Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԵՎ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԶՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ, ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԵՎ ՊԱՀԵՍՏԱԶՈՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ԶԵԿՈՒՅՑ

May 24, 2024

Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Ծրագիր։ Զորակոչիկների եւ զինծառայողների իրավունքների պաշտպանություն | Հրապարակումներ | Սեփական | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

Սույն ԶԵԿՈՒՅՑում ներկայացվում է 2023 թվականի ամառային և ձմեռային զորակոչերի ընթացքում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուսումնասիրության արդյունքում արձանագրված զորակոչիկների, զինվորական հաշվառման ենթակա և պահեստազորում հաշվառված անձանց իրավունքների պաշտպանության վիճակը։

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2021 թվականից սկսած Հայաստանի Հանրապետությունում սկսեցին անցկացվել պարբերական վարժական հավաքներ, Զեկույցում անդրադարձ է կատարված նաև դիտարկվող ժամանակահատվածում (2023 թ ապրիլի 17-ից մինչև 2024 թ հունվարի 31-ը) Կազմակերպություն դիմած  պահեստազորում հաշվառված անձանց կողմից բարձրաձայնված խնդիրներին:

 

Զեկույցում արձանագրված են նաև հաշվետու ժամանակահատվածում Կազմակերպությանը դիմած զինվորական հաշվառման ենթակա և օրենքի պահանջների խախտմամբ զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների բարձրաձայնած խնդիրները 2023 թ ապրիլի 17-ից մինչև 2024 թ հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում։

 

2023 թ. ամառային և 2023 թ. ձմեռային զորակոչերի ընթացքում ՀՔԱ Վանաձորի գրասենյակ դիմած բոլոր անձանց տրամադրվել է բանավոր խորհրդատվություն։ Բացի այդ, 35 հոգու՝ 24 զորակոչիկի, պահեստազորում հաշվառված 10 անձանց և զինվորական հաշվառման ենթակա 1 անձի տրամադրվել է նաև գրավոր ընթացակարգով իրավական աջակցություն, որի շրջանակներում ուղարկվել է 41 գրություն ՀՀ պաշտպանության նախարարություն, ՀՀ առողջապահության նախարարություն, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայություն։

 

24 զորակոչիկներից 22-ի խնդիրը կապված է եղել առողջական խնդիրների, դրանց առկայությամբ զինծառայությանը պիտանիության իրավաչափության, առողջական վիճակի համաիր հետազոտման իրականացման հետ, 1-ի խնդիրը վերաբերել է տարկետման ընթացքում արտերկրում կրթություն ստանալու համար անձնագրի տրամադրմանն ու վավերականության ժամկետի երկարաձգմանը, 1-ի խնդիրը վերաբերել է սեփական միջոցներով առողջական վիճակի հետազոտություններ անցնելու արհեստական խոչընդոտների ստեղծմանը՝ բժշկական հաստատությունների կողմից՝ վերջինիս զորակոչիկ հանդիսանալու հանգամանքով պայմանավորված։

 

Գրավոր ընթացակարգով իրավական աջակցություն ստացած  10  պահեստազորայիններից 5-ի խնդիրը վերաբերվել է վարժական հավաքներին մասնակցության ժամակահատվածի փոփոխությանը, 2-ինը՝ առողջական վիճակով պայմանավորված վարժական հավաքներին ենթակա ճանաչվելուն, 2-ինը՝  աշխատանքով պայմանավորված վարժական հավաքներին մասնակցությանը, 1-ինը՝ վարժական հավաքների կանչման իրավաչափությանը։

 

Արցախից ՀՀ տեղափոխված զինվորական հաշվառման ենթակա 1 անձի գործով դիմում է ուղարկվել ՀՀ ՊՆ ԶԶՀԾ՝ վերջինիս զինվորական հաշվառման վերաբերյալ։

 

Կազմակերպությանը դիմած 97 զորակոչիկներից.                                                                                                 

  • 4-ը  ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար,
  • 4-ը ճանաչվել է ժամանակավորապես ոչ պիտանի զինվորական ծառայության համար,
  • 7-ին տրամադրվել է տարկետում զինվորական ծառայությունից մինչև 1 տարի ժամկետով (5 ամիս, 6 ամիս կամ 10 ամիս),
  • 5-ի վերաբերյալ կենտրոնական բժշկական հանջնաժողովի (ԿԲՀ) եզրակացության բողոքարկման արդյունքում որոշում է կայացվել վերջիններիս ներկայացնել հաջորդ զորակոչին,
  • 1-ի  անձնագրում երկարաձգվել է արտերկրում գտնվելու թույլտվության ժամկետը՝ ոչ ֆորմալ կրթական ծրագրին մասնակցելու նպատակով,
  • 13-ը, չհամաձայնելով առողջական վիճակի հետազոտությունների արդյունքների հետ, բողոքարկել է զինվորական ծառայությանը պիտանիության մասին ԿԲՀ եզրակացությունը։ Կազմակերպությունը շարունակում է իրավական աջակցություն է ցուցաբերել նշված զորակոչիկների՝ քրեական վարույթի շրջանակներում։

 

Կազմակերպությանը դիմած պահեստազորում հաշվառված 64 անձանցից

 

  • 3-ը, ովքեր պահեստազորայիններին վարժական հավաքների ներգրավելու շրջանակներում չեն ենթարկվել բժշկական համալիր հետազոտությունների, Կազմակերպության դիմումների հիման վրա համապատասխան գանգատներով  ուղեգրվել են բժշկական հետազոտությունների, որոնց արդյունքում կայացվել է որոշում վերջիններիս՝ վարժական հավաքների ենթակա լինելու մասին,
  • 1-ը ով ԲՈւՀ-ի ուսաանող է Կազմակերպության դիմումի հիման վրա ներգրավվել է վարժական հավաքների համալսարանի ավարտական քննություններից հետո,
  • 1-ը ճանաչվել է վարժական հավաքներին ոչ ենթակա՝ առողջական խնդիրներով պայմանավորված։

 

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, զորակոչի կազմակերպման և անցկացման ընթաքում առկա են խնդիրներ, որոնք կրում են պարբերական բնույթ, շարունակաբար արձանագրվում են յուրաքանչյուր զորակոչի ժամանակ և մինչ օրս լուծված չեն՝ ներկայացնում ենք համապատասխան առաջարկությունները.

 

  1. Պետության կողմից տրամադիր անվճար բուժօգնության շրջանակներում իրականացնել արդյունավետ և որակյալ բժշկական միջոցառումներ՝ ներառյալ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա և այլ լաբորատոր կամ գործիքային հետազոտություններ, որոնք կապահովեն զորակոչիկների առողջական խնդիրների բացահայտման արդյունավետությունը:
  2. Բժշկական փորձաքննություն իրականացնելիս ապահովել անձի առողջական վիճակի գաղտնիության իրավունքը:
  3. Բացառել զորակոչիկների կողմից ներկայացված գանգատները չարձանագրելու պրակտիկան: Անկախ այդ գանգատների հետագա հետազոտման արդյունքներից՝ դրանք պատշաճ արձանագրել անձի առողջական վիճակի հետազոտման ակտերում։
  4. Հաշվի առնել սեզոնային հիվանդությունների բնույթը և առանձնահատկությունները, և միայն դրա հիման վրա կայացնել համապատասխան որոշում:
  5. Ապահովել բոլոր անհրաժեշտ հետազոտությունների համար նախատեսված ուղեգիր՝ զորակոչիկի պիտանիության վերաբերյալ ճիշտ և իրական որոշում կայացնելու համար:
  6. Բացառել որոշ բժշկական հաստատությունների՝ առանց ուղեգրի ներկայացած 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին՝ չհետազոտելու պրակտիկան՝ վերջիններիս տարիքի և զորակոչիկ հանդիսանալու հանգամանքով պայմանավորված։
  7. Մի քանի առողջական խնդիրներ ունեցող զորակոչիկի բժշկական զննությունն իրականացնել բոլոր խնդիրներով և առողջական վիճակի վերաբերյալ եզրակացությունը ներկայացնել առողջական բոլոր խնդիրների վերաբերյալ՝ անկախ մեկ խնդրով պիտանիության վերաբերյալ որոշումից:
  8. Անձի մոտ 5 և ավելի հիվանդության առկայության դեպքում դիտարկել ոչ թե միայն հիվանդությունների քանակը, այլ նույն անձի մոտ զուգահեռաբար մի քանի հիվանդության պարագայում հնարավոր ծանրաբեռնվածության և ընդհանուր առողջական վիճակի և հնարավոր վատթարացման հանգամանքը։
  9. Պիտանիության աստիճանը որոշող դրույթները սահմանելիս հաշվի առնել անձի առողջական խնդիրների ծանրության աստիճանը։
  10. Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում հստակեցնել «ձգձգվող» կամ «բուժմանը դժվար ենթարկվող» հասկացությունները և սահմանել կոնկրետ ժամկետներ կամ ժամանակահատվածներ ըստ յուրաքանչյուր հիվանդության։
  11. ՀՀ կառավարության 2018 թ. N 404-Ն որոշման բացատրական մասում հոդվածների փորձաքննության կարգը համապատասխանեցնել է նույն որոշման հավելված 1-ում իմպերատիվ կերպով գործող  դրույթին։ (Օրինակ՝ ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշման Հավելված 1-ով իմպերատիվ կերպով սահմանվում է, որ միակ ամորձու դեպքում անձինք, այդ թվում նաև չորրորդ և հինգերորդ սյունակներով փորձաքննվողները  պետք է փորձաքննվեն միայն 58-րդ հոդվածի «ա» կետով և ոչ թե «գ» կետով, ինչպես սահմանվում է 56-րդ հոդվածի բացատրական մասում՝ «չորրորդ և հինգերորդ սյունակների համար կիրառվում է 58 հոդվածի «գ» կետը», այսինքն՝ անձինք պիտանի են զինվորական ծառայության համար)։
  12. Հաշվի առնելով մտավոր խնդիրներ ունեցող զինծառայողների՝ զինվորական պարտականությունների արդյունավետ իրականացման խոչընդոտները և կարևորելով զինծառայողների առողջության վատթարացման կանխարգելումը՝ ընդունել զորակոչիկների և զինծառայողների համար բարենպաստ իրավական ակտ՝ զինվորական ծառայությունից ազատելով «Մտավոր հետամնացություն, ուսման հետ կապված խնդիրներ» ունեցող զորակոչիկներին։
  13. Օրենքով նախատեված եղբայրների նույն զորամասում ծառայության անցնելու մասին դրույթի կիրառման հիմքում չդնել ծառայության մեջ գտնվող եղբոր ծառայության վայրի զորամասի համալրում նախատեսված չլինելու համգամանքը և զորակոչվող եղբոր մասնագիտացումը, հնարավորություն ընձեռելով եղբայրներին ծառայելու նույն զորամասում։
  14. Բոլոր իրավական ակտերում «Զինվորական կոմիսարիատ» եզրույթը փոխարինել «Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանում» երզույթով։
  15. Պահեստազորում հաշվառված անձանց՝ հայտարարված վարժական հավաքների կամ զորահավաքային զորակոչի շրջանակներում ներգրավելիս իրականացնել վերջիններիս պատշաճ, օբյեկտիվ բժշկական զննությունն ու փորձաքննությունը:
  16. Հայտարարված վարժական հավաքների կամ զորահավաքային զորակոչի շրջանակներում պահեստազորում հաշվառված անձանց զորակոչելիս հաշվի առնել նրանց զինվորական մասնագիտությունը:
  17. Զորակոչիկներին և պահեստազորում հածվառված անձանց ենթարկել համալիր հետազոտությունների՝ նրանց իրական առողջական վիճակը բացահայտելու համար:
Դիտումներ՝ 44

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????