Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Human Rights Watch»-ի տարեկան զեկույց. 2019: Հայաստան

January 15, 2020

Գրադարան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով ստանձնեց իր պաշտոնը 2018 թվականին՝ ժողովրդական բողոքի ակցիաներից հետո, ամրապնդեց իր իշխանությունը 2018 թվականի դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որոնք միջազգային դիտորդների կողմից գնահատվեցին որպես ազնիվ մրցակցության սկզբունքով և միջազգային չափանիշներին համապատասխան անցկացված ընտրություններ: Ապահովելով խորհրդարանական մեծամասնությունը՝ կառավարությունը ձեռնամուխ եղավ բարեփոխումների հավակնոտ օրակարգի, ներառյալ կոռուպցիայի դեմ պայքարի, տնտեսական և արդարադատության ոլորտների բարեփոխումների իրականացմանը: Այնուամենայնիվ, նախկինում կատարված բռնությունների և իրավապահների կողմից անհամաչափ ուժի կիրառման դեպքերի կապակցությամբ պատշաճ հետաքննություններ տեղի չունեցան։ Շարունակվեցին սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիման վրա բռնության և խտրականության, հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականության և մեկուսացման, ինչպես նաև ընտանեկան բռնության դրսևորումները:

 

Իրավապահ մարմինների չարաշահումների համար պատասխանատվություն

 

Տարիներ շարունակ Հայաստանի ոստիկանությունն անպատժելիորեն անհամաչափ ուժ է կիրառել հիմնականում խաղաղ բողոքի ակցիաները ցրելու համար: Իշխանությունները վերսկսեցին 2008 թվականին ցուցարարների և անվտանգության ուժերի միջև տեղի ունեցած մահաբեր բախումների հետաքննությունը, և 2019 թվականի հունիսին մեղադրանք առաջադրեցին բարձրաստիճան պաշտոնյային՝ ցույցը ցրելու ժամանակ ցուցարարի սպանության համար:

 

Այնուամենայնիվ, 2016 և 2015 թվականներին խաղաղ ցուցարարների և լրագրողների նկատմամբ ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման երկու դեպքի քննությունը դադարեցվեց:  Իշխանությունների պնդմամբ՝ նրանց չհաջողվեց բացահայտել ենթադրյալ հանցագործներին։

 

Բնապահպանություն և մարդու իրավունքներ

 

Օգոստոս ամսին Ամուլսարի ոսկու հանքավայրի շինարարությունը վերսկսելու դեմ կազմակերպված բնապահպանական բողոքի ակցիաները վերածվեցին ոստիկանության և ցուցարարների միջև բախումների այն բանից հետո, երբ անվտանգության աշխատակիցներն արգելեցին ցուցարարներին հավաք անցկացնել խորհրդարանի մերձակա հասարակական այգում: Ոստիկանությունը կարճ ժամանակով ձերբակալեց վեց ցուցարարների՝ ոստիկանների պահանջին չենթարկվելու համար:

 

Նույն հարցի շուրջ բողոքի ակցիաները շարունակվեցին Ջերմուկ քաղաքի մոտակայքում, որտեղ տեղի բնակիչները և բնապահպանական ակտիվիստները փակել էին հանքավայր տանող ճանապարհները՝ ընդդիմանալով դրա կառուցմանը բնապահպանական և տնտեսական նկատառումներով:

 

Կանանց դեմ ուղղված բռնություն

 

Ընտանեկան բռնությունը շարունակեց լուրջ խնդիր մնալ Հայաստանում: Ըստ պաշտոնական տվյալների, 2019 թվականի առաջին կեսի ընթացքում իշխանությունները հետաքննություն կատարեցին ընտանեկան բռնության 331 քրեական դեպքով, այդ թվում՝ նոր հարուցված 176 գործով: Մեղադրանք առաջադրվեց 209 գործով, 45 գործ ուղարկվեց դատարան։ 

 

Սակայն, շատ դեպքերում իշխանությունները չեն պաշտպանում ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց և երեխաներին՝ վտանգելով նրանց կյանքը և բարեկեցությունը: Ընտանեկան բռնության մասին 2017 թվականի օրենքի պահանջի համաձայն՝ ոստիկանությունը պարտավոր է անհապաղ միջամտել ընտանիքում «բռնության կրկնության կամ շարունակության անմիջական սպառնալիքի առկայության մասին ենթադրելու իրական հիմքեր ունենալու դեպքում»: Սակայն, գործնականում իրավապահ մարմինները չեն տիրապետում օրենքով նախատեսված պաշտպանության մեխանիզմների, օրինակ՝ պաշտպանության կարգադրությունների վերաբերյալ լիարժեք տեղեկատվությանը, չունեն օգտագործման համապատասխան պատրաստվածություն, եւ դրանք պատշաճ կարգով չեն կիրառում: Հայաստանն ունի ընտանեկան բռնության զոհերի համար նախատեսված միայն մեկ ապաստարան, որը ստեղծվել է հասարակական կազմակերպության կողմից: Թեև կա 10-13 հոգու համար նախատեսված մեկ այլ ապաստարան կառուցելու ծրագիր, Հայաստանը շատ հեռու է ԵԽ-ի առաջարկի իրագործումից, համաձայն որի մեկ ապաստարանային տարածքը նախատեսված է լինելու 10,000 հոգու համար:

 

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան հաղորդում է, որ 2019 թվականի առաջին կիսամյակում 10 կին սպանվել է իրենց զուգընկերների կողմից: Մայիսին, Արարատի մարզում, իր զուգընկերոջ կողմից մահացու ծեծի է ենթարկվել զոհերից մեկը՝ 30-ամյա Մարիամ Ասատրյանը: 2017 և 2018 թվականներին Ասատրյանը մի քանի անգամ դիմել է կոալիցիայի օգնությանը, երբ ընտանեկան բռնության հետևանքով լուրջ վնասվածքներ, այդ թվում՝ ձեռքի կոտրվածքներ է ստացել: Ըստ կոալիցիայի, Ասատրյանը բողոք էր ներկայացրել, սակայն իրավապահ մարմինները չեն ձեռնարկել բավարար միջոցներ նրա պաշտպանության համար:

Քրեական օրենսգրքով ընտանեկան բռնությունն ինքնին քրեորեն պատժելի արարք կամ ծանրացուցիչ հանգամանք չի համարվում: Հոկտեմբերին իշխանությունները ընտանեկան բռնության մասին օրենսդրության փոփոխությունների նախագիծ ներկայացրեցին՝ուղղված «ընտանիքում ներդաշնակության վերականգնում» և հաշտեցում հասկացությունների՝ որպես օրենքի հիմնական սկզբունքների վերացմանը, ընդլայնելով դրա կիրառելիությունը «նախկին և ներկա զուգընկերների» նկատմամբ, ինչպես նաև ներառելով վերահսկող վարքագիծը որպես ընտանեկան բռնության դրսևորում: Մինչ սույն զեկույցը գրելու պահը նշված փոփոխությունները դեռևս չեն ընդունվել: «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (Ստամբուլյան կոնվենցիան) դեռևս չի ուղարկվել Ազգային Ժողով վավերացման:

 

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ

 

Հայաստանն առաջընթաց արձանագրեց երեխաների համար նախատեսված որոշ հաստատությունները համայնքային կենտրոնների վերափոխելու և ընտանիքահեն խնամքին աջակցելու գործում։ Իշխանությունները հանձնառություն ստանձնեցին դադարեցնել հաշմանդամություն ունեցող երեխաների ինստիտուցիոնալացումը և նախապատրաստել չափահասներին հաստատություններից դուրս ինքնուրույն կյանքի` ըստ կարիքի տրամադրելով աջակցություն տրամադրելու պայմանով: 2019 թվականի ապրիլին կառավարությունը, համայնքային խմբի հետ համագործակցելով, հետամուտ եղավ հաշմանդամություն ունեցող երեխաների ինստիտուցիոնալացման կանխարգելմանը՝ համապատասխան աշխատանք վարելով ընտանիքների հետ: Հունիսին իշխանությունները օրենսդրական լրացումներ կատարեցին՝ նպատակ ունենալով աջակցել խնամատար ընտանիքներում երեխաների խնամքի կազմակերպմանը:

 

Հայաստանը հետամուտ է մինչև 2025 թվականը ունենալ լիարժեք ներառական կրթություն, որը ենթադրում է հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաների համատեղ ուսուցում հանրակրթական դպրոցներում: Չնայած որոշ առաջընթացի, հաշմանդամություն ունեցող շատ երեխաներ մեկուսացվում են հատուկ դպրոցներում կամ դասասենյակներում կամ տնային ուսուցման պայմաններում: Հանրակրթական դպրոցներում հաշմանդամություն ունեցող երեխաները միշտ չէ, որ ստանում են համարժեք աջակցություն, ինչը ենթադրում է կրթություն ստանալու համար խելամիտ հարմարեցումների ապահովում։ Այս հարմարեցումները ներառում են տարբեր օժանդակ միջոցներ, ինչպիսիք են՝ լսողական սարքեր, բրայլի, աուդիո կամ այլ ձևաչափերով ներկայացված գրքեր կամ աշակերտների վարքագծի, ինքնախնամքի կամ ուսուցման մեջ օժանդակող նյութեր:

 

Հայաստանի օրենսդրությունը թույլ է տալիս հոգեսոցիալական և մտավոր հաշմանդամություն ունեցող չափահաս անձանց ճանաչել անգործունակ եւ զրկել նրանց որոշումներ կայացնելու իրավունքից և չի նախատեսում որոշումների կայացման աջակցության  մեխանիզմներ: Իշխանությունները մշակել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենք, սակայն մինչ սույն զեկույցը գրելու պահն այն դեռևս չի ներկայացվել խորհրդարան:

 

Սեռական կողմնորոշում և գենդերային ինքնություն

 

ԼԳԲՏ անձինք հաճախ ենթարկվում են հետապնդումների, խտրականության և բռնությունների: Քրեական օրենսգիրքը չի դիտարկում հոմոֆոբիան և տրանսֆոբիան որպես ծանրացուցիչ հանգամանք: Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման շուրջ քննարկումների շրջանակներում որոշ պետական պաշտոնյաներ հնչեցրեցին ԼԳԲՏ անձանց նկատմամբ ատելություն և նվաստացում պարունակող խոսքեր և կարծիք հայտնեցին, որ կոնվենցիան ունի «ԼԳԲՏ քարոզչության» և նույնասեռ ամուսնությունների լեգիտիմացման թաքնված օրակարգ:

 

Խտրական վերաբերմունքի և սեռական կողմնորոշման հրապարակային բացահայտման վախը բազմաթիվ ԼԳԲՏ անձանց համար խոչընդոտ է հանդիսանում հանցագործությունների մասին հաղորդումներ ներկայացնելու համար։ ԼԳԲՏ իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՓԻՆՔ Արմենիա կազմակերպությունը 2019թ. հունվարից - օգոստոս ամիսների ընթացքում արձանագրել է առնվազն 17 ֆիզիկական հարձակում՝ սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով:

 

Փետրվարին 24-ամյա գեյ ակտիվիստ Մաքս Վարժապետյանի վրա հարձակվեցին և ծեծի ենթարկեցին Երևանի փողոցներից մեկում: Երեք տղամարդիկ հետապնդեցին նրան՝ հայհոյանքներ և հոմոֆոբ արտահայտություններ գոռգոռալով: Նրանք կոտրեցին Վարժապետյանի ատամը և վնասեցին նրա բերանն ու քիթը: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել, սակայն մինչ սույն զեկույցը գրելու պահը որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել:

 

Ապրիլին, մարդու իրավունքների պաշտպանության հարցով խորհրդարանական լսումների ժամանակ, տրանսգենդեր ակտիվիստ Լիլիթ Մարտիրոսյանը ելույթ ունեցավ  տրանսգենդերների նկատմամբ ցուցաբերվող խտրականության և բռնության վերաբերյալ: Նրա ելույթը ենթարկվեց հանրային  խիստ քննադատության՝ ընդհուպ մինչև ատելության խոսքն ու մահվան սպառնալիքները։ Իրավապահ մարմինները քրեական գործ չեն հարուցել՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։

 

Բացահայտ գեյ տղամարդիկ վախենում են զինվորական ծառայության ընթացքում իրենց ֆիզիկական անվտանգության համար, և ոմանք ձգտում են ազատվել բանակում ծառայելու պարտավորությունից: Սակայն, ազատումը պահանջում է բժշկական եզրակացություն, որով նրանք կհամարվեն ոչ պիտանի զինվորական ծառայության համար հոգեկան կամ մտավոր անհամապատասխանության հիմքով: Այս գործընթացը կարող է ուղեկցվել պաշտոնատար անձանց կողմից ցուցաբերվող նվաստացուցիչ վերաբերմունքով: Այսպես, օրինակ, հունվարին զորակոչային հանձնաժողովի անդամների կողմից վիրավորական և խտրական վերաբերմունքի ենթարկվեց 19-ամյա քվիր ակտիվիստ Արտակ Առաքելյանը, որի հասցեին հնչեցին հոմոֆոբ արտահայտություններ, նրան ծաղրեցին և սպառնացին բացահայտել իր կողմնորոշումը ծնողներին։ Իշխանությունները մերժեցին Առաքելյանի՝ հետաքննություն անցկացնելու դիմումը:

 

Հավասարության մասին կառավարության օրինագիծը, որը նախատեսված է որպես խտրականության դեմ ուղղված համապարփակ օրենսդրություն, չի ներառում սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը որպես խտրականությունից պաշտպանվելու հիմք: Սեպտեմբերյան իր զեկույցում Անվտանգության և համագործակցության կազմակերպությունն առաջարկեց կառավարությանը ներառել օրինագծի մեջ սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը՝ որպես լրացուցիչ պաշտպանվող կատեգորիաներ: Այն նաև առաջարկեց, որ կառավարությունը երաշխավորի, որ իրավաչափ հետաքրքրություն ունեցող խմբերը հնարավորություն ունենան գործեր հարուցել խտրականության ենթադրյալ զոհերի անունից:

 

Հիմնական միջազգային դերակատարներ

 

Մայիսին խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը հրապարակեց իր զեկույցը Հայաստան կատարած այցի վերաբերյալ, որում նա ողջունեց Հայաստանի ժողովրդավարական անցումը և կոչ արեց իշխանություններին ձեռնարկել խորքային բարեփոխումներ «անկախ քննչական մարմինների, ոստիկանության և դատական համակարգի ամրապնդման համար»:

 

Մայիսին Եվրամիությունը հրապարակեց ԵՄ-Հայաստան գործընկերության իրականացման զեկույցը՝ ողջունելով տնտեսական, քաղաքական և արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացման ուղղությամբ տարվող քայլերը, միաժամանակ նշելով բարեփոխումների գործընթացի վաղ փուլը: Զեկույցում կարևորվում է նաև ԼԳԲՏ անձանց և հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականության դեմ պայքարի անհրաժեշտությունը:

 

Փաշինյանի հետ հուլիսին կայացած հանդիպման ժամանակ Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը շեշտեց օրենքի գերակայության և անկախ դատական համակարգի կարևորությունը:

 

Ապրիլին ԵՄ պատվիրակությունը և անդամ պետությունների դեսպանությունները Երևանում, ինչպես նաև ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը հայտնեցին իրենց մտահոգությունը տրանսգենդեր ակտիվիստ Լիլիթ Մարտիրոսյանի հասցեին ուղղված ատելության խոսքի կապակցությամբ:

 

Հունիսին Եվրախորհուրդը մեկնարկեց 2019-2022 թվականների համար ՀՀ գործողությունների ծրագիրը՝ ուղղված «մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդման, արդարության ապահովման, օրենքի գերակայության սպառնալիքների դեմ պայքարի և ժողովրդավարական կառավարման խթանման ուղղությամբ» տարվող կառավարության ջանքերի աջակցմանը։

 

Հունվար ամսվա իր զեկույցում Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը կոչ արեց Հայաստանին բարելավել կանանց իրավունքների պաշտպանությունը, պաշտպանել խոցելի խմբերին և ապահովել նախկինում կատարված մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ հաշվետվողականությունը:

 

Հոկտեմբերին Վենետիկի հանձնաժողովը՝ Եվրախորհրդի խորհրդատվական մարմինը, հրապարակեց իր փորձագիտական կարծիքը, որտեղ անդրադարձել էր Ստամբուլյան կոնվենցիային ուղեկցող վնասաբեր առասպելներին և եզրակացրել, որ պայմանագրի վավերացումը Հայաստանի կողմից չի հակասի երկրի սահմանադրությանը:

 

hrw.org

Դիտումներ՝ 855

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????