2019թ. սեպտեմբերի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի միջնորդագիրը։ Դրանից հետո Վանեցյանի հայտարարությունը չուշացավ, իսկ ավելի ուշ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց հրամանագիրը, որով Վանեցյանն ազատվեց ԱԱԾ տնօրենի պաշտոնից։
Տարին սկսվեց Փաշինյան-Վանեցյան հարաբերությունների լարված ֆոնին: Այն ավելի սրվեց «Հայկական ժամանակ» օրաթերթում տպագրված հոդվածից հետո: ԱԱԾ նախկին տնօրենին մեղադրեցին Նիկոլ Փաշինյանի ընտանիքի դեմ քարոզչամեքենա կիրառելու, երկրում պետական հեղաշրջման փորձում մասնակցություն ունենալու մեջ: ԱԱԾ նախկին տնօրենը, ի պատասխան բոլոր մեղադրանքներին և խոսակցություններին, ակտիվորեն պատասխանում է սոցցանցերի իր էջերի միջոցով:
Արթուր Վանեցյանը մուտք կգործի՞ արդյոք ակտիվ քաղաքականություն, ինչո՞վ է բացատրվում նման ակտիվությունը, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյաները սովորաբար սակավախոս են լինում:
Այս հարցերի շուրջ ԳԱԼԱ-ն զրուցել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ:
-Պարոն Սաքունց, ինչո՞վ էր պայմանավորված ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի փակ հանդիպումը որոշ լրատվամիջոցների ղեկավարների հետ, ըստ Ձեզ ի՞նչ նպատակ էր հետապնդում այդ հանդիպումը:
— Իրականում դա ավելի շատ բաց հանդիպում էր, որովհետև նախ ուղիղ եթերով ցուցադրվում էր. հնարավորություն կար տեսնելու, թե ինչ է ներկայացնում ԱԱԾ նախկին տնօրենը, ինչ հարցեր էին տալիս, ինչ հարցերի էր պատասխանում, այդ ամեն ինչը հասանելի էր բոլորին, իսկ թե ինչի համար էր այդ հանդիպումը, դա իր իրավունքն է: ԱԱԾ նախկին տնօրենի հայտարարությունները, նման բովանդակ քայլերը խոսում են այն մասին, որ Վանեցյանը հայտ է ներկայացնում քաղաքականությամբ զբաղվելու համար: Այս ամենով նա ասաց, որ վերադառնում է ակտիվ քաղաքականություն. սա առաջին դեպքը կլինի, որ կադրային սպան պաշտոնից հեռանալով զբաղվում է քաղաքականությամբ:
— Վերջին շրջանում Վանեցյանն ակտիվ է սոցցանցերում, պարբերաբար գրառումներ է կատարում, արձագանքում է տարբեր խոսակցությունների կամ իրադարձությունների: Նման ակտիվ համացանցային գործունեությունն ինչո՞վ եք պայմանավորում և նորմալ համարո՞ւմ եք՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ անվտանգության ծառայության բարձրաստիճան սպաներն առավել սակավախոս են ու լռակյաց:
— Արթուր Վանեցյանն իր քայլերով շատ հստակ ցույց տվեց իր արժեքային համակարգը, ապացուցեց, որ ինքն իր մոտեցումներով ու պատկերացումներով չի կարող համապատասխանել և չի էլ համապատասխանում ժողովրդավարական և իրավական պետությանը, որովհետև իր ամբողջ մոտեցումներով նա հակաժողովրդական արժեքների, սկզբունքների կրող է:
Արթուր Վանեցյանն, ըստ էության, որևէ անհարմարություն չունի Ռամզան Կադիրովի նման բռնապետի՝ մարդկանց նկատմամբ տարատեսակ հետապնդումներով, նվաստացումներով, սպանություններով աչքի ընկած մարդու հետ մի տեղ գտնվելու և համագործակցելու նման մարդու հետ, սա առավել ևս բացահայտում է իր ողջ էությունը, և նման այցեքարտով հանդես գալը ՀՀ-ում արդեն իսկ դատապարտված է ձախողման: Հաջողություն չի կարող ունենա, ով բռնապետի հետ փորձի համագործակցելով մուտք գործել քաղաքական դաշտ: Իհարկե սա նորմալ չէ:
— Վանեցյանը մի առիթով նաև հայտարարել էր, որ թույլ չի տա, որ վերադարձ լինի անցյալին… Ըստ Ձեզ, ի՞նչ նկատի ունի նա եւ հատկապես ո՞ր ժամանակաշրջանի մասին է նրա խոսքը:
— Չգիտեմ Վանեցյանն ինչ ժամանակաշրջանի մասին է խոսում կամ ինչ նկատի ունի այդ հայտարարության տակ, բայց իմ համոզմամբ նա իր ողջ էությամբ ավտորիտար -բռնապետական կառավարման կրող է թե՛ իր մոտեցումներով, թե՛ իր սկզբունքներով, բայց շատ ավելի կարևոր է՝ այդ ինչ ռեսուրսներ ունի կամ ինչի վրա է հույս դրել, որ կարող է նման բան իրեն թույլ տալ: Ինքն այն անձը չէ, որ նման հավակնոտությամբ հանդես գա. սա չափից դուրս իր անձի մասին պատկերացումներ ունեցող մարդու հայտարարություն է: Այսինքն՝ չափից դուրս է ընդունել, որ ինքը կարող է շատ լուրջ հավակնոտություններով հանդես գալ՝ չունենալով բացարձակապես ոչ մի ռեալ ռեսուրս»: