Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

«Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան»․ Հրապարակվել է զեկույցի ամփոփագիրը

ՀՔԱՎ գրասենյակը և գործընկեր կազմակերպությունները հրապարակել են «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» զեկույցի ամփոփագիրը:

 

«Զեկույցը փաստում է, թե ինչպես է Լեռնային Ղարաբաղի բնակչությունն Ադրբեջանի կողմից միտումնավոր ենթարկվել պարբերական հարձակումների, շրջափակման և ահաբեկման, ինչի հետևանքով Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության հիմնարար իրավունքները կոպտորեն խախտվել են` զրկելով վերջինիս տարրական կենսապայմաններից:

 

Զեկույցը համատեղ պատրաստվել է Freedom House-ի, International Partnership for Human Rights-ի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» և Truth Hounds կազմակերպությունների կողմից:

 

Փաստահավաք առաքելության ընթացքում հավաքագրված խորքային վկայությունների և բաց աղբյուրներում առկա տվյալների հիման վրա կատարված վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ Ադրբեջանը միտումնավոր և հաշվարկված գործողությունների միջոցով ենթարկել է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը բռնի տեղահանման և էթնիկ զտման:

 

Վկաների հետ երեք հարյուր երեսունից ավել խորքային հարցազրույցների ընթացքում արձանագրվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից մարդու իրավունքների, միջազգային մարդասիրական իրավունքի և միջազգային քրեական իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներ։

 

Փաստահավաք առաքելությունը պարզել է՝ կան բավարար ապացույցներ եզրակացնելու, որ Ադրբեջանի իշխանությունների գործողությունները հանդիսանում են հանցագործություններ համաձայն Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության, ներառյալ 7-րդ հոդվածի (մարդկության դեմ հանցագործություններ) և 8-րդ հոդվածի (պատերազմական հանցագործություններ), և համապատասխանում են բնակչության բռնի տեղահանման սահմանմանը, ինչպես նաև նախկին Հարավսլավիայի հակամարտության համատեքստում ՄԱԿ-ի փորձագետների կողմից սահմանված էթնիկ զտումների չափանիշներին։

 

Զեկույցի ամփոփագրի շնորհանդես-քննարկումը տեղի է ունեցել ս․թ․ հուլիսի 1-ին, Freedom House-ի կողմից համակազմակերպվող երրորդ ամենամյա «Ժողովրդավարության հայկական ֆորումի»-ի շրջանակում:

 

Զեկույցի ամբողջական տարբերակը հասանելի կլինի 2024 թ․ սեպտեմբերին։

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր