Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Իրավիճակը փոխվել է, միջավայրը փոխվել է, բայց իրավապահ համակարգը նույնն է մնացել, դրանով է պայմանավորված անվստահությունը». Ա. Սաքունց

March 5, 2020

Լրատվամիջոցները մեր մասին

Փետրվարի 26-ին կոռուպցիայի դեմ պայքարի թեմայով խորհրդակցության ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրավապահ համակարգի ամենավերին օղակներում եղել են դավաճաններ, որոնք կոռուպցիայի դեմ հայտարարված պայքարի ծխածածկույթի տակ առաջնորդվել են այլ հաշվարկներով և այլ հանձնարարություններով: Վարչապետը նաև չի բացառել, որ հիմա էլ իրավապահ համակարգում կլինեն դավաճաններ: Այդ հայտարարությանը հաջորդեց ԱԱԾ պաշտոնյաներից մեկին առաջադրված մեղադրանքը: Թեմայի շուրջ ԳԱԼԱ-ն զրուցել է ՀՔԱՎ նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ:

 

-Պարոն Սաքունց, օրեր առաջ վարչապետը հայտարարեց, որ իրավապահ համակարգի ամենավերին օղակներում եղել են դավաճաններ, նաև չբացառեց, որ հիմա էլ համակարգում կան այդպիսի անձինք: Ձեր կարծիքով՝ ինչի՞ն էր միտված այդ հայտարարությունը:

 
 
 

-Վարչապետն իր հայտարարությամբ արձանագրում է իրավապահ մարմիններում գոյություն ունեցող համակարգային խնդիրները. դա ի սկզբանե ակնառու է եղել, և դա անվիճելի փաստ է, որը բոլորիս է հայտնի: Միշտ նման միջադեպեր եղել են վերին օղակներում՝ քննչական մարմինների հետ կապված, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի, ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի, և վարչապետն ամեն անգամ պիտի «ստիպված» արձանագրի, բայց համաձայն չեմ, որ միայն առանձին որակումների մակարդակում սահմանափակվեց: Վարչապետը կարծում եմ, որ պետք է հրաժարվեր առանձին պիտակավորելուց: Արձանագրելով համակարգի առկա խնդիրների առկայությունը՝ պիտի իրականացվեր արմատական, համակարգային և բովանդակային փոփոխություններ: Համակարգը կարիք ունի անընդհատ բարեփոխվելու: Որպեսզի համակարգային խնդիրները կանխվեն, հետագայում նաև բացառվեն, անհրաժեշտ է պառլամենտական վերահսկողություն, որպեսզի ապահովվի համակարգի թափանցիկ և հաշվետու գործունեությունը: Դրա շնորհիվ կներդրվեն բարեվարքություն ապահովող մեխանիզմներ:

 

Քանի դեռ համակարգում այն կադրերն են, որոնք գործել են նախկին ավտորիտար կառավարման և պետությունը զավթած կամ զավթմանը մասնակցած համակարգերում, միշտ էլ առնչվելու ենք այս խնդրին: Այսինքն՝ ոչ թե պետք է միայն արձագանքել կամ փաստի վերաբերյալ վերաբերմունք արտահայտել, այլ իրապես, խորքային, արմատական փոփոխություններ են պետք: Համակարգը չի համապատասխանում ժողովրդավարական և իրավական պետության պահանջներին, և համակարգային լուծումներ չտալու պարագայում բավարարվել միայն որակումներով՝ դա համարժեք մոտեցում չեմ համարում:

 
 

Խնդիրն այն է, որ իրավապահ համակարգում շարունակում են աշխատել այն կադրերը, որոնք նախկին ռեժիմի ներքո են գործել, իսկ թե ովքեր են վարչապետի հայտարարած դավաճանները, և թե ինչու են նրանք համակարգի վերին օղակներում զբաղեցնում բարձր պաշտոններ, այս հարցերը կառավարության մակարդակով են պատասխաններ պահանջում:

 
 

-Եթե դե ֆակտո կա նման փաստ, ինչո՞ւ չեն մաքրվում շարքերը, ինչո՞ւ հակաօրինական գործունեություն ծավալող անձանց նկատմամբ քրեական հետապնդում չի սկսվում, չեն առաջադրվում մեղադրանքներ:

 

— Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ պաշտոնանկությունների ձևով, թե քրեական հետապնդումների ձևով այդ ճանապարհը չի հանգեցնելու համակարգի փոփոխությանը, ընդհակառակը, կնպաստի պատժողական մոտեցումների, ինչը արդյունավետ չէ: Պետք է գործել ժողովրդավարական և իրավական արժեքների հիման վրա և դրա համար պետք է ներգրավվեն այդ մոտեցումները, արժեքները կրող մարդիկ, այլապես որակումներով, պիտակավորումներով, քրեական հետապնդումներով արդյունքի չենք հասնի, իսկ պաշտոնանկությունը պետք է լինի ամենավերջին գործիքը, որը կառավարման գործիք է:

 
 

-Ինչպե՞ս եք գնահատում ԱԱԾ պաշտոնյային առաջադրված մեղադրանքը՝ կապված Սուրեն Պապիկյանի վերաբերյալ տեղեկություն հրապարակելու հայտնի պատմության հետ: Այս բացահայտումն ինչքանո՞վ կապ ունի օրեր առաջ վարչապետի արած հայտարարության հետ:

 

-Ես չեմ կարող որևիցե կապի մասին գաղափար կազմել կամ կարծիք հայտնել: Խնդիրը կայանում է նրանում, որ արդյոք միայն այդ պաշտոնյան է նման գործողություն կատարել, երբ մենք ասում ենք լյուստրացիա-վեթթինգ, ապա մենք բոլորս կտեսնենք, որ այդ մոտեցումը, գործելակերպը համակարգային բնույթ է ունեցել: Այսինքն, հարցը չպետք է վերաբերի միայն գործող նախարարին: Բառացիորեն մի քանի ամիս առաջ իմ նկատմամբ էր նույն մոտեցումը ԱԱԾ-ի կողմից, բայց որևիցե մեկն արձագանք չտվեց, կարծես թե դա ընդամենը էմոցիոնալ պոռթկում էր ԱԱԾ-ի կողմից, և չտեսան ենթատեքստ: Մենք չպետք է հարցերին մոտենանք անձնական կամ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, և չպետք է սպասել, որ առնչվեն այդ խնդրին, նոր ահազանգ հնչեցնել: Մանավանդ, երբ իրենք իրենց կենսագրությամբ առնչվում են խնդրին, այդ նույն համակարգերի կողմից, և եթե մտածում են, որ իրենց կարգավիճակի փոփոխությունը հանգեցնելու է վերաբերմունքի փոփոխության, ապա չարաչար սխալվում են, որովհետև համակարգերը մնում են նույնը:

 

-Ընդհանրապես ուժային կառույցները շարունակում են անվստահելի մնալ հանրության համար՝ որոշ դեպքերում անվճռական գործելու, որոշ դեպքերում էլ՝ հակառակը՝ ոչ համաչափ ուժ կիրառելու պատճառով: Հնարավոր չէ՞ բարեփոխել նաև այս համակարգը:

 
 

-Այս պարագայում իրենք մեղավոր չեն, իրենք շարունակում են գտնվել այն համակարգի շրջանակում, որը ձևավորվել է տասնյակ տարիներով: Իրավիճակը փոխվել է, միջավայրը փոխվել է, բայց համակարգը նույնն է մնացել, դրանով է պայմանավորված անվստահությունը: Այդ համակարգերը խեղճանում են, և անհրաժեշտ է դուրս բերել տրամաբանական փակուղուց, որում իրենք գտնվում են: Համակարգը հնարավոր է բարեփոխել միայն բարեվարքության, վեթթինգի, պառլամենտական արդյունավետ վերահսկողության ճանապարհով:

 

Հիշեցնենք, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի անձնական տվյալների հրապարակման գործով մեղադրանք էր առաջադրվել ԱԱԾ պաշտոնյայի՝ ստորաբաժանման պետի: Նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:

 

galatv.am

Դիտումներ՝ 483

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????