2022 թ․ օգոստոսի 4-5-ը Հրանտ Դինք հիմնադրամը Հայաստանում կազմակերպել էր երկխոսության ծրագիր՝ միավորելով Թուրքիայի իրավաբանների և Հայաստանի իրավունքի փորձագետների, իրավապաշտպանների, պետական, քաղհասարակության և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների։ Ծրագրի նպատակն էր փոխանակվել փորձով և քննարկել երկու երկրների իրավունքի և օրենսդրության ոլորտում ինստիտուցիոնալ համագործակցության տարբերակներ։ Երկօրյա քննարկման ժամանակ 2 երկրների մասնագետները քննարկեցին իրենց երկրների նմանություններն ու տարբերությունները՝ մարդու իրավունքների ոլորտում, արձանագրեցին գործնականում մարտահրավերները և վեր հանեցին հաղորդակցության ու համագործակցության եղանակները։
Առաջին օրը պանելային քննարկման թեման Հայաստանում և Թուրքիայում մարդու իրավունքների խնդիրներն էին։ Այս քննարկմանը բանախոսներից էր նաև ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցը, որն անդրադարձել է Հայաստանում ատելության խոսքի դրսևորումներին։ Ֆորումի 2-րդ օրը նվիրված էր միգրացիայի և ապաստան հայցելու հետ կապված խնդիրներին։ Հաշվի առնելով Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների վերջին զարգացումները և 2 երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը՝ կողմերն ընդգծեցին 2 երկրների իրավունքի մասնագետների միջև աջակցության ուղիների և հաղորդակցության հաստատման կարևորությունը։
Հանդիպումները հետագա համագործակցությունների հիմք են դրել։ Ապագայում համանման հանդիպումներն ուղղված կլինեն հաղորդակցության և աջակցության ուղիների հաստատմանը։