Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Անհրաժեշտ է ամբողջությամբ ներդնել հանրային շահի պաշտպանության նպատակով դատարան դիմելու իրավունքի ինստիտուտը

Հանրային շահի պաշտպանության անհրաժեշտության մասին բազմաթիվ իրավական անդրադարձեր են եղել, նաև կազմվել են օրենսդրական նախագծեր:

 

2010 թ. սեպտեմբերի 7-ին ՀՀ Սահմանադրական դատարանն իր թիվ 906 որոշմամբ, որով, հաշվի առնելով  հասարակական  կազմակերպությունների դերը  պետության և քաղաքացիական  հասարակության կյանքում, առաջնորդվելով հասարակական կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացման  նկատառումներով, գտել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը շահագրգիռ  (կանոնադրական համապատասխան իրավասությամբ օժտված) հասարակական կազմակերպությունների համար, որպես իրավաբանական անձ, կարող է սահմանել տվյալ ոլորտում անձանց խախտված իրավունքների համար դատարան դիմելու իրավունքի իրացման դեպքերը և կարգը՝ ելնելով նաև action popularis  բողոքների  ինստիտուտի  առնչությամբ  եվրոպական  ներկա զարգացումների միտումներից:

 

Այս համատեքստում հարկ է ընդգծել, որ գործող իրավակարգավորումները դեռևս չեն սահմանում «հանրային շահ» կամ «հանրային նշանակություն ունեցող  հարցեր»  եզրույթների  իրավաբանական բովանդակությունը։

 

Ուսումնասիրելով ոլորտում առկա խնդիրները՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է առաջարկություններ.

 

  1. ուսումնասիրել և մշակել «հանրային շահ» եզրույթի սահմանումը, որն ամբողջովին կպարզաբանի դրա իրավաբանական էությունն ու բովանդակությունը, 
  2. համապատասխան օրենսդրական փոփոխություն և լրացում կատարել ՀՀ վարչական և  քաղաքացիական դատավարության օրենսգրքում՝ նախատեսելով առանձին գլուխներ, որոնցով կսահմանվեն «հանրային շահի» պաշտպանության նպատակով հայց ներկայացնելու, դատավարության, ապացույցներ ներկայացնելու և ապացուցման բեռ բաշխելու, այդ թվում՝ դատարանի կողմից կայացվող դատական ակտի բովանդակության վերաբերյալ կարգավորումները,
  3. համապատասխան օրենսդրական փոփոխություն և լրացում կատարել «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում և  առանձին ոլորտները  կարգավորող օրենսդրական ակտերում՝ սահմանելով տվյալ ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների համար հանրային շահի պաշտպանության նպատակով դատարան դիմելու իրավունքի հնարավորությունը: 

 

ՀՔԱՎ գրասենյակը գտնում է նաև, որ անհրաժեշտ է  առաջնայնության  սկզբունքով համապատասխան դրույթներ ներառել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին», «Իրավահավասարության ապահովման մասին»  ՀՀ օրենքների նախագծերում, ինչպես նաև «Ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում:

 

Փաստաթուղթն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ

 

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր