Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հրապարակումներ | Նորություններ
2017 թ. հուլիսի 27-ին ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Կարինե Բաղդասարյանի նախագահությամբ, բավարարել էր զորակոչիկ Հ. Մ.-ի հայցը։
Դատարանն անվավեր էր ճանաչել ՀՀ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի 2016 թ. հունվարի 21-ի եզրակացությունը, որով նրան 10 ամսով տարկետում էր տրամադրվել։
ԿԲՀ-ի այդ որոշումը Հ. Մ.-ը վիճարկում էր 2016 թվականից: Դատարանում նրա շահերը սկզբում ներկայացնում էր ՀՔԱՎ իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը, ապա՝ գրասենյակի փաստաբան Հայկ Հակոբյանը:
2015 թ.-ին ՀՀ առողջապահության նախարարության «Նորք» հոգեբուժական կենտրոնում Հ. Մ.-ի մոտ ախտորոշվել է «օրգանական ասթենիկ խանգարում», մինչդեռ «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնում՝ «չափավոր արտահայտված նևրոսթենիա»։ Կենտրոնական բժշկական հանձնաժողովը Հ.Մ․-ին տրամադրում է տարկետում 10 ամսով` համաձայն ՊՆ-ի 2013 թ. ապրիլի 08-ի թիվ 410-Ն հրամանի 5-րդ հոդվածի «գ» կետի: Նույնաբովանդակ եզրակացություն Հ.Մ-ին տրվել էր նաև 2016 թ. հունվարի 21-ին։
Հ.Մ-ի շահերի ներկայացուցչի կարծիքով, իր պաշտպանյալի նկատմամբ պիտի կիրառվեին ՊՆ-ի վերոհիշյալ հրամանի ոչ թե 5-րդ, այլ 7-րդ հոդվածի դրույթները։ Հ.Մ.-ի շահերի ներկայացուցիչ, ՀՔԱՎ գրասենյակի իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը դատարանի ուշադրությունը հրավիրել էր կամայական մոտեցման վրա՝ ներկայացնելով ապացույց` նույնանման գործով այլ դիրքորոշում ցուցաբերելու վերաբերյալ: Դատարանը, գործով առկա ապացույցների շարքում, մասնավորապես, արձանագրել է, որ 2017 թ. հունիսի 27-ին, ՀՀ ՊՆ-ի աշխատակազմի ղեկավարն իրավաբանին տրամադրել է գրություն այն մասին, որ 2014թ. հուլիսի 24-ին Սյունիքի նախկին մարզպետի որդին՝ Տիգրան Սուրիկի Խաչատրյանը, բուժզննություն է անցել Կենտրոնական բժշկական հանձնաժողովում։ Նրա մոտ ևս ախտորոշվել է «չափավոր արտահայտված նևրասթենիա»: Համաձայն ՀՀ ՊՆ 410_13 հրամանի 7-րդ հոդվածի «բ» կետի պահանջների՝ նա ճանաչվել է «ժամանակավորապես ոչ պիտանի զինծառայությանը» և նրան տրվել է տարկետում՝ 3 տարով։ Դատարանն այս ապացուցներից հետևություն է արել, որ չնայած վարչական մարմնի հայեցողական լիազորությանը` հիվանդության որակման հարցում, այդուհանդերձ, միանման փաստական հանգամանքների առկայության պարագայում վարչական մարմինը պարտավոր է գործել միատեսակ: Վկայակոչելով այս իրավիճակը՝ Հ.Մ.-ը խնդրել է անվավեր ճանաչել ԿԲՀ-ի 2016 թ. հունվարի 21-ի եզրակացությունը:
Հարկ է նշել, որ այդ դատական նիստին պատասխանող կողմ ԿԲՀ-ն այդպես էլ չէր ներկայացել դատարան՝ չնայած պատշաճ ծանուցմանը:
2017 թ.-ի դեկտեմբերի 22-ին Հ.Մ.-ը ՀՔԱՎ գրասենյակի իրավական աջակցությամբ նոր հայցադիմում է ներկայացնում դատարան՝ ընդդեմ ՊՆ-ի՝ խնդրելով պարտավորեցնել վերջինիս 3 տարով տարկետում տրամադրել: 2018 թ. մայիսի 15-ի դատական նիստին Հ.Մ.-ի շահերի ներկայացուցիչ ՀՔԱՎ գրասենյակի փաստաբան Հ. Հակոբյանը ներկայացրել է հայցի առարկայի փոփոխություն` խնդրելով ՊՆ-ին կայացնել որոշում՝ Հ.Մ.-ին պարտադիր ժամկետային զինծառայությունից ազատելու մասին:
2020 թ. փետրվարի 11-ին, ՀՀ վարչական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարեն Զարիկյանի, ընդունում է վճիռ՝ ՀՔԱՎ գրասենյակի փաստաբանի հայցը բավարարելու մասին:
Իր վճռում դատարանն անդրադարձել է Կենտրոնական բժշկական հանձնաժողովի 2019թ. հունվարի 30-ի եզրակացությանը, որը ևս վկայում է հայցվորի մոտ պարտադիր զինծառայության զորակոչվելուն խանգարող հիվանդության առկայության մասին:
Դատաքննությամբ հայտնի է դարձել, որ 2015թ. նոյեմբեր- 2016 թ. հունվար ամիսների ձմեռային զորակոչի ժամանակ հանրապետական զորակոչային հանձնաժողովն այդ պահին գործող «Զինապարտության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-3-րդ մասերին, 18-րդ հոդվածի 2-րդ մասին, Կարգի 2-րդ, 41-րդ կետերին, Կարգով հաստատված Հիվանդությունների և ֆիզիկական թերությունների ցանկի 7-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան որոշում է ընդունել Հ.Մ-ին 3 տարով տարկետում տալու մասին: Ըստ այդմ՝ 2018 թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2019 թ. փետրվարի 14-ը ներառյալ ձմեռային զորակոչի ժամանակ, ԿԲՀ-ի 2019 թ. հունվարի 30-ի եզրակացության պայմաններում Պաշտպանության նախարարը պետք է ընդուներ հրաման ոչ թե «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ենթակետին համապատասխան հայցվորին 3 տարով տարկետում տալու, այլ նույն օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի համապատասխան Հ.Մ-ին պարտադիր զինծառայությունից ազատելու մասին:
Շուրջ 4 տարի ձգվող դատաքննության ընթացքում Հ.Մ.-ի շահերի ներկայացուցիչ, ՀՔԱՎ գրասենյակի փաստաբան Հ. Հակոբյանը մի շարք դրույթներ է ներկայացրել նմանատիպ գործերով իրավակիրառ պրակտիկայից: Մասնավորապես, հղումներ անելով պարտադիր զինծառայությունից տարկետում տալու կամ զինծառայությունից ազատելու վերաբերյալ 2015-2016թթ. զորակոչի ժամանակ գործող Զինապարտության ու պաշտպանության մասին ՀՀ օրենքներով սահմանված իրավակարգավորումներին, Հայկ Հակոբյանը դատարանի ուշադրությունը հրավիրել է Պաշտպանության նախարարի 2013 թ. ապրիլի 8-ի N 410-Ն հրամանով հաստատված «Զինապարտների և զինծառայողների առողջական վիճակի փորձաքննության կարգի որոշ կետերին, որոնք գործել են 2015-2016թթ. ձմեռային զորակոչի ժամանակ: Այն է՝ պարտադիր զինծառայության զորակոչվելուն խանգարող և դժվար բուժվող հիվանդություններ ունեցող զորակոչիկներին հանրապետական զորակոչային հանձնաժողովն առողջական վիճակի պատճառով տալիս է տարկետում` 3 տարի ժամկետով: Զորակոչից առողջական վիճակի պատճառով 3 տարի ժամկետով տարկետում կարող է տրվել 1 անգամ, որից հետո, նկատի առնելով առողջական վիճակը, նրանք կամ զորակոչվում են, կամ ոչ պիտանի են ճանաչվում խաղաղ պայմաններում զինծառայությանը և հաշվառվում պահեստազորում, կամ ոչ պիտանի են ճանաչվում խաղաղ պայմաններում զինվորական ծառայության համար, հաշվառվում պահեստազորում կամ ոչ պիտանի են ճանաչվում խաղաղ ժամանակ՝ հանվելով զինվորական հաշվառումից:
2016 թ.-ի ձմեռային զորակոչի ժամանակ իրականացված բուժզննություններով Հ.Մ.-ի մոտ հաստատվել է Կարգով հաստատված Հիվանդությունների և ֆիզիկական թերությունների ցանկի 7-րդ կետի «բ» ենթակետում նշված՝ «նևրոտիկ, սթրեսով պայմանավորված և սոմատոֆորմ խանգարումներ՝ չափավոր արտահայտված երկարատև հիվանդագին արտահայտություններով, սակայն բարենպաստ ելքով և կոմպենսացիայով» ախտորոշումը, որի պարագայում Հանրապետական զորակոչային հանձնաժողովը պետք է որոշում ընդուներ Հ.Մ-ին 3 տարով տարկետում տալու մասին Սակայն, Կենտրոնական բժշկական հանձնաժողովը 2016-ի հունվարի 21-ին տվել է եզրակացություն՝ 10 ամսով տարկետում տրամադրելու մասին:
Դատարանը միաժամանակ փաստել է, որ 2019թ. ձմեռային զորակոչի ժամանակ Պաշտպանության նախարարի 2019 թ. փետրվարի 14-ի N 145 հրամանի 1-ին կետի 2-րդ ենթակետով գործող «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ենթակետին համապատասխան հայցվորին տրվել է 3 տարի ժամկետով տարկետում՝ մինչև 2021 թ. ձմեռային զորակոչը:
Այս հրամանի հիմքում դրվել է ԿԲՀ-ի 2019 թ. հունվարի 30-ի եզրակացությունը՝ 3 տարով տարկետում տալու մասին, որով արձանագրվել է «չափավոր արտահայտված նևրասթենիա» ախտորոշումը:
Հաշվի առնելով Հ.Մ.-ի առողջական վիճակի նեղ մասնագիտական բնույթը՝ 2018թ.-ին նշանակվել է փորձաքննություն: Առողջապահության նախարարության Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնը տվել է եզրակացություն առ այն, որ «2015թ-ի զորակոչի ընթացքում Հ.Մ.-ը հետազոտվել է նախ Նորքի, ապա Նուբարաշենի հոգեբուժարաններում՝ համապատասխանաբար՝ «Օրգանական ասթենիկ խանգարում, կարիք ունի բուժման» և «Նևրասթենիա, չափավոր արտահայտված» եզրակացություններով:
2020 թ. հունվարի 21-ի դատական նիստին փորձագիտական եզրակացության վերաբերյալ վկայի կարգավիճակով ցուցմունք է տվել նաև փորձագետը: Նա վերահաստատել է, որ 2016 թ.-ի ձմեռային զորակոչի ժամանակ բուժզննությամբ զորակոչիկի մոտ հաստատվել է «նևրոտիկ, սթրեսով պայմանավորված և սոմատոֆորմ խանգարումներ՝ չափավոր արտահայտված երկարատև հիվանդագին արտահայտություններով, սակայն բարենպաստ ելքով և կոմպենսացիայով» ախտորոշումը: Հիմնվելով փորձագետի հավաստիացումների վրա, ըստ որոնց այդ հիվանդությունը դժվար բուժվող է և կարող է էլ ավելի սրվել զինծառայության ժամանակ, Հ.Մ.-ի շահերի ներկայացուցիչ, ՀՔԱՎ գրասենյակի փաստաբան Հ. Հակոբյանը դատարանի ուշադրությունը կրկին հրավիրել է ԿԲՀ-ի 2019 թ. հունվարի 30-ի եզրակացության վրա, որը ևս վկայում է Հ.Մ-ի մոտ պարտադիր զինծառայության զորակոչվելուն խանգարող հիվանդության առկայության մասին: Հետևաբար՝ 2019 թ.-ի ձմեռային զորակոչի ժամանակ պաշտպանության նախարարի հրամանով Հ.Մ.-ին ոչ թե 3 տարով տարկետում պիտի տրվեր, այլ նա պիտի ազատվեր պարտադիր զինծառայությունից:
Գնահատելով գործում առկա գրավոր ապացույցները, հիմնվելով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ ուսումնասիրության վրա, դատարանը գտել է, որ հայցն ամբողջովին ենթակա է բավարարման՝ մի շարք պատճառաբանություններից ելնելով. Մասնավորապես՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է (Վարչական դատարան դիմելու իրավունքը …1. Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ), ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածով (Դատական պաշտպանության իրավունքը և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունքը …1.Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք) և 63-րդ հոդվածների 1-ին մասերը (Արդար դատաքննության իրավունքը … 1. Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք):
Հիմնավոր ու հավասարակշռված համարելով հայցվոր կողմի փաստարկները՝ դատարանը բավարարել է հայցը՝ պարտավորեցնելով ՊՆ-ին ընդունելու որոշում՝ Հ.Մ.-ին պարտադիր զինծառայությունից ազատելու մասին, միաժամանակ վերացնելու 2019 թ. փետրվարի 14-ի հրամանը: