Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՏԻՄ ընտրություններ․ Օրենսդրություն և պրակտիկա

February 23, 2024

Գործունեություն | Ընտրական գործընթաց | Հրապարակումներ | Նորություններ | Պետական կառույցներ | ՏԻՄ գործունեություն

Փետրվարի 22-ին ՀՔԱՎ գրասենյակը կազմակերպել էր ՏԻՄ ընտրություններ․ Օրենսդրություն և պրակտիկա խորագրով հանրային քննարկումը։ Քննարկման բանախոսներն էին 

  • Արթուր Սաքունց
  • Վարդինե Գրիգորյան

  • Սոնա Այվազյան

  • Արմեն Սմբատյան

  • Աղասի Եսայան

  • Դանիել Իոաննիսյան

  • Գևորգ Քոթանջյան

  • Լևոն Բարսեղյան

  • Թագուհի Ղազարյան 

  • Հայկ Գրիգորյան 

  • Մարիամ Հովեյան

 

Քննարկման ամփոփ նկարագրությունը ստորև՝

 

2021թ. ի վեր տեղական ինքնակառավարման ոլորտում  էական փոփոխություններ են տեղի ունեցել․ համամասնական ընտրակարգը տարածվել է գրեթե բոլոր համայնքների վրա, իսկ համայնքների միավորման արդյունքում 915 համայնքների փոխարեն մնացել են 71-ը։ Այս փոփոխությունների երկարաժամկետ ազդեցությունը կարող է գնահատվել միայն ռեսուրսների և գործառույթների ապակենտրոնացման համատեքստում։ Մինչ այդ կարող ենք գնահատել միայն ընտրական գործընթացները, ընտրական օրեսնդրության փոփոխությունների արդյունավետությունն ու առկա բացերը։

 

Ժողովրդավարական պետությունում ընտրական իրավունքի հիմնական բնորոշիչներից են ընտրությունների պարտադիրությունն ու պարբերականությունը։ Այս սկզբունքը ենթադրում է ընտրությունների անցկացման ժամկետների կանխատեսելիություն, որը կօգներ մրցակցող ուժերին և քաղաքացիներին՝ հասկանալ, գնահատել և ձևակերպել փոխադարձ ակնկալիքները։ Եթե իր վերջնանպատակի իմաստով համայնքների միավորումը կարող է դրական գնահատվել, ապա կարճաժամկետ առումով այն ոչ միանշանակորեն վերաձևեց ոչ միայն համայնքներն այլև այդ համայնքների բնակիչների ընտրական իրավունքն ու քաղաքական - քաղաքացիական մասնակցության հնարավորությունները։ 

 

Համայնքների վարչատարածքային նոր բաժանումը դարձավ որոշիչ՝ ընտրությունների նշանակման ժամկետների առումով։ Զուգորդվելով համամասնական ընտրակարգի ներդրման հետ՝ խոշորացումը հանդիպեց դիմադրության՝ թե ընտրողների ցածր մասնակցությամբ, թե մասնակից ուժերի ընդվզման դրսևորումներով, երբ ձևավորվում էին դաշինքներ ու կուսակցություններ մեկ անձի շուրջ՝ ընդգծելով մեծամասնական ընտրակարգի նախապատվությունը։

 

 

Համամասնական ընտրակարգի կիրառումը բարդ և բազմաշերտ երևույթ է, որի դրական և բացասական կողմերը խորքային անդրադարձի և հասցեագրման կարիք ունեն։ 

 

 

Դրական 

Բացասական

  • Կուսակցությունների քաղաքական պատասխանատվության և ինստիտուցիոնալ կարողության կանխավարկած
  • Կուսակցությունների անպատրաստություն՝ հանդես գալու տեղական մակարդակում, թե ռեսուրսների, թե քաղաքականության առումով
  • Կանանց համաչափ մասնակցություն
  • Կանանց արհեստական ներգրավում և կամայական հեռացում
  • Քվեարկության պարզեցված կարգ
  • Առանձին թեկնածուի օգտին քվեարկելու անհնարինություն
  • Ընտրական ցուցակով թիմային և համակարգված հանդես գալու հնարավորություն
  • Առանձին թեկնածուի իրավունքների ստորադասում քաղաքական թիմին
  • Քաղաքական ֆինանսավորման կենտրոնացվածություն
  • Ֆինանսավորման վերահսկողության գործիքների անբավարարություն և անհամաչափություն

 

 

 

Կայացած ժողովրդավարությամբ պետությունները հաշվի են  առնում պաշտոնավարման առավելության (incumbency advantage) անխուսափելիությունը և միաժամանակ ձգտում են օրենսդրական կարգավորումներով նվազեցնել այդ առավելության անցանկալի դրսևորումները՝ վարչական ռեսուրսի չարաշահումը։ Անկախ դիտորդ դաշինքը Հայաստանում ՏԻՄ ընտրությունների մշտադիտարկման ընթացքում բազմիցս արձանագրել է, որ թեկնածուները (երբեմն նաև արդեն իսկ առաջադրված թեկնածուները) նշանակվում են համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։ Այսինքն պաշտոնավարման առավելությունը նրանց տրվում է արհեստականորեն։  Նրանց  լիազորությունների իրականացումը և հաղորդակցության համայնքային միջոցները ծառայում են որպես քարոզչության գործիք: Երևանի ավագանու դեպքում մենք ականատես եղանք մեկ այլ արտառոց երևույթի, երբ նույնիսկ քաղաքապետի պաշտոնակատար չհանդիսացող անձին տրվեցին պաշտոնին չհամապատասխանող լայն լիազորություններ ու հանրայնացում՝ ընտրություններում նրա համար մեկնարկային առավելություն ապահովելու նպատակով: 

 

 

Ընտրական գործընթացներում վարչական ռեսուրսի օգտագործման առավել խնդրահարույց ու դատապարտելի  ձևը իրավապահ և դատական համակարգի անհարկի միջամտությունն է, որն արձանագրվել է մի քանի համայնքներում՝ դառնալով քաղաքացիների կամարտահայտման ուղղակի խոչընդոտ։ Այս միջամտությունները նպաստել են ոչ միայն առանձին համայնքներում ընտրովի մարմինների աշխատանքի փաստացի պարալիզացման, այլ նաև ընտրական գործընթացների նկատմամբ վստահության ընդհանուր հետընթացի։ Մասնավորապես Վանաձոր համայնքում այս միջամտությունը հանգեցրել է ընտրված ավագանու գործունեության խեղաթյուրման և համայնքի ղեկավարի ընտրության անհնարինության։ Ընդ որում այս դեպքում հստակ է դառնում, որ տեղական ինքնակառավարման մարմիններ ձևավորելու քաղաքացիների բացառիկ իրավունքը ստորադասվում է իշխող քաղաքական ուժի նախապատվություններին: 

 

Հետագա բարեփոխումների առաջնահերթությունները

 

  • Քաղաքական ֆինանսավորման նկատմամբ վերահսկողության ջանքերը պետք է առավել ներդաշնակեցվեն՝ ապահովելով նախընտրական փուլի և կուսակցության  ընթացիկ գործունեության ֆինանսավորման ամբողջական վերահսկողությունը։ 
  • Բացառել իրավապահ կամ ուժային մարմինների միջամտությունը տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորմանը կամ օրինական գործունեությանը
  • Ապահովել ընտրական և ընտրություններին առնչվող դատական վեճերի հրատապ լուծումը և բացառել ընտրովի մարմնի գործունեության սահմանափակումը 
  • Վարչական ռեսուրսի չարաշահման կանխարգելման մեխանիզմները պետք է առավել ուժեղացվեն` ա) քարոզչության ողջ ընթացքում հանրային պաշտոն զբաղեցնող թեկնածուների ամբողջական արձակուրդի, բ) նախընտրական փուլում այլ՝ ոչ ընտրական ժամանակահատվածների համեմատ բյուջետային մուտքերի և ելքերի հավասարակշռությունն ու կանխատեսելիությունն ապահովելու միջոցով
  • Կանխել խմբակցությունում կանանց ներկայացվածության բացառումը՝ արգելելով մանդատի փոխանցումը մյուս սեռի թեկնածուին սահմանված նվազագույն քվոտայից պակաս լինելու դեպքում
  • Ընտրված ավագանու կողմից կոալիցիա չձևավորելու և համայնքի ղեկավարի թեկնածուի շուրջ քաղաքական համաձայնության չգալու դեպքում՝ ապահովել համայնքի ղեկավարի ընտրությունը քաղաքացիների ուղիղ քվեարկությամբ՝ կարճ ժամանակում երկրորդ փուլի անցկացման միջոցով՝ բացառելով ավագանու գործունեության անհարկի խոչընդոտումը և նոր ընտրությունների կամայական նշանակումը։
Դիտումներ՝ 270

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????