Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Իմ կալանավորումից 11 ամիս անց ինձ պայմանական վաղաժամկետ ազատ արձակեցին` ի շնորհիվ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբանների անաչառ աշխատանքի»

October 31, 2018

Լրատվամիջոցները մեր մասին

«Սասնա ծռեր»-ի իրադարձություների ժամանակ անազատության մեջ հայտնված 35-ամյա Գագիկը պատմում է, թե ինչպես իր մեջ ուժ գտավ իր իրավունքները պաշտպանելու և սեփական ազատությունը վերանվաճելու համար:
 
«Կյանքումս առաջին անգամ զրկվեցի ազատությունից 2016թ. և 11 ամիս մնացի բանտում:
 
2016 թ. հուլիսին «Սասնա ծռեր»-ը գրավել էին Ոստիկանության ՊՊԾ գունդը, որից հետո Խորենացի փողոցում ծավալվող քաղաքացիական պայքարին միացել էի նաև ես: Ինձ երբեք ցույցերին բերման չեն ենթարկել: «Սասնա ծռերի» իրադարձություններին մասնակցելուց հետո, ինձ պարզապես կանչել էին Ոստիկանության բաժանմունք, որտեղ ներկայանալուց հետո, դատարանը որոշում է կայացնում կալանավորել ինձ ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով` ոստիկաններին հարվածելու, զանգվածային անկարգություններին մասնակցելու հիմքով:
 
Ի սկզբանե սա համարել եմ սարքված գործ: Սկզբում նույնիսկ չէի հասկանում ինչ է կատարվում, ինչի համար են ինձ փակել, քանի որ ոստիկանները մինչ դատարան ինձ տանելը, հավաստիացնում էին, որ ես ուսուցիչ եմ, տան միակ կերակրողը, նորածին երեխա ունեմ, ապրիլյան պատերազմի կամավոր մասնակից եմ, ուստի` ինձ չեն կալանավորի, առավելագույնը 3 օր կպահեն: Բայց եղավ ճիշտ հակառակը:
 
Առաջին մի քանի օրը չէի հասկանում ինչ է կատարվում, հետո ինձ սկսեցի համոզել, որ այդ 25 քառակուսի մետրի մեջ եմ ապրելու: Դժվար էր ամբողջ կյանքում լինել ազատ ու հանկարծ հայտնվել չորս պատերի մեջ: Առաջին 8 ամիսը ընդհանրապես տեսակցություններն ինձ հետ արգելված էր: Իմ կալանքից հետո նորածին աղջիկս մեկ շաբաթ ջերմություն է ունեցել, մենք շատ կապված էինք միմյանց հետ, տան միակ պահողը ես էի:
 
Ինձ վրա 46 տուժող էին գրել, որոնցից մեկը իմ կուրսեցին էր, ում հետ 5 տարի սովորել եմ ու հիմա ոստիկան է աշխատում:
Իմ կալանավորումից 11 ամիս անց ինձ պայմանական վաղաժամկետ ազատ արձակեցին` ի շնորհիվ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբանների անաչառ աշխատանքի: Հիմա ազատության մեջ եմ, բայց միևնույն է այս դեպքից հետո, երբեք էլ չեմ վստահի ոստիկաններին, ոչ էլ դատարաններին: Վստահությունը նրանց նկատմամբ իսպառ վերացել է, քանի որ ինձ բացահայտ խաբեցին, անմեղ տեղը բանտ նստացրեցին: Ոստիկանները չեն փոխվել, պարզապես իշխանությունն է փոխվել, որը նրանց հրաման չի տալիս բռնություն կիրառելու, եթե գա նախկին իշխանությունը, ոստիկանները նույն վարքագիծը կդրսևորեն, կրկին բռնությունների կդիմեն, մարդկանց ապօրինի կկալանավորեն: Նրանք դեռ ոստիկան չեն դառել, նույն «խորհրդային միլիցան» են:
 
Ամենամեծ խնդիրը Հայաստանում արդարադատության և օրենքի գերկայության բացակայությունն է:
 
Ես մշտապես մասնակցել եմ ցույցերի և ակտիվ արտահայտել իմ քաղաքացիական դիրքորոշումը: Պայքարել եմ մեր երկրում բարեփոխումների, աղքատությունը վերացման համար: Մենք ընտանիքով էինք միշտ մասնակցում ցույցերին, ու ես երբեք ոչ մի կուսակցության անդամ չեմ եղել: Կարծում եմ հատկապես պատմության ուսուցիչը պետք է լինի ապաքաղաքական։
 
Ազատ արձակվելուց հետո կրկին աշխատում եմ ավագ դպրոցում` որպես պատմության ուսուցիչ: Նույն դպրոցի տնօրենը ինձ հետ ընդունեց աշխատանքի: Միակ խնդիրը, որին բախվում են, այն է, որ դատվածության համար չեն ընդունում աշխատանքի պետական կառույցներում:
 
Այսօր ինձ համար ամենաթանկ արժեքը իմ աղջիկն է: Եթե նրան կարողացա պաշտպանել, կկարողանամ պաշտպանել նաև հայրենիքս, Սահմանադրությունը, օրենքը: Նրան պաշտպանելուց է բխում ինձ համար մյուս բոլոր արժեքների պաշտպանությունը»:
 
Դիտումներ՝ 1449

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????