ. նոյեմբերի վերջին Սաշիկ Սուլթանյանը տեղեկացել է, որ 2020 թ. հոկտեմբերի 3-ին քրեական գործ է հարուցվել իր դեմ, և որ նա իրավունք չունի ստանալ քրեական գործի հարուցման պատճառի պատճենը: 2021 թ. մայիսի 20-ին Սաշիկ Սուլթանյանի անձնագիրը առգրավվել է Քննչական դեպարտամենտի աշխատակիցների կողմից իր տան խուզարկման ժամանակ, ինչն անհնար է դարձրել նրա՝ երկրից դուրս գալը: Սաշիկ Սուլթանյանի գործընկերներին քննության շրջանակում տրվել է վկայի կարգավիճակ և արգելվել է կապի դուրս գալ իրավապաշտպանի հետ: Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի աշխատանքն այժմ դադարել է, քանի որ 2021 թ. մայիսի 20-ի խուզարկության ժամանակ գրասենյակի ամբողջ տեխնիկան առգրավվել է:
Front Line Defenders-ը դատապարտում է Սաշիկ Սուլթանյանի դեմ դատական հետապնդումն ու շարունակվող զրպարտիչ արշավը և կարծում է, որ նա թիրախավորվում է բացառապես իր՝ Հայաստանում էթնիկ փոքրամասնությունների իրավունքները խթանելուն և պաշտպանելուն ուղղված աշխատանքի համար: Front Line Defenders-ը դատապարտում է իրավապաշտպանին սպառնալը և թիրախավորելը, ինչը կարող է «սառեցնող ազդեցություն» ունենալ քաղաքացիական հասարակության վրա և նպաստավոր չէ Հայաստանում իրավապաշտպանների գործունեության ապահով և խթանող միջավայր ստեղծելու առումով:
Front Line Defenders-ը կոչ է անում Հայաստանի իշխանություններին.
անմիջապես և առանց նախապայմանների վերացնել Սաշիկ Սուլթանյանի դեմ առաջադրված մեղադրանքները և դադարեցնել նրա դեմ ծավալված դատական հետապնդումն ու ոտնձգությունը, քանի որ, կարծում ենք, որ նրանց միակ շարշառիթը Սաշիկ Սուլթանյանի իրավաչափ և խաղաղ իրավապաշտպան աշխատանքն է;
ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ երաշխավորելու Սաշիկ Սուլթանյանի ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիությունն ու անվտանգությունը;
դադարեցնել և խստորեն դատապարտել հայկական սոցիալական մեդիայով Սաշիկ Սուլթանյանի դեմ շարունակվող զրպատիչ արշավը;
բոլոր հանգամանքներում երաշխավորել, որ Հայաստանում բոլոր իրավապաշտպանները կարող են ծավալել իրենց իրավաչափ իրավապաշտպան գործողությունները՝ առանց ռեպրեսիաներից վախի և զերծ բոլոր սահմանափակումներից, այդ թվում՝ դատական հետապնդումներից:
Թարգմանությունը՝ ՀՔԱՎ-ի
Բնօրինակը՝ frontlinedefenders.org