Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՐԾԻՔ

November 17, 2023

Արդար դատաքննության իրավունք | Գործունեություն | Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք | Իրավակիրառ պրակտիկայի վերլուծություն | Իրավունքներ | Պետական կառույցներ | Օրենսդրական առաջարկություններ | Օրենսդրական առաջարկություններ և վերլուծություն

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացնում է կարծիք՝ հանրային քննարկման դրված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման վերաբերյալ։ 

 

Նախագիծը չի ապահովում պատշաճ և արդյունավետ վարչարարություն իրականացնելու սկզբունքները և խախտում է վարչական իրավախախտում կատարած անձանց՝ օրենսգրքով սահմանված և միջազգային իրավական ընթացակարգերով երաշխավորված իրավունքները։

 

Նախագծով նախատեսվում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մարմինների կողմից կայացված վարչական ակտերի և դրսևորած գործողությունների և անգործության վերադասության կարգով բողոքարկման/գանգատարկման պահանջ (արտադատական ընթացակարգ), նախքան դատական կարգով դիմելը, վերանայվում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության իրավասու մարմինների կողմից կայացված վարչական իրավախախտումների վերաբերյալ ակտերի դեմ դատական կարգով գանգատարկման համար սահմանված պետական տուրքի չափը, բացառվում է վարչական իրավախախտման վերաբերյալ կազմված արձանագրության հիման վրա հայցի հարուցումը՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համար սահմանելով համապատասխան արձանագրության հիման վրա համապատասխան վարչական ակտի կայացման իրավական հնարավորություն։

 

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ օրենսդրական փոփոխությունների ընդունման արդյունքում կբարձրանա ՀՀ ոստիկանության իրավասու մարմինների կողմից ընդունած վարչական ակտի, գործողության կամ անգործության վերադասության կարգով բողոքարկման վարույթի նշանակությունը և դերը՝ միաժամանակ ապահովելով վարչական դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդար դատաքննության իրականացման օբյեկտիվ հնարավորությունը՝ անհարկի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու միջոցով, ինչպես նաև ակնկալվում է խրախուսել դրանով սահմանված վարչական իրավախախտումների հիմքով վարչական պատասխանատվության ենթարկված անձանց կողմից վարչական ակտը կամովին կատարելը:

 

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 287-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն․ «1. Վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի կայացրած վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումը կարող է գանգատարկվել (բողոքարկվել) սույն օրենսգրքով սահմանված վարչական կարգով կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված դատական կարգով, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի»: 

 

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն․ «2. Սույն օրենսգրքի 123-րդ, 123.1-ին, 123.3-րդ, 123.4-րդ, 123.5-րդ (բացառությամբ 8-րդ, 9-րդ, 14-րդ և 15-րդ մասերով նախատեսված իրավախախտումների), 123.6-րդ, 123.7-րդ, 124-124.4-րդ, 124.6-րդ, 125-րդ, 126-րդ, 128-րդ, 129.2-րդ, 129.3-րդ, 131-րդ, 132-րդ, 135.2-րդ և 140-րդ հոդվածներով սահմանված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական ակտերը կարող են վիճարկվել դատական կարգով միայն վարչական կարգով գանգատարկվելուց (բողոքարկվելուց) հետո»։

 

Ըստ վերը նշված հոդվածի վերլուծության՝ ներկա կարգավորմամբ նախքան դատարան դիմելը վարչական ակտերի վերադասության կարգով պարտադիր բողոքարկման պահանջը գործում է միայն խիստ սահմանափակ և որոշակի վարչական իրավախախտումների դեպքում, մինչդեռ նախագծով սահմանվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մարմինների կողմից կայացված բոլոր վարչական ակտերի և դրսևորած գործողությունների և անգործության վերադասության կարգով բողոքարկման/գանգատարկման պահանջ (արտադատական ընթացակարգ), նախքան դատական կարգով դիմելը:

 

Տվյալ դեպքում մինչ վերադասության կարգով բողոքարկման կամ վերանայման իրավունքի ընդլայնումը անհրաժեշտ է պարզել, թե արդյո՞ք վերանայման ինստիտուտը արդյունավետ գործում է, արդյո՞ք վարչական մարմիններն ապահովում են բողոքների ըստ էության և բովանդակային քննություն։ 

 

Կազմակերպությունն իր իրավապաշտպան գործունեության ընթացքում ցուցաբերած իրավական աջակցության և կատարած ուսումնասիրությունների արդյունքում եզրահանգել է, որ վարչական կարգով ներկայացված բողոքների քննությունն ու լուծումը մեծամասամբ կրում է ձևական  բնույթ և արդյունավետ չի գործում։

 

Նախագծում հղում է կատարվում Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությանը, որտեղ մատնանշված է վարչական դատավարության օրենսդրության բարեփոխումների անհրաժեշտությունը․ այս կապակցությամբ նշենք, որ «Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023թթ․ ռազմավարությամբ և վերջինից բխող գործողությունների ծրագրով որպես վարչական դատավարության և վարչական վարույթի բարեփոխումներին ուղղված գործողություն նախատեսված էր հետևյալը․ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում կատարել փոփոխություններ՝ նախատեսելով վարչական ակտերի վերադասության կարգով բողոքարկման արդյունավետ մեխանիզմներ: Նշված ռազմավարության շարունակությունը հանդիսացող «Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ․ ռազմավարությամբ» նշված գործողությունը և առհասարակ «Վարչական արդարադատություն և վարչական վարույթի արդյունավետության բարձրացում» վերտառությամբ նպատակի ներքո նշված մի շարք գործողություններ կրճատվել են, որի վերաբերյալ Կազմակերպությունը իր մտահոգությունը հայտնել էր 29․03․2022թ․ հրապարակված կարծիքում։

 

Հարկ է նշել, որ գործող ռազմավարությամբ նշված գործողության բացակայությունը պայմանավորված չէ խնդրի լուծված լինելու հանգամանքով։ Ավելին, դատարանների ծանրաբեռնվածության թեթևացման նպատակով նման մեծ շրջանակի վարչական ակտերի պարտադիր բողոքարկման պահանջ նախատեսելը կարող է արդարացված և ողջամիտ համարվել միայն այն դեպքում, երբ վարչական մարմինն իր պատրաստվածությամբ և կարողություններով ի վիճակի լինի արդյունավետ քննել և լուծել բողոքի հիման վրա հարուցված վարչական վարույթը։ Հակառակ դեպքում, առաջարկվող օրենսդրական փոփոխությունը դառնում է ընդամենը վարչական մարմնի դեմ բողոքի քննության հետաձգման գործիք։

 

 Նման նախագծի ներկայացման ողջամիտ հիմնավորում կարող էր համարվել ուսումնասիրության և վիճակագրության ներկայացումը, որը կհաստատեր, որ վերադասության կարգով քննված վարչական բողոքների արդյունքում կայացված որոշումները միայն փոքր համամասնությամբ են հետագայում բեկանվում դատարանների կողմից, մինչդեռ նման վիճակագրությունը բացակայում է։ Ընդհակառակը, վերադասությամբ վերանայված և դատարան բողոքորկված վարչական ակտերի մեծ մասը բավարարվում են և անվավեր ճանաչվում՝ ծանուցման եղանակների, ընթացակարգերի չպահպանման, ապացույցների բացակայության, ոչ իրավաչափ լինելու  և այլ հիմքերով։ Վարչական մարմինների կողմից իրականացվող քննությունը չի ապահովում այն երաշխիքները և արդյունավետությունը, ինչ որ ապահովվում է դատարանը դատական քննության ժամանակ։

 

Տվյալ դեպքում գտնում ենք, որ անհրաժեշտ է մշակել և նախագծի հիմնավորումների շարքում ներկայացնել վիճակագրություն վերադաս մարմնի վերանայման արդյունքում կայացրած և անփոփոխ մնացած և արդյունքում դատարան բողոքարկված և բավարարված գործերի վերաբերյալ, միաժամանակ  ուսումնասիրել դատական ակտերով արձանագրված հիմքերը և խնդիրները։ Քանի դեռ նման վիճակագրություն առկա չէ, վերհանված չեն դատական ակտերով արձանագրված խնդիրները և վերջիններիս տրված չեն լուծումներ, խոսք անգամ չի կարող լինել վերադասության կարգով վերայման արդյունավետության և ընդլայնման մասին։

 

Ինչ վերաբերվում է վարչական իրավախախտման վերաբերյալ կազմված արձանագրության հիման վրա հայցի հարուցելու բացառմանը, ապա այն հակասում է անձի դատարան դիմելու իրավունքի և դատարանի մատչելիության իրավունքին։ 

 

Սահմանադրական դատարանն իր բազմաթիվ որոշումներում (ՍԴՈ-690, 719, 733, 765, 780, 849, 873, 890, 918, 922, 936, 1037, 1052, 1062, 1114, 1115, 1190, 1191, 1192, 1196, 1197, 1220, 1222, 1231, 1249, 1254, 1257, 1263, 1265, 1268, 1275, 1289, 1290, 1293, 1395) անդրադարձել է արդար դատաքննության և դատական բողոքարկման, դատարանի մատչելիության հիմնախնդիրներին, կարևորելով վերջինս որպես կարևոր նախապայման՝ Սահմանադրությամբ երաշխավորված հիմնական իրավունքների ու ազատությունների արդյունավետ պաշտպանության համար: Վերոթվարկյալ որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները, ելնելով սույն գործով բարձրացված հիմնախնդրի էությունից, հիմնականում հանգել են հետևյալին.

 

- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

- դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը,

- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,

- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով՝ դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և իր ծանրությամբ չհանգեցնի իրավունքի էության խախտման:

 

2․Երկրորդ հարցով բարձրացված խնդրի վերաբերյալ նշենք, որ ասվածի վերաբերյալ չկան համապատասխան ապացույցներ և հիմնավորումներ, թե վարչական ակտերը վիճարկվում են՝ նպատակ ունենալով հետաձգել տուգանքի վճարման պարտավորության կատարումը։ 

 

Տվյալ դեպքում ՀՀ ՆԳՆ ոստիկանության իրավասու մարմինների կողմից կայացված վարչական իրավախախտումների վերաբերյալ ակտերի դեմ դատական կարգով գանգատարկման համար սահմանված պետական տուրքի չափը վերանայելը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ընդունած վարչական ակտերի դատական կարգով վիճարկման գրավոր դատաքննության ընթացակարգ սահմանելը վերը նշված կարգավորումների պայմաններում ողջամիտ չէ քննարկել։ 

 

Նախագիծը չի ապահովում պատշաճ և արդյունավետ վարչարարություն իրականացնելու սկզբունքները և խախտում է վարչական պատասխանատվության ենթարկված անձի՝ օրենսգրքով սահմանված և միջազգային իրավական ընթացակարգերով երաշխավորված իրավունքներն, ուստի վերը թվարկվածի հաշվառմամբ, գտնում ենք, որ նախագիծը պետք է հանել շրջանառությունից։

Դիտումներ՝ 280

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????